Վարդուհի Բաղդասարյան / Եւ եղեւ լույս /Նվիրվում է Արցախի թեմի վերաբացման 30-րդ տարեդարձին/

0

Քրիստոսի տեսքով մեր որոնումներում արդարությունն է, ճշմարտությունը, լույսն ու սերը: Լույսն արարչագործության արդյունք է, որով, ըստ սաղմոսերգուի, երանվեց «այն ազգը, որի օգնականը Տեր Աստվածն է»: Հայոց երկնակամարում Արցախյան շարժման նախօրյակին երևացել էր, աստղագետներն ասում են, Հալլեյի գիսաստղը, և ընկալվել էր որպես երկնային նշան: Ի դեպ, որոշակի պարբերականությամբ /դեռևս արքայից արքա Տիգրան Մեծի ժամանակներից/ այն ազգիս զգացնել է տալիս իր հովանավորությունն ու բարեհաճությունը: Երկնքի խորհրդավորությունը մեզ ներկայանում է իբրև բաղձալի երազանք, որտեղ Աստված իր տանն է, իր նստավայրում, ով մեզ համար իրավացիորեն արդար դատավոր է: Տեառնընդառաջին նա իջավ երկնքից՝ գահե բարձունքից, անտեսանելի առաջնորդեց հանրահավաքը՝ հայերիս ազատ ինքնորոշման իրավունքի շեփորահարությամբ: Դա 1988 թվականին էր, փետրվարի 13-ին: Լույսի կիզակետը Ստեփանակերտն էր: Անհապաղ հոգևոր սահմանների ազատագրում էր պետք, լույսի անարգել հոսք: Ամենայն Հայոց 130-րդ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա-ն արձակեց Արցախի պատմական թեմի վերաբացման կոնդակը:
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այսօրվա պես է հիշում. «Երբ որ սկսվեց Արցախյան /Համազգային/ շարժումը, Արցախի ժողովուրդը դիմումներ հղեց Բաքվի իշխանությանը և Ամենայն Հայոց հայրապետին՝ Արցախի պատմական թեմի վերաբացման խնդրանքով: Դեռևս 1988 թ. նոյեմբերի 25-ին Մոսկվայի կրոնի նախարարությունն արտոնեց վերաբացել երկու վանք և երկու եկեղեցի: 1989 թ. մարտի 10-ին արդեն Վազգեն Ա Վեհափառի օրհնությամբ ես, Տեր Միքայել աբեղա Աջապահյանը /ներկայումս՝ արքեպիսկոպոս, Շիրակի թեմի առաջնորդ/, Վրթանես աբեղա Աբրահամյանը /ներկայումս՝ եպիսկոպոս, Հայոց զինված ուժերի հոգևոր առաջնորդ/, Տեր Թադեոս քահանա Գևորգյանը /ներկայումս՝ Ուկրաինայի թեմի հոգևոր սպասավոր/ և Տեր Մկրտիչ քահանա Թովմասյանը /ներկայումս՝ Արարատյան հայրապետական թեմի հոգևոր սպասավոր/ ծառայության նշանակվեցինք Արցախում՝ թեմը վերաբացելու առաքելությամբ»:
Նորանշանակ հոգևորականների առաջին այցն Արցախ եղավ 1988 թ. մարտի 12-ին: Արցախում Պարգև սրբազանն առաջինը հանդիպեց թեմի վերաբացման ստորագրահավաքը կազմակերպած Արթուր Ալեքսանյանին /Ամարասի Արթուր/ և թեմի ներկայիս դպրապետ Արկադի Բարսեղյանին: Թեմը ոչնչից սկսեց գործունեությունը: Եվ 30 տարի անց, որպես կայացած իրողություն, Արցախի թեմի վերաբացման պատմությունն այլևս վերհուշի ձև է ստանում:
Դեմ-հանդիման թեմի նորանշանակ առաջնորդն էր՝ չորս երիտասարդ հոգևորականների ուղեկցությամբ և հայոց հայրապետի սրբալույս կոնդակով վերաբացված թեմի տարածք հռչակված Արցախի Լեռնային և Հյուսիսային շրջանները:
Գործում էր ավետարանական պատգամը՝ բախիր և կբացվի, փնտրիր և կգտնվի, հայցիր և կտրվի: Նյութական և հոգևոր կարիքների հոգածության համար պատրաստակամ էին բոլորը:
