Արտաշես Ղահրիյան / Տաշտաքերանքը (Պատմվածք)

0

Արցախյան ավանդական փայտե տաշտում խմորը հունցվելուց և քացախվելուց հետո թոնրի համար պուլ-պուլ էր արվում: Ամենավերջին պուլը` սովորականից մեծ կամ փոքր, ստացվում էր ձեռքի ծհանով տաշտի տակը մաքուր քերվելուց ստացվածը՝ տաշտաքերանքը: Բազմազավակ ընտանիքի վերջին ծնունդ երեխան պատկերավոր ու արտահայտիչ համեմատվել է տաշտաքերանքի հետ: Նա ամենասիրվածն է եղել ընտանիքում, գուցե նաև ամենաունակն ու նվիրյալը օջախին, որովհետև առաջնեկները իրեն են թողած լինում պապենական տունը: Այս է պատմվածքի ասելիքը: Թումանյանի, Բակունցի, Մաթևոսյանի բառ ուտողից մեր դասառնելիքը:
Հազար խոնարհում առաջին արցախուհուն, ով գնդել է տաշտաքերանք պուլը` հանապազօրյա հացն ու բառը` մեր արքայական լեզվում ամենաշքեղը:
Դերձակ հորեղբայրն է՝ լեզուն բերանում հավաք պահել չկարեցող, խելքը աջուձախ ցրիվ անող Արշամը, որ իր ախպոր՝ մեր թաղերցի Արմավիրի բազմազավակ տան վերջին ծնունդին Տաշտաքերանք է կնքել, թողել ժողովրդի բերանում՝ էսօրվա կուշտուկուռ Արեգ տղային: Տրակտորիստ Արմավիրը իրար վրա ութին շարած չլիներ, էդ փոթ անունը Արեգ կոչվածին էդպես պինդ կպած կմնա՞ր… չէ, որ չէ, որովհետև էն մնացածների՝ դեսուդեն ցրիվ գնացածների անունները շա՞տ հիշվողն են, ինչ մնաց Տաշտաքերանքինը: Տարիներ են եկել անցել, գյուղի նոր պտկվածները էդ անունով էլ նրա հետ ընկերություն են անում, էդ է: Մնացել է Արմավիրի էսօրվա մի դատարկ տուն, մեջը մի անկնիկ, մեն-մի ծիտ թռչուն, անզրուցակից Տաշտաքերանքը: Տափեր մարդու գնացած Անուշ քուվեր աչքը հանեմ, հա՜, որ հրեդ էդ սարի հետևի մոտիկ շենից ամիսը մեկ գոնե չի գալիս միայնակ ախպոր լվացք-բան անի, թողնի, տուն-տեղ հավաքի, անելու էլ գործ չկա՞: Հազար-մի ջհանդամ անվերադարձ գնացածներին հիշես-չհիշես՝ ի՞նչ օգուտ: Արմավիր տնաշենն էլ մեռնելով՝ էնպիսի մի ծանր բեռ է թողել Արեգին, որ սա քանի՞-մի կես դառնա էդքան գործի տակ: Մեղվանոցը ճանճի բվվոցից տրաքում է, լավ ծաղկի տարի է, մեղրը լինելու է, էն էլ ո՞նց: Վաթսունից էլ շատ փեթակներին նայելիս Արեգի թուքը ցամաքում է բկում, էդքան բերքը ի՞նչ է անելու, ո՞նց է ծախծխելու, մի առնող էլ լինի՝ էս քանդված շենում: Քամիչի բռնակը պտտի՜ր-պտտիր, կռներդ թող էնքան թմրեն, որ հետո իրենք-իրենք մնան ուսերիցդ կախ ընկած: Հավես էլ չի լինում մի պահ դադար տաս, անտերից մի մատ լպստես, իբր թե շունչդ տեղը բերելու: Հինգ կովերից Եղնիկը ծնելու վրա է, ծանրելուց ալարում է հանդից տուն դառնա, մնում է գելի ճամփաներից մեկում նստած՝ ողջ գիշերը հևալով ննջելիս, արի դե դու էլ տեղումդ աչքդ կպցրու: Բա խո՞զը, էդքան հավ ու ճիվը, ոչխարը… Ախպերանցից էն աշխարհի ծերինը՝ Բրատսկի շուկայում մանր առևտուր անող Վահեն նամակ է գրել, խելք է սովորեցնում. «Արա, լավ է՜, ծախծխիր ինչ ունես-չունես, առաջինը հենց էդ կովերը, քեզ մի սմետանը բոլ չի՞: Կուզես ինձ մոտ արի, կուզես չէ, Ռուսաստան շատ մեծ տեղ ա, աշխատանքը՝ ծով: Այսինքս դու գիտես, որպես քեզնից առաջնեկն եմ ասում: Ինչի՞դ ա պետք էդքան չարչարանքը, ուտողդ ո՞վ ա»: Արեգը նամակը շպրտել էր սեղանին. «Եղավ, ինձնից մեծ ախպեր… Մեր հորումոր թաղումներին, հոգեհացին, հետո քեֆներդ տեղը կոփե խմելիս էդ «ծախծխիր, արին» էնքան եք ասել, որ մինչև բուկս կուշտ եմ: Դուք էստեղից գնալու վրա ձեր բաժին մեղր-բան կապկպեք, ես իմը յոլա կտանեմ»: Աչքը նամակից կտրելով՝ Տաշտաքերանքը ինչ էր մտմտացել՝ պատշգամբից բակ էր իջել՝ տեսնելու ինչ ունի անելու էնտեղ. «Ձեր խելոք հորեղբոր կնքածը ժամանակ չունի»: Խելոքը ծանրած Եղնիկն է, որ էս մի երեկոյան հանդից եկել, պոզահարել բացել էր դարպասը ու դեպի վեր՝ պատշգամբ մզզալով կանչում էր տիրոջը՝ թե գուցե էս երեկո-գիշեր… Ախպոր նամակից սիրտը կախ, բակ իջնելիս էլ դեռ չիմանալով ինչ մի պետքական գործ պիտի եղած լինի, որ արած չլինի ու որ անելիս նեղված միտքը տեղը բերի, Արեգի ներսը ցնծաց. «Եկել ե՞ս…» ու վրա վազեց ամռան տաք բույրը շնչելու արևահար Եղնիկից, որովհետև նա ողջ գիշերը նստած էր անցկացրած լինելու Վարարակնի խոր անտառի բացատում և հիմա նրանից բուրելիս է լինելու պտերատերևը` համով ու քիչ էլ խոնավ-կծու: Արեգը քորիչը բերեց ու մեջքով, փորատակով մի-երկու անցկացնելով` էնպես մի քաղցր ընդարմության մղեց Եղնիկին, որ սա երկար վիզը ձգելով իջեցրեց Արեգի ուսին` թե վիզս էլ, վիզս էլ, քորը սպանում է: Թե` մաքրիր, տզահան արա, վայ թե էս երեկոյան կամ գիշերը… Տաշտաքերանքը ունկնդիր անում էր Եղնիկի պարտադրանքը: Հանգստանալով` պատճառավորը գլուխը հետ տարավ ու շնորհակալ կարծես ասելիս լիներ` էն երես առածներին ինչքան ուզեցի հետս բերեմ` չէ ու չէ, չեկան, իբր` գանք ու դե առավոտ կանուխ քարքարոտ դիքերով կճղակներ ցավացնելով Վարարակն հասիր… դու գնա, մենք դրա պատճառն ունե՞նք: Մենք դեռ է՝ էս անտառափոսում երկար ենք մնալու, մինչև խոր աշնան անձրևները, էստեղ լավ է ննջել, որ վաղորդայնին կուշտ արածենք պտերաբուրմունքում ու բարձրանանք Վարարակնի սառն աղբյուրի նովին… Եղնիկը դժվար-դժվար չոքեց, թնչալով նստեց ու որոճալով մտավ ճակատագրի մեջ: Ծնյալը էս է կմտնի նստել-ելնելուն:
