Անի Մանգասարյան / Կինն ու գարունը միաձույլ են: Երկուսն էլ կախարդիչ են ու արարող

0

Սոֆյա Սարգսյան

Գարուններն իրենց երբեք չեն կրկնի: Ճիշտ է, նույն կերպ են ծաղկում ծառերը, բացվում` ծաղիկները, աշխուժանում` այգիներն ու փողոցները, բայց, թվում է` առաջին անգամ ես տեսնում այդ գեղեցկությունն ու ծաղկումը: Եվ հերթական գարնանամուտին է, որ հավատում ես բնության կյանքի ու էներգիայի հավերժությանը, հրաշքների իրականությանը: Գարունն ամեն անգամ կարծես փորձում է գերազանցել իր անձեռակերտ ստեղծագործությունը: Յուրաքանչյուրի գարունը յուրովի է գալիս, սակայն բոլոր գարունները միավորողը եթերային զգացումներն ու սերն են միմյանց նկատմամբ: Ժամանակ է, երբ աննկատելիորեն մարդկային հարաբերությունները համեմատաբար ավելի փոխըմբռնելի, ավելի լավատես ու ջերմ են: Լավ անակնկալների սրտատրոփ սպասման եղանակ է: Բոլոր ժամանակներում արվեստագետներն իրենց ստեղծագործություններում գարունը նույնացրել են կնոջ, նրա հմայքի ու գեղեցկության հետ:
Կին-գարուն, կին-արվեստագետ, սիրելի մայր, հոգատար տատիկ. որքանո՞վ է հաջողվում ամբողջացնել այս կտավը հոգսաշատ հայ տիկնոջը. փորձել ենք պարզել` «ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, բանաստեղծուհի, արձակագիր Սոֆյա Սարգսյանից.
-Ընդհանրապես, տարվա յուրաքանչյուր եղանակ իր հետ բերում է ներշնչանքի աղբյուր, հատկապես` արվեստագետի համար: Այս գարունն ի՞նչ բերեց Սոֆյա Սարգսյանին:
-Միայն գարուն բառից հոգիս ջերմանում է, ծիծաղս` ծաղկում, հույսս` ծիածանվում, ներաշխարհս` փոթորկվում: Գարունը հոգու զարթոնք է բերել` արարումների նուրբ լույսով լեցուն, ու բույր է բերել` իր տամկաբույրը, ու թույր է բերել` իր երփնաթույրը: Հոգուս պարտեզին կոկոն է բերել, սրտիս լարերին` նրբիկ տաղ հյուսել:
-Ե՞րբ է գալիս Ձեզ համար գարունը…
– Եղանակը կապ չունի: Երբ իմ հոգում գարուն է և սիրտս բերնբերան լիքն է…Երբ արարում եմ բարի ինչ-որ գործ, երբ հաղթահարում եմ անհնարին թվացող պատնեշը, երբ սիրում եմ և լինում եմ սիրված, երբ գնահատում եմ և լինում` գնահատված…
-Ինչի՞ հետ է Ձեզ մոտ ասոցացվում գարունն ու նրա բերած ապրումը:
-Գարունն ինքը վերածնունդ է և վերազարթոնք: Այն կյանքի երկունքն է` ամեն անգամ` նորովի ու պայծառ: Ամեն գարուն հույզերի անուշաթով տեղապտույտ է` պարույրաձև զարգացմամբ: Կյանքի հրաշքի հայտնությունն է: Իսկ ապրումները ջերմ են` լի հրաշքի սպասմամբ:
-Որո՞նք են այն առանձնահատկությունները, որ հատուկ են միայն հայ կանանց: /Ճամփորդությունների ու այլ ժողովուրդների` Ձեր տեսածի ու լսածի համապատկերին/:
