Հայրենիքը մեկն է ու այն անփոխարինելի է

0

Հարցազրույց Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանի հետ

– Կարճատև դադարից հետո Դուք կրկին ԱՄՆում եքայս անգամ ի՞նչ ծրագրի և ի՞նչ միջոցառումների շրջանակներում։
– Այս տարվա ընթացքում երկրորդ այցս է։ Գարնանը հրավիրվել էի Համազգային հայ կրթական և մշակութային միության Նյու Ջերսիի մասնաճյուղի կողմից, իսկ այս անգամ՝ «Բայ Արմենիան» ընկերության։ Երկու դեպքում էլ հրավիրված էի որպես հեղինակ, գարնանը՝ «Օրացույցից պոկված օրեր» գրքիս համար, այս անգամ՝ «Վազում եմ, սպասիր»-ի։ Վերջինս երկու անգամ ներկայացվել է «Բայ Արմենիան»-ի կազմակերպած փառատոներին եւ, քանի որ ընթերցողի կողմից հետաքրքրություն կար գրքի նկատմամբ, այս անգամ ինձ անձամբ հրավիրեցին։ Մի քանի նախադասությամբ ներկայացնեմ, թե ինչ է «Բայ Արմենիան»-ը։ Արդեն երեք տարի է ԱՄՆ-ում Նշան և Լիլիթ Օդաբաշյան ընտանիքը հիմնադրել է մի առցանց «ընտանիք», որտեղ ներկայացված են Հայաստանի հարյուրավոր արտադրողներ։ Նպատակն է՝ խրախուսել հայկական տարատեսակ արտադրանքներ և այն հասանելի դարձնել Սփյուռքի մեր հայրենակիցներին։ Այդ շարքում հայտնվեցին նաև իմ գրքերը։ Ու այսպես ստեղծվեց մի նոր, ամուր ընկերություն, որի համար շնորհակալ եմ։ Ինձ հետ միասին հրավիրված էին Հայաստանի տարբեր արտադրողներ, ընդ որում՝ միայն ես էի գիրք ներկայացնում։ Հրավերի առիթը «Բայ Արմենիան»-ի խանութ-սրահի բացումն էր, որն այսուհետ մշտապես կգործի Գլենդելում եւ հնարավորություն կտա տեղի հայությանը գնել  ՀՀ-ում եւ Արցախում արտադրվող որակյալ արտադրանք։
– Համոզված եմ, շատ հանդիպումներ եք ունեցել ԱՄՆումկպատմե՞ք այդ հանդիպումների մասին ավելի մանրամասն։
– Հրավերը առիթ ընձեռեց ոչ միայն  ներկայացնելու «Վազում եմ, սպասիր»-ը, այլև հանդիպումներ ունենալ ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ու շրջանի անդամների, ինչպես նաև՝ Համազգային հայ կրթական և մշակութային միության Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչության և շրջանի անդամների հետ։ Հետաքրքիր հանդիպումներ էին՝ լի մտահոգություններով, բազում հարցերով և հարցերի շուրջ տարբեր խորհրդակցություններով։ Հանդիպումների հիմքում Հայրենիքն էր, գլխավորապես՝ Արցախը եւ ներկա իրավիճակը։
– Սփյուռքի մեր հայրենակիցներն ի՞նչ մտահոգություններ ունեն կապված Արցախի հետ։

-Երկու հանդիպումների ժամանակ էլ գլխավոր թեման Արցախն էր։ Թե Դաշնակցությունը եւ թե նրա կից կառույցները, այդ թվում՝ Համազգային հայ կրթական և մշակութային միությունը, իրենց գործունեության առանցքում ունեցել և ունեն Արցախը, որովհետև քաջ գիտակցում են, որ  Արցախով է անցնում հայ ժողովրդի գոյության ճանապարհը, որ այսօր Արցախը մի նոր Սարդարապատ է, որտեղ, եթե պարտվենք, կնշանակի՝ ողջ հայ ժողովուրդն է պարտվել, և՝ հայոց պետականության անխուսափելի կորուստ։ Այսօր ոչինչ ավելի կարևոր չէ, քան համահայկական ներուժի կենտրոնացումը այդ օրհասական խնդրի շուրջ։ Յուրաքանչյուր ներքին խնդիր, քաղաքական տարաձայնություններ, պետք է ստորադասել համահայկական այս մեծ խնդրին, եթե, իրոք, ուզում ենք Հայրենիք ունենալ ու հայ կոչվել։ Ես-ից դեպի Մենք-ը դժվար քայլ է, բայց, եթե Մենք-ը չհաղթի, Ես-ը կործանելու է մեզ։
Շնորհակալ եմ, որ մաս եմ կազմում այնպիսի մի կրթամշակութային միության, ինչպիսին 95-ամյա Համազգային հայ կրթական և մշակութային միությունն է, որը մեծ ավանդ ունի և շարունակում է ունենալ հային հայ պահելու, մշակույթով պայքարելու գործում։ Մի շարք կարևոր ծրագրեր ենք քննարկել՝ կապված Արցախի հետ, որն, անշուշտ, իրականացնելու ենք։
– Չխախտենք ավանդույթըվերջաբանի փոխարեն…
– Վերջաբանի փոխարեն պիտի շեշտեմ հետեւյալը՝ ինչքան ճամփորդում ես ու նոր երկրներ տեսնում, նորից ու նորից հասկանում ես, որ աշխարհի միակ տեղը, որտեղ դու տանն ես, որտեղ դու դու ես, քո ծննդավայրն է, քո Հայրենիքն է։ Հասկանում ես, որ ուրիշ տեղ երբեք ապրել չես կարող, որովհետև Հայրենիքը մեկն է ու այն անփոխարինելի է։

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ

Տարածել

Պատասխանել