Զոհրաբ Ըռքոյան / Ամրոցները՝ որոտանի ափերին

0

Սա Հայստան է եւ վերջ...
Լեոնիդ ԱԶԳԱԼԴՅԱՆ
Հայոց երկրի ջրառատ գետերից Որոտանը Սյունիքի մարզի Որոտան գյուղից մինչև Քաշաթաղի շրջանի Որոտան քաղաք անցնում է իր իսկ ստեղծած կիրճով, որի ափերին գտնվող ժայռակերտ բլուրները ժամանակին օգտագործել են մեր նախնիները և ամրոցներ հիմնել: Տարածքը 18-20-րդ դարերին հայաթափվել էր՝ սկզբում բնակեցվել քրդական ցեղերով, խորհրդային տարիներին բռնակցվել էր Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությանը՝ ձևավորելով Կուբաթլուի շրջանը: Գետի ափամերձ հարթ տարածքներում էլ բնակավայրեր են եղել դեռևս 4-5 հազար տարի առաջ, հնարավոր է՝ ավելի շուտ: Այդ վկայում են պահպանված բնակատեղիներն ու դամբարանադաշտերը, ձգվելով գետի երկայնքով մեկ: Այժմ տարածքի հիմնական մասը Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի կազմում է: Վերջին տարիներին հնագետների հետ ուսումնասիրել ենք տարածքը և Միայն Որոտանի մոտ գտել մի քանի ամրոց, որոնք գոյություն են ունեցել անտիկ շրջանում, վաղ միջնադարում և մինչև 17-18-րդ դարեր: Վերջերս հնագետներ Գագիկ Սարգսյանի, Լևոն Մկրտչյանի («Մեծամոր» պատմահնագիտական թանգարանի վարիչ) և գրող-հրապարակախոս Բակուր Կարապետյանի հետ դարձյալ տարածքում էինք: Ամրոցներից մեկը, որը գտնվում է գետի ձախափնյա բլրի վրա՝ N. 39 22 17,2 և E. 46 34 01,8 Alt. 658 կոորդինատներում, հավանաբար՝ պատմական Անդոկաբերդն է: Հենց գետի ափից է սկսվում մոտ 50մ բարձրություն ունեցող բլուրը, որի 3 կողմերը ժայռեր են՝ ուղղաձիգ ու անմատչելի, իսկ հյուսիսային թեք լանջը պատված է մացառներով ու թփերով: Այս կողմում վաղ միջնադարում, դրանից առաջ մեծ բնակավայր է եղել, որից պահպանվել են շենքերի հիմքեր, պատեր: Մոտակայքում դամբարանադաշտ է՝ ձգվելով 1 կմ-ից ավելի դեպի հյուսիս՝ Խնձորեսկ գետակի ափերով: Այս մասում է Ալիղուլիուշաղի կոչված գյուղը՝ այժմ՝ Անդոկաբերդ, որտեղ մի մեծ ժայռ-բլուր կա: Հարավ-արևելյան կողմում միջնադարում մեր պապերը ժայռափոր եկեղեցի են հիմնել, որի հարևանությամբ մի քանի քարայրներ ևս կան, որոնք ժամանակին եղել են բնակելի. հնարավոր է նաև ճգնարաններ են: Որոշ քարայրներ գտնվում են ուղղաձիգ ժայռերի մեջ՝ գետնից մի քանի մետր բարձր դիրքում: Ժամանակին ելումուտը կատարվել է պարանների օգնությամբ: Ժայռի մոտով միջնադարում ճանապարհ է անցել՝ ձգվելով Խնձորեսկ գյուղ, որն այն ժամանակ հիմնականում անձավակերտ էր և ամրոցի դեր ուներ: Նշված ճանապարհի հետքերը պահպանվել են: Անդոկաբերդի պարիսպները կառուցվել են հյուսիսային լանջին: Պահպանված պարսպապատերից երևում է՝ ամրոցն ունեցել է 3 շերտ: Առաջին պարիսպն ամենաերկարն է եղել՝ գոտևորելով բլրի երեք կողերը: Ունեցել է 1 մետրից ավելի լայնություն: Երկրորդ և երրորդ պարսպաշարքերն ավելի վերևում են: Որոշ հատվածներում պատերի մեջ օգտագործել են բավականին մեծ քարեր: Բլրի վերին մասում 10-ից ավելի շինությունների հիմքեր կան: Զգացվում է՝ միջնաբերդն այստեղ է եղել: Գետի կողմում ժայռերի միջով 2-3 գաղտնուղի է գործել: Դրանց հետքերը լավ երևում են: Հյուսիսային լանջին՝ առաջին և երկրորդ շերտերում, նույնպես կառույցների հիմքեր ու պատեր կան: Մի շինություն քառակուսի հիմքով է. մոտ 8 մ երկարություն ունեն պատերը: Այստեղ գտնվեց կուռքի փոքր արձանիկ, որը տեղափոխեցինք Բերձոր՝ Քաշաթաղի երկրագիտական թանգարան: Սա խոսում է այն մասին, որ ամրոցը գոյություն է ունեցել դեռևս նախաքրիստոնեական ժամանակներում, ունեցել է պաշտամունքային շինություն, հնարավոր է՝ տաճար: Դեռևս խորհրդային տարիներին ամրոցի մոտով ադրբեջանցիները ճանապարհ են բացել դեպի գետափ, և բավականին վնասվել է հնավայրի տարածքը: Մոտակա բնակատեղին առավել է վնասվել. այն հարթեցրել և օգտագործել են որպես վարելահող: Ամրոցի վաղ-միջնադարյան շերտերի գոյությունը և 4-րդ դարում հայտնի Անդոկ իշխանի մասին պատմական տեղեկություններից ելնելով՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության Արցախի նորահայտ ամրոցներն ուսումնասիրող հետազոտական խմբի անդամներ Գագիկ Սարգսյանն ու Բակուր Կարապետյանը գտնում են.
– Ամրոցը կապված է Սյունյաց նախարարության մեծ նահապետ Անդոկ իշխանի անվան հետ: Նա Հայոց Արշակ 2-րդ թագավորի կնոջ՝ Փառանձեմի հայրն էր: Անդոկը 4-րդ դարի խոշոր պետական-քաղաքական գործիչ էր, ռազմավար և դիվանագետ: 338 թ., մինչ Արտավազդ Մամիկոնյանի չափահաս դառնալը, իր քենակալ Արշավիր Կամսարականի հետ վարել է Հայոց սպարապետության գործերը:
Նա իր գործունեության ընթացքում ամրացրել է Սյունիքի ամրոցները, կառուցել նոր բերդեր, որոնցից մեր խմբի կողմից հետազոտվել է Անդոկաբերդը:
Այն բազմաշերտ ամրոց-բնակատեղի է, որի վերգետնյա նյութը հստակ վկայում է՝ հուշարձանում կյանքը հարատևել է սկսված Ք.ա. 3-րդ հազարամյակից մինչև վաղ միջնադար ընկած ժամանակաշրջանները: Միջնաբերդի շինությունները կրում են բազմաթիվ վերակառուցումների հետքեր, վերջինն ամենայն հավանականությամբ, եղել է Անդոկ իշխանի կողմից 4-րդ դարում կատարածը: Այստեղից մոտ 1կմ վերևում է Լալազարի կամուրջը, որը կառուցել է խնձորեսկցի Հովակիմ Լալազարյանցը 1867 թվականին, իսկ 1900-1902 թվականներին վերանորոգել է նրա որդին` Սիմեոնը. «Խնծորէսկ գիւղացի Յովակիմ Լալազարեանցի` 1860-ական թուականներին Բարգիւշատ գետի վրա կառուցած քարէ կամուրջը քայքայված էր, անպէտքացած: Այժմ նա վերանորոգված է եւ արդէն համարեա պատրաստ է: Վերանորոգողը հանգուցեալի որդի Սիմէօնն է. նրա ծախսով ճիշտ տարի ու կէս է, ինչ աշխատանքներ էին կատարվում կամուրջի վերանորոգութեան վրա: Ինքը, Սիմէոն Լալազարեանցը, անձամբ հսկում էր այդ գործի վրա» («Մշակ» 1902թ. թիվ 161, էջ՝ 2): Կամրջի հիմնադրման և նորոգման տարեթվերը հիշատակված էին ձախափնյա խելից վեր` գետի հոսքընթաց ճակատին արված 10 տողանոց շինարարական արձանագրության մեջ: Խորհրդային տարիներին երախտամոռ թրքաքրդերը քերել են արձանագրությունը: Զույգ թռիչքներով քարե կամարակապ կամուրջը կառուցման ու նորոգման ժամանակ, խորհրդային տարիներին առավել շատ ծառայում էր մահմեդականներին, որոնք բնակվում էին մոտակա մի քանի գյուղերում՝ Նովլու, Մազրա