Արցախյան գրադարակ. նոր գրքեր

0

Հրաչյա ԲԵԳԼԱՐՅԱՆ, ՀՈՒՇԱՊԱՏՈՒՄ, գիրք իններորդ («Արցախ-Նամե» մատենաշար), Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատ., 2019, 712 էջ։ Խմբագիր՝ Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ։
«Արցախ-Նամե» մատենաշարի 9-րդ գիրքն է՝ նախորդների օրգանական շարունակությունը։ Այն թաղկացած է հինգ բաժիններից՝ «Հրաշապատում», «Պատմություն», «Ուղերձներ, նամակներ, ելույթներ», «Հուշապատում»։
Հատորը կազմել և կյանքի է կոչել Հրաչյա Բեգլարյանի որդի Գագիկը՝ հոր գրվածքների առաջին ընթերցողն ու արխիվի պահապանը։
Տպագրությունն իրականացվել է Հրաչյա Բեգլարյանի թոռ Մհեր ՂԱԶԱՐՅԱՆԻ հովանավորությամբ։

Սոկրատ ԽԱՆՅԱՆ, Կրակ չէ՝ ինչ է (բանաստեղծություններ), Ստեփանակերտ, «Վաչագան Բարեպաշտ» հրատ., 2019, 208 էջ։ Խմբագիր՝ Ռոբերտ ԵՍԱՅԱՆ։
«Կրակ չէ՝ ինչ է» գիրքը Ս. Խանյանի թվով 21-րդ քնարերգական ժողովածուն է։ Գրքում տեղ են գտել հեղինակի վերջին տարիներին գրած բանաստեղծությունները։
Հավատարիմ իր ստեղծագործական նախասիրություններին, հեղինակը դասական պոեզիայի օրինաչափություններով պատկերում է 21-րդ դարի հայ մարդու հարուստ ներաշխարհը՝ կյանքի բազմաշերտ երանգներով։

Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ, ԵՐԿԵՐ, հատոր Է (գրականագիտական հոդվածներ, հրապարակագրություն, գրական էսքիզներ, անդրադարձներ և երկխոսություններ), Երևան, «Արմավ» հրատ., 2019, 580 էջ։ Խմբագիր՝ Արմեն ԱՎԱՆԵՍՅԱՆ։
Գրքում ներառված են գրողի վերջին տարիների գրականագիտական հոդվածները, հրապարակագրությունը, գրական էսքիզները, անդրադարձներն ու երկխոսությունները։ Դրանց մեջ բարձրացվում են ժամանակի մշակութային եւ հասարակական կարեւոր խնդրադրումներ, հեղինակը առաջ է քաշում հարցեր ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլ ընդհանրական հայ ժողովրդի ներկայի ու ապագայի մտահոգություններով։

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ԵՂԱԾԸ ՄԻ ԲԱՆ ՉԷ… (պատմվածքներ), Երևան, «Արմավ» հրատ., 2019, 328 էջ։
Գիրքն ընդգրկում է տասը պատմվածք: Բայց դրանք ավելի շատ շարունակում են իրար և, թվում է, հերոսները բոլորն էլ ճանաչում են միմյանց, ապրում են կողք-կողքի, նույն բնակավայրում` անցյալի ու ներկայի մեջ։
Կարևորն այն է, որ հեղինակը բոլորին էլ լավ է ճանաչում, շատերի հետ նույնիսկ ընկերական ու բարեկամական հարաբերություններ ունի։
Կարող եք առանց հարցուփորձի մտնել այդ բնակավայրը` ամենևին էլ չկասկածելով, որ այնտեղ ձեզ սպասում են։

Ամալյա ԳՐԻԳՈՐՅԱՆ, Գրական ստեղծագործության ուսուցման արդյունավետության ու որակի բարձրացման մի քանի հարցեր (ուսումնամեթոդական ձեռնարկ, օգնություն մանկավարժական փորձուսուցմանը մասնակցող ուսանողներին և սկսնակ ուսուցիչներին), Ստեփանակերտ, «Դպրատուն» հրատ., 2019, 220 էջ։ Խմբագիր` Էդվարդ ՄԿՐՏՉՅԱՆ (բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր), գրախոսներ` Գրիգորի ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ (մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր), Էլլադա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ (մանկավարժական գիտությունների թեկնածու)։
Ուսումնամեթոդական ձեռնարկում մանկավարժական փորձուսուցման ընթացքում կատարած ուսումնասիրությունների հիման վրա հեղինակը վերլուծել է Ստեփանակերտի թիվ 1, 2, 4, 5, 7 հիմնական և թիվ 11 ավագ դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցիչների փորձը, հանգամանորեն ցույց է տվել, թե դասագործընթացում ինչպես են կիրառվում գրականության ուսուցման ավանդական և ժամանակակից մեթոդները։
Աշխատանքում, ուսուցիչների փորձի վերլուծության միջոցով, լուսաբանվում են գրականության դասի ժամանակ ներառարկայական, միջառարկայական, ուղիղ և հետադարձ կապերի, դասավարման լավագույն տարբերակի ընտրության ապահովման հետ կապված հիմնահարցերը։
Ուսումնամեթոդական ձեռնարկը նախատեսված է հայ գրականության սկսնակ ուսուցիչների, բանասիրական ֆակուլտետների ուսանողների համար։
Հրատարակվել է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ։

