Լեռնիկ Հակոբյան / Ճաքած լռություն

0

* * *
Տարին գնում, տարիքը գալիս,
Այլ երգ է հիմա իմ հոգում հնչում,
Ապագան խայծ է, որ վերք է տալիս,
Ինչ թանկ էր երեկ, սին է ներկայում:

Թեզանիքը թաց, մատներով մրսած
Դաշնակահար երկինքը նոտա է ճանկռում,
Դուրսը քայլերիս կարոտն է ոռնում,
Օտարացել եմ ինձ թանկ քաղաքում:

Վաղը հույզերիս վտառը անշունչ
Ձեր դռան դեմից կավլեք կոպտորեն,
Հեչ մտածե՞լ եք, որ Ձեր փոխարեն
Տառապել եմ ես, երկնել նոր տողեր:

Տարին տալիս, տարիքը առնում,
Մտքի նժարը հար ծուռ է մնում,
Ճաքած լռության ճեղքով թափանցում,
Սին տագնապների մեղուն է խայթում:

* * *
Կարգով, խելոք ապրողներին
Ասում եմ ես-
Հալալ է ձեզ,
Տեղը տեղին
Կյանքը բերում,
Բարիքներ է
Ձեզ պարգևում,
Բոլորը ձեզ
Սիրում,պաշտում,
Բոլորին եք
Սիրտ,կուրծք բացում:

Սրտով, խելքով ապրողներին
Ասում եմ ես
Չվհատվեք,
Ձեզ հետ եմ ես,
Կյանքի խենթն ենք,
Չհանդուրժող, չտրտնջող,
Չխոնարհվող, չսողացող,
Ինքներս մեզնից միայն խռով,
Աշխարհի հետ հպարտ, սիրով:

Կարգով, խելոք ապրողներին
Օրենքի դրախտ
Բաժին ընկնի,
Իսկ ապրողաց
Սրտով, խելքով-
Մի թարմ վարունգ-
Աղ մի պտղունց:

* * *
Մի ոսկե օր էլ մեր կյանքից անցավ,
Անդարձ սահեց-ընկավ գանձանակը մահվան,
Ապրեցի՞նք այն իմաստով, սիրով,
Թե՞ սպանեցինք ձանձրույթով դաժան:

Մի կարմիր կարոտ, մի դալուկ կսկիծ
Տրտում զնգոցով թնդաց մեր հոգում,
Գիշերվան ի կեր-մեր հույզերը վառ-
Մատուցում ենք մենք անհոգությամբ մառ:

Մտքերի գորշ ձյութին սոսնձված,
Սնամեջ եսերը քրքջում են հաղթ,
Մենք աշխարհի մտքից խռոված
Անէության մեջ մարել ենք հոգնած:

Մի ոսկե օր էլ ելնում է ահա
Արշալույսի բորբ հասկերից շիկնած,
Ապրենք այդ օրը իմաստով,սիրով,
Մի կողմ նետելով ձանձրույթը սմքած:

* * *
Արթնացավ կարոտի գայլը կրծքիս տակ,
Մինչև լույս ոռնաց ձայնով տխրամած,
Ճանկերով սուրսայր ավերեց ներսից,
Աշնան դավադիր գիշերում վհատ:

Ո՞ւմ է կարոտել գազանը սրտիս,
Ո՞ւմ է խելագար տենչում խանդավառ,
Մի՞թե չի հաշտվել հեռացողի հետ,
Մի՞թե մեկը կա, որ պիտի դեռ գա:

Անուններ, դեմքեր, հույսեր ու հույզեր,
Անթև հրեշտակ, հաղթած սերովբե,
Անէանում են, վերանում, կորչում,
Ասես ապրել եմ սնամեջ մի կյանք:

Մաղվում է դեմքիս թանձրալորձ մի լույս,
Հանց ցուրտ ճահճում տնկվել եմ, խրվել,
Այնպես եմ ուզում վեր կենալ-գնալ,
Այնպես եմ ուզում մի քիչ էլ մնալ:

* * *
Մենք մոռացել ենք հաղթանակները,
Խեղճության տիղմն է իջել մեր երկրին,
Դալուկ են դարձել հպարտ դեմքերը,
Ձգանին չեն ձգվում էլ մեր մատները:
Նենգ, ագահները դարձան տերերդ,
Վատնեցին բոլոր գանձերդ անգին,
Գողացան վերջին կտորը հացիդ,
Սոված թողնելով մանուկիդ, հարսիդ:
Մեզ անիծել են մեր սերունդները,
Խզվել է կապը մեր նախնիքի հետ,
Լուսանում է ասես խավար գիշերը,
Առնետ տերերդ չքվում են անհետ:

Նոր օր է բացվում,նոր կորով բերում,
Նոր երգ է ծնվում երկրում հնամյա,
Անունդ կրկին փառքով է հնչում-
Հայաստան,երկիր կամքի նորօրյա:

ԿՈՉ ԱԶԳԵՐԻՆ
Մեզ թու՞յլ եք կարծել, ընկա՞ծ եք կարծել,
Մեզ միշտ տեսել եք հլո՞ւ,հնազա՞նդ,
Դուք մոռացե՞լ եք,որ Երկրի վրա
Մեր պատվաստած ճյուղերն են ազգաց:

Աստղերին անուն ենք տվել երկնքում,
Ու դասավորել ըստ կարգի, կազմի,
Հնչյուն-հնչույթին սահման ենք դրել,
Ավյուն ենք տվել, կյանքեր նվիրել:

Եղել ենք պաշտպանը վհատ-նվազի,
Երբ խղճացել ենք-խե՞ղճ եք մեզ կարծել,
Մեր արյան հունտը ուրիշ է եղել,
Մեզ պես ոչ ոք սիրել չգիտե…

Արնաքամ մարմնով մենք չենք նահանջել,
Սգի մեջ ենք եղել-երբեք չենք լացել,
Բյուր հորդաներին, ավազակներին
Կերակրել ենք մարմիններով մեր:

Անապատներում ծաղիկ ենք ցանել,
Հին Եգիպտոսում դեռ բուրում են, կան,
Ասորիքի անմեռ ասքերում
Դեռ մեր սրերի շեղբերն են փայլում:

Նինվեն ջնջվեց, սրբվեց, վերացավ
Մեր նվիրական սիրո պակասից,
Բաբելոնի գանգուր միրուքին
Հայոց այրիձիու փոշին է նստած:

Խոնարհեք Ձեր զենքերը բոլոր,
Մաքրեք Ձեր մատներն արյունոտ,
Ձեզ ընկերության մեծ կոչ ենք հղում,
Չի փրկի անգամ անեծք ու պատգամ:

Դից ես, Հայաստան,ամուր,աննկուն,
Սֆինքսը քո դեմ մանուկ է թլվատ,
Մեր սրտերում ես,ապագայում ես,
Աշխարհի համար-աղոթք փրկության:

* * *
Կորուստներիս երամի հետ հաշտ եմ, խաղաղ,
Կսկիծների, կրքերի մեջ սիրտս է hանդարտ,
Ես կարգված եմ Բարձրյալից սիրո դեսպան,
Ծնված օրից իմ կրծքի տակ հուր կա վառած:

Բոլոր սերերս աստղի պես թռան երկինք,
Ամեն մեկը դրախտն իր ունի պահած,
Գաղտնաբառը իրենց հոգու տվել են ինձ,
Թագուհին են աշխարհների գաղտնակրակ:

Իմ կարոտի թմբուկները թնդում են դեռ,
Սիրո քնքուշ շշուկները եռում են դեռ,
Սրտիս վրա բարձրացել է անմար արև,
Աստղ չդառնա-արև մնա հավերժ, անմար:

* * *
Վահագն, ոգիդ ամենուր է,
Մշտարթուն, կանչող, հմայուն է,
Մեր ամեն բառի, շարժման մեջ է,
Մեր երկրի, հողի, հացի մեջ է:
Արարչի փառքն ես-վեհ Աստված,
Աստվածների Աստվածն ես-հայ Աստված,
Մեզ խաբել են, որ դու մեզ հետ չես,
Իբր ասք ես,սպառվել ես, սպանվել ես:

Չար կախարդը հավերժ քուն է բերել,
Քեզնից սերված ազգը քեզ է լքել,
Սուրբ բագիններդ թողել, վրան թքել,
Իր հողին, իր կյանքին մահ է բերել:

Վահագն հզոր, ամենակարող,
Հրե ծլերի օվկիան դարձրու
Երկիրը հայոց ոտնակոխ, զարկված,
Քեզնից է գալու փրկությունը սպասված:

* * *
Քանի՜ գիշեր կլուսացնենք առանց իրար,
Հուր կարոտի քանի՜ շապիկ դեռ կհագնենք առանց իրար,
Հավերժության անդունդներում մենք կկորչենք անվերջ, անդարձ,
Փուշ հուշերի դաշույններին մեր սրտերը նետած, լքած:

Քանի՜ անգամ մեր շրթերը իրար անուն անհույս կտան,
Քանի՜ աղոթք գոհացումի իրենց ծիրում լուռ կողբան,
Կորոնեն մեր մատները տարածության փրփուրներում
Կենսանորոգ հուր մեղքերի գոհարները անգո, անկայծ:

Արշալույսի հրե շեղբին իմ մարմինը անդարձ կտամ,
Հորիզոնի արնանախշից կզարդարվես երկիր մթնած,
Դու կզգաս սուրբ հոգնություն քո ուսերին հանդարտ իջած,
Եվ Աստծո սուրբ անունը անունիս հետ մեղմիկ կտաս:

«Եղիցի լույս»
Թիվ 01(195) 2020թ.

Տարածել

Պատասխանել