Անի Սավադյան /«Նույն արճիճից են ձուլո՜ւմ, իմացի՛ր, գնդա՛կն ու տա՛ռը…» (Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյակը)

0

Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանի Արեւմտահայերէնի, հայագիտութեան գիտահետազօտական Լուտովիկա եւ Յակոբ Այնթապլեան կեդրոնը կրկին մարդաշատ է: Այս անգամ՝ նարեկցիների հարկի տակ հավաքվել էին նշելու ականավոր բանաստեղծ Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյա հոբելյանը: Ցերեկույթը կազմակերպվել է ԱՀ գրողների միության և ԳՆՀ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ:
Գևորգ Էմին անհատին և գրողին իր խոսքում յուրովի բացահայտեց համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԱԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը. «Ես կարծում եմ` սա Գ. Էմինի հավերժական ճամփորդության առաջին հարյուրամյակն է և մենք այդ 100-ամյակի նշման վկան ենք: Էմինի ստեղծագործությունը մեր ազգային հարստություններից մեկն է: Նա այն բանաստեղծն է, որ իր ստեղծագործության մեջ մարդկային նոր նկարագիր բերեց: Ընդհանրապես բանաստեղծ, նշանակում է նոր մարդ: Եթե բանաստեղծը գնում է այն ճանապարհով, որով գնացել են իրենից առաջ ստեղծագործողները, և չի բերում ներքին` այն մի հատիկ բջիջի ամբողջական կազմը, որով Աստված նրան ստեղծել է, նա բանաստեղծ լինել չի կարող: Գ. Էմինը ստեղծագործության առաջին իսկ տարիներից սկսած, ինքն իր բջջից եկավ, եկավ իրենից: Էմինն արժանացավ փառքի, բայց երբեք փառքի ետևից չվազեց»:
Իր խոսքում բ.գ.թ., դոցենտ, ԳՆՀ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Ժաննա Բեգլարյանը ներկայացրեց Էմինի ստեղծագործական ուղին. «Իր ժամանակակիցների մեջ Էմինը, թերևս, միութենական ճանաչման հասած առաջին հայ բանաստեղծն է: Նա խոր ազգային բանաստեղծ է: Հայականությամբ է շնչում նրա ամբողջ պոեզիան, բայց միևնույն ժամանակ նա ապրում է իր դարի խնդիրներով. մի դարի, երբ գիտական փայլուն հայտնագործությունները սպառնում են մարդկային կյանքի գոյությանը: Բանաստեղծը ուղղակի այրվում է իր ժամանակի հարցերով, և համոզված էր, որ իրական բանաստեղծը չի կարող չլինել մեծ մարդ ու քաղաքացի»:
Սրտի խոսքերով հանդես եկան բանաստեղծ, «Հայրենյաց պաշտպան» և «Շուշի» թերթերի խմբագիր Ռոբերտ Եսայանը և բ.գ.թ., ԳՆՀ դասախոս Նանար Սիմոնյանը:
Ցերեկույթը ուղեկցվեց Էմինի մասին պատմող տեսաֆիլմով, Էմինի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերով և դասախոսների ու ուսանողների անզուգական արտասանություններով:

ԳՆՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժին

«Եղիցի լույս»
Թիվ 4 (193) 2019

Տարածել

Պատասխանել