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ, Կարկառներ (վավերագրություն), Բերդաձոր 1988-1991, երկրորդ հրատարակություն, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2019, 416 էջ:
1988-ի ազգային-ազատագրական շարժումը ճնշելու համար Ադրբեջանը շրջափակեց Արցախը։ Բերդաձորի ենթաշրջանը հայտնվեց կրկնակի շրջափակման մեջ, և սկսվեց կյանքի ու մահվան օրհասական պայքար։ 1991-ին Ադրբեջանը խորհրդային զինված ուժերի աջակցությամբ բռնի ուժով փորձեց լուծել հիմնախնդիրը` հայաթափելով երկրամասը։
Արցախյան գոյամարտի բերդաձորյան հատվածում կատարված հերոսական և ողբերգական էջերի, քաղաքական լարված, բարդ ու հակասական իրադարձությունների մասին է Նվարդ Սողոմոնյանի վավերագրությունը։ Դեպքերը, որոնք ներկայացնում են 1988-1991թթ. ժամանակաշրջանի Բերդաձորը, շարադրված են իրական փաստերի հիման վրա։

Արիս ԱՐՍԵՆԻ (Ա.Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ), Բարձունք տանող արահետով, Ընտրանի (բանաստեղծություններ և պոեմներ), Երևան, «Արմավ» հրատ., 2019, 224 էջ: Խմբագիր՝ Կիմ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ։ Տպագրվել է ԱՀ պետպատվերով։
Գիրքը Արիս Արսենիի չափածոյի ընտրանին է, ուր ներկայացված գործերն ընտրված են նրա բանաստեղծական բոլոր շարքերից և տեղադրված են ժամանակագրական կարգով։ Գրքում տեղ է հատկացվել նաև հեղինակի երգիծական ու մանկական, ինչպես նաև վերջին տարիներին գրված գործերին։
Ա. Արսենիի ստեղծագործությունները հիմնականում հայրենասիրության, սիրո, մարդկայնության ու խաղաղության, բազմաթիվ այլ թեմաներով են, նվիրված են ազգային ազատագրական պայքարին, հայրենիքին, պատերազմին ու խաղաղությանը, հայրենի բնաշխարհին։ Գրքում առկա թեմատիկ բազմազանությունը, կառուցվածքային նրբություններն ու բանաստեղծական ասելիքը փոխկապակցված են և ընթերցողի հոգում հուշերի, կարոտի զգացումներ արթնացնելու, աշխարհը, կյանքի բազմազան երևույթները բանաստեղծորեն վերարտադրված տեսնելու նպատակաուղղվածություն ունեն։
Ընտրանին լույս է ընծայվել հեղինակի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ։

Արիս ԱՐՍԵՆԻ (Ա.Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ), Երկերի ժողովածու, գիրք երկրորդ (էսսեներ, ակնարկներ, հոդվածներ, երգիծապատումներ և ֆելիետոններ), Երևան, «Արմավ» հրատ., 2019, 240 էջ: Խմբագիր՝ Կիմ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ։ Տպագրվել է ԱՀ պետպատվերով։
Բանաստեղծ, հրապարակախոս, լրագրող Արիս Արսենիի Երկերի ժողովածուի երկրորդ գրքում տեղ են գտել հեղինակի արձակ գործերը, որոնց հիմնական մասը դեռևս անտիպ է։ Նրա ստեղծագործության մեջ՝ սկզբից մինչև վերջ, Հայրենիքի ու հայրենասիրության, պատերազմի ու խաղաղության թեմաներն են։
«Ինչու է Արաքսի ջուրը պղտոր» անտիպ գրքում ազգային ազատագրական պայքարի նվիրյալների, Արցախյան պատերազմում իրենց փառքով պսակած ողջ ու նահատակ ազատամարտիկների մասին պատմող էսսեներն ու ակնարկներն են։
Գիրքն ընդգրկում է նաև նախկինում տպագրված (և ներկա հրատարակության համար լրամշակված) «Անդրանիկ, այսինքն՝ առաջամարտիկ», «Ուշացած երկխոսություն Արարատ Ղազարյանի հետ», «Եվ այսպիսի ճակատագիր», «Ղողանջ հիշատակի» արձակ գործերը, որոնք ժանրային առումով յուրահատուկ ընդգծվածություն ունեն։
Հեղինակի արձակ երգիծանքից գրքում իրենց արժանի տեղն ունեն նաև ֆելիետոններն ու առողջ երգիծանքի վերածված իրական զվարճապատումները։
Գիրքը եզրափակվում է հեղինակի մասին հրապարակումներով։
Նախատեսված է ընթերցողական լայն շրջանակի համար։

Արմեն ՊԵՏՐՈՍՅԱՆ, Տավրոսեցին (վեպ), Երևան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ» ՍՊԸ հրատ., 2019, 192 էջ։
Հրատարակության մեջ տեղ է գտել վեպի առաջին գիրքը: Թարգմանությունը կատարել է Վոլոդյա Գալստյանը։
Գրքի վրա աշխատել են Սուսաննա Իքրարյանը, Աստղիկ Վարդանյանը, Հերմինե Վարդանյանը։
Տպագրվել է «ՎՄՎ-ՊՐԻՆՏ» ՍՊԸ հրատարակչության տպարանում։

 

Պատրաստեց՝  Արիս ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

«Եղիցի լույս»
Թիվ 04 (193) 2019

Տարածել

Պատասխանել