Դավիթ Միքայելյան / Հեռախոսազրույց՝ ամանորի գիշերը

0

 

 

 

Հարյուր տարի երևի բջջային հեռախոս չունենայինք, եթե իր նոր պլաններով հանդես չգար «նախահարձակ» կինս…
– Ես քո փոխարեն ամաչում եմ,- ճչում էր նա: – Դու ի՞նչ տղամարդ ես, որ մինչև հիմա բջջային հեռախոս չունես: Մի նայիր չորս կողմդ, համարյա բոլոր ընկերներդ ու հարևաններդ էլ ունեն: – Եվ նա հերթով մեկ-մեկ թվարկում էր այդ չարաբաստիկ գլխացավանքն ունեցողների անունները: – Ղասաբ Համոն ունի, թոփալ Սեդրակն ունի, Մաշինկան ունի, չոփուռ Բագրատն ունի, Կարապետը, Վարդանուշը, Սանթուրը, Հայկուշը, Դեզդեմոնան…
Այս բոլորը դատարկ բաներ են ինձ համար: Չէ՞ որ մենք արդեն 20 տարվա ամուսիններ ենք, ու հետո՝ նրա հորդորանքի խոսքերին այնքան էլ ուշադրություն չէի դարձնում…
Դե, հավանաբար, կհարցնեք՝ բայց ինպե՞ս պատահեց, որ բջջային հեռախոս գնեցիր: Անհոգ եղեք, ամեն ինչի մասին տեղյակ կպահեմ: Դուք մի փոքր համբերությամբ զինվեք, ու ես մեկի՜կ-մեկիկ կպատմեմ գլուխս եկածը…
Կինս ամենևին ինձ հանգիստ չէր թողնում: Թե՛ լույսը բացվելուն պես էր խոսում բջջային հեռախոս գնելու մասին, թե՛ կեսօրին, և թե… գիշերվա ժամերին:
– Հասկանո՞ւմ ես, առանց բջջայինի իմ կյանքը չեմ պատկերացնում: Մի՞թե դու կնոջդ չես սիրում, որ գիշեր-ցերեկ միայն ու միայն քո երջանիկ կյանքի համար է երազում: Դե, ասա, սիրելիս, մինչև ե՞րբ պիտի հարևանի տուն մտնեմ՝ վիզս ծուռ…: Բա, դա ինձ նման կնոջը սազակա՞ն է: Խնդրում եմ, ասա, մենք ե՞րբ ենք սեփական բջջային ունենալու: Սեփակա՜ն…
…Ու մի օր էլ, երբ աշխատանքից վերադարձա տուն, մեծ եղավ իմ զարմանքը: Կինս ականջին էր դրել թոռան համար գնած խաղալիք-բջջայինն ու ինքն իրեն մտմտում էր…
– Այդ ո՞ւմ հետ ես խոսում, Սիրուշ,- կատակով նկատեցի ես:
– Քեզ հետ, քեզ հետ եմ խոսում,- ծաղրական տոնով պայթեց նա ու սկսեց հիրսոտ արտասվել: – Դու պարզապես ինձ արհամարհում ես, դու ստախոս ես, դու ինձ չես սիրում, դու…
Մեկ շաբաթ չանցած, ծննդյան տարեդարձի կապակցությամբ, բջջային հեռախոս գնեցի ու նվիրեցի կնոջս: Նա տարերքի մեջ էր, հերթով զանգեց իր բոլոր ընկերուհիներին և ծանոթներին ու ասաց, որ ինքը արդեն բջջային ունի և օրվա ցանկացած ժամին կարող են զանգել…
Նա չմոռացավ, իհարկե, ուրախացնել նաև զոքանչիս, այսինքն՝ իր մորը:
– Բարև, մամաշա, Սիրուշն է խոսում: Ա՛յո՜, ա՛յո՜, կարող ես շնորհավորել, վերջապես ես էլ բջջային ունեցա: Էնպես որ, սիրտս ուզած ժամին կարող եմ ցանկացած տեղ զանգել: Դե, իհարկե, մամ ջան…համոզված եղիր… Հարսդ եթե քեֆիդ մի փոքր դիպչի՝ անմիջապես զանգիր ինձ ու էլ գործ չունես՝ կգամ և մազերը մեկ-մեկ կքանդեմ…
Ճիշտն ասած, այդ օրը բավականին բարձր էր և իմ տրամադրությունը: Ուրախ էի ոչ թե բջջային հեռախոս ունենալու, այլ այն բանի համար, որ մեր ամուսնության ամբողջ 20 տարվա ընթացքում կինս առաջին անգամ շուկա գնաց, ճաշ պատրաստեց և ամենագլխավորը՝ ինձ ազատեց պարկետը փայլեցնելու, ամանեղենը լվանալու պարտականությունից…
Բայց ահա թե ինչ եղավ, երբ նա ինձ ուղղակի հրամայեց ոչնչացնել կամ «այդ սատանան» դուրս տանել տնից…:
Ամանորի գիշերը երկար հնչող զանգերը ստիպեցին ինձ վերցնել բջջայինը:
– Այո, այո, լսում եմ…
– Ոնց որ Երևանից են խոսում, Սիրուշ,- բարձրաձայն այնպես գոռացի ես, որ կինս քնաթաթախ անկողնուց վեր թռավ և անմիջապես ձեռքն առավ բջջային հեռախոսը:
– Տո՛ւր, տուր, տեսնեմ ո՞վ է…
– Ալո, դա Մանուկյանի հեռախոսահամարը չէ՞,- լսափողի մեջ ինչ-որ խռպոտ ձայն լսվեց:
– Հա՜, հա՜,- ծոր տվեց կինս,- խոսիր, ես եմ՝ Սիրուշը, լսում եմ…
– Բարի իրիկուն, Սաշան է խոսում, է՜, Սաշան: Ո՞նց եք, ազիզ, Ձեր Ամանորը շնորհավոր…
– Վա՜, մեր Շաշան է՜, քրոջս ամուսինը,- ուրախ բացականչեց Սիրուշն ու հայացքով իմ կողմը շրջվելով՝ ցածրաձայն սաստեց ինձ,- անամոթ, բաջանաղիդ էլ չես ճանաչո՞ւմ…
– Սաշա ջան, ոչինչ, լավ ենք, դուք ո՞նց եք յոլա գնում: Մեր կողմից ես էլ եմ բոլորիդ Նոր տարին ու Սուրբ Ծնունդը շնորհավորում: Էն ճղուպուրը, որ խաշի մատերյալի հետ ուղարկել ենք, ստացա՞ք: Վերջապես կարողացա՞ր Հարութի գործերը դասավորել: Ե՞րբ եք Լոս Անջելես թռնում…
– Չէ, ազիզ, դեռ էդպիսի մտադրություն չունենք: Հա, մոռացա աչքալուսանք տամ: Կարող ես շնորհավորել, Ամանորի նախօրյակին քույրդ մի զույգ տղա է բերել, տղա…
– Չհասկացա, էդ տնաշենը տարվա մեջ քանի՞ երեխա է ծնում…
Կինս հարցական ինձ նայեց ու մի պահ դեմքը խոժոռեց:
– Ալո, ալո, ինչո՞ւ լռեցիր, Սիրուշ ջան, ուզում եմ արտասահմանյան նոր ավտո առնել: Էն փողերն ի՞նչ դառան… Բա լավ, ե՞րբ եք ուղարկում…
Սիրուշի սիրտը դող ընկավ:
– Վա՜հ,- չհասկացա, ո՞ր փողերի մասին է խոսքը:
– Այ տնաշեն, ի՞նչ ես գլուխդ կորցրել, էն քսան հազար դոլարն, էլի՜, որ խանութ բացելու համար բաջանաղս ինձնից վերցրել էր…
Սիրուշի դեմքին գույն չէր մնացել…Նա, որ մինչ այդ ուշադիր լսում էր իր զրուցակցին, հանկարծ մթնեց և դառնալով ինձ հազիվ շշնջաց.
– Լսիր, կարծես թե մեր Սաշայի ձայնը չլինի, հը՞…
– Եսիմ,- մեղավորի պես ուսերս վեր քաշեցի ես:
– Ալո,- բջջայինը նորից ականջին դրեց Սիրուշը,- դու հո սխալ չե՞ս զանգել… Ախր մեր Շաշայի ձայնը ուրիշ է, ու հետո… Ես դոլարի երես տեսած չկամ, ի՞նչ ես շանտաժ անում: Ասա, տեսնեմ, դու ո՞ւմ ես զանգել…
– Մանուկյանին, Գերասիմ Ռուբենիչին…
– Չոռ ու ցավ, քեզ էլ, քո Ռուբենիչին էլ,- ճչաց կինս ու ձեռքը տարավ դեպի սիրտը,- վայ, անտերը տեղից ելավ, մեռնի արևդ, հա՜…
Ամբողջ գիշեր քնել չկարողացանք: Կինս երազի մեջ շարունակ հեռախոսային զրույցներ էր վարում Սաշայի հետ: Նա մեկ գոռում էր, մեկ՝ ճչում, մեկ՝ արտասվում:
– Սիրուշ, քեզ ի՞նչ է պատահել: Արթնացիր, սթափվիր, սիրելիս…
Կինս, իրոք, ձեռքից ընկնում էր…
– Ա՜խ,- երկու ձեռքով գլխին զարկելով՝ փղձկաց նա: -Դարձյալ այդ անիծված Շաշան, պարտքով տված դոլարները… Ո՛չ, ո՛չ, այսպես ապրել չեմ ուզում: Ինձ բջջային պետք չէ: Կամ հենց հիմա ոչնչացրու այդ անիծվածը, կամ էլ կտանես էնտեղ, որտեղից բերել ես: Լսո՞ւմ ես, լույսը ծագելուն պես տանում ու աչքիցս կորցնում ես այդ սատանան, եթե չես ուզում կինդ հանկարծամահ լինի…
Սարսափից սառը քրտինքը պատել էր ինձ: Ամբողջ գիշեր ստիպված էի արթուն մնալ ու հերթապահել:
– Ծուղուրուղո՜ւ…
Հարևանիս աքաղաղն ազդարարեց լուսաբացը, իմ և Սիրուշի այնքան բաղձալի լուսաբացը…

