Վանո Եղիազարյան / Երկու պատմվածք

0

ԱՂԱՎՆԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Երկնքի բաց կապույտի մեջ ճախրում էին աղավնիները, իսկ Սերոբը նստել էր սպիտակ ծաղիկներով ծաղկած բալենու ստվերում և հիացած նայում էր ձյունաճերմակ աղավնիներին:
Իր որբ մանկությունն անցավ կտուցին մի փշուր հաց առած նիհար ճնճղուկի պես: Բայց անհոգ է մանկան կյանքը, սովն ու ցավն անտարբեր անցան որբ մանուկների կողքով:
Հիմա արդեն հասուն տղամարդ է, երեք տղաների հայր: Շեն ու հյուրընկալ օջախի դուռը բաց է բոլորի առաջ: Գյուղի ողջ ասուխոսը նրանց սեղանների շուրջն է քննարկվում. առատ սեղանին սփռված բարիքների պես ինչից ասես չէին խոսում: Անխոնջ աշխատանքով վաստակածից անխնա կուտ էր տալիս նաև հարյուրավոր աղավնիներին, և ամեն կուտ գցելիս նրան թվում էր, թե ցորենի հատիկը կտցող աղավնին իր ցավող հուշի մեջ ծվարած մի սոված մանուկ է:
Հիմա իր պես ժրաջան ու աշխատասեր տղաները ևս գյուղի նախանձն են շարժում: Նորակառույց խոզանոցները լեփ-լեցուն են տեսակ-տեսակ գոճիներով ու գոճեմայրերով: Հեկտարներով ցանած գարին և ցորենը չեն բավականացնում մեծ տնտեսությանը: Սերոբը, իր կապերն օգտագործելով, անասնակեր է ներկրում նաև ռուսական հեռաստաններից` ոչ միայն իր, այլև հարևան-բարեկամների համար:
Հարևան չարախոս կանայք իրենց հարբած ու պարապ տղաներից վրեժը լուծում էին Սերոբից բամբասելով. «Սով է տեսել, չի կշտանում…»:
Բայց Սերոբի համար ոչ մի արժեք չուներ նրանց չարախոսությունը, առատ հյուրասիրում էր նաև նրանց: Ինքը բոլորից լավ գիտեր իր մանկությունը, և փորձում էր ամեն ինչ անել, որ իր զավակները չզգան այն դառնությունը, ինչն ապրել էր ինքը:
Եվ, փառք Աստծո, նա իր աշխատանքով վաստակում էր ոչ միայն իր հանապազօրյա հացը, այլև օրեցօր հարստանում էր:
Երկնքի ճոխ կապույտի մեջ ճախրում էին աղավնիները, իսկ Սերոբը գինովցած նստել էր իր` պալատի նմանվող ղշանոցի դիմաց և հիացած դիտում էր այն աղավնիներին, որոնցից ամեն մեկին գնել էր քառսուն փութ ճերմակ ցորենի գնով:
Մի օր էլ Սերոբը կռունկի թևի հետ պանդխտեց այլ երկիր: Տուն ու տեղ դրեց, ընտանիքն ու աղավնիներին առավ, տեղափոխվեց այնտեղ: Կյանքն առատ ու երջանիկ էր: Նոր բնակարաններ… նոր մեքենաներ… նոր հարսներ… նոր թոռներ… նոր աղավնիներ… Մե՜ծ, անսահմա՜ն մեծ փողեր…
Օտար երկնքի լազուր կապույտի մեջ ճախրում էին աղավնիները, իսկ Սերոբը նստել էր ոսկեզօծ բազմոցին և հմայված նայում էր շեկլիկ-շեկլիկ թռչնակներին:
Բայց Սերոբի դժվարությամբ, տարիների տքնությամբ բացած ակոսը խաթարվեց. չար ու նախանձ մարդիկ նրա աշխատասեր տղաներին տարան կյանքի այլ հունով: Ո՞վ իմանա` քանի ակոս ունի մարդկային այս կյանքը… Նրանք սկսեցին ապրել ցոփ կյանքով. կարճ ժամանակ անց մեկին սպանեցին, մեկը հիվանդացավ, մյուսը լքեց ընտանիքին:
Կյանքի անակնկալ հարվածներն օտարության մեջ մանկության դառն վերհուշին ավելացրին նոր ցավեր: Ծանր վշտերին չդիմացավ կինը… Հայրենի գյուղի գերեզմանոցում մի նոր թարմ հողաթումբ էլ ավելացավ…
Սերոբը սառն ու անտարբեր նստել էր արդեն ավերակ տան բակում, ու այլևս ոչինչ չէր ուզում այս աշխարհից:
Երկնքի լուրթ կապույտի մեջ ճախրում էին աղավնիները` որպես ոգիներ, իսկ Սերոբը նստել էր հաշմանդամի սայլակին` չորացած բալենու տակ, և թախիծն աչքերին նայում էր ճերմակ-ճերմակ աղավնիներին, իսկ մտքում թևին էր տալիս բազեի ճանկերում ծվացող սիրելի աղավնին:

ԴԱՅԻՆ

Դային կարոտով նայում է Տումիի լանջերին սփռված կարմիր կակաչներին, ու նրա սիրտը կակաչի սրտի պես սևանում է:
Դային կանգնում էր մի ոտքով Դիզափայտ, մյուսով Քթիշ լեռան գագաթին, իսկ ոտքերի արանքում` կուսական անտառների մեջ, թաղվում էր Տումին:
Սասնա Դավթի պես հանդ ու չոլ էր անում, նրա ահից գել ու գազան փախչում էին որսատեղերից: Կոշտ ու կոպիտ, աժդահա այս տղամարդը` մի թաքուն ու նուրբ ժպիտ դեմքին, կարոտով նայում էր լանջն ի վեր սփռված Տումիին. այնտեղ էր իր սիրո դրախտային այգին…
Ադամական արգելված պտուղն ավելի էր բորբոքում նրա ախորժակը, ու մի օր էլ առնական բազուկների մեջ դալար ոստի պես ճկվեց չնաշխարհիկ մի գեղեցկուհի` ճաք տալով հասած նռան պես… Կարմրաթույր նռան հյութը քամվեց սպիտակ սավանի պես սփռված ձյան վրա… Ինքն արջի նման գիրկն առավ ձյունաճերմակ կանացի մարմինը… Կինը հալվեց հաճույքից… Հալվեց ու գլգլալով լցվեց լեռնային աղբյուրների ակունքները: Դային, ամեն Աստծո օր սար ու ձոր անցնելով, իր ծանոթ կածանից ըմբոշխնում էր լեռնային աղբյուրի կարկաչը` մի պահ հագենալով ու հաջորդ պահին կրկին անհագ ծարավ զգալով:
Կինն ամռան արևի պես այրում էր նրան` կանացի քնքշանքներ շաղ տալով նրա շուրջը: Դային այրվում էր այդ տապից և անզոր էր կանացի հմայքի առաջ: Նա զօրուգիշեր վայելում էր կյանքի ու սիրո քաղցրությունը…
Բայց մի օր էլ կարմիր կակաչների պես շուրջը սև սփռելով` պայթեց պատերազմը:
Նա կնոջ կանչող տաք մարմնի տեղ գրկեց սառը թնդանոթը…
Դային կանգնել էր մի ոտքով Քթիշ, մյուսով Դիզափայտ լեռան գագաթին, և նրա թնդանոթի համազարկից գետնին էին տապալվում ազերի հրոսակները: Քթիշից մինչև Դիզափայտ, Դիզափայտից մինչև Քիրս, Քիրսից մինչև Ֆիզուլի` Դային մաքրեց ապականված հայոց հողը` Դիզակ գավառի Առանշահիկ հայկազուն Եսայի Ապումուսե իշխանի պես:
Սակայն Ֆիզուլու մատույցներում Դային ծանր վիրավորվեց: Նա պառկել էր մայր հողին և զգում էր հայրենի հողի կարոտն ու կանչը…
Երբ աչքերը բացեց հիվանդանոցում, տեսավ կողքին ոչ մեկը չկա… Այդ պահին նա Մամիկոնյան Մանվել իշխանի պես երազեց մեռնել ձիու վրա, քան թե անկողնում:
-Մեռնեի` չտեսնեի ինձ վիրավոր ու լքված վիճակում:
Մի քանի ամիս Դային մնաց հիվանդանոցում, սակայն նրան տեսության չեկավ և ոչ մեկը: Ո՞վ իմանա` կինը երեխաների հո՞գսն էր քաշում, թե՞ ամաչում էր տեսնել ամուսնու երեսը…
«Ինչո՞ւ չի գալիս, մի՞թե դավաճանել է»,- կռահում էր Դային:
Դայու հոգու վրա փլվեց Իշխանագետի Իգակուց կամուրջը, երբ հասկացավ, որ կինը` Թաղալ աղբյուրի պես քողարկված, ծածուկ ջուր է տվել ամեն անցորդի: Այդ պահից նրա համար կինը դարձավ Յոթ դռնանի ավերակ մի վանք, ուր ինքն այլևս երբեք չի աղոթելու:
Նույնիսկ Դիզակի իշխանության առողջարան Բաղնիք արքունականը չէր կարող ապաքինել Դայու հոգու վերքը և մաքրել սիրելի կնոջ ավերակ մարմնի ապականությունը:
Դային հասկացավ, որ մարդու ամենամեծ թշնամին իր հարազատ կինն է…
Հիվանդանոցից դուրս եկող ճանապարհը ձգվեց դեպի Կուսանաց լեռը…
Ու այնտեղ` հեռավոր Արփագետուկ գյուղում, միայնակ ապրում է Դային` իր կովերի, հորթերի և հավատարիմ էշի հետ միասին… Նա նույնիսկ որսորդական հրացան չունի:
– Պետությունը դավաճան կնոջ պես մենակ է թողել ինձ,- ցավով ասում էր Դային:
Դային նույնիսկ անձնագիր չունի. նա երազում է, որ ինքն ու մարդիկ մոռանան իր անունը:
Իսկ երբ պատահական անցորդները նրա մոտ ամուսնանալու մասին խոսք են բացում, Դային` մի թաքուն ու նուրբ ժպիտ դեմքին, ծածուկ կարոտով նայում է Տումիի լանջերին սփռված կարմիր կակաչներին, ու նրա սիրտը կակաչի սրտի պես սևանում է:

Եղիցի լույս 06(174) – 2016

Տարածել

Պատասխանել