– Հայ կինը նազելի է, հմայիչ, առինքնող, մշտապես` կոկիկ ու գեղանի, թերևս` հաճախ չգնահատված: Բարեկիրթ է, շրջահայաց, առաքինի, պատասխանատու: Իր ընտանիքի անձնազոհ պաշտպանն է, օջախի լույսն ու հույսը, ապավենն ու աստվածուհին, խորհրդատուն ու դաստիարակը: Այսպիսի ասացվածք կա` «Եթե հասարակությանը հարգում ես` պարտավոր ես նրան գեղեցիկ ներկայանալ»: Կարծում եմ, այդ ասացվածքի առաջին կիրառողները հայ կանայք են, ովքեր ամենուր ներկայանում են բարետես ու խնամված, ասել է թե` ակնահաճո: Եվրոպացի կանայք` թեև կիրթ ու արժանապատիվ, անփույթ են իրենց արտաքինի նկատմամբ, երբեմն ծայրահեղության հասնող անխնամ կարող են լինել, թեև դա չի խանգարում, որ մշտապես մեծարված լինեն տղամարդկանց կողմից: Արևելքում պատկերը բոլորովին այլ է. այստեղ կնոջ նկատմամբ բռնություն են գործադրում /Հնդկաստան/, սևագործ բանվորի պես` աշխատեցնում /Ինդոնեզիա, Հորդանանի գյուղաբնակ վայրեր, Թուրքիայի քրդաբնակ հատված/: Հնդկական օվկիանոսի կղզիներում, Աֆրիկայի տարածքում, կանայք աչքի են ընկնում ստրկամտությամբ, քիչ այլ է պատկերն Արաբական Էմիրություններում ու Քաթարում, որտեղ նկատելի է ցայտուն շերտավորվածություն` և՛ հարուստների ու աղքատների միջև, և՛ ռասաների:
– Դուք խմբագրում եք «ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ» շաբաթաթերթը, գրում եք բանաստեղծություններ, պատմվածքներ, մասնակցում` տարբեր միջոցառումների, սիրելի մայր եք, կին, տատիկ. ժամանակի պակաս զգո՞ւմ եք:
– Ինձ մոտ մշտապես ժամանակը չի բավականացնում: Պարադոքսալ բնավորություն ունեմ. երբ թվում է, թե անելիք չունեմ` ես ձանձրանում եմ, նյարդայնանում, տրամադրությունս ընկնում է: Ես ապրում եմ իմ լարվածությամբ, ձգտում եմ հասնել ինքս իմ ետևից: Անբեկանելի սկզբունք ունեմ` նախ` աշխատանքս, հետո` ամեն ինչ: Անփոփոխ կարգախոսս է` «Կամ ոչինչ չանել, կամ անել գերազանց», հույժ կարևոր պահանջս` իմ նկատմամբ` «Ամեն ինչում լինել արդարամիտ ու ազնիվ»: Ստեղծագործում եմ հանգստիս հաշվին, որն իմ հոգուն անդորր է բերում: Հերթական պատմվածքս ավարտելուց հետո հոգու դատարկություն եմ զգում, ասես` կողոպտել են ինձ` խլելով հրաշալիքներիս աշխարհը, քանզի ապրում եմ իմ յուրաքանչյուր հերոսի ճակատագրով: Ընտանիքում ես խոնարհ կին եմ, ավանդապաշտ տնտեսուհի: ՈՒնեմ բավարար չափով կամքի ուժ` գործս ավարտին հասցնելու: Սիրում եմ խոհանոցը, ամեն ինչ պատրաստում` հոգի ներդնելով, իմ ստեղծած բաղադրատոմսերով: Ազատ ժամերին դաշնամուր եմ նվագում ու երգում, գրում եմ ու կարդում: Պաշտում եմ 4 թոռնիկներիս` նրանք իմ հրեշտակներն են: Մեծ թոռնիկս` Սամվել Հարությունյանը, Աշոտ Ղազարյանի ստուդիայի սան է, շնորհաշատ ու զարգացած մի բալիկ, ում հետ չափազանց հետաքրքիր է հաղորդակցվել: Դստրիկս ու որդիս իմ հույսն ու հավատն են, ամուսինս` իմ հուսալի հենարանը: Բոլորին էլ հատկացնում եմ պատշաճ ժամանակ, և ոչ ոք ու ոչինչ չի տուժում:
-Ասում են` «մեծ արվեստ»-ի ոչ այնքան դյուրին ճանապարհը կանանց չի հանդուրժում…
-Ճա՞րն ինչ: Մենք նահանջել չենք սիրում: Արվեստի բոլոր ոլորտներում կանայք կան` Կոկո Շանելից, Ջինա Լոլոբրիջիդայից, Սոֆի Լորենից սկսած: Վերցնենք գրականությունը` Ագաթա Քրիստի, Շառլոտա Բրոնտե, Էմիլի Բրոնտե, Գաբրիելա Միստրալ, Նելլի Զաքս, Սելմա Լագերլյոֆ, Գրացիա Դելեդա, Սիգրիդ ՈՒնսեթ, վերջին հինգը` Նոբելյան մրցանակակիրներ…
