Նվարդ Սողոմոնյան / Ժամանակի համար պահանջված ժանր

0

Վերջերս լույս է տեսել գրող, հրապարակախոս Դավիթ Միքայելյանի «Խորհրդավոր ժամադրություն» երգիծապատումների գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի դահլիճում:
Բացելով միջոցառումը, ԼՂՀ ԳՄ նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը նշեց, որ գրքի հեղինակը Արցախի գրական ընտանիքի հետաքրքիր դեմքերից է և իր գրչակիցներից առանձնանում է բազմաժանրությամբ, որն ինքնանպատակ չէ: Նա գրում է այն, ինչ ժամանակն է պահանջում. այսպես, պատերազմի ժամանակ բանաստեղծություններ էր գրում՝ նվիրված նահատակներին, հետո այդ տեքստերի հիման վրա երաժշտություն գրեց, և դրանք հետաքրքիր երգեր դարձան: Գրական ասպարեզ է իջել պատմվածքով, հետո տրվել լրագրությանն ու բանաստեղծություններին, որոնք զգացմունքային են, գալիս են սրտից, պարզ, առանց պաճուճանքների:
ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը գրքի առիթով նշեց, որ երգիծանքի ժանրը հատկապես զարգացում է ապրել խորհրդային ժամանակներում, և խրախուսելի է, որ մեր ժամանակներում լույս է ընծայվում «Պըլը Պուղի» հանդեսը, որն, ի դեպ խմբագրել է ևԴավիթ Միքայելյանը: Այստեղ հաճախ են տպագրվել նրա երգիծական գործերը՝ գրականություն բերելով գյուղական միջավայրը, գյուղական թեմաները, գյուղացի մարդկանց: Գրքի հերոսները քննադատում են ագահությունը, ժլատությունը, սնապարծությունը: Բանախոսը նշեց, որ գրողը գրականություն է բերում ժողովրդական բանահյուսության ինքնատիպ նմուշներ:
Բանաստեղծուհի, բանասիրական գիտությունների թեկնածու Ժաննա Բեգլարյանն ասաց, որ ժողովածուն գրողի տարբեր տարիների գրած երգիծապատումների ընդհանրացումն է: Նրա հերոսները իրական կյանքից են՝ միջավայրի նիստուկացով, վարքուբարքով: Երգիծապատումների առանցքով ձգվում է հերոսների ապրած ժամանակը, որի մեջ հենց իրենք՝ հերոսները տիպականանում են: Իր ընդհանրության մեջ երգիծապատումների ժողովածուն տարեգրություն է` ինքնատիպ կատարման մեջ: «Խորհրդավոր ժամադրությունը» մարմնավորում է արցախցու մեր տեսակը: Մի աչքում` արցունք, մյուսում` ծիծաղ է: Անգամ պատերազմական տարիներին ժողովուրդը կարողացավ պահպանել իր հոգու զվարճությունը և ժպտալ ցավի միջից: Նրա հերոսները մտացածին չեն: Լուսաձորցի Մուքին միայն լուսաձորցի չէ: Արցախը առակախոսների, սրամիտների, խոսքի տակ չմնացողների երկիր է: Արցախի յուրաքանչյուր գյուղ ունի իր Մուքին, իր Գրիգորը, իր Սեդրակը, Լաչառ Զարվարդը, Շառ Ծատուրը, Իզվեստիան… Այս առումով պատումների հիմնական հերոսն անհատականացված լինելով հանդերձ, հավաքականություն է ձեռք բերում: Նա արցախցի սրախոսն է, հայտնի ՊըլըՊուղու զարմից սերվածը` իր ուժեղ և թույլկողմերով: Գրողը կարողացել է սինթեզել բանահավաքի ու բանահյուսական նյութի գրականացնողի աշխատանքը: Ու դա արել է առանց ավելորդ ճիգերի, պարզ ժողովրդական լեզվով, առանց պաճուճապատումների ու գունազեղումների»- կարծում է Ժաննա Բեգլարյանը:
«Հայրենյաց պաշտպան» թերթի խմբագիր Ռոբերտ Եսայանը նշեց, որ ժողովածուն գրավում է անակնկալ դրվագներով, արցախցու ներաշխարհի բացահայտումներով, սրամիտ երկխոսություններով: «Կյանքից վերցնելով դրվագներ՝ հեղինակը դրանց նոր շունչ է հաղորդել, հղկել պատումները, որոնք ճանաչողական բնույթ ունեն և հուզում են այսօրվա ընթերցողին: Հումորը, երգիծանքը մեր ժամանակի համար պահանջված են, նաև գեղագիտական նշանակություն ունեն, և այդ գիրքը կատարում է իր առանձնահատուկ դերը՝ հագեցնելով ընթերցողի ծարավը»- ասաց Ռ. Եսայանը:
«Ստեփանակերտ» թերթի խմբագիր Սոֆյա Սարգսյանը նշեց, որ գրքում արտացոլված են արցախցու ժողովրդական մտածելակերպի բոլոր նրբերանգները: Պատումների հերոսներըմեր միջավայրի մարդիկ են, հիմնականում հողի աշխատավորներ՝ միամիտ, անկեղծ, պարզունակ, մաքուր հոգով, մշտապես զավեշտական իրադարձությունների կենտրոնում. հումոր, կատակ՝ արցախյան կոլորիտի մեջ, երբեմն՝ սատիրա, առողջ քննադատություն, բայց ոչ երբեք սարկազմ:
Շնորհանդեսին ողջույնի խոսք ասացին և Դ.Միքայելյանի նոր ժողովածուն արժեվորեցին արձակագիրներ Համլետ Մարտիրոսյանը, Վարդգես Բաղրյանը, Նվարդ Ալեքսանյանը, նշելով, որ երգիծանքը, հումորն այն ժանր է, որի «ականջը Դավիթը տաք է պահում», որ գրքի հերոսները հոգեհարազատ են բոլորիս, որ ծիծաղն օգնում է՝ թեթևանալու առօրյա հոգսերից, հաղթահարելու դժվարությունները:
Ելույթ ունեցողներն անդրադարձան բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանի կյանքից վերցրած հետաքրքրաշարժ պատումներին, որոնց մեջ հումորի և սրամտության միջոցով բացահայտվում և ամբողջանում է ժողովրդի կողմից սիրված բանաստեղծի և մարդու կերպարը: Քանի որ Դ. Միքայելյանն իր աշխատանքային գործունեության ընթացքում հետաքրքիր մարդկանց է հանդիպել՝ գրողներ, արվեստագետներ հասարակական-քաղաքական գործիչներ, նրան խորհուրդ տվեցին երգիծապատումների շարքը շարունակել:
ԼՂՀ ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը կարդաց մի քանի պատումներ` գրքից:
Շնորհակալություն հայտնելով ջերմու անկեղծ գնահատանքի համար, Դավիթ Միքայելյանն ասաց. «Ինձ թվում է՝ մեր ժամանակներում ժպիտն ու ծիծաղը պակասել են, և ես փորձել եմ այն լրացնել: Համոզված եմ, որ ցանկացած իրավիճակներում, որքան էլ որ արցախցին հայտնվելու լինի դժվարությունների առաջ, միևնույնն է, նա իր կենսասիրությամբ ու համառ կամքով, իմաստությամբ հաղթահարելու է արգելքները ու երբեք չի կորցնելու հումորի զգացումը, կատակելու և սրամտելու կարողությունը: Եվ, բնականաբար նա միշտ հաղթող է դուրս գալու»….

Եղիցի լույս 06(174) – 2016

Տարածել

Պատասխանել