Արցախի գրողների միության վարչության շնորհավորական ուղերձը բանաստեղծ-գրականագետ Սոկրատ Խանյանի ծննդյան 90 եւ գրական-գիտամանկավարժական գործունեության 70-ամյակի առթիվ

0

Արցախի գրողների միության վարչությունը ջերմորեն շնորհավորում է բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ, հասարակական գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանի ծննդյան 90, գրական-գիտամանկավարժական գործունեության 70-ամյակը: Ողջունելի է, որ բազմավաստակ գրողը, բանաստեղծն ու գիտնականը այսօր էլ երիտասարդական ավյունով ու եռանդով շարունակում է իր ստեղծագործական բեղմնավոր աշխատանքը` գրեթե ամեն տարի ընծայելով հանրությանը գիտական նոր ուսումնասիրություն կամ բանաստեղծությունների նոր ժողովածու: Ստեղծագործական գործունեության ընթացքում Սոկրատ Խանյանը ընթերցողի սեղանին է դրել շուրջ երեք տասնյակ բանաստեղծական ժողովածու, քառասունից ավելի գրականագիտական ուսումնասիրություններ: Ուշագրավ աշխատությունների մեջ մասնավորապես առանձնանում են «Հրանտ Մաթեւոսյանի գրական հայացքները», «Հայ գրականության գերաստղը. Սերգեյ Սարինյան», «Մաքսիմ Հովհաննիսյան. Լեռնաղբյուրի վիպաշխարհը», «Միջնադարյան հայ առակագրություն. Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի», «Թոնդրակյան շարժման շիրազյան մեկնաբանությունը», «Հովհաննես Թումանյան. ժողովրդի կենսափիլիսոփայության ջահակիրը», «Վարդան Հակոբյանի ստեղծագործությունը», «Մարտնչող գրականություն» եւ այլ ուսումնասիրություններ:
Շարունակելով հայ պոեզիայի լավագույն ավանդույթները, Սոկրատ Խանյանը հարազատ է մնացել իր նախասիրություններին եւ ստեղծել գեղարվեստական հետաքրքիր ստեղծագործություններ: Նրա պոեզիան բարձր են գնահատել Նաիրի Զարյանը, Սեւակ Արզումանյանը, Հրաչյա Բեգլարյանը, Մաքսիմ Հովհաննիսյանը եւ ուրիշներ:
Գրական, գիտամանկավարժական եւ հասարակական ակտիվ գործունեության համար Սոկրատ Խանյանը պարգեւատրվել է «Մեսրոպ Մաշտոց», «Մարշալ Բաղրամյան» շքանշաններով: Իսկ 2012թ. «Մարտնչող գրականություն» աշխատության համար նա արժանացել է ԼՂՀ գրողների միության մրցանակի: Պարգեւատրվել է նաեւ Հայաստանի գրողների միության «Գրական վաստակ» մեդալով:
Ակնառու է Սոկրատ Խանյանի գրական եւ գիտամանկավարժական վաստակը, առինքնող` նրա մարդկային կերպարը: Չնայած պատկառելի տարիքին, այսօր էլ գրական ընտանիքի նահապետը երիտասարդական ավյունով շարունակում է ակտիվ ստեղծագործել եւ ընթերցողին պարգեւել նոր անակնկալներ:
Արցախի գրական ընտանիքը վերստին շնորհավորում է Սոկրատ Խանյանին` հոբելյանի առթիվ եւ մաղթում քաջառողջություն, արցախյան երկարակեցություն եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ:

Արցախի գրողների միության վարչություն

ԲԱՆԱՍՏԵՂԾ ԸՆԿԵՐՈՋՍ

Ոչ առաջինն ենք ու ոչ վերջինը,
Մեր մեծերի պես մենք էլ կգնանք,
Խնդրենք Աստծուն` մեր կամքը կոփի,
Մեր մեծերի պես մենք էլ սուրբ մնանք։
Մեր մեծերի պես հասկանանք սերը,
Սիրո սերուցքով պահենք տեղ ու տուն,
Աստծո տվածը համարենք մերը,
Երկրի զինվորը դառնանք մշտարթուն։
Մեր համբույրներից սերենք որդիներ
Ու ծիածանվենք թոռ ու ծոռներով,
Թոռ ու ծոռան հետ երգենք ու պարենք
Ու հպարտանանք մեր սեգ լեռներով։
Հպարտանալը պետք է ու շոյող,
Երկրի տերերը թոռներն են դառնում,
Կյանքի մեծ դասը դարձնենք ականջօղ`
Լեռներ ու թոռներ մեկտեղ են հառնում։
Ոչ առաջինն ենք ու ոչ վերջինը,
Երկրի տեր դարձնենք ծնվող նորերին,
Մենք էլ մեր աչքը դրսում չպահենք`
Լեռներին կառչած, առանց թոռների։

