Վ. ՀԱԿՈԲՅԱՆ. «ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ԽԹԱՆՎՈՒՄ Է ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՄԲ»

0

վարդան հակոբյան«Ճշմարտությունը միշտ էլ հակասական է լինում, ինչպես հակասական է յուրաքանչյուր մարդ: Այս պարագայում ամենահակասականը ես եմ: Մինչեւ գրիչ վերցնելը բոլոր մարդիկ բանաստեղծ են, պարզապես գրիչ վերցնելուց հետո եզակիներին է հաջողվում դարձյալ մնալ բանաստեղծ: Բանաստեղծությունն այն երեւույթն է, որ չի կարող վերջնական կատարելության հասնել: Աստված մարդուն ստեղծել է եւ ասել՝ լրացրու քեզ՝ իմ պատկերն ունենալով քո մեջ: Եվ մենք ամենքս փորձում ենք դա անել: Մեր ճամփան անընդհատ գնում է դեպի բանաստեղծությունը: Ճշմարիտ բանաստեղծությունը եթե գտնվեց, ուրեմն ինչ-որ բան կյանքում կանգ է առնում: Տիեզերական շարժումը խթանվում է բանաստեղծությամբ»,-այսպես սկսեց իր խոսքը բանաստեղծ Վարդան Հակոբյանը Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում (տնօրեն` Ա. Հովսեփյան) օրերս կայացած պոեզիայի երեկոյին, որը նվիրված էր գրողի ստեղծագործությանը:
Երեկոն բացեց մշակույթի տան բաժնի վարիչ Անահիտ Դանիելյանը: Հնչեցին տարբեր գնահատականներ ու խոսքեր՝ ուղղված Վ. Հակոբյանի ստեղծագործությանը: Բանաստեղծը ներկաներին հուշեր պատմեց իր եւ Հովհաննես Շիրազի հանդիպումներից (Վարդան Հակոբյան գրական անվամբ նրան կնքել է Հովհ. Շիրազը):
«Կան բանաստեղծներ,- իր ելույթում ասաց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բանաստեղծ Սոկրատ Խանյանը,- որոնք իրենց ստեղծագործություններով մի ամբողջ դարաշրջան են բնորոշում: Եվ, առանց չափազանցության, Վ. Հակոբյանին կարելի է համարել այդպիսին: Նրա պոեզիան բազմերանգ է, սահմաններ չի ճանաչում: Իր ժողովածուներով Վարդան Հակոբյանը ընթերցողին պարգեւում է լույս, սեր եւ ժպիտ: Նա նորարար բանաստեղծ է»:
Ավագ գրչընկերոջ պոեզիայի մասին իր սրտի խոսքն ասաց նաեւ բանաստեղծ Ռոբերտ Եսայանը. « Վարդան Հակոբյանի տողերում ընթերցողը գտնում է ինքն իրեն: Նա այսօր երիտասարդության կողմից ամենասիրված հեղինակներից մեկն է եւ արդեն ստեղծել է իր գրական դպրոցը »:
Վարդան Հակոբյանի գրքերը թարգմանվել ու տպագրվել են ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, վրացերեն, բուլղարերեն և այլ լեզուներով: Երեկոյի ընթացքում «Գրիգոր Նարեկացի» պետական հավատարմագրված համալսարանի օտար լեզուների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Թովմասյանի կողմից հնչեցին գրողի բանաստեղծությունները` ռուսերեն և անգլերեն լեզուներով:
Երիտասարդ գրող Վան Նովիկովը շեշտեց գրական երիտասարդ սերնդի նկատմամբ Վարդան Հակոբյանի կողմից ցուցաբերվող մշտական հոգատարության մասին, միաժամանակ բանաստեղծին համեմատեց այն նավապետի հետ, ով նավը առաջնորդում է դեպի դեռ չհայտնաբերված մի մայրցամաք, եւ այդ անհայտ մայրցամաքը կատարյալ բանաստեղծությունն է:
Ելույթները միջնորդվում էին գրողի գործերի արտասանություններով ու երիտասարդ երաժիշտների կատարումներով:
Պոեզիայի երեկոն, որին մասնակցում էին գրողներ, երիտասարդ արվեստագետներ, ուսանողներ, հասարակության ներկայացուցիչներ, անցավ ջերմ ու հետաքրքիր, անմիջականության մթնոլորտում:
Արցախի գրողների միության և Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ գրական-տեղեկատվական նման միջոցառումներ կանցկացվեն հաճախակի:

Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ
ԱՐՑԱԽ
peziayi ereko vradan hakobyan

Տարածել

Պատասխանել