Զոհրաբ Ըռքոյան / Աստված կերտել է,  հայը՝ լրացրել կիսատը

0

«Ես՝ Հասան՝ որդի Վախթանգա, տէր Հաթերո և Հանդաբերդո, Խաչինաբերդո և Հաւախաղացին, կացի յավագութեան ամս Խ(40) շատ պատերազմավ և յաղթեցի թշնամեաց իմոց…»
(«Դիվան հայ վիմագրության. Պրակ 5, Երևան, 1982թ.»)
Հայոց երկրի Արցախ աշխարհի Խաչենի տարածքում՝ թավ անտառներով պատված բարձունքներից վեր է քարակերտ հրաշքը՝ Կաչաղակաբերդը՝ ձգող, հմայող: Պատարա-Քոլատակ գյուղերի մեջտեղում է 50-60 մետր բարձրություն ունեցող ուղղաձիգ ժայռեղեն կղզին՝ տեղադրված ծովի մակերևույթից մոտ 1650 մ բարձությամբ սարի վրա: Հնում մեր պապերը նման դիրքերը միշտ օգտագործել են պաշտպանական նպատակներով՝ անընդհատ ենթարկվելով տարբեր թշնամիների ասպատակություններին: Կաչաղակաբերդը՝ որպես ամրոց կամ դիտակետ, ըստ պատմական տեղեկությունների, սկսել է գործել արաբական արշավանքների ժամանակ՝ Մեծառանք գավառի իշխանների կողմից: Ամրոցի կառուցման բուն ժամանակահատվածի մասին տեղեկություններ չկան մինչ արաբական արշավանքները: Ս. Ա. Սարգսյանը տեղեկացնում է, որ Խաչիկ վարդապետ Դադյանի կողմից մասնակի պեղումներ և ուսումնասիրություններ են կատարվել Խաչենագետի ափամերձ դամբարանադաշտերում, ամրոցի մոտակայքում: Հայտնաբերված բրոնզե իրերն ու զինամթերքը, խեցեղենը հուշում են, որ Կաչաղակաբերդը դեռևս Ք. Ա. երկրորդ հազարամյակում արդեն եղել է պաշտպանական կենտրոն, հետագայում վերակառուցվել է՝ դառնալով հզոր և անմատչելի ամրոց արաբական, սելջուկական, թաթարական արշավանքների շրջանում: Որոշ պատմական աղբյուրներում(Մ. Կաղանկատուացի, «Պատմութիւն Աղուանից աշխարհի»-1983թ. Երևան, էջ 340, Մ. Բարխուդարյան, «Արցախ», Բագու, 1895թ., էջ 425, Մ. Հովհաննիսյան- «Հայաստանի բերդերը», Վենետիկ, 1970թ. էջ 452, Մ. Չամչյան, «Հայոց պատմություն», Երևան, 1984թ. էջ 210 և այլն) այդ հնագույն պաշտպանական կենտրոնը մինչև 10-րդ դար հիշատակվել է Խաչենի ամրոց անունով: 13-րդ դարում Կաչաղակաբերդը կոչվել է նաև «Սխսաղան Հավքախաղաց» (Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ ԺԳ, Երևան, 1984թ., էջ 199): Ա. Բեկնազարյանցի «Գաղտնիք Ղարաբաղի» աշխատությունում (Ս. Պետերբուրգ, 1886թ. էջ 90): Ամրոցի տարածքի՝ Քոլատակ, Առաջաձոր, Պատարա, Խնձիրստան և այլ բնակավայրերի բնակիչները բերդը կոչում են նաև «Սղսղան» անունով, քանի որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մարդիկ սղացել են լեռան գագաթից՝ չհասնելով պարսպին: Հավքախաղաց անունով է կոչվել նաև մեկ այլ հզոր ու անմատչելի ամրոց տարածաշրջանում: Կիրակոս Գանձակեցին, խոսելով մոնղոլական արշավանքների մասին Խաչենի տարածքում, տեղեկացնում է՝ այդ ժամանակ Խաչենի բնակիչները պատսպարվում էին ապահով վայրերում. «…զոր վասն դժուարութեան տեղւոյն հավախաղաց կոչէին» (Կ. Գանձակեցի, «Պատմութիւն Հայոց, Երևան, 1961թ., էջ՝ 267): Սա խոսում է այն մասին, որ տարածքի բնակիչներն անմատչելի վայրերը կոչել