Որ ասում եմ Արմավիրը, դեռ Սոնա կնիկն էլ իրենցից հետո մեծ ցավ թողեցին Տաշտաքերանքին՝ էդ հո միայն տնտեսության լիքը անելիք հոգսերը չեն: Երեսուն տարեկան Արեգը էսօր անկնիկ է հենց մոր մեղքով: Նա շեք էր արել տղայի վրա, իբր ինքը նրան մի էնպիսի կնացու է ուզում, ով կառավարելու է էս հարուստ տունուտեղը, ում տեղը իսկի չի էլ մտածում՝ կա՞-չկա էս մեր շենում: Կան՝ կարգ Արեգը, ինչպես թիթեռը լույսին, սիրահարված էր իր մեղվապահ վարպետ Դանելանց Սելիմի կարմիր վարդի նման բացված-բուրող Աստղիկին հենց նրանց բակ-մեղվանոցում ու քուն չուներ, մտքից հանել չուներ: Խոսքուզրույցը շենով մեկ էր եղել, էս է, էս է՝ գործը ոնց որ գլուխ գալու վրա էր, Արմավիրը լեզուն կարճ՝ հա, բայց կնիկը՝ Սոնան… չէ՞: Չէ ու չէ, Դանելանց Սելիմը ռեխը ամեն ինչի վրա գեշ շաղ տվող, Սելիմը ավարա հարբեցող, շատ էլ մեղվում ոսկե ձեռքեր ունի: Է՞լ ինչս ա պակաս խնամիանամ խայտառակի հետ, նա ոտք դնի իմ լիքը տու՞ն, չէ՜: «Աղջի՜, քարը գյոլը մի գցիր, պղտորիր, տղիդ բախտի հետ ես խաղում»,- Արմավիր-կնիկ կռիվն էլ շենով մեկ եղավ, և էդ ժամանակ դե արի Դանելանցի ռեխը փակիր: Եկավ ու նրանց դարպասը Եղնիկի նման պոզահարելով բացեց, սրանց շան կատաղի հաչոցում՝ «Գնացեք ձեր ուզած թագավորի աղջկան բերեք, լիացեք, տեսնեմ նա ձեր շեքում պահածին կհանի, կբախտավորեցնի»: Սրանից հինգ տարի անց Տաշտաքերանքը՝ ոչ դես, ոչ դեն, մի խոսք-բան էլ չի դուրս գալիս փակ բերանից, լուռ անում է իր գործը այգի-բոստանի երկար օրը մթնեցնելով, երեկոյան էլ կովերի տեղվորելը գոմում: Հետո մի բերան հաց և խավար մտածմունքը վերմակի տակ մինչև առավոտ: Արմավիրը նրան ասելիք չունի, տունը լռել էր, կուշտուկուռ տնտեսությունը: Կինը փնթփնթոցում մնաց ինքնուինքը, իսկ էն կարմիր վարդ Աստղիկին տարան, թե ով, ուր, էդ չիմացան: Հոր, մոր թաղումներին, որ իրար վրա չուշացան, Արեգի ախպերանցից Ռոստովի Գարուշը գալիս էր՝ ջեբը խորոմ-խորոմ լիքը: Գալիս, փողերը դոլարով, ռուբլով թափում էր սեղանին՝ Տաշտաքերանքին, այսինքն՝ ինչը ոնց ես անելու, արա, ես չկամ ու իջնում նստում էր թթենու գետնահար պառկած մեջքին, հանում սիգարի տուփը, ապա՝ խռպոտ ձայնով կնոջը. «Ռայկա, կոփե»: Սրա՝ Գարուշի արյան մեջ Արմավիրից բան կա՝ գործիմացի խելք, բայց լուռ քաշվածություն, այսինքն որ՞ էս ինչ եկամուտ-բան անում եմ, ձեզ լինի, արեք ինչ ուզում եք, մենակ մի խոսցրեք՝ ինչքա՞ն ա, ո՞նց ա գալիս՝ մորն էր ասում: Մալադեց Ռայկա, սա է դոլարի տերը, թե չէ գործի իմաստով Ռոստով դժվար քաղաքում հե՞շտ կլիներ էդպես սեփական ունեցվածք, մեքենա փոխել, Դոնին մերձ դաչա, ինչ սիրտները կուզի: «Ի ծեբե՞, Արեգ»,- դայլայլեց Ռայան ու տեսավ կրակի բոցերին բահի կոթ խանձող Արեգը լուռ է՝ հազիվ գլուխը բարձրացրեց, բացասական օրորեց, ինքը գնաց կոփեին: «Ա՛, էս տնաշենի ծնունդ Տաշտաքերանքն էլ… չգիտես հետը ինչ խոսես, ոնց խոսես, մի կոփեն ինչ ա, ասա հա ու կուլ տուր, էլի: Մեզ մոտ լիներ, մի օրում կպսակեի, մթնած ռամուզը տեղը կբերեի,- Գարուշը թնչոցով խմում էր սուրճն ու,- էս ի՞նչ տուն դուրս եկավ մերը»: Սրանց երեք տղաներից մեծը հրեա աղջիկ բերեց տուն, հավաքեցին ինչ ունեին ու՝ Իսրայել: Էն երկուսը ուսանող են, էլ իսկի տանն էլ հայերեն չեն խոսում, ինչներին ա պետք: Ռոստով դարձին Գարուշ-Ռայա Արեգին մի կես բերան վախեցան ասեն՝ բա էդպես մեն-միայնակ ո՞նց կլինի, բա էս Թաղեր, մոտիկ շեներ չկա՝ մեկը, բերես, թեկուզ գնացած-հետ եկած… Տեղյակ են Արեգի պատմությանը, ո՞նց նրա ծանր լռվածությանը ձեռք տային: Յոթնօրյայի, քառասնօրյայի ծախսերն էլի հանեցին թափեցին, թողին գնացին: Արմավիրը, հետո Տաշտաքերանքը մի անգամ նրանց հարցրած չկան, թե ինչ գործի-բանի են, որ էդպես ձեռքները տաք են: Մայրը՝ Սոնան չէր կարողանում իրեն պահեր, հա բզբզում էր: Սոնայի թաղմանը նրանց գալ-գնալուց հետո էր, որ Արեգը հասցրեց գետափի այգի-բոստան շտապել՝ տեսնելու ինչ հալի են դրանք հուլիսի էս այրող շոգերում մեկ շաբաթից էլ ավել անջրել մնալով: Ի՞նչ հալի պիտի լինեին… կանգնեց քողտիքի բարձրում, նայում-ճմլում էր, իսկ դեմը՝ շոգից տամկած դռիգը՝ պոմիդոր, թե լոբի, տաքդեղ, թե սոխ, կաղամբ ու էլի ինչ կա, ողջը ճապաղած ու խռով, ասես չէին ուզում աչք բարձրացնել իր երեսին՝ թե ո՞ւր ես: Կլորված տերևները, ծռմռված ցողունները անշունչ հևքի մեջ էին արևվառքում: Շոգը նրա կոկորդում էլ թանձրեց: Գնաց քողտիքից կնդելին բերելու, որ մեկիկ-մեկիկ փխրեցնի ողջը, որ ջուրը կապի տակները: Անխոս-անչարը դեռ կարգին գլխի չէր՝ շո՞գն էր բռնել բուկը, թե ուրիշ մի ի՞նչ… Ինչպես երազում՝ եկավ գլուխը մթնեցրեց մեռած Արմավիրի տանջահար, արևախանձ ու չորչորուկ տեսլանքը՝ այլևս անզորությունը, որը նրան էլ չոքեցրեց իր այսքան ստեղծածի տակ: «Արել ես, որ ո՞վ ուտի, ո՞ւր են ծնածներդ… Եղնիկ կովդ ո՞նց վիզը մեկնի հասցնի Բրատսկ կամ էդ մոտիկ Ռոստով՝ Վահեի, թե Գարուշի ուսին՝ քորվելու, հը՞, հայր իմ Արմավիր»: Չէ՞, ինքը դեռ շատ հեռու է ութսունն անց Արմավիրից, ինքը ուժեղ Արոն է, ինչպես Տաշտաքերանքը մեկ-մեկ մոռանալով՝ նրան կոչում են ընկերները: Կնդելին բերեց: Արմավիրը էս կնդելիով բույսերը փխրեցնելիս, բերքը ջորուն բարձած տուն բերելիս, մեղրը քամելիս, կացինը ձմեռվա փայտին վար բերելիս իր Արեգ փոքրին դեռ փոքրուց գլուխը հա՝ լցրել է, թե մենք մի հայր ու պապ ենք ունեցել՝ իմ ու քո, անունը Այվազ, նա է էս կյանքը ստեղծել, թողել ինձ, որ ես էլ քեզ պահ տամ, բայց դե ոչ նա ու ես ենք մեղավորը, այլ վերին Աստված, նա է կարգը դրել, մենք էլ հնազանդ՝ ես ու դու: Արմավիրը էդ վերջինը պիտի ասած չլիներ, այսինքն՝ որ ութ ծնվածից մեկընդմեջ կամ երկընդմեջ մեկը չպիտի՝ մնա, որ պահակի նման էս տան դռանը կուշտ, թե սոված մշտական կանգնած լինի, որ լինի էդ գետնահար պառկած, բայց ճյուղերը՝ բարձրում, ամեն տարի բերքատու թթենին, լինի Եղնիկի բառաչը, որ հանդից իրիկունը տունդարձին խեղճը վիզը մեկնի նրա ուսին՝ քորվելու, բա հո է՝ Բրատսկ շուկայում մանր առևտուր անողին չէր մեկնելու: Եղնիկը կմեկնի է, բայց Վահեն էնտեղ տենչալից քորը կանի՞, վիզը տզահան կանի՞, չի՞ ասի՝ էս ինչ բան է, փախանք-չպրծա՞նք… Արմավիրը չպիտի ասեր, Արեգ-Տաշտաքերանքի նեղված մտքում էդ պապենական թե ինչ թթխմորը էդ օրվանից էլ ավելի էր թթվում, պինդ խմորվում՝ ահա քո ճակատագիրը, մտքովդ չանցկացնես Բրատսկի, թե Ռոստով, էտենց բաներ: Շան որդի Այվազը չէ, իրենից էլ մի-երկու, թե քանի պապ առաջ կոչվածը երևում է շատ պինդ է թթված-խմորված եղել, որ մեկընդմեջ մեկը նրանցից միշտ տանը մնացել է, ձագ է տվել, որ մերի տանիքը մի օր իր հոգնության չդիմանալով՝ ծռվի, կախ ընկնի, մնա ձյան-անձրևի տակ, փտի ինչպես է՝ շատերինը շենում: Հիմա դուք ասեք, ժողովուրդ, էս Արեգ-Տաշտաքերանքի հալը ինչ է լինելու, նրանից ձա՞գ է մնալու… նրա սառած միտքը էդպես էլ չի կտրվում ու կտրվում Դանելանց Սելիմի էն կարմիր վարդ Աստղիկից` նրա պսակվելուց էսքան տարի անց: Կնդելին ձեռքում Արեգը ինքնիրեն կանգ առավ, մտածեց, որ Արշամ հորեղբայրը ո՞նց է, որ ինքն էլ Այվազից պտկվածը՝ իսկի մի քիչ տանջահար, արևախանձ, չորչորուկ Արմավիր չէ, հենց էս ժամին գործի գցած է լինելու «Զինգերը», հետն էլ գերմանական անխաթարի զնգոցում ձայնակցելիս. «Սովետական բա՜ղի միջին, Էն իմ յարը, ջան իմ յարը՜»… լեզուն բերանում պահել չկարեցողը դեռ արանքում էլ կանգ է առնում ու. «Ապրես դու, հա՜, քոռ աշուղ Գրիգոր, որ էն տարի եկար ու կլուբում էս աննման երգը բաշխեցիր: Էնքա՜ն լավ է բռնում «Զինգերի» տզզոցին, ասես մեկը մեկին արժանի…»:
– Ը՜մ,- ձեռքերը լվացքում՝ Հեղուշ կնիկը չի կարողանում իրեն պահել,- ափսոս էդ նեմեցի ձեռքաջուր, որ քոռ աշուղի էն տնքտնքոցի մեջ պիտի դնես:
– Խի՜, ա կնիկ, վատ ե՞մ աշխատում, խի՜, իմ ձեռքաջուրը ի՞նչ ա:
– Իմ յա՜րը… մի յուբկա ես շումբել, ամեն քայլիս հետևիցս տրաք-տրաք քանդվումա:
– Քամակդ ա գնալով մեծանում,- Արշամը, լավ է, թեև միտն ընկավ, բայց, ինչպես միշտ վախեցավ ասել. «Էսքան տարի որ մի երեխա բերած լինեիր…» ու մտածածը թաքուն կուլ տվեց:
– Կտրվես դու, հա՜, քո բաց բերնից ինչ խելք-խոսք պիտի դուրս գա:
«Ձեր անխելք-անդարդ ապրուստը հալալ, որ «Զինգերի» նման անխաթար բանում է»,- Արեգը կնդելին ուղղեց ծանր հենվածությունից, տեսավ արևը հանգչում է Հարոս լեռան արձակ ուսերում: Արևի բարի գիշերը, էն բարձրերից գետի գալը, լիքը ջրտուքը ողջ երկար գիշերը ծղրիդի հևոցում մի կարոտանք-կենդանություն են բերելու թառամած բոստանին, որ երբ վաղ ծեգին գա, տեսնելու է՝ էս ի՞նչ բան է, էս ո՞նց եղավ… «Ո՞նց Արմավիր չմնաս»:
Հիմա հոգնած-խաղաղ տուն է գնում, դանդաղ է գնում դիքնիվեր, և մութը թիկունքից հրում է: Եղնիկը եկած է լինելու, եկած կանգնած է լինելու գոմի փակ դռան հետևում, «մա՜» կանչելիս են լինելու մայր ու հորթուկ՝ «բիժիկը». սա պապ ու պապ չեն բերել հասցրել իրեն, իր բառն է, ինքն է մի բան ավելացրել իրենց տանը: Տաշտաքերանքը նոր միտը բերեց, որ էս մի քանի օրը Եղնիկը շուտ է դառնում տուն, որովհետև կուշտ արածած է լինում. ամռան անտանելի երաշտից հետո անձրևները որ տեղացին՝ հանդ ու ձոր միանգամից կանաչ խոտակալեցին, և հիմա կովը կուրծը կաթնածուփ եղած է գալիս, կուրծը ցավում է, հորթուկի «մա՜ն» առնելիս մոր հուզվելուց կաթը պտուկներից ցած է հոսում… «Մա՜ մա». բիժիկի կանչը չէր մորը, չէ: Տաշտաքերանքի ցաված բկից ելած աղեկտուր էր, մութ դիքնիվեր եռանդ ընկած շտապելուց հորթուկի կերակրելու հոգը չէր, որ բուռն չմփոցների պահին փափկացնում էր սիրտը: Սոնա մորն էր կանչում… շեքը, Աստղիկը… խառնափնթոր եղածը աջուձախ արեց, մարդ հո չտեսավ, չլսեց… Է՜, Արեգ տղա, մայր էր, չէր