Սոֆյա Սարգսյան / «Բարձունք տանող արահետով». Հետաքրքրական և պահանջված

0

Լույս է տեսել Արիս Արսենիի «Բարձունք տանող արահետով» բանաստեղծությունների ընտրանին՝ Կիմ Գաբրիելյանի խմբագրությամբ: Այն հրատարակվել է հեղինակի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: Գրքի էջերում հայրենասիրության, սիրո, մարդկայնության, խաղաղության հիմնահարցերն են արծարծվում, տեղ են գտել նաև հեղինակի երգիծական ու մանկական ստեղծագործությունները: Ընտրանիում ներառված գործերը վերցված են հեղինակի՝ տարբեր տարիներին գրած բանաստեղծական շարքերից, և ասելիքը ներկայացված է ժամանակագրորեն:
Գրքի հենց առաջին էջերում բացահայտվում է հեղինակի հիմնական ասելիքը, նկատվում են նրա մարդասիրական նկրտումները: «Լույսը բացվում է…» բանաստեղծության մեջ հեղինակն ազդարարում է.
Լույսը բացվում է,
Վե՛ր կենամ գնամ:
Դեռ երկար ճամփա՛ ունեմ գնալու:
Ես կարո՛տ ունեմ,
Սե՛ր ունեմ անհուն,
Ես խոհե՛ր ունեմ աշխարհին տալու…
Լույսը բացվում է,
Գնամ ու սիրտս բացե՛մ աշխարհին,
Մարդկանց նվիրեմ իմ ապրումները,
Կարո՛տը, սե՛րը,
Նրանց նվիրեմ և՛ երազ, և՛ հույզ,
Հու՛յս տամ անհույսին,
Անօգին օգնե՛մ,
Ջու՛ր դառնամ ճամփիդ, հայրենի՛ իմ տուն,
Հո՜ղդ ոռոգեմ…
Այսպիսով, բացահայտվում է հեղինակի առաքելությունը՝ բացահայտելով նաև նրա Մարդ-կերպարը:
Նուրբ է բանաստեղծի հոգին, հույզերով ու ապրեցնող տրամադրությամբ լի: Այդ մասին է վկայում նրա «Կարոտներիս կանաչ հովտում» բանաստեղծությունը.
Կարոտներիս կանաչ հովտում թափառում եմ մեն-մենակ,
Աշխարհի չափ բարությամբ լի, հուր բաղձանքով մի համակ:
Թափառում եմ, շրջում երկար՝ հովտի լայնքով, երկայնքով,
Ու դյութվում եմ ծաղիկների անուշաբույր հմայքով:
Կանաչ հովտում շրջում եմ ու… հույզերեն եմ ես երգում,
Իսկ քո սերը ծաղկանց տեսքով բուրվառում է իմ հոգում:
Ու երգում եմ քո աչքերը՝ ճաճանչներով արևի…
Երազներիս կանաչ հովտում որոնում եմ քեզ էլի:
Ու ընթանում է բանաստեղծի մարդասիրական և լուսավոր շարքը՝ ընկերոջը, հորը, պապիկին, տատիկին, հայրենի եզերքին, նահատակ մարտիկին, հողի աշխատավորին նվիրված: Որպես արցախցու կուռ բնավորության մարմնացում՝ բանաստեղծն ի լուր աշխարհի հայտարարում է.
Լեռները չեն խոնարհվում,
Լեռները խոնարհվել չգիտեն:
«Մեկ-երկու տողով» խորագրի ներքո բանաստեղծն անկեղծանում է.
-Ինչքա՜ն դժվար է լավ երգը գրվում՝
Չգիտեի՞ ես:
…Բանաստեղծությունն իմ էությունն է,
Ես առանց դրա՝ չեմ կարող ապրել,
Սա է իմ միակ խոստովանությունը:
«Ես չեմ մոռացել» շարքում առկա են հուզախառն բանաստեղծություններ, որոնցից սեր է ծորում: Նուրբ ստեղծագործություն է «Վերհուշ»-ը:
Դու հիշու՞մ ես, որ երկուսով
Իջանք ձորի աղբյուրը…
Ջու՛ր խմեցի քո կուլայից
Եվ զգացի քո բու՜յրը:
Ես խնդրեցի, սակայն դու ինձ
Չտվիր քո համբույրը:
… Դու՛ իմ սիրտը պղտորեցիր,
Իսկ քո կուլան՝ աղբյուրը:
Գեղեցիկ են բանաստեղծի տրիոլետները, իրատեսական, խորքային.
-Իրար համար տենչանք էինք,
Իրար համար՝ երազ,
Երկու աստղ մի երկնքում
Ու միշտ իրար… անհաս:
…Դու ատելով ատում ես ինձ,
Ես՝ սիրելով սիրում քեզ,
Եվ թախծում է քո կարոտից
Սիրտս՝ դառն ու վշտակեզ…
Եվ նման բովանդակությամբ, ընթանում է բանաստեղծությունների մի շարք՝ հուզական, հոգեխռով, տվայտալից, նաև՝ կենսասիրությամբ լի:
Ապա ելք է փնտրում սիրակարոտ բանաստեղծը՝ անպատասխան առաջին սիրո համապատկերին.
-Ի՞նչ անեմ,
Ծո՛վ է սիրտս, ի՞նչ անեմ,
Ծովածավալ մի սիրո
Սո՛վ է սիրտս, ի՞նչ անեմ…
«Ես ու դու» շարքը հագեցած է անեղծ հույզեր արտացոլող պատկերներով.
Սե՛ր իմ, իմ հույսն ես ու իմ արևը,
