Անի Սավադյան / Իմ սերն ու նվիրվածությունը՝ Արցախ աշխարհին

0

Ռուս բանաստեղծ, «Наша среда» լրատվական-վերլուծական կայքի խմբագիր Վիկտոր Կոնոպլյովը կրկին «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանում է: Ազատ և անկաշկանդ զրույցից նկատելի է դառնում, որ Կոնոպլյովն այստեղ այլևս հյուր չէ: Հանդիպումը կայացավ Վիկտոր Կոնոպլյովի և ԳՆՀ ՀԼԳ և օտար լեզուների ամբիոնների նախաձեռնությամբ՝ Արեւմտահայերէնի, հայագիտութեան գիտահետազօտական Լուտովիկա եւ Յակոբ Այնթապլեան կեդրոնում:
Համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վ. Հակոբյանը բացման խոսքում նշեց, որ նարեկցիները Վ. Կոնոպլյովի հետ մշակել են մի շարք համատեղ ծրագրեր, որոնք կիրագործվեն առաջիկայում:
Վ. Կոնոպլյովն ակտիվորեն զբաղվում է հասարակական գործունեությամբ՝ ուղղված ռուս-հայկական կապերի ամրապնդմանն, ինչպես նաև ջանքեր է գործադրում Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացների ակտիվացման ուղղությամբ: Նա նաև հայկական թեմատիկայով մի շարք համացանցային նախագծերի հեղինակ է:
Ներկայումս իրականացվող նախագծի հիմքում Արցախի եկեղեցիների մասին պատմող տեսանկարներն են: Հանդիպման ընթացքում կայացավ Վ. Կոնոպլյովի ստեղծած «Ամարաս» տեսաֆիլմի առաջին ցուցադրությունը, որը ներկաների կողմից ընդունվեց ջերմորեն:
Ֆիլմի ստեղծումը հետապնդում էր երկու գլխավոր նպատակ` աշխարհին պատմել Արցախի մասին և գտնել բարեգործներ, ովքեր կնպաստեն Արցախի շենացմանը:
«Ես ձգտում եմ բանաստեղծություններիս միջոցով արտահայտել իմ սերն ու նվիրվածությունն Արցախ աշխարհին,- իր խոսքում շեշտեց Կոնոպլյովը,- իմ կարծիքով, կարևոր չէ այն, թե ինչքան կգրես, այլ այն՝ թե ինչ կգրես, ինչպես կգրես, և այն ինչքանով կընդունվի ընթերցողի կողմից»:
Շնորհավորանքի և շնորհակալական խոսքով հանդես եկավ բուհի օտար լեզուների ամբիոնի վարիչի տեղակալ Ելենա Գրիգորյանը:
Հանդիպումն ընթացավ սրտառուչ ու մտերմիկ մթնոլորտում՝ հարց ու պատասխանների ձևաչափով, և եզրափակվեց Կոնոպլյովի հեղինակային գործերի ընթերցանությամբ:

«Եղիցի լույս»
Թիվ 4 (193) 2019

Տարածել

Պատասխանել