ՀՈՐՍ

Անունս ընտրեցիր դու` ինքդ
Ու երգի փոխեցիր շուրթերիդ,
Անունս դարձրիր երկինքդ,
Հերոսը դարձրիր գրքերիդ։
Հեքիաթներ հյուսեցիր իմ անվամբ,
Իմ անվամբ բացեցիր նոր ճամփա,
Հեռացա, մնացիր դու մենակ,
Չդարձա կուռ վեմը մեր հին տան։
Առանց ինձ այգի գցեցիր
Ու ծառեր կոչեցիր իմ անվամբ,
Հույսերդ եղան ցիրուցան,
Երբ կորցրի կածանը մեր տան։
Օրերը դարձան քարավան,
Տունդարձի Նառը չդարձա,
Երկիրս շենշող հացավան,
Բայց ուղիս մուրալով անցա։
Ու հիմա ես էլ եմ ծերացել,
Ձմեռ եմ` քո ձմռան առջև,
Առանց քեզ ինչքան էլ զորանամ,
Լեռնային արծիվ եմ` առանց թև։
Խորհուրդդ հիմա եմ հասկանում,
Խորհուրդդ` իմաստուն, աստղածիր.
«Ուզո՞ւմ ես ծածանվի անունդ,
Քո երկրում տանտերդ դարձիր»։

ԱՐՑԱԽ

Թե ցավիդ հասու չլինեմ,
Բալասան չդառնամ վերքիդ,
Ինչքան էլ անունդ հոլովեմ,
Չեմ դառնա կարոտը երգիդ։
Թե կանչիդ հասու չլինեմ,
Զինվորը չդառնամ արժանի,
Ասել է` մենակ եմ թողել քեզ,
Մենակ եմ թողել` սահմանիդ։
Թե ջանքիդ հասու չլինեմ,
Չդառնամ հնձվորը արտիդ,
Ինչքան էլ ցորենդ երգեմ,
Չեմ դառնա ցորենը փառքիդ։
Թե ձմռանդ հասու չլինեմ,
Ծխանիդ ծուխը չդառնամ,
Ոչ գարնան բուրմունքդ կլինեմ,
Ոչ շոգդ` բարեբեր ամռան։
Առանց ինձ աշունդ կծփա,
Մառանդ կլցվի առանց ինձ,
Պատմության էջերդ կլցվեն,
Անունդ կհնչի առանց ինձ…
Բայց հոգուս մի ցավ կչոքի,
Որ կյանքում չդարձա քո որդին։

***
Թումանյան` ասել է Հայոց գիր,
Անդրանիկ` զինվորը հայի տան,
Միասին` ժողովուրդ ու երկիր,
Միասին` հավերժող Հայաստան։

***
Ամեն մեկի համար անձնական է սերը,
Ամեն մեկի սրտում` մի առեղծված անմեռ,
Հենց այդ առեղծվածն է, որ չի թողնում մարդուն
Դառնա ծաղկից-ծաղիկ թռչող թիթեռ։

ՄԻ ՀԱՐԲԵՑՈՂԻ
Ով մարդ, զգույշ, մարդ լինելդ միշտ հիշիր,
Գինին սիրիր, բայց սիրո՛ մեջ եղիր ժիր,
Մի մոռացիր, գինին չարք է, սատանա,
Մի՛ թող գինին հոգիդ խուժի, խենթ է նա,
Լավ իմացիր` թե գերվեցիր դու գինուն,
Կմոռանաս և՛ հայրենիք, և՛ անուն։

ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԸ

Բանաստեղծները չեն ծերանում,
Հասունանում են բանաստեղծները,
Բանաստեղծները չեն թերանում,
Ցավը տանում են բանաստեղծները։
Բանաստեղծները Աստծո նման են,
Անբիծ ու մեծ են բանաստեղծները,
Բանաստեղծները միշտ դարդիման են,
Նուրբ ու անկեղծ են բանաստեղծները։
Աստծո պատկերն են բանաստեղծները,
Ասելիքները լեզվի ծայրին են,
Հար արծվաթև են բանաստեղծները,
Արծիվների պես լեռ ու ժայռին են։
Բանաստեղծները միշտ ցավակիր են,
Մարդկության ցավի մասին է խոսքս,
Բանաստեղծները եթե չլինեն,
Աղետ կդառնա չարության հոսքը։

