Նանար Սիմոնյան / Կնոջ կերպարը Լևոն Շանթի երկերում

0

Կնոջ ազատության, ֆեմինիզմի, սիրո իրավունքի և բարոյականության շաղկապված հարցերի գեղարվեստական մատուցումը հայ արձակում գալիս է դեռ 19-րդ դարից (Րաֆֆի, Նար-Դոս, Կամսարական, Սրբուհի Տյուսաբ, Շիրվանզադե և ուրիշներ): Տարբեր դարաշրջանների իդեալական կանանց տիպաբանական քննությունը գրականության զարգացման ևս մի երակ է: Այստեղ պիտի նկատի ունենալ հայ կնոջ ազգային բարոյականության, պատմական քաղաքակրթական հեղաբեկումների հաջորդական հանգրվանները: 20-րդ դարը բերում է հայ կնոջ ներաշխարհի փոփոխությունների գեղարվեստական նոր պատմությունը, ցույց է տալիս արձակում գրական ճանապարհի նոր ընտրության և բարոյականության` հաճախ արտաքին տրամաբանությունից դուրս, կանացի երջանկության ընկալումները (Գրիգոր Զոհրապ, Լևոն Շանթ, Հակոբ Օշական, Կոստան Զարյան, Ակսել Բակունց, Վազգեն Շուշանյան, Շահան Շահնուր, Սերո Խանզադյան, Գևորգ Աճեմյան, նորագույն շրջանից՝ Վարդգես Պետրոսյան, Հրանտ Մաթևոսյան, Զավեն Պիպեռյան, Ռոպեր Հատտեճյան, Մովսես Պչակճյան, առավել նորագույններից՝ Գուրգեն Խանջյան, Կարինե Խոդիկյան, Նելլի Շահնազարյան ու էլի շատ ուրիշներ):
Անցած ճանապարհի մոդելն ընդհանուր ուրվագծերով մոտավորապես այսպիսին է՝ խոնարհ կնոջ կրավորական դերակատարության արդարացված շրջափոխություն, չունեցած անձնական երջանկության ցավոտ ներապրում, աստիճանաբար ուժգնացող պայքարի շեշտադրություններ ընտանեկան «ճակատում», հոգևոր արժեքների, հրապույրների, հավատարմության և դավաճանության ներքին ազդակների արձանագրում, կնոջ սիրո և սիրվելու բացարձակ իրավունքի ճանաչում:
Ռոմանտիկական վաղ շրջանի երկերում («Լեռան աղջիկը», «Մնաս բարովի իրիկունը» և այլն) Շանթի կին հերոսները յուրատեսակ գաղափարատիպեր են և հանդես են գալիս իբրև սիրո ու ներշնչման աղբյուր: «Դարձը» վիպակում զգալիորեն փոխվում է կնոջ ֆենոմենը: Շուշանի և Արտաշեսի հարաբերության մեջ ընդգծվում է դրապաշտական ինքնագիտակցման պարագան, որը էապես փոխում է աբեղայի պատկերացումները աշխարհի ու անհատական կոչման մասին:
«Վերժին» և «Դերասանուհին» վեպերում Շանթն ընդլայնում է կնոջ հոգեբանական պարագիծը: Վերժինը և դերասանուհին իրենց սերը փորձության են դնում, ի տարբերություն ավելի վաղ գրված «Դուրսեցիներ» վեպի հերոսուհու` Լուիզի:
Կինը, որպես անկախ էակ, կանացի իր պերճանքի ու պչրանքի հետ ուներ նաև անհատական ինքնության ձգտում: Դա դժվարին անցում է, բարոյական ավանդակեցության հաղթահարում, որին դիմադրում են վեպերի հերոսները:
Շանթը, ի տարբերություն Շիրվանզադեի, կնոջ ազատության խնդիրը դիտում է սոցիալական առնչություններից դուրս` կինը որպես կամային անձ` իր զգացմունքների ու կենսաբանական բնույթի ընտրությամբ:
