Վարդան Հակոբյան / Տողեր ձմռան վարքագրությունից

0

ձմռանը ոչ ոք պատրաստ չի լինում ոչ մի ժամանակ
ոչ ոք չի սպասում նրան անհամբերությամբ
բայց նա գալիս է
և մարդիկ պատսպարվում ճարահատյալ սիրով
սկսում են երգել առաջին ձյունը
հետո երկրորդը
հետո երրորդը
հետո մնացածը
անգամ ձմռան խեթ-խեթ նայող աչքի առաջ փնտրում
գարնանականաչ մի եղևնի են բերում տուն
նրանից կախում գույնզգույն մեքենա-խաղալիք
գույնզգույն ռմբարկու-խաղալիք
գույնզգոււյն մարդ-խաղալիք ու քաղցրավենիքներ և այլն
ու ծառի շուրջ համատեղ երգ ու պարով
ճիչ ու գոչյուններով
վերհիշվում են տարիները քարանձավային
թռչունները չեն տրտնջում
թե ծխնելույզներ չկան տաքանալու համար
քանի որ բոլոր օջախներում «Բաքսի» է վառվում
թե մի հատիկ կորեկ կամ հացի փշուր չեն գտնում գետնին,
հովիվները չեն բողոքում
թե համատարած ձյունածածկ արոտներում
ոչխարի դունչը ձյուն տանում է՝
հերվա չհնձված խոտին չհասած
եղնիկ, արջ ու նապաստակ չեն թոնթորում
թե իրենց հետքերը
ձյունը նկարում, տալիս է շնաբելուկ որսորդներին
աղջիկները ձյունանուշիկ են դառնում
տղաները ձյունակոշիկ են հագնում
հանուն ձյունանուշիկների
և Ձմեռ պապի դեր ստանձնում
այսպես շարունակ
մինչև որ նրանցից ամենադերասանը մի օր զարկում է
կախարդական գավազանը գետնին
և միանգամից ձյուները հալվում-կորչում են
տեղը գարունն է ծաղիկներ փռում աշխարհով մեկ
բոլորը ուրախությունից լալիս են անզուսպ
իրար աչքալուսանք տալիս
և աչքի պոչով ետ նայող ձմեռը նեղացած հեռանում է

Ձյունանուշիկը մինչև շորերը կփոխի՝ վռազ մեծանում է
և թաքուն շտապում առաջին սիրո ժամադրության:

«Եղիցի լույս»
Թիվ 05 (194) 2019

Տարածել

Պատասխանել