Հայասեր Հովսեփյան / Իմ հոգին արարչությունն է Աստծո,

0

***
Իմ հոգին արարչությունն է Աստծո,
որ երկինք պիտի տանեն անկումիս
սպասող հրեշտակները ստրկամիտ:
Բայց ես մարմին ունեմ ըմբոստ,
որ տվել եմ խրամատներիդ արնածարավ,
և ծածկում եմ, ահա, քո մարմինը
փխրուն մարմնով իմ պողպատե,
բեկելով սլացքը դեպի քեզ սուրացող
մահաբեր գնդակների:

Ես կառչել եմ այս հողին իմ գոյությամբ,
ինչպես ծառն` իր արմատներով,
ինչպես քարն` իր ծանրությամբ,
և համբուրում եմ նրա մեջ այն արյունը,
որ այս երկրի փրկության համար
թափվում է հայ զինվորի սրտից:

***
Դու վախկոտ ես, խաղաղություն:
Տեսել ես կարմիր արյունը
ընկած զինվորի
և անամոթաբար միշտ
լքում ես ինձ,
երբ ես կանգնում եմ
այս արյունոտ խրամատում,
ինչպես հոգին է լքում մարմինը
սպանված իմ ընկերոջ:
Լքում ես… և հակառակորդն
անարգել
կրակում է ինձ վրա:
Կանգ առ, դավաճան,
ես եմ զրահը քո կրծքի
և իմ սիրտը`
թիրախ ոսոխին:
Մնա իմ թիկունքում,
այնտեղ մանուկներ կան`
անմեղ, անհոգ…
Կանգ առ, անամոթ…

«Եղիցի լույս»
Թիվ 03 (197) 2020թ.

Տարածել

Պատասխանել