Սիրանը ծերացած հոր, քույրերի ու եղբոր միակ ապավենն է («Ուրիշի համար»): Ինքնամոռաց նվիրվածությունը նրան անտարբեր է դարձնում կյանքի հանդեպ, խլացնում նրա մարդկային զգացմունքները:
Փշրվում է նաև Ազնիվի պատրանքը («Եսի մարդը»): Նիցշեականության ազդեցության հետևանք էր անձնազոհության անիմաստ լինելու փիլիսոփայությունը. մի զգացմունք, որն ազգային-ազատագրական ոլորտից Շանթը տեղափոխեց ընտանեկան հարաբերությունների միջավայրը: Եթե այս երկու դրամաներում կինն ուրվագծվում է հանգամանքների ակամա ներգործության ոլորտում, ապա «Ճամբու վրա» դրամայում երևույթը հանգուցված է հոգեբանական ներքին պայքարի ողբերգական լուծումներով: Ի՞նչ է կինը. բնական մի արարած, որ երջանկության այլ ասպարեզ չունի, քան սերը և սիրած էակի մեջ մարմնավորած աշխարհը, որից դուրս աշխարհը դատարկ է, կյանքը` անիմաստ:
Ի՞նչ է կինը, ի՞նչ արարչություն է նա և ինչպես գտնել նրա առեղծվածային էության բանալիները` այս հարցերը մշտապես զբաղեցրել են Շանթին, հարստացրել նրա երկերի սյուժեները: Այս տեսակետից առանձնահատուկ քննության է արժանի «Կինը» վիպակը: Այստեղ Մարգարիտի և Սուրենի կերպարներն ունենում են տրամաբանորեն հակառակ զարգացում: Մարգարիտի բջիջներում արթնանում է կինը. նա այլևս դիցուհի և մուսա չէ, այլ կենդանի արարած, ով հանգում է սիրո, վայելքի, մարմնական հաճույքի գերիմաստությանը: Սուրենը՝ պրոզայից, առօրեականից դեպի պոեզիա, նյութականությունից դեպի իդեալականը, դեպի բացարձակ գեղեցիկը, իսկ Ստեկնը՝ գաղափարապաշտությունից դեպի մարմնականություն:
Հնարավո՞ր է արդյոք կնոջ և տղամարդու մտերմությունը սեռական կապերից դուրս` որպես ընկեր: Շանթը վերստին անդրադառնում է կյանքի վերջին տարիներին գրած «Հոգիները ծարավի» վեպում: Հարցադրումը էապես ենթադրում է սեռերի հարաբերության բարձր, հոգեկան կապի ազնվական, մաքուր, սրբագործված մի վիճակ, որն ազատում է մարդուն բնազդական մղումներից և կարգավորում վարքի ապաշխարհիկ գեղեցկությունը: Այս բարձրագույն իդեալին է հետամուտ Շանթը: Շանթի ստեղծագործություններում կինն անցել է ինքնաբացահայտման հոգեբանական այլևայլ վիճակներ` իր վարքը ստուգելով թե՛ իդեալի և թե՛ հակաիդեալի գեղարվեստական կերպավորմամբ: Այդ հակադրության վրա են դիտված Հաննան և Թեոֆանոն «Կայսր» դրամայում: Հաննան սիրո, նվիրումի ու հավատարմության խորհրդանիշն է: Կրքերի, ձգտումների երկրային կաշկանդումներից ազատ Հաննան որոնում է անհասանելին, բացարձակը, հոգու հաղթանակը նյութի հանդեպ: Հաննայի հակադիր բևեռում կնոջ կրքերի, փառասիրության, ստոր մատնության և դավադիր գործարքների իր դերն է կատարում Թեոֆանոն. նրա մեջ շարժվում է սատանան, չարության ոգին, տգեղն ու այլանդակը:
