Նորեկ Գասպարյան / «Մի քիչ պատերազմ մի քիչ խաղաղություն» շարքից

0

Լույս է տեսել Նորեկ Գասպարյանի «Երկնքից ընկնող գույն-գույն խնձորներ» վերնագրով գիրքը, որում տեղ են գտել հեղինակի նոր բանաստեղծությունները: Թվով տասներորդ ժողովածուն բանաստեղծը հրատարակել է յոթամյա ընդմիջումից հետո միայն: Արցախի գրական ընտանիքում ասում են, որ գրչակիցներն ու ընթերցողներն այս անգամ երկար են սպասել Նորեկ Գասպարյանին, հետո ընթերցում գիրքն ու համոզվում` բանաստեղծը ներքին կուտակումների շրջան էր ապրում: Ինքը բանաստեղծը չի բացառում, որ ստեղծագործական կյանքում նմանատիպ դադարներն անհրաժեշտ են: Այդպես գրողն ընթերցողին ներկայանում է նորովի` նոր ասելիքով ու առանց կրկնությունների:
Գրքում հեղինակի նոր բանաստեղծություններն են` հայրենիքի, սիրո, կարոտի և այլ թեմաներով: Բանաստեղծն անկեղծ է` այս տարիքում էլ շարունակում է երազել ու կյանքում տեսնել հեքիաթային երևույթներ: Այդ պատճառով, գրքի հենց վերնագրում, երկնքից ընկնում են գույն-գույն խնձորներ:
Գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, ով գրքի խմբագիրն է, եզրակացնում է` գրողը ոչ թե դադարել է ստեղծագործել, այլ ապրում էր ներքին կուտակումների շրջան: Բանաստեղծությունը շատ ավելի կյանքոտ դարձավ, շատ ավելի դարձավ ֆունկցիոնալ, բանաստեղծությունը մտավ կյանք, հասարակական հնչեղություն ձեռք բերեց, այսինքն՝ շատ ավելի իրական և գերիրական այս երկու գույները իրար արդեն լրացնում են, և երբ նա ասում է, որ երկնքից գույն-գույն խնձորներ ընկան, այս գույն-գույնի մեջ գույնը դա միայն ձևի նշանակություն չէ, գույնը դա արդեն բովանդակային իմաստ է ստանում, և գույների մեջ արդեն` նոր իմաստ, նոր բովանդակություն… կարողացավ Նորեկը այս գրքում գտնել իր կոդը:
Գրքի շնորհանդեսի ընթացքում Գասպարյանի նոր ժողովածուն գնահատել են գրչակից ընկերներն ու հավատարիմ ընթերցողները: Ոմանք պարզապես նախընտրել են առանձնացնել հեղինակի ամենահաջողված գործերը: Նվարդ Ավագյաննն ասում է, որ Նորեկ Գասպարյանի ձեռագիրն ի սկզբանե ինքնատիպ էր: Յուրօրինակ էր ինչպես նրա արձակը, այնպես էլ՝ չափածոն: Գնահատականը նույնն է մնացել նաև այս գրքի դեպքում: Գրողն ունի, հաստատ, իր ուրույն ձեռագիրը, իր մտածելակերպը, արտահայտչական ձևերը: Նորեկի մոտ մի հետաքրքիր կողմ ել կա` նա սրամիտ է, ինչպես կյանքում է սրամիտ, այնպես էլ բանաստեղծության մեջ, ամենուր հումորի զգացումը կա:
Բանաստեղծ Դավիթ Միքայելյանը երկար է մտորել` Նորեկ Գասպարյանն ավելի շատ արձակագի՞ր է, թե՞ պոետ: Թե ինչ կլինի հետո,ցույց կտա ժամանակը: Բայց «Երկնքից ընկնող գույն-գույն խնձորներ» գրքով հեղինակը նոր խոսք է ասում հայ պոեզիայում: Զգացի, որ նրա երևակայական աշխարհը ընդգրկուն է, բազմաշերտ է, երևույթների ընկալումը` նորովի բոլորովին, նա իսկապես պոեզիայում գրավել է նոր տարածքներ, սա բոլորին չի հաջողվում:
Ինքը՝ հեղինակը ստեղծագործական կյանքում դադար առնելը երբեմն համարում է համարձակ քայլ: Գասպարյանի համոզմամբ, հակառակ դեպքում, չեն բացառվում կրկնությունները: Իսկ ժամանակակից համաշխարհային գրականությունը կրկնություններ չի սիրում: Սիրում է այն գրողին, ով ստեղծագործում է աշխարհի բոլոր ժողովուրդների համար:
                                                                                                                                                               Նարեկ ՍԱՀԱԿՅԱՆ