ուզում, որ Դանելանց Սելիմի անպատկառ մռութը երևար իր դռներին, դու հո լավ գիտես՝ նրա երեք խոսքից երկուսը կեղտոտ հայհոյանք է ում երեսին ասես շպրտած: Բա ինքը՞: Ափսոս էն մեղրը, որ իր ձեռքով է լինում: Դրա մնացած օրը պատերի տակ թայերի հետ կարտ խաղալով է անցնում: Ի՞նչ աներ մամա ջանահեռը, հո ի՛ր էքսվա օրվա համար չէր քեզ շեքն առել:
Բայց մի բանում Տաշտաքերանքը մորը չի ների: Հին եղած բան է, չի ների, մեկ է: Իրենց ութից առաջնեկը՝ Շողակն աղջիկը դեռ տասնութ տարեկան եղած ժամանակ գորգագործարանում գորգ գործելիս է խաբվել վարիչ Վաղինակից, ու երբ տարի անց ունեցել է էսօրվա Վարդգես չափած-ձևած տղային, Սոնան խայտառակությանը չդիմանալով՝ տնից քշել է վարկաբեկվածին: Շատ մեծ սխալ է արել՝ էսքան ժամանակ անց էլ ասում է Արեգը: Ճիշտը հարևան պառավ Աշխենն է եղել, որ ծնկներին հենվելով մտել է սրանց տուն, մեծ կռիվ գցել. «Իմ վաղամեռ մարդը հոգին տալիս ինձ ապսպրեց՝ տանս հարամ բան չպիտի լինի: Ես էլ իմ Վաղինակ շանն եմ իր վաղվա ճամփան ցույց տվել այ էս մահակի ծերով: Գնաց ուր պիտի գնար: Արի, մատաղ ինիմ քեզ, առ սրտապատառիդ, եկ ինձե,- բռնել էր Շողակնի ձեռքը, տարել իրեն: Էսօր ոչ պառավ ոչ բան, Շողակնն է իր չափած-ձևած Վարդգես տղայով, մեկ էլ նրանց հենարան փոքր ախպեր Տաշտաքերանքը: Ութից առաջնեկն ու վերջինը՝ ասես մայր ու տղա: Իսկ Սոնան մինչև մահ ինքն իրեն սևերես պահած՝ չկարողացավ երևալ ժողովրդի բաց երեսին: Չէ, Արեգն էլ չկարողացավ ներել մորը, թեկուզ նրա մահվան գնով:
Բոստանի ջրտուքից տուն կարճ ճանապարհի երկար մտածմունքից տանջահար եղած Տաշտաքերանքը մտավ խավար բակը և մոռացած` որ Եղնիկն ու բիժիկը իրենց երկար կանչելուց են երևի հույսները կտրած լուռ-լռած, մայրը գոմի դռանը, հորթուկը ներսում ու կարծես էլ չեն սպասում իրեն, գնաց նրանց: Հորթն արձակեց մոր տակը, կաթը չկթած հետ եկավ: Թող դա էդպես լինի, թող դրանից եկած վնասը Սոնա մոր թաղումից բոստանի չորացումից չլիներ: Մեկը մեկին դուրս: Եկավ, խեղճը ու էլ պատշգամբ չբարձրացավ լույսը վառելու, մեկնվելու անկողնում, հանգչելու: Չէ, Տաշտաքերանքը հենց էս գիշերվանից մնում է ծիտ-մենակ-մենավոր տանը, գոհացեք, հեռավոր Այվազ պապ, աչքառաջս ձեր մահվան քառասնօրյան ու յոթնօրյան նոր անցած Արմավիր ու Սոնա ծնողներ: Ողորմի ձեզ: Տունը դատարկ չի մնա, կա Տաշտաքերանքը: Կա տկողենու հաստ բնից տաշված-տաշտշված տաշտը, որում վերջին խմորի քերանքը եղա