Դավիթ Միքայելյան / Ժպիտներ` ցավի միջից

0

ԾԱՏՈՒՐԻ ԷՇԱԲԵՌԸ
Մուքին վառելափայտ բերելու համար Շառ Ծատուրի հետ անտառ էր գնացել: Դու մի ասա, Ծատուրն ափսոսել էր հետը պարան վերցնել: Տեղ հասնելուն պես նա մաշած թոկով էշին կապում է մի ծառից ու սկսում իր գործը: Երբ փայտն արդեն հավաքել, դարսել էր, գլխի ընկավ, որ էշը չկա: Ու զայրացած սկսեց հայհոյել:
– Ծատուր, խեր լինի՞,- հարցրեց Մուքին:
– Բա չես ասի, տերը մեռածը թոքը կտրել, ծլկել ա,- խեղճացած բացատրեց Ծատուրը:
Քանի որ գյուղը հեռու էր, իսկ մութն էլ արդեն ընկնում էր, Մուքին Ծատուրին խորհուրդ տվեց էշի հետևից չգնալ:
– Ախր դատարկ տուն գնալն էլ ամոթ է, մարդիկ ի՞նչ կասեն…,- իր մտահոգությունը չթաքցրեց Շառ Ծատուրը:
Մուքին հնարը գտավ:
-Որ էդպես է,- խորհուրդ տվեց նա,- իմ հավաքած փայտը քիչ է: Արի քո հավաքածից մի լավ շալակ մեջքիդ կապեմ, մնացածն էլ իմ էշին կբարձեմ: Տուն հասնելուց՝ կգաս, կտանես:
– Ի՞նչ եմ ասում,- համաձայնեց Ծատուրը և մի մեծ շալակ փայտ մեջքին, տնքալով առաջ ընկավ…
– Թամահդ կտրվի, Ծատուր, խի՞ ես քեզ սպանում,- սաստեց Մուքին: – Բեր մի քիչ թեթևացնեմ, վաղը կգաս, էշով կտանես:
– Չէ՛, չէ՛, որ մեռնեմ էլ` տանելու եմ,- իրենը պնդեց Շառ Ծատուրն ու քայլերն արագացրեց:
Մինչև գյուղ հասնելը Ծատուրն առնվազն մի հարյուր անգամ կանգ առավ: Կորացած մեջքը փորձեց մի քիչ ուղղել, բայց չստացվեց: Ջղայնությունից նա էշի պես ատամները սեղմեց և ցավից քիչ մնաց, որ զռռա…
Ուշ երեկո էր, երբ գյուղ մտան: Ծատուրն ամբողջովին քափ ու քրտինքի մեջ էր: Կինն ամուսնու տնքտնքոցի վրա բակից դուրս եկավ և Ծատուրի մեջքին փայտի ահռելի շալակը տեսնելով՝ վրդովմունքը չթաքցրեց.
– Այ մարդ, բա մեղք չե՞ս: Մի էշի չափ շալակել ես, քո հալն էդ ի՞նչ է…
Մուքին ասես հարմար առիթի էր սպասում.
– Էլ մի ասա, նրա փոխարեն թե ես լինեի, էշը վաղուց էի ծախել…

