«Տունդարձի ճանապարհին». գրքի շնորհանդես Ստեփանակերտում

0

Հունիսի 22-ին Արցախի Գրողների միության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանում տեղի է ունեցել բանաստեղծուհի Ալիսա Բաղդասարյանի «Տունդարձի ճանապարհին» գրքի շնորհանդեսը:

«Ալիսա Բաղդասարյանի նոր ժողովածուն պատերազմից հետո տուն դարձող մարդու առճակատումն է իր նոր ճակատագրի հետ: Պատերազմից հետոյի ժամանակը գրքում կազմաքանդվում է, սկզբնավորում տունդարձի ճանապարհը»,- գրքի նախաբանում գրում է խմբագիր Սլավի-Ավիկ Հարությունյանը:

Արցախի գրողների միության նախագահ Նորեկ Գասպարյանն իր խոսքում ողջունեց այն համարձակությունը, որն ունի նոր սերունդը: «Բանաստեղծության մեջ եթե կա երկմտանք՝ ասե՞մ, թե՞ չասեմ, դա արդեն բանաստեղծություն չէ: Գիրքը լեփ-լեցուն է սիրո խոստովանությամբ»,-ասաց Նորեկ Գասպարյանը՝ նշելով, որ կարդալով գիրքն անհնարին է պատերազմում ապրող, և կարծես, պատերազմից դուրս գտնվող կնոջը չտեսնել: «Այստեղ և ողբերգություն կա, և սիրո ցնծություն, և խոստովանություն»,- նկատում է Գրողների միության նախագահը:

Արցախի գրական ընտանիքի նահապետ, բանաստեղծ Սոկրատ Խանյանի բնորոշմամբ՝ Ալիսա Բաղդասարյանի բանաստեղծությունների ժողովածուն թարմացող խոսքի երանգներ է բերում ։ «Հայկական պոեզիան շարունակում է թարմանալ, նոր սերունդն իր աշխարհընկալումը բանաստեղծորեն բերում է միանգամայն այլ պատկերավորությամբ: Նորից բառը դառնում է բազմիմաստ ու սիրտ շոյող»,- ասաց Սոկրատ Խանյանը:

Հոգեբան Արզիկ Մխիթարյանի խոսքով՝ տողատակերից է զգացվում, որ բանաստեղծուհին ասելիք ունի, և որպես արտահայտչամիջոց համարել է բանաստեղծությունը: Բանաստեղծուհի, գրականագետ Տաթև Սողոմոնյանի համոզմամբ՝ եթե գիրքը փակելուց հետո ապրումակցում ես հերոսուհու հետ, նրա նման ժպտում, հիասթափվում ու ծիծաղում, ուրեմն կայացել է գիրքը, կայացել է գրող-ընթերցող հանդիպումը:

«Ալիսա Բաղդասարյանի Տունդարձի ճանապարհը հետաքրքիր է և լի կյանքոտ ապրումներով. ես սիրեցի այն և ուրախ եմ, որ Արցախում ձևավորված գրական ընտանիքում կարդում են միմյանց և ապրում միմյանց ձեռքբերումներով»,- ընդգծեց բանաստեղծուհի Սոնա Համբարձումյանը: Հեղինակի բնութագրմամբ՝ գրքում արցախցու հոգեվիճակն է, տունդարձի ճանապարհին նրա ընկալումները, սպասելիքներն ու հիասթափությունը, միաժամանակ հայրենիքին նվիրվածությունն ու վերադառնալու իղձը: «Գրքիս մեջ լավատեսությունն ընդգծված է, որովհետև եթե մենք կարող ենք ընթերցել, թե ինչ տառապանք ու կորուստներ է ունեցել արցախցին, ապա կարող ենք տեսնել լույսը, որը պետք է բացվի նրա համար: Գիրքը արցախցու կերպը, նրա ապրելու յուրօրինակ ձևն է ընդգծում»,- նշեց Ալիսա Բաղդասարյանը:

Բանաստեղծուհի Զարինե Սառաջյանի բնորոշմամբ՝ չհանձնվելու, արարելու և լուսավոր հավատով վաղվան նայելու համոզմունքն է ընկած գրքի հիմքում: Միջոցառմանը բանախոսությամբ հանդես եկան բանաստեղծներ, տեսաուղերձով Ա. Բաղդասարյանի ստեղծագործություններն ու անհատականությունն արժևորող խոսքով են հանդես եկել մտավորականներ Հայաստանից ու Սփյուռքից:

Բանաստեղծուհու ստեղծագործություններից ասմունքեցին ուսանողները:

Լուսինե ՇԱԴՅԱՆ

Տարածել

Պատասխանել