ես` Արեգ թոռն ու տղան` ձեզ պահապան: Խավար մթությունում գնաց շոշափեց գտավ գետնահար եղած թթենին, նստեց վրան, բունը շատ հաստ է, տեսնես էս մեր որ պապն է տնկել, քանի տարեկան կլինի` երկու-երեք հարյու՞ր, ճյուղերն ավադ, դեռ հովանի տան դռներին, չնայած հոգնած, ծերացած, կռացած-հենված հողին, որ դեռ բերք տա: Ամեն տարի տասը, տասնհինգ լիտր փրփուրը վրան անանց արաղ, մեղրահամ բաքմազ, չամիչ վերջին ամենաքաղցր թթերից, որ չորանում են գոմի կտուրին, բայց դե ուտովն ո՞վ է, է՛հ: Ուրիշ ի՞նչ պիտի անի Արեգը, հո չի թողնելու բերքը թափվի, փչանա: Արեգը մեկնվեց թթենու լայն բնին, կռներն առավ գլխատակ, տեսավ աստղավառ երկինքը ոնց որ ճյուղերի արանքով դանդաղ հոսում է սարերից անդին, հենց Հարոսի արձակ ուսերով, որտեղով մայրամուտի էր գնացել արևը… տեսավ արևի գնացած ճամփով կայծելով մի աստղիկ է սլացքի մեջ- Աստղիկը՞… չէ՜, ուղեկցեց մինչև սարի գագաթն անցնելը… ո՞վ կարող է ուղղել կնկա ծռածը, այ Տաշտաքերանք:
Բախտից մոլորված մի ծղրիդ է ապրում հենց գլխատակը` խոր փչակում, ամեն կեսգիշերվա էս ժամին ցաված մտածմունքը կապում է աշխարհի քառականջին` թե ո՞րն է էս մեր լինել-չլինելու սկիզբն ու վերջը, բերում հասցնում արևածագին, ինքը խոր լռությունում անէանում: Նրան թվում է՝ անբացատրելի չէ աշխարհը, բայց ո՞րն է սկիզբը, որը՝ վերջը: Ինքը ստեղծված է, որ մշտապես հիշեցնի անբացատրելիությունը, կարծես որ հակառակում այս անիմաստ աշխարհը կսպառվի և հետո ի՞նչ կլինի: Վաղորդյան առաջին ճառագայթը մեղուներից մեկը բերեց խոր քնում հպեց հևացող Տաշտաքերանքի կոպերին, բզզաց ու անհետացավ ու՞ր, և Արեգը աչքը բացեց, ելավ իր օրվան: Եղնիկն էլ իր ելքի համար բառաչեց տիրոջը, որովհետև բիժիկը գիշերը մեկ-երկու անգամ էլ էր քամել պտուկները և հիմա կուշտ մրափի մեջ էր: Եվ կթի գործ չկար: Արևն այնքան շտապելով էր ելնում հորիզոնից երկինք, որ կարծես թե անպակաս ոչինչ չմնա իր աշխարհում, թե չէ այն անբացատրելի է, այն հոգնած է ձեզնից, ով մարդ ու շնչավոր ամեն ինչ, և դուք էլ հավիտյան անհաշտ եք նրա ելումուտին: Ինչ կա՝ այս է, ինչ գրված է մեր ճակատին` տանելու, բերելու ենք առավոտից իրիկուն, իսկ փչակի ծղրիդը խաղաղ քուն է բերելու ամենքիդ: Դու էլ, իմ մեղք Տաշտաքերանք, հաշտվիր, այն աստղիկը ամեն մայրամուտի իմ հետքով գալիս, աղաչում է, որ տեսնեմ մեծ տիեզերքի որ անկյունում մնաց քո Աստղիկը…

«Եղիցի լույս»
Թիվ 4 (193) 2019

Տարածել

Պատասխանել