ՄՈՒՔՈՒ ԿԻՆԸ ՀՈԳՆԵԼ ԷՐ…
Մուքին առավոտ ծեգին տնից դուրս գալուց առաջ կնոջը պատվիրեց հովն ընկնելուց երեխաներին հանդ ուղարկել՝ չորացած խոտը հավաքելու: Եվ ահա, վերջին շարքի խոտը նոր էր հարել, փռել, որ չորանա, երբ հացի տոպրակը ձեռքին, հևալով երևաց կինը.
– Արևը վառում է, Մուքի, մեռնում եմ…- ասաց նա ու քաշվեց կաղնու ստվերը:
– Չեմ թողնի, կնիկ, չեմ թողնի մեռնես,- կատակեց Մուքին` ամուր գրկելով նրան:
– Աշխարհից դեռ ի՞նչ ես տեսել, որ…
– Ջահանդամին տեսնեմ,- տրտնջաց կինը: -Խալխը սանատորիա է գնում, հանգստանում, կյանք տեսնում, մենք էլ եկած էս ամռան տապին խոտ ենք հնձում: Բա սա ապրո՞ւստ է, սա կյա՞նք է…
– Ջանջալի աղջիկ, որ ասում եմ՝ վերնահարկդ մեկ-մեկ դատարկվում է, դեռ ինձնից էլ նեղանում ես: Բա էս դրախտավայրը՝ քո կարծիքով, սանատորիա չի՞, կուրորտ չի՞,- ոգևորված ձեռքերը տարածում է Մուքին: – Ասա, է, դե ասա, ուրիշ տեղ էսպիսի հեքիաթային բնություն կա՞, էսպիսի ծաղկուն հանդեր կա՞ն: Ցուրտ աղբյուրի ջուր կա՞…
– Է՜, Մուքի, ի՞նչ ասեմ,- սրտնեղվում է կինը: – Ե՞րբ չես ինձ համոզել: Քեզ հետ վիճել կլինի՞…,- ասում և տեղից ելնելով, հնձած խոտը սկսում է հավաքել: – Երեխեքը մինչև գետում լողանան ու հետ գան, մի քիչ քեզ օգնեմ:
– Այ կնիկ, ինչո՞ւ ես շտապում, թող հովն ընկնի, էլի,- չի համբերում Մուքին: – Մի կտոր հաց կուտենք, էլի մեր գործին կանցնենք: Ի՞նչ ա եղել, աշխարհի վերջն ա՞…
Կնիկը չլսելուն է տալիս ու լուռ շարունակում հավաքել խոտը:
– Դու գիտես, քեզ համար եմ մտահոգվում: Ասում եմ՝ շոգ է, մարմինդ հանկարծ չվառես, մի լավ օրի չես…-քթի տակ ծիծաղեց Մուքին և քաշվելով ծառի ստվերի տակ՝ քամած մածունը խուրջինից հանեց, որ բրդուշ ուտի:
Կինը համառորեն շարունակում էր աշխատել: Եվ դա Մուքուն բարկացրեց.
– Լսո՞ւմ ես, ետ դառ, փոշմանելու ես: Բրդուշն արդեն պատրաստ է, կուլայից սառը ջուր եմ լցրել մեջը, համ էլ` մի լավ վարունգ ու կանաչեղեն կտրտել…
– Անուշ արա, առանց ինձ էլ բողազովդ կանցնի,- կամակոր երեխայի պես հրաժարվեց կինը՝ գլխաշորն ուղղելով: – Մեկն էլ կիմանա՝ թե ուշքդ ինձ համար գնում է:
– Հիմա չես գալի՞ս,- հարցրեց նա ու առանց պատասխանի սպասելու, շարունակեց: – Ով փոշմանի՝ ղալաթ անի:
Կինն անդրդվելի էր:
Մուքին նոր էր ճաշել ու ծառի տակ պառկել, երբ կողքին զգաց կնոջ շունչը…
– Հոգնել եմ,- ասաց նա և ծանր հոգոց հանեց: – Անտեր արևն իսկապես վառվում է, չդիմացա…
Մուքին մի պահ նայեց շոգից խեղճացած կնոջ աչքերին, ապա՝ հայացքն ուղղդելով կաղնու շրջապատում առատորեն ծաղկած վայրի ավելների կողմը, խոսքին լուրջ տոն տվեց.
– Եթե հոգնել ես՝ վեր կաց մի քանի փունջ ծաղկած ավել քաղիր, տանը պետք կգա…

