Սոկրատ Խանյան / Բանաստեղծն ինքնության դաշտում

0

Օրեր առաջ Ստեփանակերտի «Դիզակ պլյուս» հրատարակչությունում ինձ մոտեցավ երիտասարդ բանաստեղծ Սերգեյ Սաֆարյանը, ջերմ բարևեց ու նվիրեց երգերի իր առաջին ժողովածուն «Ինքնության դաշտ» խորագրով, հետևյալ մակագրությամբ. «Սերգեյ Սաֆարյան (Նեմրութ)-ից։ Սիրով` Սոկրատ Խանյանին… Դուք միշտ Դուք եք, ընկեր Խանյան»։ Պարզ է, բանաստեղծը նկատի ունի իմ հետաքրքրությունը հայ պոեզիայի, առանձնապես Արցախում ստեղծվող քնարերգության վերաբերյալ։
Հայրաբար ընդունելով գիրքը` հարցրի.
– Գրական անունդ` Նեմրութ, ինչո՞ւ։
– Նեմրութը մեր հրաբորբոք սարն է` կրակե սրտով։
Հաճելի պատասխան էր։
Հրատարակչությունից տուն գալուն պես իմ սովորությամբ գիրքը սկսեցի կարդալ մատիտը ձեռքիս։
Տպավորությունը ուրախալի էր։
Բայց կան երևույթներ, որոնք շրջանցելը ճիշտ չէր լինի։ Կոնկրետ, երբ բացեցի գիրքը և իմացա, որ այն տպագրվել է Միշել Տանկրեզի միջոցներով գոհունակությամբ մտորեցի. «Ապրե՛ս, Միշել, ֆրանսիացի մեր եղբայր, լավ գործ ես կատարել նաև այս դեպքում»։
Նշենք, որ մեր մշակույթի ներկայացուցիչները ծանոթ են Միշելին` արցախահայության ֆրանսիացի որդուն։
Հաճույքի շարունակվող ալիքը, որ շոյեց սիրտս, անվանի բանաստեղծ-գրականագետ Վարդան Հակոբյանի «Երկու բառով» խոսքն է` Առաջաբանի փոխարեն, որտեղ գրված է. «Կարդում ես Սերգեյ Սաֆարյանի բանաստեղծությունը և անմիջապես նրա մտածողությանն ես հաղորդակցվում, զգում ես, որ բառն ավելին լինելու ճիգեր չի գործադրում, պարզ, գրեթե մանկական հայացք է բերում իր հետ, որը չի կարող իր խորքով չտրամադրել… Սերգեյն ինքն իրեն սպասում է հեռվում։ Բարի հանդիպում» (Նեմրութ, «Ինքնության դաշտ», «Վաչագան Բարեպաշտ» հրատարակչություն, 2020, էջ 3)։ Ապա մեր հիացմունքն է ծփում բանաստեղծուհի-գրականագետ Ժաննա Բեգլարյանի վերաբերյալ, որը խմբագրել է սույն ժողովածուն։ Ընծայականում կարդում ենք. «Իր գեղարվեստական մտածողության ինքնատիպությամբ հեղինակն իրերն ու երևույթներն իմաստավորում է ազատ ընկալմամբ և լեզվական իրողությունների դրսևորման թարմությամբ իր ապրած դրամատիկ ժամանակի դիմապատկերը բացահայտելով չկրկնվող` նրբերանգներով» (Նույն տեղում, էջ 2)։
Մեր հիացմունքը Նեմրութի պոեզիայից բխում է նրա թարմ երգափնջից, պատկերավոր մտածողությունից, ժամանակի խորքային ընկալումից, մայր ժողովրդի պատմության դժվարին ու հերոսական էջերի իմացությունից, թշնամու դեմ մաքառման նորօրյա վճռականությունից, ազգային արժանապատվության պատվաբեր զգացումից, ժողովրդի բարոյահոգեբանական երանգների ինքնատիպ պատկերումից։
Կարող ենք հաստատել, որ Նեմրութը կյանքի ճանաչողությամբ ու պատկերավորման նրբանկատությամբ աստվածաշնորհ բանաստեղծ է։ Նրա երգերում ճակատային ոչինչ չկա։ Պոեզիայի հասարակական նշանակությունը ընդգծված է կենսափիլիսոփայական ընդհանրացումներով։
Այստեղ անհրաժեշտ ենք համարում նաև նշել Նեմրութի բառապաշարի շերտերը, բնապատկեր ստեղծելու հմտությունը, առանձնապես պատկեր-ապրում հյուսելը։
Չգիտես ինչու, Նեմրութը գրքում բանաստեղծությունները շարքերի չի բաժանել, սակայն նշենք, որ նրա երգերի մեծ մասը կյանքի թրթռացող կողմերի ընդհանրացված գոբելեն է։ Պարզապես նա ժամանակի շունչը զգացող երգիչ է, բանաստեղծություններ ունի, որոնցում սիրո երազը ծփում է հայրենասիրության զգացումով, խոհը` պոետական հրապարակախոսությամբ, ցավը-հույսի, անցյալը-ներկայի, ներկան-ապագայի զուգորդությամբ։
Նեմրութի խոսքն իրենն է։ Նրա երգերից ոչ մեկը չի հիշեցնում որևէ դասականի կամ ժամանակակից անվանի պոետի տողն ու պատկերը։ Ե՛վ հաջողված պատկերն է իրենը, և՛ անհաջողը։ Ինքն է իր մտահղացումների և ասելիքի մեջ։
Նեմրութը լավ է գիտակցում, որ բանաստեղծական արվեստը մի կողմից առինքնող է, մյուս կողմից` դժվարամարս, միաժամանակ նա հավատում է իր նվիրումին ու վճռականությանը` կարևորելով իր ընտրած ուղու անդարձությունը.
Անդարձ ճանապարհի
թևին թռչել եմ սովորում
դարձյալ
բռիս մեջ երկնքից իջնող
ձիերի սանձն առած։ (Նույն տեղում, էջ 4)
Իր հավատի նժույգին հեծած բանաստեղծը մտնում է կյանքի բազմաշերտ աշխարհ` մերթ մանկության օրերի աստղերը փնջելով, մերթ պատերազմի վերածված խաղաղության օրերը կծկելով, հետևյալ բաղձանքով. «Թող էլ կարոտը ծաղիկներ չպահանջի»։
Նեմրութը հայրենի երկրի սեփական պաննոն է արարում։ Նրա հոգում հայրենիքը «կամրջից կամուրջ ձգվող ձորեր են», «լեռներից լեռներ ձգվող Մասիս», «խաղաղություն չունեցող խաղաղություն»։ Արդյունքում`
Սրից սուր,
մարտից մարտ,
մարդուց մարդ,
ապրող
հավերժություն… (Նույն տեղում, էջ 8)
Եվ ոչ միայն այդ։ Հայրենիքի պատկերը չի վերջակետվում նրա ո՛չ հայացքի առջև, ո՛չ էլ երգի ընդհանրացման մեջ։ Երկիրը նրա համար թանկ, ապրեցնող հուշերի ուլունքաշար է։ Նա երկրին հանդիպում է իրենց «բակի կռիվ-կռիվ խաղացող երեխաների աչքերում», «թթի ծառի տակ նարդի խաղացող ծերունիների հայացքներում», նոր կառուցվող շենքերի, փողոցների, թոնիրների մեջ, արևի վրա, լուսնի փեշերին և իր սրտի մեջ։ Այսքանից հետո առանց ճիչերի ու վանող քարոզի ծիածանում է այն նվիրյալների երազանքը, որ կամարվում է սերունդների հաղթարշավների ճամփին.
Երկի՜ր,
բա՜րձր ես,
բա՜րձր ես,
բա՜րձր ես,
այնքա՜ն բարձր ես,
որ քեզ հանդիպում եմ
ամենաբարձր
այն հողաթմբին,
ուր ինձ համար
իմաստավորվում են
բոլոր բարձունքները։ (Նույն տեղում, էջ 9)
Անկախության շրջանի հայ պոեզիայում քիչ չի ներկայացվել «Ոչ պատերազմ-ոչ խաղաղություն» ժամանակաշրջանի էությունը։ Նեմրութի «Երբ եմ լինելու…» տողով սկսվող բանաստեղծությունը նոր խոսք է, նոր խորիմաստ պատկեր։ Նախ ընդգծված է հարցադրումը. «Ե՞րբ եմ լինելու առանց պատերազմի, առանց խաղաղության», ապա մեր ժողովրդի դժվարին ճանապարհի առկայությունը.
