Վազգեն Բալայան / Սերունդների հետ

0

Հավատում եմ, մեծարգո տիկին,
ժամանակներ անց, երբ տիեզերական
անհունում պատմես նրա գնալուց հետո կատարածների մասին քո Սարգսին,
թերևս հոգին նրա թեթեւանա մաշող
ցավերից: Զգա, որ շարունակում է մնալ «Ճամփի վրա՝ սերունդների հետ»
Նորայր Ավետիսյան:
(«Լուսարար», 2008 թիվ)

Կյանքումս լավ ուսուցիչներ եմ ունեցել, որոնք ակտիվ մասնակցություն են ցուցաբերել իմ հոգևոր ու մտավոր կյանքի ձևակերպման պրոցեսում: Ես նկատի ունեմ մասնավորապես Ստեփանակերտի ուսուցչական ինստիտուտի իմ դասախոսներին՝ Սարգիս Աբրահամյանին, Կարո Դավթյանին, Արամ Մարտիրոսյանին, Անդրանիկ Մանուչարյանին, Գուրգեն Անտոնյանին, Սարգիս Ոսկերչյանին և ուրիշներին: Նրանց դասախոսությունները ես լսել եմ, երբ սովորում էի վերոհիշյալ ինստիտուտում 1944-1946 ուսումնական տարիներին:
Նույնիսկ Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան համալսարանը, որտեղ ես սովորել եմ 1950-1955 թվականներին, չնսեմացրեց իմ հայրենակից շարքային դասախոսներին, որոնց հոգուց առաքված լույսը մինչև հիմա լուսավորում է կյանքիս ճանապարհները:
Իմ այս ուսուցիչների գեղեցիկ համաստեղծության շարքում իր ուրույն տեղն ունի նաև մեր Մեծ ազգային գործիչի՝ Սարգիս Աբրահամյանի կյանքի ընկերուհին՝ Սաթենիկ Սողոմոնյանը: Ես նրան աշակերտել եմ, երբ սովորում էի Ստեփանակերտի ութնամա դպրոցի 6-7-րդ դասարաններում: Այնուհետև այնպես են դասավորվել դեպքերը, որ մենք միասին սովորել ու ավարտել ենք Բաքվի հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը: 1958 թվականին ես տեղափոխվել եմ Ուկրաինա ու ակտիվորեն զբաղվել ժուռնալիստիկայով:
1965 թվականին Ասկերանի շրջանային «Կարմիր դրոշ» թերթում հրապարակել եմ «Սերունդների հետ» հոդվածը, որտեղ փորձել եմ մոտենալ մեր հոգևոր ուսուցչին՝ Սարգիս Աբրահամյանին, ուրվագծել նրա դիմանկարը: Այդ հոդվածը լավ ընդունելություն է գտել ընթերցողների շրջանում: Սաթենիկ Սողոմոնյանը այդ առթիվ ինձ գրել է: «Հարգելի Վազգեն Բալայան՝ 1985 թվականի դեկտեմբերի 27-ին տղաս՝ Վլադիմիր Աբրահամյանը, աշխատանքից տուն մտնելով ինձ է մեկնում մի փոքր թերթ ու ասում. պապայի ծննդյան առթիվ այստեղ հոդված է տպագրված Ասկերանի «Կարմիր դրոշ» թերթում: Ես ցնցվեցի, անմոռանալի, անչափ անգնահատելի էր այդ ինձ համար: Երբ ընթերցում էի հոդվածը ուրախութունից, հուզմունքից ու դրա հետ կապված հուշերից արցունքներս հոսում էին: Անչափ երախտապարտ եմ Ձեզ: Այդ առթիվ մեր ընտանիքի անունից հեռագրել ու շնորհակալութուն եմ հայտնել Ձեզ»:
Որոշ ժամանակ անց ես այդ հոդվածը ընդլայնել ու հարստացրել եմ նոր նյութերով ու «Մտավոր կյանքի ակունքներում» վերնագրով հրապարակել «Կոմունիստ» թերթում: Սաթենիկ Սողոմոնյանը նորից է արձագանքել այդ հոդվածին մի նամակով, որի մեջ նա գրել է. «Կոմունիստ» թերթի օգոստոսի 19-ի համարում հրապարակվեց Ձեր հոդվածը «Մտավոր կյանքի ակունքներում» խորագրով: Ինձ համար դա անսպասելի՝ ուրախալի էր: Ես չէի սպասում, որ Բաքվում թույլ կտան Աբրահամյանի մասին գրել, այն էլ այդպիսի անկեղծությամբ ու ոգևորությամբ: 20 տարվա լռության սառույցը Դուք առաջինը ճեղքեցիք: Կրկին ու կրկին շնորհակալություն եմ հայտնում իմ Սարգսի մասին այդպես հանդես գալու համար»:
Այդ դեպքից հետո սկսվում է մեր նամակագրությունը, որը շարունակվում է շուրջ 30 տարի: Նրա վերջին նամակում, որ նա գրել է 2015թ.-ի մայիսի 6-ին, կան տողեր, որոնք վկայում են, որ իմ սիրելի ուսուցչուհին նամակը գրել է ուժերի սպառման պայմաններում:
«Վազգեն ջան, ես հիմա ամեն ինչից հրաժարվում եմ, այլևս ի վիճակի չեմ որևէ գործ կատարել Սարգսի համար: Ով տիրություն կանի նրա ստեղծագործություններին, նրա նամակներին, որոնցից 66-ը մեր տանը, թողնում եմ ապագային»:
Իսկ մինչ այդ նամակներ, որոնք մի կողմից լույս են սփռում այն կոնկրետ աշխատանքի վրա, որ նա կատարել է իր ամուսնու հոգևոր ժառանգությունը մեր ժողովրդի սեփականությունը դարձնելու ուղղութամբ, իսկ մյուս կողմից որոշ տեղեկություններ են տալիս այն մասին, թե ինչպիսի ծանր պայմաններում է աշխատել իր ամուսինը կանքի վերջին տարիներին:
2011թ. մայիսի 15-ին գրած նամակում մենք ընթերցում ենք. «Մեծ գործ եմ կատարել, համարյա մշակել եմ Սարգսի գրական ժառանգությունը, նրա մահից հետո հրատարակել եմ 7 գիրք, նրա մանկավարժական ու գրականագիտական հոդվածները «Հոդվածներ» վերնագրով»: Ուսոցչուհիս այդ նամակում հաղորդում է տեղեկություններ այն մասին, թե ինչպիսի անձնական մասնակցություն է ցուցաբերել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը իր ամուսնու ստեղծագործութունների հրապարակման գործում: «2008 թվականին,- գրում է նա,- մեր շատ սիրելի նախագահի՝ Բակո Սահակյանի հովանու ներքո, նրա անմիջական հայրենանվեր գործունեության շնորհիվ, Երեվանի «Ամարաս» հրատարակչությունում լույս են տեսել «Սերունդների հետ», «Մեր քաղաքը» վեպերը, «Երախտիկ» վիպակը, պատվածքները, դրամատիկական ստեղծագործությունները: Եվ իմ սրբազան պարտքն եմ համարում այդ գրքերը ուղարկել Ձեզ»:
Իր նամակներում Սաթենիկ Սողոմոնյանը Աբրահամյանին ներկայացնում է որպես յուրօրինակ անձնավորություն, որը կարճ ապրեց, ընդամենը 54 տարի, բայց այդ կյանքը բովանդակալից էր, այն նվիրված էր հարազատ Արցախ աշխարհին, նրա ժողովրդին: Այնուհետև նա գրում է, թե ինչպիսի ծանր պայմաններում է նա աշխատել իր կանքի վերջին տարիներին: Նրան անընդհատ հալածել են, մեղադրել են չգործած հանցագործությունների մեջ, նրա հիվանդությունը հենց այդ տարիների ունեցած ծանր պայմանների արդյունք է: Ու այս միտքը հաստատելու համար Ս. Սողոմոնյանը բերում է հետևյալ փաստը. «Մարզկոմի պլենումում քննարկում էին գյուղատնտեսությանը վերաբերվող հարց, Աբրահամյանը իր ելույթում նշում է, որ մեր մարզի բնակլիմայական պայմանները այնպիսին են, որ մենք արագ կերպով կարող ենք զարգացնել գյուղատնտեսության այնպիսի ճյուղեր, որպիսին են խոշոր եղջերավոր անասնապահությունը, խաղողագործությունը, թռչնաբուծությունը, այգեգործությունը և ուրիշները: Ինչ վերաբերում է ոչխարաբուծությանը և բամբակագործությանը, մենք դրանք զարգացնելու հնարավորություն չունենք, քանի որ արոտավայրերը ու ջրի ռեսուրսները գտնվում են մեր հարևանների ձեռքին: Մարզկոմի առաջին քարտուղար Նիկոլայ Շահնազարովը մեկնաբանում է Աբրահամյանի այս միտքը, որ իբր Աբրահամյանը չի գիտակցում մեր երկրի ռազմական հզորության անհրաժեշտությունը, մոռանում է, որ բամբակից ստացված հումքը օգտագործվում է Սովետական բանակի կարիքները բարելավելու համար:
Իր նամակներում Սաթենիկ Սողոմոնյանը մեծ տեղ է հատկացնում մեր երկու ազգային մեծ գործիչների՝ Սարգիս Աբրահամյանի ու Բագրատ Ուլուբաբյանի բարեկամությանը: Այդ բարեկամությունը սկսվել է դեռևս այն ժամանակից, երբ Բ. Ուլուբաբյանը անցյալ դարի 40-ական թվականներին ավարտելով ինստիտուտը, աշխատանքի է անցել Ստեփանակերտի ուսուցչական ինստիտուտում, որպես դասախոս, որտեղ էլ աշխատում էր նաև Ս.Աբրահամյանը: Այնուհետև այդ բարեկամությունը ընդունել է գաղափարական բնույթ, երբ Աբրահամյանը աշխատում էր մարզկոմի պրոպագանդայի գծով քարտուղարի, իսկ Ուլուբաբյանը՝ մարզգործկոմի նախագահի տեղակալի պաշտոններում: Փաստորեն այդ երկու մեծ հայրենասերների ջանքերի շնորհիվ է սկսվել Ղարաբաղյան շարժումը: Անհրաժեշտ է նշել որ Ս. Աբրահամյանի մահից հետո Բ. Ուլուբաբյանը շարունակել է իր բարեկամական կապերը Աբրահամյանի ընտանիքի հետ: Որպես կանոն նա իր հրատարակած բոլոր գրքերը նվիրել է Աբրահամյանի ընտանիքին: Օրինակ, «Խաչենի իշխանությունը 10-16-րդ դարերում» աշխատության վրա նա գրել է. «Սիրելի Սաթիկ, այս գրքի առաջին ընթերցողը Սարգիս Ավետիսովիչը պիտի լիներ: Խնդրում եմ նրա փոխարեն դու կարդաս ու դնես իր գրքերի արանքում»: Իսկ իր պատմական գիտությունների թեկնածուական ռեֆերատի վրա գրել է. «Այս գիրքը ես գրել եմ Սարգիս Ավետիսովիչի պահանջով»:
Մեր նամակագրության հենց սկզբնական շրջանում Սաթենիկ Սողոմոնյանը՝ գիտակցելով իմ անկեղծ հետքրքրությունը Ս. Աբրահամյանի գրական և հոգևոր ժառանգության նկատմամբ, ուղարկել է ինձ նրա մի քանի գրքերը, որոնց ուսումնասիրությունը հնարավորություն են տվել ինձ գրել Աբրահամյանի մասին 4 հոդվածներ ու հրապարակել դրանք ուկրաինական մամուլում: Դրանք հետևյալներն են. «Հայրենիքի սիրով ոգեշնչված», «Սարգիս Աբրահամյանի կենսահաստատ հումանիզմը», «Ղարաբաղի հոգևոր գագաթը», «Վասիլի Սուխոմլինսկու ղարաբաղցի ախպերացուն»: Այդ հոդվածներն արժանացել են ուկրաինական ընթերցողների ուշադրությանը, իսկ Սաթենիկ Սողոմոնյանը այդ առթիվ ինձ գրել է. «Դուք՝ որպես Սարգիս Աբրահամյանի աշակերտ, ճիշտ եք հասկացել ու գնահատել նրա թողած գրական ու հոգևոր ժառանգության իմաստը… Ինձ համար երջանկություն է որ Աբրահամյանի անունը հիշվում է նաև ուրիշ երկրներում… Ձեզ մոտ կա՞ արդյոք «Հավատարմություն» գիրքը: Ձեր արտահայտած մտքերն ու գաղափարները համահունչ են այդ գրքում Սարգսի արտահայտած մտքերին ու գաղափարներին»: «Չեմ ուզում թաքցրած լինել, որ ինձ համար հաճելի է գիտակցել, որ իմ համեստ ժուռնալիստական աշխատանքը մեր մեծ ազգային գործչի, մեր հոգևոր ուսուցչի` Սարգիս Աբրահամյանի մասին արժանացել է նրա կյանքի ընկերուհու Սաթենիկ Սողոմոնյանի ուշադրությանը:

«Եղիցի լույս»
Թիվ 01(195) 2020թ.

Տարածել

Պատասխանել