ՄՈՒՔԻՆ ԿՌԱՀՈՒՄ Է
Մուքին Երևանում բնակվող հարազատներից մեկի աղջկա հարսանիքին մասնակցելու հրավեր էր ստացել:
«Էս լավ առիթ է,- մտածեց նա: – Ժամանակ կգտնեմ այցելել և ուսանող թոռանս: Շատ է գլուխ գովում, որ իբր գերազանցիկ է… աղջիկների ուշքն էլ գնում է իր համար: Տեսնեմ մեր ազգի պատիվը տեղն է պահո՞ւմ, թե, գլուխ է պահում»:
Տեղ հասնելուն պես հարազատները մի լավ առատ սեղան են բացում: Մուքին աչքալուսանքի խոսքեր է ասում հարսնացուի ծնողներին, մաղթանքներ տալիս, օրհնում ջահելների ամուսնությունը:
Հարազատներն իրենց հերթին ուզում են անակնկալ մատուցել Մուքուն: Նրան հայտնում են, որ համալսարանում սովորող ավագ թոռն արդեն ավարտական կուրս է փոխադրվել, պատրաստվում է ամուսնանալ:
Լուրն անսպասելի էր:
– Վա՛հ,- զարմացած տեղից ելնում է Մուքին: -Այդ ե՞րբ հասցրեց: Լավ, շանորդին չի դիմանո՞ւմ՝ գոնե ուսումն ավարտի, նոր մտածի ամուսնանալու մասին:
– Մուքի ապա, հիմիկվա ջահելները բա հանբերություն ունե՞ն,- փորձում են հանգստացնել հարազատները: -Ճիշտն ասած, մտահոգվելու կարիք չկա: Թոռդ թունդ սիրահարված է բանասիրական ֆակուլտետի աղջիկներից մեկին, նրա առաջ պայման է դրել համալսարանն ավարտելուց Ղարաբաղ վերադառնալ: Էնպես որ… չարժե ջահելների սիրտը կոտրել: Թող աստված նրանց մուրազը կատարի…
– Հա՜,- ուրախ բացականչում է Մուքին: -Դե որ խոստացել են Ղարաբաղ վերադառնալ՝ ես էլ եմ օրհնում նրանց միացումը: Մի բարձի ծերանան…

***
Հարսանիքից հետո Մուքին, որ լավ քեֆ էր արել և տրամադրությունն անչափ բարձր էր, որոշում է հանդիպել ուսանող թոռանն ու անպայման ծանոթանալ նրա հարսնացուի հետ: Հարցնելով գնում` պետհամալսարանի մասնաշենք է հասնում:
– Ձեզ մատաղ,- կողքով անցնող ուսանողներին դիմում է Մուքին: – Թոռնիկս էս շենքում է սովորում, ինչպե՞ս իմաց անենք, որ գա տեսնեմ: Վաղը նորից Ղարաբաղ պիտի վերադառնամ…
– Պապիկ ջան, թոռնիկդ ո՞ր ֆակուլտետում է սովորում,- հարցնում է տղաներից մեկը:
– Եսի՞մ, բալա ջան, կարծեմ՝ սիրաբանական,- վստահ պատասխանում է Մուքին:

ԺԼԱՏ ՍԵԴՐԱԿԸ
Լուսաձորում ժլատ Սեդրակին ո՞վ չէր ճանաչում: Ամբողջ շրջանը գիտեր նրան: Գյուղում չկար մեկը, որ Սեդրակի «թթուն խմած չլիներ», նրա չար լեզվից, ժլատությունից տուժած չլիներ: Բայց ահա մի օր, համագյուղացիների կարծիքը հաշվի չառնելով, նրան խանութի վարիչ նշանակեցին:
Խանութում քիչ ապրանք չէր ստացվում, բայց ժլատ Սեդրակի բերանում տատասկի պես «չէ» բառն էր բուսել: Ով ինչ խնդրեր, մինչև վերջ խոսքը դեռ չլսած՝ կպայթեր.
– Չկա, չունենք, չենք ստացել…
Եվ ահա Մուքին օրերից մի օր խանութ է մտնում ու դիմում Սեդրակին.
– Լսել եմ՝ բոլ-բոլ պարան ես ստացել, ճի՞շտ է…
Մուքին, դեռ խոսքը չավարտած, Սեդրակը բերանի փրփուրը ներսուդուրս տանելով վրա է տալիս.
– Չունենք, այ մարդ, պարան որտեղի՞ց: Վաղուց ապրանք չենք ստանում, ինչո՞ւ ես մեղք անում…
Այդ պահին Մուքու հայացքն ընկավ վաճառասեղանի տակ դուրս ցցված պարանի ծերին:
– Խիղճդ չմեռնի, բա էդ ոտքիդ տակինն ի՞նչ է,- վրդովմունքը չթաքցրեց Մուքին:
Սեդրակը կաս-կարմիր կտրեց.
– Աստված վկա, Մուքի, այս մեկն է մնացել, էլ չկա: Էս էլ հոգեպահուստ է…
Մուքին ավելի բարկացավ.
– Պահիր, պինդ պահիր: Գուցե մի օր կյանքից բեզարես ու կախվելու համար պետք գա…