են Հավքախաղաց, այսինքն՝ բարձր տեղ, որտեղ միայն թռչուններն են խաղում: Պատահական չէ, որ տարածքում Հավքախաղաց անունով լեռնաշղթա կա: 9-րդ դարի Հայոց թագավոր Համամ Արևելցին, ով խոշոր դեր է կատարել Արևելից Կողմանց պատմության մեջ, կառուցել է Հավքախաղաց բերդը Տրտուի աջ ափին, տիրացել ամբողջ Արցախ-Խաչեն աշխարհին: Ներքին Խաչենում՝ Կարկառ-Խաչեն ռազմավարական ճանապարհին վաղ միջնադարում Կաչաղակաբերդն առանձնանում է իր դիրքով: Այս ամրոցներում է գտնվել տարածքի իշխանի դղյակը, որը մեծ նշանակություն է ունեցել պաշտպանության գործում: Ամրոցը 15-րդ դարից կոչվում է Կաչաղակաբերդ: Ըստ ժողովրդական ավանդության՝ Հայոց հերթական թշնամիները պաշարում են Կաչաղակաբերդը, սակայն չեն կարողանում հարձակումով գրավել այն: Որոշում են սպասել մինչ պաշարվածները ինքնակամ կհանձնվեն: Անցնում է մի քանի ամիս, սննդի պաշարները բերդում սպառվում են, սակայն, ի զարմանս թշնամիների, պաշտպանությունից ոչ ոք դուրս չէր գալիս: Եվ ահա, երբ արդեն հնչում է նահանջի հրամանը, թշնամու հրամանատարին զարմացնում է մի տարօրինակ երևույթ… Այդ տեղանքում շատ են կաչաղակները, որոնց հաճախ կարելի է տեսնել բերդի մոտ թռչելիս: Սակայն այդ օրը, վաղ առավոտյան, գագաթի վրա հայտնվում է կաչաղակների և այլ գիշատիչ թռչունների մեծ բազմություն: Տեսնելով դա՝ հրամանատարն ամրոց է ուղարկում մի քանի զինվոր, որոնք դժվարությամբ են ներս մտնում: Պարզվում է, թռչունները նահատակների դիակներն էին հոշոտում: Պատսպարվելով ամրոցում և միաժամանակ պաշտպանելով այն՝ հայերը սովամահ են լինում, սակայն չեն հանձնվում:
Այսպիսով կաչաղակները իմաց են տալիս թշնամուն այն մասին, որ գագաթում այլևս կենդանի պաշտպան չկա, և թշնամին առանց դիմադրության վերցնում է ամրոցը: Կաչաղակների անունով էլ ամրոցը մնաց ժողովրդի հիշողության մեջ: 7-15-րդ դարերի ընթացքում հաճախ են տարածքի բնակիչները պատսպարվել Կաչաղակաբերդում և պաշտպանվել թշնամու հարձակումներից: Մ. Կաղանկատվացին «Պատմութիւն Աղուանից աշխարհի» գրքում հիշատակում է 9-րդ դարում Հայոց Առանշահիկ և Պարսից Միհրական տոհմերիի ժառանգական մրցակցությունը: Ըստ հիշատակության՝ Ներսես անունով մի իշխան Դադիվանքի մոտ սպանում է Վարազ-Տրդատ իշխանին և նրա որդուն՝ Ստեփանոսին՝ ցանկանալով ոչնչացնել այդ տոհմի արական սեռի ներկայացուցիչներին: Կաղանկատվացին գրքում հավելում է՝ սպանվածի կինը զինվում է այրական քաջությամբ. «…առեալ զմնացեալ դուստրն իւր Սպրամ գիշերահեն տաժանելի ուղեւորմամր մտանէ ի բերդն Խաչենայ՝ բարուրս խորհեալ տան իւրում ամուսնացուցանէ զՍպրամ Ատրներսեհի՝ Սահլի որդւոյ» (1983թ. Երևան, էջ 340): Ամրոցի անառիկության դժվարությունն զգացինք վերջերս: Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ կայացավ արշավ դեպի Կաչաղակաբերդ: Նույն բաժնի վարիչի տեղակալ Էդգար Էլբակյանի գլխավորությամբ 20-ից ավելի մասնակիցներ Քաշաթաղի, Շուշիի, Ասկերանի շրջաններից, մայրաքաղաք