Քարոզվում էր արքենի խոսքը, միաժամանակ վեր էին հառնում Աստծո տները: Գանձասարի խորանը վարագուրելու համար ձող էր պետք: Արցախում չկար: Հայաստանից դժվար էր բերել: Բայց Տիրոջ համար փակ դռներ ու ճանապարհներ չկան, և ելքը գտնվեց: Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վկայությամբ՝ աշխարհիկ օրենքներով` երջանիկ պատահականությամբ, հոգևոր օրենքներով` Աստծո նախախնամությամբ, ռազմական մի մեծ ուղղաթիռով ստացվեց Գանձասար տեղափոխել ձողն ու վարագույրը և էլի՝ եկեղեցուն անհրաժեշտ սպասք ու պարագաներ: Սա մի փոքրիկ դրվագ է հազարավոր այն փորձություններից ու դժվարություններից, որոնք հաղթահարվել են նաև այն պարզ պատճառով, որ, Միքայել Սրբազանի խոսքով՝ երանելի ժամանակներ էին և իրենք էլ՝ երիտասարդ, ավյունով լցված, պատվախնդիր ու նպատակասլաց սպասավորներ:
Արցախի թեմի այսօրիկ պատմության վերահաշվարկը սկսվում է աստվածընծա պատարագով, որը մատուցվեց Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ ու ձեռամբ, հոգևոր դասի մասնակցությամբ: 1989 թվականն էր, հոկտեմբերի 1-ը՝ Վարագա Սուրբ խաչի շարժական տոնով: Վերականգնվեց Հայոց առաջին հայրապետ Սուրբ Գրիգոր Լուսավորչի թոռան՝ Արցախի առաջին եպիսկոպոս Սուրբ Գրիգորիսի հիմնադրած կաթողիկոսական աթոռը: Առաջնորդանիստ հռչակվեց Գանձասարը, որը յոթնամեծար սուրբ Գրիգոր Տաթևացու առաջարկով հավակնություն ուներ ժամանակին հռչակվել Մայր աթոռ: Ի դեպ, գաղափարը պաշտպանում էր նաև Հովհան Որոտնեցին:
Հոգևոր ցնծության մեջ էին Արցախն ու արցախցին: Մեր մեղքերի համար սուրբ սեղանին անարյուն պատարագվեց Քրիստոս, խորհրդավորապես փրկագնվեց Մեսիան` ճշմարիտ որթատունկն ու կենաց հացը:
Ազգային զարթոնքը հոգևոր վերազարթոնքով վավերացվեց: Հոգևոր շրջափակումը տեղի տվեց: Հասուն գիտակցությամբ էին մարդիկ մոտենում մկրտության ավազանին՝ դառնալով Քրիստոսի մասնիկն ու Հայ Առաքելական եկեղեցու զավակ:
Այդ տարիներին Արցախում ամենաշատ ընթերցվող գիրքը «Մանուկների Աստվածաշունչն» էր: Շատ մանուկներ ու պատանիներ Քրիստոսի հրաշագործություններից ոգևորված կյանքի նպատակ էին դարձրել բժշկությունը: Մեծերն ու փոքրերը խաղաղությամբ էին երազում ու կառուցում: Իսկ ադրբեջանա-հայկական հակամարտությունն օրավուր ահագնանում էր: Ֆիզիկական հաղթարշավն առջևում էր:
Արցախյան պայքարին զինվորագրվեցին Գանձասար սքանչելիքը, Դադիվանք գեղատեսիլը, Ամենափրկիչ հոյակերտը, Ամարաս եպիսկոպոսանիստը, Գտիչ խոնարհվածը, ակնահաճո ու գողտրիկ մեր բոլոր եկեղեցիներն ու վանքերը: Արցախում հոգևոր ծառայության էին նշանակվում նորաօծ հոգևորականներ: Նրանց պայքարով հստակ պատասխան էր տրվում թերահավատներին ու վախկոտներին. Քրիստոս պատգամել է նաև սրով…
Պատերազմի վերածված ազգային-ազատագրական պայքարն Արցախում դարձել էր դժոխքի ու խաչելության գողգոթա, որը հաղթահարվել էր արժանապատվորեն: Խունկ ու սաղմոս նահատակված հոգևորականների ու աշխարհականների հիշատակին, բյուր աղոթք ու մոմ, խաղաղություն նրանց հոգիներին ու մարմիններին, խոնարհում և աստվածային լույս նրանց շիրիմներին:
Դաժան օրենքներով պատերազմ էր: Բայց կյանքն Արցախում շարունակվում էր: «Հորինվածով խիզախ, կառուցվածքով իմաստուն» մեր եկեղեցիները վերակենդանանում էին, կառուցվում էին նորերը: Արցախյան սրբատներում, ինչպես ժամանակին Երուսաղեմում՝ Վերնատանը, անտեսանելիորեն հայտնվում էր Խաչյալը, բազմում սուրբ սեղանին: Խանձարուրից, բարուրված մանկան պես, ընդարձակվում էր նրա խոսքը, հոգևոր ծեսերն ու խորհուրդները դառնում էին կենցաղ ու կենցաղավարություն: Խոսքի համաձայն՝ մենք երկրի վրա գանձեր էինք արարում՝ երկնքի համար. որտեղ ձեր գանձերն են, այնտեղ են ձեր հոգիները: Իսկ հոգևոր անհավատալի հրաշքների պակաս Արցախում չէր զգացվում:
Ինչպես ժամանակը երկրի վրա բաժանվում էր Քրիստոսից առաջ ու Քրիստոսից հետո, ժամանակակիցներիս համար կյանքը դասակարգվում է մինչև թեմի վերաբացում և հետո: Պատարագը, որպես Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր ծես, ընկալվում է որպես կենսական հույժ կարևոր անհրաժեշտություն:
Խորհրդային տարիներին Արցախի պատմական թեմ հայրապետական առաջին այցով ժամանել էր Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսը: Դա 1957 թվականին էր: Նրա սրբալույս կոնդակով 1989 թվականին թեմի վերաբացումից հետո հովվապետական այցերն Արցախ առավել հաճախակի դարձան: Դեպի Արցախ թափ առավ նաև ուխտեկների երթը: Արցախը սրբավայր է, որտեղ Աստծո հետ վերանորոգվող յուրաքանչյուրի ուխտը հավերժ վերանորոգման հիմքերն է դնում: Ու մեկեն, ու հանկարծ Արցախում են հին ուխտավորները` նորերի հետ, խմբերով ու անհատապես: Նրանք ծնկածալ ու ձեռնամած աղոթում են տեղաբնակների հետ: Հոգևոր ծեսերին լիարժեք մասնակցությունը, պատարագի բուն բացահայտումը ենթադրում է դարձ ակունքներին, ինքնաընծայում՝ հայոց կանոնացված ու սրբացված լեզվին` գրաբարին ու երգին` շարականներ ու տաղեր, անանց արժեքներին ու ազգային գաղափարախոսությանը:
Շատ հոգևորականներ որպես հոգևոր սպասավորության մեկնակետ Արցախն էին ընտրում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում երեբմն ընդառաջում էին նրանց: Արցախի թեմում նրանց ծառայությունը հիշվում է որպես ինքնանվիրումի և կայացման շրջան: Ոմանց համար թեմը հարազատ օջախ է ծառայության մեկնարկից սկսած: Ոմանք խոստովանում են՝ Արցախն առաջին սիրո նման էր: Արցախում պարտավորված են ծառայել նաև նրանց փոխարեն, ովքեր աղոթքի մեջ են Արցախի ու արցախցու համար: 30 տարի առաջ վերահռչակված ու վերահառնված թեմը ներկայանում է շոշափելի ամփոփագրով:
Հանրագումարի տեսքով ներկայացնում է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը. «Մենք նորոգեցինք, հիմնանորոգեցինք, կառուցեցինք 93 վանք, եկեղեցի և մատուռ: Ցավոք, երեքը Շահումյանում է, կորցրեցինք: Մի քանիսի կառուցումն ու բարեկարգումն էլ ընթացքի մեջ է: Մեր բուն գործունեությունը սկսեցինք մանկապարտեզներից` դնելով հոգևոր դաստիարակության հիմքերը: 1998 թվականին դպրոցներում մեր միջամտությամբ մտցվեց կրոնի պատմություն /ներկայումս` հայոց եկեղեցու պատմություն/ առարկան: Ստեղծեցինք մանկապատանեկան, հոգևոր-մշակութային, քրիստոնեական քարոզչության և դաստիարակության կենտրոններ, հայորդյաց տներ և կիրակնօրյա դպրոցներ, եկեղեցասիրաց երիտասարդական միություն: Հրատարակեցինք հարյուր անուն գիրք: Հիմնեցինք սոցիալական բաժին: Բանակում գործում է գնդերեցների ինստիտուտը: Մի խոսքով, բոլոր այն ոլորտներում, որտեղ անհրաժեշտ են հոգևորականի սպասավորությունն ու գործուն ներկայությունը, մենք այնտեղ ենք, գործում ենք և վստահ քայլերով շարժվում ենք առաջ»:
Հոգևոր կյանքը բնականոն ընթացք էր ստանում, երբ 2016 թվականին ապրիլյան քառօրյան նորից համախմբեց ազգիս: Աշխարհասփյուռ թեմերից գալիս էին հոգևորականներ, սահմանագծի երկայնքով նրանց այցերը համադրվում էին աղոթքով ու զորակցությամբ, հիշեցնում ավետարանական պատգամը՝ սուր վերցնողը սրով կընկնի:
Արցախի թեմակալ առաջնորդն ասպետորեն շարունակում է նվիրական ծառայությունը հայրենիքի պաշտպանության ֆիզիկական և հոգևոր բնագծում: Հոգևոր դասն իր բուն առաքելությանը՝ Ավետարանի խոսքի քարոզմանը լիարժեք տրվելու լավագույն ժամանակներն է ապրում:
Ստեփանակերտի մայր տաճարի օծմամբ վերաիմաստավորվեց թեմի վերաբացման խորախորհուրդը: Սուրբ Աստվածամոր Հովանի առաջնորդանիստի բացմամբ տրվեց թեմի 30-րդ հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը: Այդ հոբելյանին էր նվիրված «Ծագումով հայեր» հեռուստանախագծի մասնակիցների ուխտագնացությունն Արցախ` Գանձասարի վանք: Աշխարհահռչակ երգիչ Պատրիկ Ֆիորին Շուշիում հանդես է եկել համերգային ծրագրով` այն նվիրելով թեմի հոբելյանին:
Հոբելյանական գլխավոր միջոցառումը` Գանձասարում մատուցված տոնական, սուրբ և անմահ պատարագը, պայմանավորված Վարագա Սուրբ խաչի տոնի շարժականությամբ, համընկել էր սեպտեմբերի 29-ի կիրակիին:
Նախօրեին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ցուցադրվել է «Միստիկ երկիր Առան» ֆիլմը: Տոնական միջոցառումները նախատեսված են մինչև տարեվերջ:
Մեր հնամենի հավատը երիտասարդանում է: Մեր հավատը, փառք Տիրոջը, մանկանում է: Հավատն է մղում հրաշքների: Հավատն Արցախում ճամփաբաժան է դարձել՝ մինչև 1988 և հետո… Հետոն օրհնաբեր է:
Վաղ է ասել՝ թեմը հասկաքաղի մեջ է, բայց հոգևոր քարոզչության ու դաստիարակության պտուղները նշմարվում են: Ուրվագծվում է Արցախի թեմի տեսլականը: Բարի հովիվն ու Խաղաղության Իշխանը մանուկ հավատը կրողներին առաջնորդում է երազանքների իմաստուն և լուսե ճանապարհով: Արցախում խոսքի ճանապարհը տանում է դեպի Բեթղեհեմյան աստղ: Ճշմարիտ, ճշմարիտ է ասվում՝ խոսքի դեմ մեղանչելն անհնարին է և դժվար է ցրել խավարը… Լույս եղիցի: Եվ եղև լույս…

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակով Արցախի թեմի առաջնորդ Տեր Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը պարգեւատրվել է Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն՝ «ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ» շքանշանով:

«Եղիցի լույս»
Թիվ 05 (194) 2019

Տարածել

Պատասխանել