Իմ տիեզերքն ես ու իմ… բարև՜ը:
Իսկ «Ես» բանաստեղծությունն իրականության արտացոլանքն է՝ ինչպես որ է.
-Ես քո շրթու՛նքն եմ,
Դու՝ իմ համբույրը,
Ես քո ակու՛նքն եմ,
Դու՝ իմ աղբյուրը:
Ես քո մաքրության
Վկա՜ն եմ միակ…
Այնուհետև…
-Ես քեզ տեսա՛,
Քեզ տեսա,՝
Դու ուրիշի հետ էիր:
Սիրտս արագ բաբախեց,
ՈՒ ես մի խենթ… գետ էի…
Կարծես թե ամեն ինչ ասված է:
Մինչդեռ «Դու» բանաստեղծության մեջ հեղինակն աղերս ունի խորունկ՝ հավատալով անեղծ զգացմունքների հաղթանակին.
Դու ինձ աչքերիդ կապույտու՛մ թաղիր,
Թաղի՛ր շուրթերիդ ադամանդ ծովում,
Քո երազները ինձ համա՛ր պահիր,
Քո երազները ինձ շա՜տ են թովում…
«Պահի վկայումներ» շարքը գեղեցիկ երկխոսություն է բնության հետ՝ պարզ, անպաճույճ, իրեղեն: Արդյունքում ստեղծվում են տեսանելի պատկերներ, որոնք բոլորի՛ն են հոգեհարազատ:
Ամպը սարին թիկնել է,
Սարը՝ սար է, չի՛ ճկվել…
… Սարը ամպին սիրել է՝
Սիրով մաքուր ու անբիծ,
Ու երբ սերն է իր հայտնել՝
Ամպը սարին մերժել է:
Սարը վշտից ծերացել,
Ամպը թողել՝ չքվել է:
«Ճաքած լռություն» շարքի հենց առաջին բանաստեղծությունը՝ «Արցախի հավերժությունը», ուրույն էքսպրոմտ է՝ կյանքի հավերժության վերաբերյալ:
-Մեր տան պատի տակ, մեջքս ժեռ քարին՝
Նստել, նայում եմ ծնվող աշխարհին:
Մեր տան պատի տակ, մեջքս ժեռ քարին՝
Նստել, նայում եմ ապրող աշխարհին:
Մեր տան պատի տակ, մեջքս ժեռ քարին՝
Նստել, նայում եմ… անցնող աշխարհին:
Բանաստեղծություններ՝ հայրենասիրական թեմաներով, Շիրազին նվիրված շարք, Արցախյան պատերազմի նահատակներին նվիրված եղերերգեր, հայրական պատգամ որդուն, հիշողություններ՝ այն արյունոտ օրերից… յուրաքանչյուր տողում զգացվում է բանաստեղծի ուրույն դիմագիծը, որ միայն իրենն է, ինքնատիպ ու լույսով լի:
Հետաքրքիր սիրային շարք ունի բանաստեղծը՝ նվիրված իր շնորհալի և հմայիչ կնոջը` Ռուզանին.
-Ա՛յ աղջիկ, անու՛շ աղջիկ,
Իմ քնքուշ-մանու՛շ աղջիկ,
Գնում եմ, իմ սեր-սրտից
Դու պահիր մի հու՛շ, աղջի՛կ…
Ուրույն խոստովանություն ունի բանաստեղծը՝ իր ներշնչանքի նկատմամբ:
Բանաստեղծություն գրելուց առաջ
Ով իմ կրակին ոչ թե ջուր,
Այլ ածուխ է լցնում՝
Նրա դռանն եմ,
Նրա գերին ու խոնարհ ծառան եմ:
Բանաստեղծություն գրելուց հետո
Մարած կրակ եմ:
…Իսկ թե ինչ-որ տեղ
Ինձ չեն ենթարկվում խոհերս հոգնած՝
Ես… բռնակալ եմ:
Մի խորին ցավով «1988, փետրվար 27-29» պոեմում հեղինակը հոգու մորմոքն է արտահայտում.
...Բոլոր դարերում հրդեհվել-վառվել
Ու ավերվել են քարե՜րը հայոց:
Բոլոր դարերում հրդեհվել-վառվել
Ու ավերվել են… դարե՜րը հայոց:
Բոլոր դարերում հայ շինականը
Զոհել է իրեն՝ գի՜րքը փրկելով,
Որ հարատևեն տառե՛րը հայոց…
«Գազելների պսակ» շարքը ներառում է տարաբնույթ բովանդակությամբ գազելներ: «Ծովածաղկի աչքեր» շարքն աչքի է ընկնում բանաստեղծությունների քնարականությամբ: Գեղեցիկ առաջաբան է «Նախերգը»:
Այնպես լա՜վ ես ինձ ժպտում,
Ասես… կի՛նս դու լինես,
Ես կկորչե՛մ քո գրկում,
Թե գրկի՛նս դու լինես,
Համակ սեր ես ու հուզո՛ւմ,
Սիրո կարոտ, սիրո ցավ…
…Ու այնպե՜ս եմ ես ուզում՝
Միշտ մտքի՛նս դու լինես:
Այնուհետև, ընթանում են բանաստեղծական շարքերը. «Հայրենի կարգավ», «Մատս՝ ձգանին», «40-ից հետո», «Ծաղկած տխրություն», «Չափածո երգիծանք», «Փոքրիկների մոլորակում», «Շարքերից դուրս»՝ մեկը մեկից իմաստալից, գեղեցիկ, գեղարվեստորեն հագեցած և ընթերցողին հարկավոր:
Շնորհավորե՛նք Արիս Արսենիի ծննդյան 60-ամյակը՝ բարեմաղթելով առավել եռանդուն ստեղծագործական աշխատանք և քաջառողջություն:

«Եղիցի լույս»
Թիվ 05 (194) 2019

Տարածել

Պատասխանել