Վանո Եղիազարյան / Նորօրյա բանաստեղծական քուրմ

0

Լեռնիկ Հակոբյան անունն արդի հայ պոեզիային արդեն իսկ հայտնի է չորս բանաստեղծական ժողովածուներով՝ «21 տարեկան», «Պահին շողշողոցի», «Դարի Համլետը», «Հոգու արալեզներ»: Ահավասիկ և հինգերորդը՝ որպես բանաստեղծական նորօրյա վահագնականչ:
Այս բանաստեղծի անունն ուղակիորեն կապվում է հայոց հեթանոսաշունչ պոեզիայի հետ: Սակայն նա ունի իր հստակ ձեռագիրը՝ պոետական աներևակայելի երևակայություն, պատկերային արտասովոր ու անկրկնելի մտածողություն: Լեռնիկ Հակոբյանը սիրո ինքնահնար երգիչ է՝ հեթանոս սիրո ու վայելքի կրքոտ ցանկություններով, որ նախասահմանել են հեթանոս աստվածները: Նրան պարզապես կարդալ ու զգալով հասկանալ է պետք.
Գիշերվա անունը սեր է,
Կիրք է անունը գիշերվա,
Միհրն ու Տիրը ինձ ընկեր են,
Զարկում ենք գավերը բյուրեղյա:

Անունս Մատյանից ջնջել են,
Էլ չկա ոչ Մահ, ոչ Ծնունդ,
Մհերի Դուռը ջարդել ենք,
Հնչում են փղերը Վերերկրյա:

Աստղերի ոսկյա կոճակները
Արձակում եմ շրթերով գինոտ,
Խշշում է խաշամի խասը
Այնպե՜ս նուրբ, այնպե՜ս բորբ, արևյա…
Բանաստեղծի սերը ոչ միայն հասցեագրվում է այնքա՜ն ցանկալի սիրած էակին, այլև նույն կրքով բանաստեղծորեն տարված է կորուսյալ հայրենիքի սիրով, որից ասես արթնանում է «կարոտի գայլը կրծքիս տակ»: Հայրենիքը բանաստեղծի համար միայն իր ծննդավայր Արցախը չէ, նրա հայրենի եզերքի բանաստեղծական սահմանները հասնում են մինչև Ջավախք աշխարհ, Հյուսիսային ծովակ, Վան, Իննակյա Մշո Սուլթան Սուրբ կարապետի վանք, Ռշտունյաց Նարեկ, Մուշ Կարին, Նեմրութ, Կարս և այլուր: Նրա պոեզիայում կոհակվում են հայոց գետերը` Եփրատը, Հալիսը, Արաքսը, Կուրը Գայլ գետը, Ճորոխը և մյուսները, նրա բանաստեղծական ոգին սավառնում է Հայկական պար լեռնաշղթայում` Սիս ու Մասիսից հասնելով Բարդուղ ու Սուկավետ, որոնց բարձունքներից ասես ձեռք է մեկնում Դանիել Վարուժանին և Սիամանթոյին` ազդարարելով.
Լցվել է կոկորդը բանաստեղծության,
Ու փղձկալու իրավունք չունի…
Լեռնիկ Հակոբյանի պոետական խոսքը հեռու է փղձուկից, նրա ոգին ուժ է առել հեթանոս աստվածներից: Բանաստեղծի խոսքը հնչում է՝ իբրև հայոց երգի վահագնականչ, և որպես նորօրյա մի քուրմ՝ նա իր հեթանոս սիրով կախարդում է ընթերցողին:

«Եղիցի լույս»
Թիվ 01(195) 2020թ.

Տարածել

Պատասխանել