Ես մինչև հիմա,
չեմ հասկանում`
որի՞ տուժածն եմ,
որի՞ շղթայված
շարունակությունը։ (Նույն տեղում, էջ 10)
Սակայն վկայենք, որ բանաստեղծի այս հարցադրումը խեղճ ու կրակ մոլորվածի անորոշ վիճակի ճիչ չէ, այլ հերոս ժողովրդի քաջակորով զավակի ինքնագնահատանք.
Ձեռքերիս մեջ
և՛ արկեր են,
և՛ աղավնիներ։ (Նույն տեղում, էջ 10)
Ե՛վ արկերը, և՛ աղավնիները պատմության ընթացքում մշտապես եղել են մեր ժողովրդի արարումից կոշտացած ափերում։ Բանաստեղծն ընդվզում է անընդմեջ պատերազմ հրահրողների դեմ` կատարելով արդարամիտ ընդհանրացում.
Եթե իմ պատերազմն
ու խաղաղությունը
փակագծերի մեջ
փակված են միշտ,
հարսանիքի խնամախոսներիին
գնդակահարել է պետք։ (Նույն տեղում, էջ 16)
Նեմրութը պոետական իր հոգու քարտեզին տեսնում է և՛ մեր փրկված փոքրիկ Հայաստանը, և՛ մեր կորուսյալ երկրի հայաշունչ սարերն ու դաշտերը։ Կորստի նրա ցավը, սակայն, չի հաշտեցվում պարտության հետ, ընդհակառակը, նրա կրծքի տակ ալիքվում է մայր ժողովրդի հավատը ու դառնում հաղթանակի օրհներգ, որտեղ հնչում է հավատը, որ Հայոց հաղթանակի դրոշը շողալու է «Մասիս լեռան գագաթին».
Ես տեսնում եմ դեպի
Արարատ ելնող
հետքերը
Սողոմոն Թեհլերյանի։ (Նույն տեղում, էջ 22)
Թեհլերյանի անվան ամեն մի տառի մեջ հնչում է վրեժի կոչը, քանզի մեկ դարից ավելի է, ինչ «Ծնվում ենք որպես Հրանտ Դինք», որը դառնում է պայքարը շարունակելու հրամայական` կորուսյալ Հայրենիքը տուն բերելու փափագով։
Նեմրութի պոեզիան ընդհանրացնող երանգների համաչափ հյուսվածք է` Հայոց հազարամյակների կենսափիլիսոփայության հոլովումով։ Բանաստեղծը մտքի աչքերով, հոգու ջերմությամբ, սրտածածան կարոտով ներկայացնում է Հայոց սերունդների մանկությունն ու պատանեկությունը, երիտասարդությունն ու Աստվածապատկեր ծերությունը` համեմված մեր ազգային ճակատագրի իրական ծածանումներով, Մաշտոցյան գյուտով, Խորենացիական Ողբով ու Ավարայրված հերոսականությամբ, Հայոց մեծ եղեռնի սրտակեղեք ցավից ծնված վրեժի նորաբորբոք հրի թեժացումներով։ Երիտասարդ գրողի «ես»-ի հոլովույթում մայր ժողովրդի դեռևս շարունակվող գոյամարտն է, որի առաջին գծում հանդես են գալիս Վարդանված նվիրյալները։ Նրանց շուրթերով 21-րդ դարի Հայոց բանակի զինվոր-բանաստեղծ Նեմրութը մտորում է. «Խա՞ղ, թե` կռիվ», որի՞ համար են սկսվում պատերազմները։ Խաղաղությունը հուշում է, որ` երկուսի…»։ Այս հարցադրումից հետո բանաստեղծն արձանագրում է, որ յուրաքանչյուր հայ սերնդի «Մանկությունը փաստորեն խաղաղության վերջին խաղն է դառնում…»։ Վերջապես բանաստեղծը բանաձևում է.