ՄԵՐ ՍԵՐԸ

Ոչ ես ասացի` իմ սիրելին ես,
Ոչ դու ասացիր` սիրելին ես իմ,
Մեր սերը կանչն էր մեր պատանության,
Ալվան կակաչն էր սիրո հայտնության։
Դու սիրտս շոյող գարնան հովն էիր,
Սիրուդ ծովն էի, զովն էի սիրուդ,
Դու սիրուս գարնան ծիծեռնակն էիր,
Աստղոտ մովն էի, բույնն էի սիրուդ։
Իմ երազ սիրո ծիածանն էիր,
Սերմնացանն էի քո բերկրանք սիրո,
Դու առասպելված իմ աղբյուրն էիր,
Ես համբույրն էի քո հեքիաթ սիրո։
Դու արարումի իմ թևերն էիր,
Ես` քո թևերի ավիշն ու ուժը,
Դու իմ տենչերի ջինջ եթերն էիր,
Ես` սիրուդ ներկան, սիրուդ վերհուշը։
Քո սերը սարի բուրող ծաղիկ էր,
Սերս տաղիկ էր քո սիրո ճամփին,
Քո սերն իմ ծարավ շուրթի շաղիկն էր,
Իմ սերը սիրտս էր` դրած քո ափին։
Քո սերն իմ սրտի տեսանող ակն էր,
Իմ սերը` սիրտդ ջերմացնող օջախ,
Առանց օջախի սերն անկրակ է,
Առանց օջախի` սերը անսիրտ տաղ։
Քո սերն ինձ համար հոգու նշխար էր,
Իմ սերը` մի ողջ ծաղկաբույր աշխարհ,
Մեր սերը մեկտեղ մանկանց շուրջպար է,
Հայոց աստղաբույլ, հայոց լեռնապար։
Մեր սիրո գովքը մեզ համար չէ, ոչ,
Այլ նրանց` ովքեր սերը չեն պաշտում
Ու չեն հասկանում` սերը վահան է
Ե՛վ օջախի մեջ, և՛ կռվի դաշտում։

ՆԱՀԱՏԱԿՆԵՐԸ

Նահատակները չեն մեռնում երբեք,
Նրանք ձուլվում են երկրի սարերին,
Նահատակները դառնում են օրհներգ`
Շուրթերի վրա գալիք դարերի։
Ծլարձակում են ամեն մի գարնան,
Ամեն մի գարնան բերում նոր անուն,
Նահատակները քաջերն են դարի,
Ու նրանցով է կյանքը նորանում։
Ամեն մահատակ մի տան որդի է,
Մի տան ճրագ է, մի օջախի սյուն,
Բայց մարտի դաշտում սիրտը վառելով
Ողջ ժողովրդի որդին է դառնում։
Դառնում է խորհուրդ, դպրոց ու մատյան,
Դառնում է ազգի դրոշ ու պատիվ,
Սասնա թրի պես չի մտնում պատյան,
Շառաչում է հար մարտերում անթիվ։
Նահատակները առասպելվում են
Ու ճամփա գնում ապրողների հետ,
Այո, առանց սուրբ նահատակների
Չեն ծիածանվում հաղթանակ ու երգ։
Նահատակները չեն մեռնում երբեք,
Նահատկները դառնում են օրհներգ։

ԱՍՏՎԱԾ ԲԱՐԻ Է

Թոռը նետվում է գիրկը պապիկի,
Չգիտեմ` Աստված պա՞պն է, թե՞ թոռը,
Տեսնես իր գահին առանց թոռների
Ինչպե՞ս է անցնում Աստծո օրը։

Մարդի՛կ, աղոթենք բարեսիրտ Աստծուն,
Թող օգնի` բազում թոռան տեր դառնանք,
Առանց թոռների չենք դառնա ածու,
Ինչքան էլ կյանքում առնենք մեծարանք։

Աստված բարի է` ինձ կհասկանա,
Ես քար չեմ նետում նրա սուրբ գահին,
Մեր հողը սնող ցորեն հասկ է նա,
Նա է վառ պահում հույսը աշխարհի։
Մարդիկ, աղոթենք բարեսիրտ Աստծուն,
Օջախ ունենանք թոռներով լիքը,
Առանց թոռների չի լինի ածու,
Չի լինի անգամ Աստվածը` ինքը։

