Կամիլա Քեշիշյան / Տասնըհինգ ամառ Շուշիում

0

ՀԱՅՐԵՆԻՔ

Իմ ու քո միջեւ
Խաչուած մի հայրենիք,
Նահատակներ հանգչող
Քարափներում կեանքի:
Գայլանման խոռոչներից բուսած
Յառաչանքներ ոգու
Եւ խորանարդուող վիհը
տառապանքի:
Լեռնապսակ տարածութիւնն
օրօրո՜ղ արեւ,
Վերից թափիր հուր,
թափիր խաչ
Ու թափիր ծես
Եւ օղակիր մթնող աչքը օրուայ
Յաւիտենութեան ջահին
բոցավառուող
Ու պատարագիր նրանց շարականով լոյսիդ:
Իմ ու քո միջեւ
Խաչուած մի հայրենիք`
Հրեշտակաթեւ ճախրանքը
ինքնազոհումի…

ՊԱՏԵՐԱԶՄ

Երկնքի գունատ դեմքից
Դալկադեմ աշնան մի տերեւ ընկաւ սեղանիս,
Իբրեւ գալիքից ցուրտ մի օր …

ՏԱՊԱՆԱՔԱՐ

Իրիկնացող օրը
թռչունների բարձունքներից իջաւ ու
փռուեց
Փշալարուած հայրենի հողին:
Յետո յեկան սեւազգեստ կանայք,
Լուռ լաց եղան յիշողութեան դեմքին`
հեռացան:
Տապանաքարը շնչում է
հեռացող մօր ոտնահեւքը…

ՅՈՒՇ

Յիշողութեան դիմագծերը ծեր են եւ յօգնած:
Թոչու՜ն, ազատութիւնն ինքն իր մէջ թռցնող՝
Երկինքների շնչառութիւնը լուրթ
կապոյտի մէջ զսպանակած:
Նրա թեւերը հրեշտական ունեն
Ու հեռաւորութիւնը գնդակահարուած:
Էլեկտրական սեան վրայ թպրտացող
յուշը` յուշի:
Վաղուայ օրը՝ տարածութեան
խորանին բազմապատկուող նշխարհ:
Աղօթի՛ր…

Ց Ա Ւ

Մոշ հաւաքող տարաբախտ
աղջնակին
Ցավ,
Որ տառապանքի գոյն ունի
Եւ շշուկօրուայ շրջանակից լացող:
Թախիծ,
Որ կարօտի համ ունի
Եւ լոյս հեռուներից ահազանգող:
Ամենահզոր ձայնը լռութիւնն է
Եւ երաժշտութիւնը Յոհան
Սեբաստեանի,
Որ անսահմանութեան գագաթներից
Բաբախում է հոգուդ յաւերժութիւնը:

Ցավի զգեստով ճամփայ-աղջիկ,
Օրուայ եզերքներով ճեմող
Եւ մահ՝ ճերմական հուններից
կանչող…

ՎԵՐՋԵՐԳ

Հերթ են կանգնել յիշողութիւնները,
Ճանապարհի մարմինը տնքում է
Ծանրութիւնից ոտնահետքերի:
Տառապանքի լեզուից կախուել է
տտիպ գոլորշին
Եւ լիզում է կարմիր թեւերն անհունի:
Երկփեղկուած տարածութեան
ճամփորդները
Խղճի գերեզմանոցում տնկում են
հրաժեշտի բառեր.
Ոչ ոք չի՛ գալու…

ՍՊԵՂԱՆԻ

Քամի՛ն,
Որպէս յաղթայարուած ցաւ,
Պտտում է անվերջ խոնաւ ու մութ
օրն այս
Ու ոտքերիս տակ շպրտում
կաղապարներ:
Լուսաբացը,
Իբրեւ յաղթայարուած մութ,
Լափում է գիշերուայ քրքրուած
վերնաշապիկը
Ու երեսիս նետում մի բուռ թախիծ:

Մենութիւնը,
Ասես յաղթայարուած դուռ,
Բացւում-փակւում է իմ դիմաց
կանգնած
Եւ մարմնիս առջեւ ցցում շինծու
բանալիներ:
Ժամացոյցի ժանգոտ ճռռոցում
ապաստանել է ազատութիւնը…

ՕԳՈՍՏՈՍ

Հայոց երկնքում կարմրում է
օգոստոսը
Եւ ճառագայթի ժանիքները
պայթեցնում են
Բողբոջող լոյսը օրուայ:
Կուսական առաւօտուայ միջով գնում
է գոմեշը,
Որոճալով անտարբերութիւնը
վաղուայ:
Ինչ-որ մի մօտ հեռւում արիւն է
կաթեցնում
Բիբը ժամանակի:
Պղնձացած ժայռերին յառնող
գալիքի քարտեզը
Շքադրում է զինուորի, որի
մանկութեան աչքը ծուարել է
Օգոստոսի կարմրաթել կտուրին:
Հայոց երկնքում ճառագայթի կոր
մատներով
Հասունանում է Օգոստոսը:
Մանուկների շուրթին դարձեալ
Եռքն է ,Վարանդայիե:

ՀԱՂՈՐԴՈՒԹԻՒՆ

«Եւ յիշողութեան ստեղներով
սահում է ձեռքը Կամիլայի,
հանելով խորքից ոգու
յարութեան թռչուններ»
Ռոբերտ Եսայեան
Ես ամէն առաւօտ գնում եմ
բանաստեղծութեան մօտ՝
Հաղորդութիւն ստանալու:
Մագաղաթեա յայգա լոյսին
ընդառաջ թռչող հաւքերը
կտցահարում են
Օրերի աղբակոյտից
ազատագրուած յիշողութիւնս
Ու թռցնում երկինք, ուր նա ծաղկում
է բոյրով Կալենդուլայի:
Խաւարի մէջ ծուարել է հաւատի յոյսը,
Իսկ շրջապտոյտը լոկ յետ
գրութիւնն է կեանքի,
Որ սկսւում է զերօ ժամանակից:
Ամէն առաւօտ ես գնում եմ
բանաստեղծութեան մօտ
Եւ յիշողութեան ստեղներով սահում
են ձեռքերս,
Որպէս յարութեան թռչուններ:

ԱՂՋԱՄՈՒՂՋ
Ռոբերտ Եսայեանին
Մերկ է փողոցը:
Լապտերը լուսավորում է իր մենութիւնը:
Ես զանգակածաղիկներ եմ կախում
Օրուայ սպասում ի վրայ
Եւ թռչունը ճեղքում է ներկան:
Հավաքիր անյայտի հետքերն իբրեւ լոյս…
ԴԱՏԱՐԿ ՇՐՋԱՆԱԿ
Նորեկ Գասպարեանին

Լուսամուտ
Հին նամակ
Յուշերի շուկա
Վաճառքի հանուած
Անօթի մի ստուեր
Կարկատան օրեր
Աճուրդի դրուած
Անսեր մի կարօտ
Թռչուն հայելում
Հայեացքիս բանտում
Ածխացած արեւ
Անկիւնից նայող
Անաչք մի ակնոց
Կաղաթոռ
Փշալար
Անտոմս ուղեւոր
Քամիների դեմ
Մռնչող երկինք
Ձեռքերիս մէջ
Այրուող հայրենիք

ԺԱՄԱՆԱԿԸ
Վարդան Յակոբեանին

«Բախը շարունակում է լուսնի լոյսի տակ
Նոտագրել խելագարների ժամանակը,
Աշխարհը նորմալ մարդկանցից
փրկելու համար»
Վարդան Հակոբեան
Ինձ մօտեցաւ խոշոր աչքերով մի տղայ,
Երկար նայեց աչքերիս ու հեռացաւ՝
արագ եւ մանրաքայլ:
Երեկոն միատարր նւուոցով լցուեց
մայթերի անկիւնները
Ու թուաց, թէ բացակայութիւնը
խելապատառ վազում է
Ինքն իրենից ազատուելու համար:
Ինձ վերադարձող
ժամանակագրութիւնը
Բաժանւում է թուերի ու բառերի,

Որոնք աւելի իրական են, քան ինքը՝
վերադարձը:
«Բախը շարունակում է լուսնի լոյսի տակ
Նոտագրել խելագարների ժամանակը»
Ինձ՝ նորմալ մարդկանցից փրկելու
համար…

ԿԵԱՆՔԻ ԽՆՈՑԻ
Զաքար Քէշիշեանին
Լոյս ու մութ,
Կրկին ամառ:
Ձմեռը՝ տանիքիս բազմած:
Դու եւ ես
Դարբնոցում օրերի
Օրօրում ենք կենաքը
Բարուրի հեքիաթ:
Անշտապ
Մութ ու լոյս,
Նորից ձմեռ:
Ամառը՝ պատուհանիս հենուած:
Ես ու դու
Օրերի մեր դարբնոցում
Յաւերժին խոնարհուած:
Խնո՜ցի- խնո՜ցի…

ԺԵՆԳԵԱԼՈՎ ՀԱՑ
Սոկրատ Խանեանին

Աստծոյ ափի մէջ,
Ճաքճքած ձեռքերում տատի,
Ակօսներում բուրաւէտ օրերի՝
Ժենգեալով հաց հանապազ օրեայ:
Դաշտերից տուն բերուած
հուշեր բո՜ւռ- բու՜ռ,
Կանաչաթեւ ճռճռուկ, կնձմնձուկ,
բանջար:
Դա՜րս- դա՜րս հեւոցի տակ մատների

Եւ վերմակ խմորի մէջ տաքուկ:
Երկինքների անծիր շնչառութիւնը ծծած,
Կապոյտ անձրեւների պաղ ջուրը խմած,
Կանաչաաչք ծեթուկ, թրթնջուկ,
տտպաշար,
Բիրտ խառնարանում կեանքի
Հանապազ օրեայ աղօթք դարձած:
Հողի երազները ձեր մէջ՝
Ծաղկեցրիք մի ո՜ղջ լեռնապար,
Դրախտի խորանին ծաղկած
Գառան ականջ, պռաւի պորտ, սպանախ:
Աստծոյ ափի մէջ
Եւ ձեռքերում օրուայ՝
Ժենգեալով Հացը հանապազօրէայ:

ՄՇՈՒՇԱՄՈՇ ՇՈՒՇԻ

Բարձրանո՜ւմ եմ, բարձրանո՜ւմ
Երկինքների ափին՝ Շուշին,
Անպարագիծ շնչառութեամբ Արցախն
իր թեւերին առած,
Գլխատուած օրերն իր խորանում
այրող, մաքրող
Եւ իր կրծքի կամարներում
խնդութիւնը բոցաւառող:
Բարձրանո՜ւմ եմ, բարձրանո՜ւմ,
Բարձր կարօտներում լոյսի
Վերածնւում է երթը նրա
Եւ պղծուած հետքերի վրայ
ծաղկեցնում արահետներ սիրոյ:
Բարձրանո՜ւմ եմ, բարձրանու՜մ,
Աստծոյ ափին՝ Շուշին,
Ես խոնարհւում եմ մշուշամոշ քո
գոյութեան առաջ:

Եղիցի լույս 06(174) – 2016

Տարածել

Պատասխանել