Խա՞ղ, թե` կռիվ…
և ի՞նչ տարբերություն,
երբ մեզանից շատերն
արդեն պատճառ ունեն
դրանց միջև
ընկած սահմանը
կոչելու ԿԱՐՈՏ։ (Նույն տեղում, էջ 23)
Նեմրութի բանաստեղծական խոհերը փիլիսոփայական մտորումների ծփանքներ են, որոնց ծածանումներում ընթերցողը լսում է իր իմաստուն պապի, հոր, ավագ եղբոր խորհուրդները, սրբասուրբ նահատակների ապրեցնող դասերը` հայրենի երկրի և կենսանվեր մոր Աստվածահաճո պատգամով.
Թե մորս գրկից արևը ծագեր,
ճառագայթները կհատեին
սիրո բոլոր սահմանները,
և ոչ ոք աշխարհում
անարև ապրելու
առիթ չէր ունենա։
Պաշտեցե՛ք մորը։
Մոր գրկի մեջ
ապրած օրերն են
միայն ապրած։ (Նույն տեղում, էջ 24)
Գրականագետները կարող են հաստատել, որ ամենից դժվարը հաջողված գիրքը գրախոսելն է, որովհետև նրանում զետեղված բարձրարվեստ բոլոր երգերի վերլուծական գնահատումները քննադատին դարձնում են ոգեշունչ մեջբերողներ և ապա` ինքնամոռաց ծաղկահավաք` բազմերանգ ու բազմաբույր վարդերի ծաղկանոցում։
Նման եզրակացության ես հանգում Նեմրութի երգերի գիրքը կարդալուց հետո։ Ըմբոշխնում ես գրքի «Լսում եմ ձայները ինձանից բամբասող իմ մտքերի», «Վայրկյանների մեջ թաքնված տարիներ կան» և այլ ստեղծագործություններ, գեղագիտական հաճույք ես զգում։ Մեջբերենք հետևյալ երգն ամբողջությամբ.
Ժայռերի վրա
ծաղկել են
քարերը.
այդտեղով
հաստատ անցել է
իմ տատը։
Ես նրան երբեք
չեմ տեսել
հարթ ճանապարհներին։  (Նույն տեղում, էջ 27)
Այսպես, սիրտ շոյող էջերը, քեզ թևերին առած, տանում են առաջ, ոչ թե կարդում ես տողերը, այլ ձուլվում ես նրանց
Կարդալով Նեմրութի երգերը` համոզվում ես, որ մեր ժամանակներում «Ինչ-որ տեղ հարթ են կածանները, բայց չեն երևում մերկ ոտքերով մարդիկ», ու ակամայից ուղղակի հպարտությամբ ձեռք ես մեկնում ժամանակի հայածուփ հերոսական ոգուն և միանում բանաստեղծին ու նրա հետ միասին աղոթում.
Կարմիր երկինքը թռիչքից առաջ
Կուրծքը սեղմել է ամպերին.
տղերքը հորիզոնի խառնարանում
հաղթանակի պարն են պարում։
Խոնարհումի փոխարեն
Աղավնիները ծափահարում են։
Երևի մարտերից առաջ
տղերքն ասել են`
հարսանիքի ենք… (Նույն տեղում, էջ 31)
Նեմրութը սիրո երգերում մեր օջախանվեր պապերի հավատարիմ ժառանգորդն է, հավատարմության նվիրյալը, որի շուրթերին շափաղում է այս աղոթքը. «Սիրո տարածության մեջ գանգուր են անգամ թաքնված հայացքներդ»։ Քնարական հերոսը չի թաքցնում կարոտի իր խոստովանությունը. «Քեզ հետ անլուսին գիշեր ունենալը քաղցր է, միայն թե գիշերն անվերջ լինի»։ Կարելի է օրինակներն ավելացնել, բայց չբերել սրտի Աստվածահաճո այս խոստովանությունը` ճիշտ չէր լինի, քանի որ պատկերը հայկական է, երդումը սարվորի` ուղղված սարի աղջկան` Աստղիկ դիցուհու աչքերով.