Աստված բարի է, ինձ կհասկանա,
Թոռ չունեցողը չի աստվածանա։

***
Ճանապարհս
Ամեն մի պահի
Ես խղճով անցա…
Ինձնից հետո
Մարդիկ կասեն`
Ինքը գնաց,
Խիղճը մնաց։

ՔՈ ԵՐԳԵՐԻ ՄԵՋ
Բազմավաստակ բանաստեղծուհի,
մեր պանծալի դուստր, ամերիկաբնակ
Նելլի ԱՎԱԿՈՎԱՅԻՆ

Քո երգերի մեջ կարոտի կանչ կա ու սիրո ծփանք,
Կորուստի ցավ կա ու վրեժի կոչ քո երգերի մեջ,
Ջահել օրերի գունավոր հեքիաթ, երազ ու բերկրանք,
Մեղեդիների բուրավետ փունջ կա` Արցախիդ համար։
Քո կյանքի երկու տարերքները կան` կրակով անմար,
Հայրենի գյուղիդ ցավը և հուշը տողերիդ մեջ են,
Մտորումներդ խաչքարերի մոտ առնում են թևեր,
Խաչքարը լեռ է ու լեռը` խաչքար, հին են, անվերջ են։
Քո կյանքը թևեց Կասպիցի ափին, ազնիվ էիր դու,
Եղբայրությունը արնոտ խաբկանք էր ժողովրդիդ դեմ,
Ի՜նչ իմանայինք, որ հարևանը հեռու է Մարդուց,
Որ մի օր պիտի դառնա Սումգայիթ, Բաքու` դժնադեմ։
Բայց պահը թեժ էր, Արցախը արդեն Սասնա Դավիթ էր,
Մի նոր Ավարայր, նոր Սարդարապատ` որդիներով քաջ,
Հայոց գնդերը մարտնչում էին արժանապատիվ
Ու չգիտեին ոչ բարի ներում ու ոչ էլ նահանջ։
Ու երգերիդ մեջ մեր ընդվզումը դարձավ ոգու ճիչ,
Նորից հնչեցին զանգակները մեր սուրբ եկեղեցու,
Աշխարհն իմացավ, որ ժառանգներն ենք Հայկ Նահապետի,
Նորից հնչեցին զանգակները մեր սուրբ եկեղեցու,
Ու ղողանջները եկան-փարվեցին քո հպարտ երգին։
Դու Հոլիվուդում, սիրտդ` Արցախում, մեր Ծովինարն ես,
Խանդութ-Խաթունը, չքնաղ Գոհարն ես, մեր Այծեմնիկը,
Ոչ միայն դուստրը, այլև մեր սիրո սիրտ գերող լարն ես,
Քեզ գիրկն է առել պապերիդ շահած հին Հայրենիքը։
Թող հնչի հայոց երգը աշխարհի բոլոր ծայրերում,
Թող միասնական նոր հայրենիքի երգը ղողանջի,
Որտեղ էլ ծնվի հայկական երգը, կոչ է և օրհներգ,
Վկան` այսօրվա մեր հանդիպումը քո երգերի մեջ։

ՍԵՐ ԻՄ
Նվիրում եմ Շուշանին

Կյանքում, այո, ոչ ոք քեզ չխլեց ինձնից,
Քանզի սիրող սիրտդ սիրող սրտիս հետ է,
Սերդ ոչ թե աշնան մի ցամաքող առու,
Այլ լեռներից բխող հորդ ու զուլալ գետ է։
Սերդ արեգակ է, քանզի արև ես դու,
Սերդ եռք ու ջահ է, նվիրումի կրակ,
Սերդ ամեն պահի Հայկյան հատու նետ է։
Սերդ սիրտս շոյող մոր ու քրոջ ձեռք է։
Եղավ` արև սերդ ծալեց անգամ մահին,
Քանզի մահվան հանդեպ սերդ կյանքի ելք է։
Սեր իմ, թող ծնկի գամ արև սիրուդ հանդեպ,
Աստվածային սերդ հրեշտակի հևք է,
Քանի դու կաս, սեր իմ, քեզնով կապրեմ հավետ,
Չէ՞ որ սերդ իմ դեմ առասպելված երգ է։

«Եղիցի լույս»
Թիվ 01 (195) 2020

Տարածել

Պատասխանել