և այլն: Կամրջի զույգ թռիչքներն ունեն 13,84 մ և 12,66 մ երկարություն: Ջրի մակարդակից ունի 9,10 մետր բարձրություն, լայնությունը 4,31 մետր է: Չնայած պատմական տեղեկություններին Լալազարի կամրջի մասին, տարածքում ավելի վաղ պետք է կամուրջ լիներ, որովհետև, արդեն նշեցինք, նախաքրիստոնեական ժամանակներից այստեղ խիտ բնակեցված է եղել. բնական է՝ բնակավայրերն իրար կապող կամուրջներ պետք է լինեին Որոտանի վրա: Միգուցե նախկին կամրջի տեղու՝մ է Լալազարը կառուցել նորն ու ավելի ամուրը:
Գետի աջակողմյան բլուրներից մեկը Լալազարի կամրջից հեռու է մոտ 1կմ: Ափից մինչև գագաթ բլուրն ունի 150 մետրից ավելի ուղղաձիգ բարձրություն: Կամրջի մոտից արահետ է ձգվում դեպի բլուր, որի հյուսիսարևմտյան կողմը ժայռապատ է: Արահետի եզրերին տեղ-տեղ պատաշարեր են պահպանվել: Նախկինում երևի այստեղով ճանապարհ է գործել՝ սկիզբ առնելով կամրջից: N. 39 26 15,5 և E. 46 26 47,5, Alt. 802 կոորդինատներում գրեթե ուղղաձիգ ժայռերը բնական ամրություն են, և դա են հաշվի առել դեռևս վաղ միջնադարում Սյունյաց երկրի իշխանները, ամրացրել բլրի թույլ կողմերը և այստեղ հիմնել ամրոց: Արևելյան կողմում են հիմնականում պարիսպներ շարել. իսկ ամրոցի մուտքը հյուսիսային կողմում է՝ գետափին մոտ: Ի տարբերություն Անդոկաբերդի՝ այս ամրոցն ավելի ուշ շրջանում է հիմնվել և գոյատևել է մինչև 18-րդ դարի վերջ: Այս հատվածում Որոտանը կոչվում է Բարկուշատ, և պատմությունից հայտնի է Բարկուշատի բերդը, որի մասին առաջինը հիշատակում է 13-րդ դարի պատմիչ Ստ. Օրբելյանը: Սյունիքի պատմություն» գրքում «Հայր Գյուտի ու Քրիստոսասերի համառոտ պատմությունը և Երասխի ափի վանքի կառուցումը» ԻԱ գլխում գրում է. «…Ապա օրեր անց մկրտեցին պարսից նույն թագավորի եղբորորդուն՝ Աբլ Աբաս անունով, նրան փեսա դարձրին Աղվանքի արքա Վաչագանին: Գետի ափին բերդ կառուցեցին, որ նա այնտեղ բնակվելով պաշտպանի կրոնավորներին: Ապա Աբլ Աբասն ու Վաչագանը Սյունիքի իշխանին խնդրելով, վանքի համար սահման առանձնացրին: …Ապա Բարկուշատում մեռնում են Վաչագան և Աբլ Աբաս թագավորները…»
– Բարկուշատի բերդը հիմնվել է 5-րդ դարում և կապված է Հայոց հյուսիս-արևելից թագավոր Վաչագան Բարեպաշտի անվան հետ: Բերդը գործում էր նաև Ս. Օրբելյանի ժամանակներում՝ միջնադարում: Այն չէր կորցրել իր նշանակությունը նաև 18-րդ դարի առաջին կեսին, երբ 1724թ. այն արդեն հանդիսանում էր թուրք Ֆաթ Ալի խանի նստավայրը: Բարկուշատի բերդի մոտ էր գտնվում Բարկուշատ քաղաքը, որը ավերվել ու ամայացվել է: Տարածքի ամրոց-բնակավայրերից մեկի մասին, հավանաբար հենց մեր ենթադրած Բարկուշատի բերդի մասին Ղ. Ալիշանը գրում է. «Մերձ ի խաոնուրդսն նշանակի Տավութլու գիւղ և բերդատեղի, ոչ գիտեմ անուն Դավիթ Բեկի թե այլն»: Որոտանի և նրա վտակ Վարարակնի միախառնման մասում է ադրբեջանցիների կողմից Դավթլու կոչված գյուղը, որից ընդամենը 1 ու կես կմ հեռու է այս բերդը: Դավթլուն մինչ 19-րդ դարավերջ եղել է հայկական բնակավայր. այդ վկայում են գյուղի մոտակայքում պահպանված Հայոց հանգստարանի տապանաքարերը: Սերո խանզադյանն «Ինչ են պատմում քարերը» հոդվածում («Սովետական Հայաստան» ամսագիր. 