1.
Մեռնելու ամենալավ ժամանակը

Ինչքան էլ երկարի այս հիվանդ, երկկենցաղ ու երկսեռ խաղաղությունը, ես չեմ մեռնելու, ես հանգիստ, առանց ավելորդ շտապողականության,
եթե պահանջվի՝ հարյուր տարի, սպասելու եմ վաղվա պատերազմին և հեռանալու եմ այդ պատերազմի առաջին օրը…
որպեսզի ոչ ոք չնկատի իմ բացակայությունը…
…Իսկ պատերազմից հետո,
երբ հասկանան տեղի ունեցածը, ես կլինեմ բավականին հեռու, այնքան հեռու, որ ոչ ոք ունակ չի լինի վերադարձնել ինձ… կհասկանան նաև, որ պատերազմի ժամանակ ամենահեշտ բանը ապրելն է…

2.
Անծանոթ գրողի չտպագրված հուշերից

Ոչ մի պատերազմի ժամանակ ինձ չկարողացան սպանել… ինձ նույնիսկ երկրպագողներ էլ կային… երկրի խորքերում ծնված մանչուկներից շատերը կրում էին իմ անունը…
…ինձ սկսեցին ագահորեն սպանել միայն պատերազմներից հետո… հիշում եմ, մեկ-մեկ նույնիսկ հաճույքով գնդակահարում էին…
հենց իմ անունը կրող մանչուկների աչքի առաջ…

Հետգրություն.
Ես միայն վերջին անգամ գնդակահարվելուց հետո հասկացա, որ պատերազմներից հետո ամենաանիմաստ բանը ապրելն է…

3.
Կորցրած ծննդավայրի անվերջ որոնումներ օտար քաղաքի փողոցներում

Երբ խավարը անտարբեր ու անողոք կրկին ծածկեց անծանոթ ու չտեսնված մեծ քաղաքի փողոցներն ու բակերը, կապուտաչ, սևաչ, վանակատու աղջնակներն ու տղեկները իրարից թաքուն լաց եղան իրենց փոքրիկ ու ցուրտ կացարանի պատուհանի մոտ… այդ օրն էլ ոչ մի պտուղ չտվեց նրանց որոնումը… այս անգամ էլ, արդեն քանի-քանի՜ տարի, նրանք այդ անհասկանալի քաղաքի, անհասկանալի երեխաների, անհասկանալի խաղերի միջով
վերադարձան դատարկաձեռն ու կարգին ծերացած… և մայրիկները հասկացան, որ նրանք էլ երբեք չեն գտնելու իրենց կորցրած մանկությունը…

Հետգրություն.
Միայն տարիներ հետո, երբ արդեն չկային մայրիկներն ու հայրիկները, այդ կապուտաչ, սևաչ, վանակատու աղջնակներն ու տղեկները շարունակեցին իրենց որոնումները…
4.
Բոլոր զարկվածների անունից

Ես չվերադարձա պատերազմից… երևի զոհվեցի… որովհետև գիտեի, պապս էլ էր ասում,
որ պատերազմից վերադառնալն ուղղակի անիմաստ ու ծիծաղելի պատմություն է…
Իսկ տուն եկածներից ոչ մեկն այդպես էլ չհասկացավ, թե ինչ երանություն է պատերազմներից երբեք չվերադառնալը…

5.
Պատերազմ, կին, սեր ու շատ անբացատրելի բաներ

Հիսունն անց զինվորը երևի այնքան էլ մեղավոր չէ, որ մոռացել է, թե վերջին անգամ ե՞րբ է այդքան մոտ, այդքան բաց տեսել կնոջը և շատ բնական է, որ ամեն ինչ, թվաց, անցյալում է, իրենից հեռու- հեռու?, համարյա անհասանելի, արգելված պտղի նման…
և տղամարդը մի անգամ էլ, քանի դեռ կինը խաղաղ քնած էր, վերմակը սահեցրեց նրա մարմինն ի վար… կինը երբեք այդքան գեղեցիկ չի եղել, նույնիսկ քաղաքի մութ նրբանցքներում աշխարհից թաքուն համբուրվելիս, նույնիսկ առաջին գիշերը, նույնիսկ… առաջին երեխայի ծննդից հետո…
…երբ տղամարդը վերադարձավ զորամաս, պատերազմն արդեն ավարտվել էր…