ԳՐԱԶԸ ՏԱՐԱՎ
Գարնան վերջերին էր: Հանդերն առատ կանաչ-ծաղկունք էին հագել: Մուքին ընկերներով, հարևաններով Ցուրտ աղբյուրը քեֆի էր գնացել: Երբ լավ կերել-խմել էին, տրամադրություններն արդեն կարգին բարձրացել էր, տղամարդիկ առաջարկեցին մի քիչ հանգստանալ, մաքուր օդում զբոսնել, որպեսզի կերածները մարսեն և քեֆը շարունակեն: Կանայք մնացին սեղանը թարմացնելու, իսկ նրանք բարձրացան վերին հանդը:
Կանգնել բարձունքում ու հմայված դիտում էին գյուղը շրջապատող բնությունը: Մուքին հայացքն ուղղեց տնտեսության առվույտի փարթամ, կանաչ դաշտերին, խորամանկորեն դարձավ Վանեսին, որն ուտելուց կշտանալ չուներ:
– Մի տես ի՜նչ կանաչ է, Վանես, կարա՞ս արածես…
Վանեսը, որ գինովացել էր և ոտքի վրա հազիվ էր կանգնում, կարմիր պղպեղ հիշեցնող քիթը վեր ցցեց ու սկսեց հոտոտել.
– Հը՛մ, մենակ կարածե՞մ …Խի էշի պես չեմ էլ զռռա՞…
Տղամարդիկ ծիծաղից փորները բռնեցին:
– Չէ՛, Վանես, էդ մեկը չես կարող,- ձեռ առավ Մուքին ու ընկերներին աչքով արեց:
– Ո՞նց թե,- պայթեց Վանեսը: – Դե արի մի շիշ թթի օղով գրազ գանք…
Մուքին երդվեց, որ պարտվելու դեպքում խոսքի տերը կլինի, և Վանեսը սկսեց էշի պես զռռալ:
– Թոքո՜ւշ, Վանես, թոքո՜ւշ…-բացականչեց Մուքին ու նրա մեջքը թըմթըմփացրեց: – Ընդունում եմ, ախպեր, գրազը տարել ես: Քեզ մի շիշ թթի օղի պարտք մնացի…

ԹԵՐԽԱՇ ՁՎԻ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Մուքու փոքր տղան երգելու շնորհք ուներ: Տարբեր առիթներով, հատկապես տոնական հանդիսություններին, հրավիրում էին գյուղական ակումբ՝ ելույթ ունենալու: Պատանու հաճելի ձայնը քիչ բավականություն չէր պատճառում հարազատներին ու հարևաններին, որոնք, որպես գոհունակության նշան, փոքրիկ հուշանվեր կամ քաղցրավենիք էին տալիս: Ավագների ուշադրությունից նա ավելի էր շոյվում, ոգևորվում:
«Մեծ ապագա է սպասում տղային»,- շտապում էին գուշակել շատերը: Ծնողներն իրենց հոգու խորքում հրճվում, հույսեր էին փայփայում, աղոթում նրա հաջողության համար:
Եվ ահա, օրերից մի օր, տղան տուն դառնալով դպրոցից՝ պայուսակը մի կողմ է նետում և ուրախ դառնում մորը.
– Վաղը դպրոցականների շրջանային ստուգատես է, պիտի երգեմ: Առավոտյան երկու ձու թերխաշ կանես, խմեմ, որ ձայնս մի լավ բացվի…
Մուքին ասես հարմար խոսքի էր ման գալիս.
– Բալան կծեմ, որ ձվով հնարավոր լիներ ձայնը բարձրացնել, հիմա հավերի քամակները գիշեր-ցերեկ զուռնա կփչեին…

«Եղիցի լույս»
Թիվ 01 (198) 2022թ.

Տարածել

Պատասխանել