2. ԿԾԱՆ ՇՈՒՆԸ` ԱՌՆԵՏԻ ՏԱՐՈՒՄ
Չնայած հրաժեշտ ենք տալիս վարդագույն խոզի տարուն, սակայն նա դժկամությամբ է զիջում իր դիրքերը: Զարմանալիորեն կծան շունն էլ իր հալին չէ: Օրինակ, ո՞ւմ մտքով կանցներ, թե նոր տարվա առաջին օրը մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը միամիտ հատելու ժամանակ, երբ փորձում էի շրջանցել մայթին հայտնված չորքոտանուն, հանկարծ կարող էի շան բաժին դառնալ և անգամ չարժանանալ «հպարտ» կեցվածքով» շնատիրոջ գութին: Կարծես ոչինչ չէր էլ եղել ու ձեռքի շղթան թուլացնելով, նա շարունակում էր հանգիստ վայելել իր հավատարիմ բարեկամի հերթական «չարաճճիությունը»:
Ու երբ շրջապատում գտնվող մարդիկ նրան նախատում էին անտարբերության համար, թե ինչ իրավունքով է առանց շղթայի կենդանուն հասարակական վայր դուրս բերել, նա հանգիստ պատասխանեց. «Շունը կկծի, էլի»… Տարեց կանանցից մեկը, որ ականատեսն էր պատահարի, չհամբերեց. «Բա քո փեշակը ո՞րն է, անամոթ, որպեսզի շներին մարդկանց վրա քսի տա՞ս…»:
Ինչևիցե, արյունոտված, պատառոտված մի կերպ ինձ գցեցի պատահական տաքսու մեջ ու հայտնվեցի համեմատաբար առավել մոտիկ բուժհիմնարկներից մեկում` ակնկալելով, որ այնտեղ առաջին բուժօգնությունը ցույց կտրվի: Ավա՜ղ, պահանջվող դեղորայքը չունենալու պատճառով, ստիպված էի «շտապ օգնություն» դիմել: Ցավոք, այնտեղ նույն պատասխանը ստացա: Որոշեցի հուսահատ տուն գնալ, ու մեկ էլ տաքսու վարորդը հորդորեց նման բան չանել, քանի որ «շան կծածը անկանխատեսելի հետևանքներով է հղի»: Ու նա մեքենան քշեց հանրապետական հիվանդանոց: Փառք աստծո, չնայած այստեղ էլ անհրաժեշտ դեղորայքը բացակայում էր, այնուամենայնիվ, չզլացան լվանալ վերքերը և վիրակապ դնել:
Հաջորդ օրը վերջապես շտապօգնության կայանից տեղեկացրին, որ «փայտացման դեմ» նյութը արդեն ստացել են, պիտի սրսկվեմ… Չնայած իմ «կամակորությանը», տնեցիները մի կերպ ինձ համոզեցին համաձայնել: Եվ ես հերթական «պրոֆիլակտիկան» ընդունեցի…
Պատահարի չորրորդ օրը հազիվ էի ձերբազատվել հոգեկան ցնցումներից, երբ հեռախոսային զանգեր հնչեցին հանրապետական հակահամաճարակային կայանից ու քիչ հետո նաև` ոստիկանությունից: Առաջին հեռախոսազանգողը մեկ շաբաթ շարունակ ինձ զգուշացնում էր, թե կատաղության դեմ անպայման սրսկումներ պիտի ստանան, որովհետև «կատաղությունից» հասարակությանը և, մասնավորապես, իմ կյանքին «վտանգ կարող է սպառնալ անկանխատեսելի հետևանքներով»: Իսկ ոստիկանության տեսուչը համառորեն շնատիրոջ հասցեն էր պահանջում ինձնից…
Ինչ խոսք, վախից «Կատաղության դեմ» սրսկումներն էլ ընդունեցի: Սակայն «բացատրություն» վերցնելուց հետո ոստիկանության թաղամասային տեսուչը թեկուզ մխիթարելու համար, տուժածիս այևս ոչ այցելեց, և ոչ էլ զանգեց: Չնայած խոստացել էր պատասխանատվության ենթարկել կարգազանցին (այդպես էլ չիմացա` նա ում ի նկատի ուներ` շա՞նը, թե՞ տիրոջը): Դե, նրան էլ հասկանալ կարելի է: Նոր տարի է, չէ՞, հազարումի հոգսերով ծանրաբեռնված… Եթե հաջողվի շանը սաստել, որպեսզի այևս ուրիշների վրա չհարձակվի ու չկծի, դա էլ մեծ գործ է…

Նկարները՝ Վադիմ ԲԱԲԱՅԱՆԻ

 

«Եղիցի լույս»
Թիվ 05 (194) 2019

Տարածել

Պատասխանել