1984թ. թիվ 6, էջ՝ 3) գրում է, որ Դավուդլուն պատմական Մարգաձորն է: Իսկ գյուղի մոտակա հանգստարանի տապանաքարերից մեկի վրա կարդացել է. «ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ ԴԱՎԻԹ ՔԱՋ ԶՈՐԱՎԱՐԻՆ». ԹՎՆ. ՌԾԸ (1609թ.): Շահեն Մկրտչյանն էլ գրում է՝ գյուղը կոչվել է Դավթաշեն(«Ջեբրայիլ-Ղուբաթլուի հայկական պատմա-մշակութային հուշարձանները». «Ազատամարտ» թերթ, 1993թ. թիվ 40, էջ՝ 12):
Իհարկե, հաստատապես հաստատել, որ մեր նկարագրածը Բարկուշատի ամրոցն է, պետք է լավ ուսումնասիրել, պեղել տարածքը: Ամրոցի արևելյան կողմում արհեստական լճակ կա, որն այժմ էլ լի է ջրով: Լճակից դեպի գետ ժամանակին ջրատար կամ ճանապարհ է գործել: Հիմքերը լավ են պահպանվել: Ամրոցից դեպի լճակ գաղտնուղի է գործել: Պահպանվել են դրա աստիճանավանդակները, որոնք հասնում են մի քարանձավի: Այժմ այդ մասը մացառապատ է, և հնարավոր չէ հետազոտել վերևի հատվածը՝ գտնելու գաղտնուղու շարունակությունը: Ջուրը հիմնականում պաշարել են ավելի բարձր մասում: Պահպանվել են մի քանի ջրավազաններ՝ 2-3մ տրամագծով, նույն խորությամբ քարաշար և կրով ծեփված պատերով: Հարավային կողմում ամրոցից ավելի բարձր սարեր կան: Այս կողմում նույնպես ամրոցը մուտք է ունեցել հատկապես ձիերի ու սայլերի համար: Հյուսիսային մուտքը հիմնականում ծառայել է հետիոտներին: Բերդն ունեցել է նաև եկեղեցի, որի հիմքերն ու մի պատի մաս է մնացել: Եթե ընդունենք, որ սա, իսկապես, Բարկուշատի բերդն է, և վերջում նրան տիրացել էր մեր թշնամին՝ Ֆաթ Ալի խանը, բնական է՝ եկեղեցին կործանվել է 18-րդ դարակեսին: Բերդի արևելյան կողմով պարսպապատն անցել է մոտ 200 մ երկարությամբ՝ 1-ից մինչև 10մ բարձրությամբ հատվածներով: Ներսում կան պարսպապատեր, որոնք կառուցվել են հսկա քարերով. հնարավոր է՝ առաջին պատերն են: Հիշատակված եկեղեցուց քիչ վերև մեկ այլ շինության հետքեր կան: Զգացվում է՝ մոտ 200ք/մ մակերեսով կառույց է եղել, որի մուտքի մոտ հսկայական մի քար կա՝ դրված հենաքարերին: Հանգիստ կարելի է անցնել այս քարի տակով: Նման երևույթ տեսել եմ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ գյուղի (իմ ծննդավայրի) Սև սարի մոտակա հնավայրում, որտեղ, ըստ որոշ գիտնականների, հազարամյակներ առաջ աստղադիտարան է եղել: Արևմտյան կողմում ամրոցի ժայռերն ուղղաձիգ են ու անմատչելի: Բերդի գոյության շրջանում ժայռերի վերնամասերը մշակել, հարթեցրել են, որտեղով երթևեկել են զինվորները: Ամրոցի արևելյան կողմում՝ միջին հատվածում, մի պատ կա՝ մոտ 15մ բարձրությամբ, 10մ երկարությամբ: Կառուցված է կիսված սև գետաքարերից: Մացառներն ու առատ խոտը խանգարում են պատին մոտենալ՝ ճշտելու դրա նպատակը: Պարիսպները կառուցված են անմշակ քարերով ու կրաշաղախով, իսկ նշված պատի քարերը մշակված են: Ըստ տեղեկությունների՝ Բարկուշատի բերդի մոտ է եղել համանուն քաղաքը, որն ուշ միջնադարում կործանվել է:
Լուսանկարները՝  Զոհրաբ Ըռքոյանի

«Եղիցի լույս»
Թիվ 04 (193) 2019

Տարածել

Պատասխանել