-Երբեմն իրականությունն ու երազանքն անհամեմատ հեռու են: Ընդհանրապես երազելն օգնո՞ւմ է նպատակների ու ծրագրերի իրագործմանը, թե՞ խանգարում:
– Ռուսական ասացվածք կա` «Երազելը վնասակար չէ»: Սա` որպես կատակ: Իսկ այժմ` ավելի լուրջ: Պատմության մեջ մենք ունենք Մեծ երազողներ: Դրանք ուտոպիստներն էին: Իսկ գրականության մեջ Ժյուլ Վեռնին ժամանակակիցները Մարդ-երազող էին անվանում, քանզի նա է տվել երազելու հրահանգները: Երազանք և իրականություն: Հակադիր բևեռներ են ասես: Առհասարակ, ցանկացած նպատակի իրականացման հիմքում երազանք է դրված, և երազանքը` բումերանգի կանոնով, վերադառնում է իրականություն` հարկավոր ծիլերն արձակելու և քեզ դեպի քո նպատակը տանելու: Թերևս` իրարից հեռու, բայց և` իրարից անբաժան` սա՛ է իրականությունը: Առանց երազանքի մարդը սնամեջ խողովակի է նման:
-Դուք նաև սիրում եք ճամփորդել, դրա շնորհիվ ի՞նչ եք բացահայտել անձամբ Ձեզ և Ձեր ստեղծագործությունների համար:
-Ինձ համար բացահայտել եմ զարմանալի, հնամենի, հիանալի, ոչ միօրինակ աշխարհը` իր տարաբնույթ բարքերով, սովորույթներով ու կենսակերպով: Դրանք գեղարվեստորեն արտացոլել եմ ստեղծագործություններիս մեջ: Ընթերցողներիս մատուցել եմ դրանք շոշափելիորեն տեսնելու և դրանցով հեռակա կարգով հիանալու իմ արվեստը:
-Ձեր նախավերջին գրքի տպագրությունից ուղիղ 10 տարի անց` 2018-ին, լույս տեսավ Ձեր` «Եղե՞լ է, թե՞ չի եղել» ժողովածուն: Ի՞նչն էր տևական դադարի պատճառը:
-Ստեղծագործական դադար չի եղել, ուղղակի աշխատանքս է անսպառ, ինչը շատ պատասխանատու է և պարտավորեցնող: Ստեղծագործությունները ծնվում էին, դրանք համակարգել էր պետք, մշակել ու պահպանել` հետագայի համար, ինչն արել եմ խնամքով: Այդ բոլորն իմի բերելու խնդիր կար և հարկավոր էր անհրաժեշտ ժամանակը, որը չունեի: Հիմա` իմ 5-րդ գրքի տպագրելուց հետո, 7-8 պատմվածք արդեն գրել եմ: Հուսով եմ` հաջորդ գիրքը չեմ ուշացնի:
-Ի վերջո, եղե՞լ է, թե՞ չի եղել..Հետաքրքիր է վերնագրի նախապատմությունը:
-Ճիշտն ասած, եղել է, բայց լավ կլիներ, որ չլիներ…
Այսպիսով կբացառվեր չարը` երկրի երեսից…
Նախապատմությունը սահմռկեցուցիչ է, ելքը` բարեբախտաբար, ուրախ վերջաբանով…
– Կշարունակե՞ք միտքը.
– Եկա, որովհետև … չէի կարող չգալ. ի վերուստ ես առաքելություն ունեի:
Մանկությունս հասցե ունի… այն իմ գունագեղ ծաղկաստանն էր, հեքիաթների իմ կախարդական մոլորակը…
Հիշում եմ ու ժպտում, երբ… 28 տարեկանում` փակ գաղտնի քվեարկությամբ, 800 աշակերտ ունեցող դպրոցում ընտրվեցի «Տարվա լավագույն ուսուցիչ»:
Ափսոսում եմ, որ… իմ «Զոլավոր անօրենը» պատմվածքն էկրանավորված չէ:
Ոգևորվում եմ… դիմացինիս ոգևորությամբ:
Վստահ եմ, որ… բոլորի երազանքները մի օր իրականություն կդառնան:
Գնում եմ դեպի… ինձ հարկավոր գրականության պեղման լաբիրինթոս:
Կգա մի օր ու ես… կցնծամ, որ գտե՜լ եմ…
Կինն ու գարունը… միաձույլ են: Երկուսն էլ կախարդիչ են ու արարող:
Շնորհակալ եմ… Աստծուն, որ կամ…

«Եղիցի լույս»
Թիվ 3 (193) 2019

Տարածել

Պատասխանել