Բանաստեղծուհի Սոնա Համբարձումը ռուսագիր Նինա Գաբրիելյանի բանաստեղծությունների հայերեն թարգմանությամբ մասնակցել է Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից սկսնակ թարգմանիչների համար կազմակերպված գրական թարգմանության լիդերների համահայկական մրցույթին և «Պոեզիայի թարգմանություն» անվանակարգում զբաղեցրել երկրորդ մրցանակային տեղը:
Գաբրիելյան Նինա- բանաստեղծ, արձակագիր, նկարիչ, մշակութաբան:
Ծնվել է 1953 թվականի հոկտեմբերի 16-ին Մոսկվայում: 1976 թվականին ավարտել է Մոսկվայի Մ. Տորեզի անվան պետական մանկավարժական համալսարանը: Որպես բանաստեղծ տպագրվում է 24 տարեկանից: Հեղինակ է §Եղեգնյա փող» (1987), «Նռան հատիկ» (1992), «Երգող ծառը» (2010) բանաստեղծությունների և «Խոտի տերը» (2001) արձակ ժողովածուների: Ակտիվ զբաղվում է դասական և արդի հայկական, հնդկական, ղազախական, մալայական, ֆրանսիական, աֆրիկյան պոեզիայի, արձակի թարգմանությամբ: Այդ թարգմանությունները տպագրվել են ավելի քան 30 բանաստեղծական ժողովածուներում: Նրա բանաստեղծությունները թարգմանվել են հայերեն, անգլերեն, մալայերեն, բուլղարերեն, ինդոնեզերեն, վրացերեն, հունարեն և սերբերեն, իսկ արձակը՝ իտալերեն, անգլերեն, ֆրանսերեն, շվեդերեն և արաբերեն լեզուներով:
Գիտահետազոտական աշխատանք է կատարում գրականագիտության, արվեստի պատմության և մշակութաբանության ոլորտներում: Միջազգային փառատոների և գիտաժողովների մասնակից է: Հեղինակ է գիտական ամսագրերում և ժողովածուներում տպագրված հոդվածների:
Մոսկվայի, Հայաստանի գրողների միության և Միջազգային նկարչական ֆոնդի անդամ է:
Պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Ուիլյամ Սարոյան» մեդալով, ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատան ոսկե մեդալով, Ռուսաստանի հայ համայնքի «Արծաթե խաչ» շքանշանով, ՀԳՄ «Կանթեղ» մրցանակով:
Ապրում է Մոսկվայում:
Գեղարդ
Գմբեթը հնչյուններ է խմում
Անտես են դեմքերը
Երգիչների:
Համաչափ ձայնն օրորվում է միայն խավարում
Մի պահ թվում է՝ երգիչ չկա ամենևին,
Միայն մերկ ձայնն է
պղնձե մեղեդիների թախիծը թափում
Եվ գուցե, պետք չէ իմանալ, թե ով է երգում,
Քանզի ավելին, քան ինքը լցնում է տաճարի տարածությունը
Թվում է՝ էլի մի պահ և վերջ
Երգիչն ըմպեց արդեն սպանիչ ազատությունը,
Մենք բոլորս, բոլորս կգնանք, կջնջվեն անունները:
Խոսքը կբեկվի բղավոցի և շշուկի
Մենք չէ, օ ոչ, մենք չէ, միայն երգն է կարևորը.
Հեռանա մեզանից մեկը, երգը կգտնի մեկ ուրիշին,
նրա մեջ կընկղմվի կարոտով՝ բոլոր ժամանակների,
Կընդարձակի կուրծքը մեռած ձայներով,
Իսկ գմբեթը հնչյուններ է խմում, և ձայնն է մերկանում
Եվ անսկիզբ լույսը երգում է Գեղարդի տաճարում: