Նանար Սիմոնյան / Ռուս բանաստեղծը` նարեկցիների հարկի տակ

0

Գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատար-մագրված համալսարանում: Այստեղ հաճախակի են հանդիպումներ կազմակերպվում ոչ միայն Արցախի ու Մայր Հայաստանի, այլև արտասահմանից հրավիրված գիտնականների ու գրողների, արվեստի նշանավոր գործիչների հետ:
Համալսարանի Պոեզիայի և գիտական նիստերի դահլիճում ապրիլի 22-ին տեղի ունեցավ հերթական հանդիպումը: Այս անգամ նարեկցիների հյուրն էր ռուս անվանի բանաստեղծ, մեր ժողովրդի նվիրյալ բարեկամ Վիկտոր Կոնոպլյովը, ում ծննդյան 50-ամյակը լրացել է վերջերս: Նա պարգևատրվել է ԱՀ «Երախտագիտություն» մեդալով:

Любить Армению по-русски-в тишине,
Пьянея страстью, боль топить в вине.
И отдаваться той любви сполна,
Показывая, как она ценна.
(Виктор Коноплев)

Բանաստեղծը Հայաստանի, Արցախի և արցախցիների մասին գրված տասնյակ հոդվածների ու բանաստեղծությունների հեղինակ է, տարբեր հարթակներում նա բարձրաձայնում է Արցախի հիմնախնդիրը: Վիկտոր Կոնոպլյովի՝ «ԸՐՎպվՌÿ ՍՈՍ րՏրՑՏÿվՌպ սþոՉՌ» գիրքը՝ հայերենևռուսերեն լեզուներով, ջերմորեն է ընդունվել հայ ընթերցողի կողմից:
Վիկտոր Կոնոպլյովը ծնվել է Բելառուսի Մալորիտա քաղաքում, ապրում և ստեղծագործում է Նիժնի Նովգորոդում: 1994 թվականին ավարտել է ՌԴ կառավարությանն առընթեր Վոլգո-Վյատսկի պետական ծառայության ակադեմիան: Համալսարանական վկայագրեր է ստացել «Կառավարման գործի հոգեբանություն», «Ինտեգրացված կառավարման համակարգի ձևավորման հիմքերը», «Հայաստանի պատմություն», «Հայկական երաժշտության պատմություն» դասընթացների ուսումնասիրության համար: Ակտիվ կերպով զբաղվում է հասարակական գործունեությամբ՝ ռուս-հայկական կապերի ստեղծման և ամրապնդման ոլորտում, աշխարհի պետությունների կողմից ԼՂՀ ճանաչման ուղղությամբ: Ի դեպ, ասեմ, որ նա «Արցախի հիմնի» ռուսերեն թարգմանության հեղինակն է:
Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի պետհավատարմագրված համալսարանի ռեկտոր, ԱՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը բոլորի անունից շնորհավորեց Վիկտոր Կոնոպլյովին՝ ծննդյան 50-ամյակի կապակցությամբ, մաղթեց նրան արցախյան երկարակեցություն, քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ: «Ռուս բանաստեղծը,-ասաց նա,- ոսկերչական նրբանկատությամբ է մոտենում յուրաքանչյուր բառի: Բանաստեղծությունը նման է մոր կաթի: Այն հնարավոր չէ թարգմանել: Բառարանային բառը բոլորինն է: Բանաստեղծը նա է, ով կարողանում է հասնել մայրենի լեզվի բառին: Կոնոպլյովը ծնվել է բանաստեղծ»:
Գրող Աշոտ Բեգլարյանը մանրամասնորեն և հանգամանալից ներկայացրեց Վիկտոր Կոնոպլյովի կյանքը, գրական, հասարակական-քաղաքական գործունեությունը: Իրենց սրտի խոսքն ասացին նաև Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի դասախոսներ Ելենա Գրիգորյանը, Գայանե Դադայանը, Արմանուշ Փաթյանը, գրողներ Ալբերտ Ոսկանյանը և Ծովինար Բաղդասարյանը: Համալսարանի ուսանողներն ասմունքեցին գրողի ստեղծագործություններից:
Հանդիպման վերջում խոսքը տրվեց բանաստեղծին: Նա պատասխանեց ներկաներին հուզող բազմաթիվ հարցերի և ունկնդիրների դատին ներկայացրեց իր նոր ստեղծագործություններից մի քանիսը: «Պոետի հիմնական աշխատանքը բառի հետ է: Յուրաքանչյուր բառի մեջ հոգի պետք է դնել, յուրաքանչյուր բառ պետք է հասնի ընթերցողի սրտին: Կարևոր է, թե ինչպես ես գրում և ոչ թե ինչքան»,- Կոնոպլյովի այս տողերով կարելի է բնութագրել հենց իր ամբողջ ստեղծագործությունը:

«Եղիցի լույս»
Թիվ 3 (193) 2019

Տարածել

Պատասխանել