Հին ու նոր աստվածների հավիտենական բանավեճում որպես ճշմարտության խորհրդանիշ հանդես է գալիս կինը: Սեդային գրկելով` փոթորկվում է աբեղայի ներաշխարհը. Սեդայի կերպարանքն առած կնոջ ուրվականի կանչով նա գնում է ձուլվելու մայր բնության հավերժությանը («Հին աստվածներ»):
Կնոջ կերպարների շարքում միանգամայն այլ նկարագիր ունի հարճը «Շղթայվածը» դրամայում: Ըստ էության` նա զտված է կանացի հոգեբանական բարդույթից և նույնացված է գաղափարական խորհրդանիշի հետ: Պատմական անցուդարձերի վկան լինելով` նա իր ճակատագրի մեջ բեկում է բռնության վերահաս չարիքը և նահատակվում` որպես ազատության գաղափարի մունետիկ:
«Ինկած բերդի իշխանուհին» դրամայի հանգուցակետը Աննայի և Գող Վասիլի հոգեբանական պայքարն է: Անձնական հակամարտությունը վերաճում է բարոյական և հասարակական սկզբունքների բախման, և բոլոր հերոսները, կամա թե ակամա, ներգրավվում են այդ շրջապտույտի մեջ: Աննան առաջնորդվում է ակն ընդ ական, ատամն ընդ ատաման օրենքով: Բոլոր մյուս պարտականություններն իրենց տեղը զիջում են արյան վրեժի պահանջներին` հանուն ընտանիքի, պատվի, արժանապատվության, որոնք նույնիսկ գերազանցում են Սեպուհի հանդեպ կարեկցությանը և Ատոմի հանդեպ ունեցած սիրո պարտականությանը:
Աննայի մեջ արթնանում է կինը, կենսաբանական բնազդը, բայց նորից ապրելու, նորից վայելելու, զավակների դիակների վրայով նորից կյանք մտնելու դայակի կոչերը չեն կարող արձագանքել տառապող մոր հոգում, քանզի վրեժխնդրությունը Աստծո կամքն է:
Հոգեբանական մի այլ դրամա է խաղում Ռիթան` «Օշին Պայլ» պատմական ողբերգությունում: Ռիթայի և Կոռիկոս բերդի տիրոջ սերը, որ կարծես աստվածային պարգև լիներ, բացառում էր անջատումը: Բայց օրենքով Օշինը պետք է ամուսնանար այրիացած թագուհու հետ, ինչպես պահանջում էր պետության շահը: Կատարվածն անակնկալ էր, և փաստը վերագրելով Օշինի դիմադրությանը` Ռիթայի մեջ արթնանում է խանդն ու վրեժ լուծելու ծարավը: Սակայն ի վերջո գիտակցում է, որ Օշինի «մեղսագործությունը» բնավ էլ դրդված չէր անձնական մղումներից, ինչպես կարծում էր ինքը, կիրքը տեղի է տալիս ափսոսանքի ու զղջման ցավագին վերապրումներին, և ինչպես Օշինը. նա ևս ողբում է տխուր ու անիմաստ դարձած կյանքի դառնությունը. «Կուլամ իմ ամբողջ կյանքս, իմ ծռած, ճմռտած, եղծված ու անպետք դարձած իմ կյանքս, իր ճամփեն ելած իմ խե՜ղճ կյանքս: Կյա՞նք. ի՞նչ կյանք. կյանք է ասիկա. քաշքշուկ, դյուրում, խեղաթյուրում ու խեղկատակություն: Ուզածս ուրիշ, ըրածս ուրիշ: Իսկ ո՞ր մեղքիս համար: Եվ որո՞նց հետ, Աստված իմ, որո՞նց հետ: Ես ի՞նչ գործ ունիմ անոնց հետ»:
Շանթի դրամաների հերոսուհիներին վիճակվում է ողբերգական վախճան: Վերապրելով ծանր տառապանքներ` աստվածապարգև սիրո կախարդական ուժով նրանք կարողանում են բարձրանալ առօրյա գորշությունից, պահպանել հոգու կայունությունը և հաղթահարել ամեն տեսակի դժվարություն:

«Եղիցի լույս»
Թիվ 3 (193) 2019

Տարածել

Պատասխանել