Զոյա Հովհաննիսյան / Հույսի Ավետարան

0

Մոնթե Մելքոնյանին

Ավարայր էր մեր Արցախում
Նոր Վարդան էր մեզ հարկավոր,
Ճակատագիրն հայոց ազգի
Վթարվել էր, ինչո՞ւ, ովքե՞ր…
Եկավ հեռվից՝ այր մի արի,
Զինվեց, զինեց ու ելավ դաշտ,
Ասավ, ելե՛ք, ելե՛ք, տղերք,
Գոյամարտն է մեր ինքնության:
Ելան քաջեր, թիկունքվեցին,
Թիկունքվեցին և հաղթեցին,
Որ Արցախը՝ հայոց արծիվ.
Արթուն հսկե հայոց ազգին:

* * *
Արցախը սիրո բառարան է
Թարգմանիր, պոետ, նրա տողը թանկ,
Աշխարհը ունի հայացք սևեռած
Այս փոքրիկ ու մեծ երկրին սիրառատ:
Աստված է նրա թարգման հանճարը,
Աղոթքի ծնկած ժողովուրդ ունի,
Եվ բանակ ունի զգոն ու արի՝
Արցախը հույսի Ավետարան է…

* * *
Գնա՛նք զինվոր մենք թևանցուկ
Դադիվանքում մոմեր վառենք,
Ուխտի գնանք մենք Գանձասար
Աղոթք անենք ու խոնարհվենք.
Երդման խոսքեր շշնջանք մենք
Վառ հույս պահենք մեր հողու մեջ
Հետո ճամփենք քեզ դիրքապահ
Հսկելու մեր սահմանն անպարտ…

* * *
Հայաստան, հայոց հույսի տուն,
Ակունք կարոտի, հավատարմության,
Հայաստան, քարքարոտ, սարոտ,
Երկինքոտ մատուռ,
Համայն հայության խորան աղոթքի…
Իմ սպասումների հարարն իմաստ,
Տիեզերական ձգողության ուժ…
Հայաստան, ոգի անկոտրում,
Մայրական քնքուշ գիրկ գորովագութ.
Իմ շնչառություն, հոգի հարազատ,
Անդավ երազանք առասպելական՝
Ոգեղեն հեղեղ մեծ երազանքի…
Շրջեմ պատմությանդ էջերն արցունքոտ
Քարավաններիդ ոտնակոխ փոշին՝
Ամպով մթնածոր երկինք կպատե…
Հառաչանքներիդ համանվագը
Աղոթք կդառնա հավատացյալի…
Հայաստան, իմ կյանք,
Աստվածաշունչ երկիր,
Սերս՝ թող լինի անխոց պատմուճան,
Աղոթքս՝ պաշտպան երազանքներիդ…

* * *
Հող՝ հայացքդ ջերմ է:
Քայլերս ինձ տանում են
Լեռան արահետով,
Ուրցի բուրմունքով արբած
Իմ ունկերում,
Կարոտներ են բազում…
Մորս խմորթաթախ ձեռքերը
Գրկում են ինձ…
Երազ է՝ թե իրական.
Իմ կարոտներով սնվող
Անտառի հառաչանքը՝
Քամու երգն է…
Շուրջս աշխարհ է,
Ամեն ինչ բնական
Մայրս, այս կարոտը, անտառը,
Եվ սա իմ հողն է, իմ հայրենիքը
Պարուրված իմ տաք, ջերմ կարոտներով…

* * *
Երբ ինձ ծաղիկներ են նվիրում
Շրջապտույտ եմ կատարում տեղում՝
Չիմանալով որտեղ դնեմ՝
Զոհված որդուս նկարի մոտ,
Թե խաչված Հիսուսի…
Ծաղիկները թվանշաններ են՝
Մեկ, երկու, երեք, հազար ու 6000…
Ծաղիկները տարիներ են, դարեր,
Նրանց թերթերին եւ թերթերից
Կաթող արցունքները և վշտի
Եվ երջանկության ու կարոտի
Արցունքներ են…
Ծաղիկները տարվա եղանակի
Ծիծեռնակներ են,
Չասված ու ասված խոսքերի
Եվ խոստումների վկաներ…
Երբ ինձ ծաղիկներ են նվիրում
Ես մոլորվում և լրջանում եմ…

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ

Մեր հաղթական միասնության
Մեր հույս, հավատ
Վստահության
Հուժկու մեծ ուժ,
Անպարտելի ամրություն
Հայոց բանակ:
Մեր հավատի և մեր հույսի
Ապաստարան,
Անխոց վահան մեր թիկունքին,
Մեր փրկության
Նոյան տապան…
Հաղթանակով փառաբանված
Դու լուսաբաց և լուսատու՝
Լույսդ փարոս հայոց ազգին.
Իմ երգերի, ներշնչանքի
Սուրբ տաղարան,
Մեր ազգային հպարտության՝
Բուրվառ ու ջահ,
Մեր ինքնության ու հավատի
Աղոթարան…
Հայոց բանակ:

* * *
Հանկարծ չկասկածեք, որ ես
Ջահել չեմ եղել, չեմ սիրել,
Չեմ տառապել ու խենթ ծիծաղել…
Պատերազմը սև գլխաշոր է,
Որ ծածկում է աշխարհի կեսը
Կեսից ավելին…
Հոգու երկրաշարժ է,
Որ ցնցումից ավերվում է՝
Մարմինը երջանկության…
Մտքի քաոս է՝
Մայր ողբերգության,
Բայց ասեմ նաև
Եվ հայտարարեմ,
Որ նա թուլամորթ
Վախկոտի մեկն է
Երբ հայրենիքը
Սիրող զինվոր կա,
Երբ չի թուլանում
Տառապանք կրող՝
Ուսադիր, ինչպես
Մայրը զինվորի…
Եվ կանգնած ահա
Ձեր առաջ կրկին՝
Բանաստեղծում է
Հայոց զինվորի նաև մոր մասին՝
Ոդիսականը, գրված այս գիշեր…
Դե՛, բարի գիշեր…

* * *
Ո՛չ, այն չէ մեր երգը
Ո՛չ, այն չէ մեր ձայնը,
Ինչ-որ տեղ խուլ ենք դեռ
Ինչ-որ տեղ դեռ խենթ…
Ինչ-որ տեղ և կույր
Ինչ-որ տեղ դեռ թույլ…
Ո՛չ, այն չէ մեր ձայնը,
Ինչ-որ տեղ դեռ լուռ՝
Ոճրագործ ենք մենք…
Նայում ենք ահով
Խաղում են ոմանք՝
Մարդկանց ու մանկանց, աշխարհի բախտով.
Ո՛չ, թույլ է մեր երգը,
Որ դեռ չի հատել
Աշխարհը կործանող՝
Դավադիր ձեռքը…

«Եղիցի լույս»
Թիվ 05 (194) 2019

Տարածել

Պատասխանել