6.
ՀԱՆԵԼՈՒԿ

Ոչ հեռացողներին եմ ճանապարհել մարդավարի, ոչ էլ եկողներին եմ աճապարում դիմավորել… որովհետև ինձ միշտ էլ թվացել է, որ եկողները նույն հեռացողներն են, մի քիչ ավելի համարձակ, մի քիչ ավելի ծուռ ու տարվա բոլոր օրերին ու եղանակներին ինքնահրկիզումի պատրաստ… զարմանալի բան է, ինչքան էլ փորձում են ինձ համոզել, որ առանց դրա ուղղակի հնարավոր չէ, ես վերադառնալու ցանկություն չեմ ունենում, թե չէ առանց երկմտալու, հենց այս պահին էլ կբռնեի հեռացումի բաղձալի ճանապարհը… որպեսզի հետո վերադառնամ մի քիչ ավելի խիզախ, մի քիչ ավելի ցնդած ու… տարվա բոլոր օրերին ու եղանակներին, երկրի բոլոր ծագերում գնդակահարվելու պատրաստ…

7.
Մեծ խաղ կամ ինչպես են երեխաները խախտում հրադադարը

Հնամյա բնակավայրից մի քիչ ներքև, որտեղ սև ու սպիտակ արոտավայրեր ու այգիներ են,
մի զարկված հրասայլ կա… համարյա` ստոպ կադր… միայն գյուղի փոքրիկներն են, որ ամեն երեկո այդ սև ու սպիտակ տարածքներից իրենց աչքերի մեջ տուն էին բերում ճիչ, ցավ, հիշողություն…
…մինչև պատերազմ այնտեղ ամեն ինչ գունավոր էր, և պապս այդ զվարթ վայրերից վերադառնալիս հին կարպետին շարում էր տանձ, խնձոր և մի անբացատրելի ցնծություն…
… մի անգամ էլ, երբ փոքրիկները այնտեղ շարունակում էին իրենց կիսատ թողած խաղը,
որոտաց հրասայլը… և գյուղի բնակիչները երկնքում տեսան ուղիղ դեպի թշնամու խրամատները սլացող հսկայական արկը…
Եվ երեկոյան, թշնամի երկրի բոլոր լրատվամիջոցները, միաբերան հայտարարեցին,
որ հակառակորդը կրկին խախտել է հրադադարը` երկար ընդմիջումից հետո կիրառելով նաև ծանր հրետանի…

8.
Ժամանակի ամենամեծ առեղծվածը

Բոլոր հայրենասերները, երբ օրերը սկսեցին արագորեն ցրտել, և երբ անձրևի կաթիլները սպիտակ գնդիկներ դարձան ծառերի դեռևս տերևոտ ճյուղերին, հերթով ու անհերթ թողեցին հայրենիքը… մի քանիսն էլ իշխանություններից դժգոհելով, տապալված ապստամբությունից հետո ինքնահրկիզվեցին դաշտերում, այգիներում ու հրապարակներում… եղան նաև գնդակահարվածներ ու զնդանները նետվածներ…
…և երկրում մնացին միայն անհայրենասերները… նրանք այնքան էլ շատ չէին… ընդամենը մի քանի հոգի… նրանք էլ հող մշակեցին, ծառ տնկեցին, գրեցին գրքեր ու անընդհատ զարկվեցին անվերջանալի ու կործանարար պատերազմներում… բայց թշնամին չհամարձակվեց մոտենալ երկրի դարպասներին…
…և մինչև հիմա երկրի, պատերազմից հետո ծնված բնակիչները, ինչքան էլ մտածում են, չեն կարողանում հասկանալ,
թե ինչ է հայրենասիրությունը…

9.
ՊԱՊՍ
Ես պապիս չեմ տեսել… մայրս էլ… չի տեսել նաև մորեղբայրս… մորաքույրս, ով տան ավագն էր, համարյա չի հիշում հորը… իսկ տատս ոչինչ չհասցրեց ասել նրա մասին… նրան ճանաչող մարդիկ բոլորն էլ անխոս թողեցին աշխարհը…
և հիմա, երբ ես ուզում եմ պատմել պապիս մասին, արտաբերում եմ ընդամենը մի քանի բառ. – Պապս չի վերադարձել պատերազմից…

10.
ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆ

Պատերազմներից վերադառնում են հոգնած ու տանջված, հազար ընկեր ու մտերիմ կորցրած թագավոր տղերքը, և դեռ տուն չմտած, հենց մարդաշատ փողոցում, կանանց ու ծերուկների աչքի առաջ խաղալիք հրացանով նրանց հերթով գնդակահարում է զինվորական հագ ու կապով, մինչև ատամները զինված մի փոքրիկ, մի ոսկեմազ, մի հրաշալի տղեկ…
…և թագավոր տղերքը, չգիտես ինչու,
ընկնելուց առաջ թանձր-թանձր ծիծաղում են…

Եղիցի լույս 06(174) – 2016

Տարածել

Պատասխանել