Ռոբերտ Եսայան / Անհայտի ընթացքը…

0

Ռազմական բժշկուհի
Աղավնի Սահակյանին
Հրեշտակի թևը սպեղանի՜ է…
Բառը
ամենակարևո՜ր դիրքն է:
Եվ ցավը սլանում է լույսի արագությամբ:
Եվ օրագրի էջ է
եզրը ճանապարհի:
Դու գրում ես լույսով Հորիզոնի-
հրեշտակի արյամբ,
և ճանապարհորդո՜ւմ է հոգուդ աշխարհում
աղոթքը Լույսի:
Եվ անկշռելին
ճի՜չն է Անհունի:
Որպես աղբյուր՝
բխո՜ւմ է հորովելը
հետքերից հրասայլի:
Եվ հիշողության լուսանցքն է
կակաչը երազի:
Եվ հրեշտակի թևերի լո՜ւյսն է բացվում…

ԱՆՀԱՅՏԻ ԸՆԹԱՑՔԸ
Բառն եմ գիշերային, ասուպն եմ ոգու:
Կարմի՛ր էր
մրմուռն
անհայտության:

Դուռը նոր էր բացվում,
երբ տեսա՜ ձնծաղիկն Անհունի:
Փնտրո՜ւմ էի պատուհանը ազատության,
փնտրում էի տողերիս շնչառությա՜մբ:

Ես համբուրեցի
հորիզոնի ճյուղին պայթող բողբոջները
և ըմբոշխնեցի հա՜մը Անհայտի լույսի:

Ուսերս գորովանք փնտրեցին
և գտան ճյուղերը ծառի,
որոնք համբուրում էին օդը՝
իրարից անկախ ու մեկուսի՜…

Աչքերս քնքշանք փնտրեցին
և գտան ստվերը լապտերի,
ուր բուսնող ծաղիկը
երա՜զն էր ճանապարհորդի…

Երազի երկի՜նքն էր դատարկվում: Կյանքի
հո՛ւնը:
Ես ընդլայնվում և երփներանգվո՜ւմ էի
ներաշխարհում բառի:
Ես գգվում էի ակունքները լռության,
և ժայթքո՜ւմ էր ներսից հիշողությունը քարի:

Եվ մենակության շուրթերը համբուրում էին
ողկյույզները վայրկյանների
ոգու ծիրից թռած հափշտակությա՜մբ:

Եվ ինչքան բերկրանք ապրեց հայացքս
իր սեգ մերկությամբ,
և ինչքան ցնծաց մարդն՝ ազատությա՜մբ:

Դուռը նոր էր բացվում,
երբ տեսա ձնծաղիկն Անհունի:
Եվ շուրթերիս վրայով հոգեվարքների
հողմերը անցա՜ն:

Բառն եմ գիշերային, ասուպն եմ ոգու:
Կարմի՛ր էր
մրմուռն
անհայտության:

ՀՈՐԻԶՈՆԻ ՄԻՐԳԸ
Սերը
ծնվում է իմ ներշնչանքի սահմաններից դուրս:
Եվ զնգզնգում է հուշերիս շղթան
քո պարանոցին
ու քո զիստերին թփրտացող ձկան
շնչառության մեջ:
Եվ կարոտներս բողբոջի նման
պայթում են, ծաղկո՜ւմ
քո հպումների ճերմակ թիրախում:
Չէ որ իրականության հաճելի եզրը
ո՛չ թե այս մայթն է
կամ այս փողոցը,
այլ մեր… համբույրը,
որ տարածության ճյուղից կախվելով,
շողո՜ւմ է, որպես
հորիզոնի միրգ:

ՎԱՐԴԸ
Իմ հիշողության դեղին ավազում
բուրող վարսերիդ շշուկները կան,
որոնցից բխող մի երկինք է կամ
կրա՛կ է բառը,
որ դեպի կյանքի
ջրվեժն է վազում:

Իմ շնչառության ճյուղերին բուսնող
բողբոջներն այս
քո շրթունքներն են,
որոնք ընթերցում էջը համբույրի,
անհետանո՜ւմ են
ըմբռնումից դուրս ծավալվող լույսի
օազիսի մեջ:

Եվ իմ ձեռքերը
ըմպում են ծունկիդ սարսուռները խոլ,
կորչո՜ւմ գաղտնիքի
լռակյաց ծալքում:
Եվ սարսռում է երկնակամարը
մեր գգվանքներում,
երբ նայում ես ինձ
կամ երբ չես նայում,
իմ թարթիչները քո մաշկի վրա
նկարում են մի
հրատոչո՜ր վարդ:
Եվ սկսվո՜ւմ է ինքնաըմբռնման նոր եղանակը:

ՀՈՐԻԶՈՆԻ ՀԱՆԳՐՎԱՆԸ
Կորցըրել եմ երբեմն ինձ գիշերներում թարթիչներիդ
և, ի վերջո, գտնելով ինձ խոլ ճախրանքում ծիծեռնակի՝
երկնքի թարմ շունչն եմ փռել ալիքներին քո վարսերի,
և դու շուրթով ըմբոշխնել ես թրթիռները անհայտության,
ամփոփվելո՜վ իմ գրկի մեջ, դարձել կղզին երջանկության:

Եվ երբեմն դու պոկելով շրթունքներդ շուրթիս դողից,
թվացել է, թե իմ ձայնն ու իմ հավա՜տն ես վերադարձնում
և արթնացնում իմ արյան մեջ հրդեհն ոգու ու վարդերի:
Թվացե՞լ է: Ո՛չ: Տենչերիս երկարությունն այնքա՜ն է լոկ,
ինչքան սիրող սրտիդ զա՛րկը…

Եվ կամրջի տակով խոհիս
հորդանալով, անցնո՜ւմ են խոլ ջրերը իմ հիշողության,
և խշշո՜ւմ են ափերիս մեջ տերևները մեր գգվանքի…
Ու չգիտեմ. անդեմ կյանքիս իմա՞ստն էի ես համբուրում,
թե՞ ճախրա՜նքը ծիծեռնակի…

Բայց զգում եմ. իմ շուրթերը անջատվում ու միանում են
քո անունո՜վ… Դեռ երկինքը շփոթվում է աչքերիս մեջ.
ասել է թե՝ նույն սիրահար պատանին եմ,
և երազի վթարներից
ճչո՜ւմ է իմ սիրտը կրկին…
Ես լիապես ըմբռնում եմ, որ շա՜տ վաղուց
կարծես չկամ,
Բայց և այնպես`
մեր համբույրին
հորիզո՛նն է մնում հենված…

* * *
Եվ պարանոցդ սարսռալով իմ հպումից՝ նվաղում է
թփրտումով ծիծեռնակի,
բուրո՜ւմ ցողոտ երկինքներով մանուշակի:

Խրամատը՝ հողում խրված մի տավիղ,
որի վրա նվագողը՝
քամին է թափառական…
Օրը թնգթնգում է, ինչպես տեսիլադեմ
այն աղջիկը, որի
սրունքաբաց ստվերի մոտ
նստել է վիրավորը,
կողքին՝ ինքնաձիգն է,
որի կարմիր փողը ճակատագրի ա՜չքն է:

Սերը դեռ չծնված՝ վերածվում է ցավի՝
մութը խտանում է՝ դեռ չծագած լույսը,
միտքը չհըղացած՝ ժամանակից դուրս է,
և պահը չայցելած՝ մասնի՜կն է անցյալի:

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ
Դեմքդ` աստղային ակունքից բխող հիշատակի հողմ,
տողերիդ միջից ժայթքող արև է հավատամքը քո,
իսկ ակոսներում հունդերդ պիտի դառնային երազ
և լուսաբացով համբուրեին վեհ ճակատն հայության:

Վիրավոր սիրտդ վրեժի կոչ է և բռունցք հույսի,
իսկ տառապանքդ ջա˜հ է պայքարի, ուղեցույց ոգու,
կարմիր մրմուռով լցվեցին աչքերն անսահմանության,
և լռության խոլ ոռնոցը լսվեց խորքից Անհունի:

Քո ճանապարհը երկփեղկվեց, ինչպես արնահոս երակ,
հետո մագլցեց կարմիր երազդ հորիզոնն ի˜ վեր…
Թեև խոցում էր բիրտ նիզակներով քաոսն ահարկու,
բայց ներշնչանքի մոխրից ազատվեց ակո˜սը տողիդ:

Դու կաս, որպես լույս և որպես խորան հաղորդակցության,
տողերդ ցավի վառվող ճրա˜գ են խավարում դարի,
դու սիրո ձա˜յնն ես, հավատի ե˜լքն ես, օազիս խղճի,
և հանճարը քո ո՛չ սահման ունի և ո՚չ էլ վախճան:

«Եղիցի լույս»
Թիվ 05 (194) 2019

Տարածել

Պատասխանել