Մի փունջ կակաչ ձեռքիդ,
սարից իջնում ես
ճերմակ։
Դու ցնորք չես, այո,
բայց ինձ
թվում ես երազ։
Մի փունջ ձորեր ձեռքիդ,
սարերից իջնում ես
հանդարտ։
Մի փունջ սարեր ձեռքիդ,
սարերից իջնում ես
կրակ…
Դու ամենամեծ
փունջն ես աշխարհի`
փնջիդ մեջ
սար ես, ձոր,
վարդ ու կակաչ։ (Նույն տեղում, էջ 47)
Դեռ ավելին, բանաստեղծն իսկական սերը տեսնում է նվիրումի, սրտացավության, հոգատարության, օջախապաշտության, հայրենասիրության և հայապատկեր այլ բարեմասնությունների մեջ։ Մինչդեռ դրանք ճակատային բառեր չեն, այլ` հոգու, սրտի, երազի անբիծ պատկեր-ապրում.
Անձրևաթաց բույրդ
հավաքել պահում եմ
ծոցագրպանիս մեջ։
Երբ ավարտվեն
տարվա բոլոր եղանակները,
ես այն շաղ կտամ
լուսնի փեշերին,
որ մութն էլ
լուսնալույսով ծաղկի
քո բույրից։  (Նույն տեղում, էջ 58)
Բոլոր լրջամիտ սիրողները հաստատում են` որտեղ արևում է մեծ սերը, այնտեղ ստվերում է նաև խանդը, անտարբերությունը խորթ է Աստվածանվեր Սիրուն։ Այս կենսահաստատ իմաստությունը ևս իր տեղն է գտել Նեմրութի պոեզիայում։ Եվ քանի որ նրա սիրած էակը նման է Լուսնին, ուստի Սիրո հոլովույթում խանդի նրա ապրումները առնչվում են գեղեցկատես Լուսնին.
Լուսնի ստվերն ինձ անընդհատ
հիշեցնում է քեզ,
հնարավոր է` դու մեր հանդիպման օրը,
մութն առիթ օգտագործելով,
լուսնից մի պատառիկ ես խլել…
Կամ էլ լուսինն ինձանից թաքուն
սիրահարվել է քեզ։  (Նույն տեղում, էջ 63)
Նեմրութի երգաշարը, ակունքվելով մեր ժողովրդին բաժին հասած ճակատագրից, իր ծալքերում ներառում է մեր կրած բոլոր հոգեվիճակների շերտերը` խաղաղ օրերից-գոյամարտ, գոյամարտից-հաղթանակ, հաղթանակի շուքի տակ-սիրո ծիածան, ու քանի որ հարևանը գորշ գայլերի ոհմակն է, սիրո քնքշանքի տիրույթում` որպես զգոնություն, պետք է հրազեն ունենանք։ Քնարական հերոսը տեսնում է, որ «Թնդանոթի ծայրին Խաղաղության մարտ է ընթանում, անգամ թնդանոթներն աշխարհին մոտենալ են ուզում», «Թռիչքը օդում թռչել է սովորում, օդը զինադադարից զինադադար պատերազմում է։ Հատկապես հիմա, հատկապես առաջ` հատկապես հետո»։
Տեսնելով մայր ժողովրդի առաջընթացին բաժին հասած վտանգները` բանաստեղծը խորհուրդ է տալիս չծափահարել «ամեն պատահած ճամփորդի», վստահության մեջ «չլինել պարզունակ», կյանքում կան երևույթներ, որոնք «Բացառել է պետք։ Չգիտեմ` հատկապես ի՞նչը, բայց ինչ-որ բան բացառել է պետք»։
Բանաստեղծի նման ապրումները չեն քնում երբեք, քանզի իր բոլոր ապրումներն առնչված են երկրի-ժողովրդի ճակատագրին, առանց որի անհատը չի կարող ունենալ նույնիսկ հուշեր։ Բանաստեղծն իր բոլոր հուշերը կապում է Հայրենիքի հետ, խաղաղությունը` պատերազմել կարողանալու հետ։ Հենց այդպես, որովհետև ինչպես վկայում է երգիչը, «Բոլոր պատերազմներն ինձ հետ կապ ունեն։ Ես պատերազմից մնացած շարունակություն եմ»։
Նեմրութի բանաստեղծական առաջին թարմաշունչ գրքի մասին դեռևս գրելու են, քանզի այն, հիրավի, ինքնության դաշտ է` Հայոց դարավոր-հարուստ-բարձրարվեստ-ազգային-համամարդկային պոեզիայի գանձարանում։

«Եղիցի լույս»
Թիվ 03 (197) 2020թ.

Տարածել

Պատասխանել