Ստըեփանակերտից, չնայած ճանապարհի և ամրոցի բարձունքը հաղթահարելու դժվարությանը, կարողացան մուտք գործել հնադարյան ամրոց: Ուրախությամբ նշեմ՝ տոկունություն ու կամք դրսևորեցին կանայք ու աղջիկները՝ անցնելով մոտ 25կմ ճանապարհ՝ Խնձիրստան գյուղից հասնելով ամրոց, բարձրանալով կատար, այնուհետև անտառով հասան Քոլատակ գետ ու գյուղ: Ամրոցը 3 կողմից անմատչելի է՝ շնորհիվ ուղղաձիգ ժայռերի: Հարավային կողմից է հնարավոր բարձրանալ ժայռեղեն կղզու գագաթ: Այս մասում և արևելյան կողմում հնարավոր թույլ մասերն ամրացված են պարսպապատերով: Մուտքը միայն ժայռը մագլցելով է հնարավոր: Ժամանակին ամրոցի ներսում եղել են բազմաթիվ կացարաններ, ժայռափոր գաղտնուղիներ, հրակնատներ` քար նետելու համար: Կենտրոնական մասում է 5, 54-3,42մ չափերով ջրամբարը, որը հիմնականում լցվում էր ձնհալքի ժամանակ և անձրևաջրով: Ամրոցի տարածքում մեծ աղբյուր չկա: Ամենամոտը՝ «Սխսաղանի ջուր»-ը, գտնվում է ժայռաբլուրից մոտ 1,5կմ հեռու: Երբ բարձրանում եինք ամրոցի արևմտյան կողմի ժայռերի տակով, մի քանի աղբյուրներ երևացին՝ գրեթե ցամաքած: Եթե այս տարվա շոգ ու ոչ տեղումնային եղանակին դեռ ջուր կա ժայռերի տակ, պետք է կարծել, որ մնացած եղանակներին դրանք հորդառատ կարող են լինել: Նույն աղբյուրների ջրերը նույնպես օգտագործած կլինեն ամրոցում պատսպարվածները՝ ցած իջնելով գաղտնի ուղիներով: Մոտ 1,5 հա տարածք զբաղեցնող ամրոցը ժամանակին ունեցել է բազում շինություններ, որոնց մի մասի հետքերը դեռ կան, որոշների տեղը փոսորակներ են: Ըստ հետազոտողների՝ 20-ից ավելի շինություն է եղել ամրոցում, որոնց թվում է իշխանի դղյակը: Բոլոր շինությունների պատերն ունեցել են 1 մետրից ավելի լայնություն: Ամրոցի հարավարևելյան կողմում է ձգվում մոտ 40մ երկարությամբ պարսպապատը՝ կառուցված տեղի քարերով ու կրաշաղախով: Տարբեր մասերում պարիսպների լայնությունը 1,2-ից հասնում է 3,25մ: Դրանք կառուցվել են ժայռերի վրա և բավականին լավ վիճակում են այժմ: Խաչենագետի այս հատվածում գտնվող բնակավայրերի, միջնադարյան վանական համալիրների (Գանձասար, Մեծիրանց վանք, Կոշիկ Անապատ, Հավապտուկ վանք, Սուրբ Հակոբա վանք և այլն) համար Կաչաղակաբերդը եղել է կարևոր ամրոց և թշնամիների ասպատակության ժամանակ պատսպարել նրանց: Ամրոցի բարձունքից հիանում եմ Հայոց երկրի այս հատվածով՝ համատարած անտառապատ լեռներ, Խաչենագետ, հայոց բնակավայրեր: Վերջերս հնագետ Գագիկ Սարգսյանը Կաչաղակաբերդի մոտակայքում եկեղեցու ավերակ է գտել: Տեղեկացրեց՝ եկեղեցում չկա ոչ արձանագրություն, ոչ պարզ զարդաքանդակ: Սա, ամենայն հավանականությամբ, 9-10-րդ դարերի կառույց է, գտնվում է ծովի մակերևույթից 1408մ բարձրության վրա, Քոլատակից 3,1 կմ հարավ-արևելք, Կաչաղակաբերդից ուղիղ գծով 1000մ հյուսիս-արևելք: Ճարտարապետական հորինվածքով միանավ բազիլիկ է` սրահի մեջ բացվող երկու խորաններով:

«Եղիցի լույս»
Թիվ 05 (194) 2019

Տարածել

Պատասխանել