Դավիթ Միքայելյան | Ծառայում եմ Ռուսաստանին, ծառայում եմ Արցախին

0

Դավիթ Միքայելյան Ռուս բանաստեղծը` Ղարաբաղի մասին
«Ծառայում եմ Ռուսաստանին, ծառայում եմ Արցախին»:

«Արցախ.սրբազան հող». այսպես է վերնագրել բանաստեղծությունների իր նոր ժողովածուն հայ ժողովրդի բարեկամ, բանաստեղծ, Ռուսական բանակի սպա Վլադիմիր Պոնոմարյովը, ով ապրելով ու ստեղծագործելով ՌԴ Կեմորովի մարզում, հեռավոր Արցախի, այնտեղ բնակվող մտերիմների և ընկերների, հայկական հինավուրց զարմանահրաշ հողի, նրա անկրկնելի, անզուգական բնության նկատմամբ ունեցած իր կարոտն ուսերը` միահյուսելով անցյալի ուրախ և տխուր հիշողություններիհետ, չափածո իր տաք տողերով ավելի է կամրջում հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությանը: Ասել է թե` նա մեկն է ռուսազգի հազարավոր այն մտավորականներից, ովքեր Արցախի համար ճակատագրական պահերին, անտեսելով վտանգը, զորավիգ են եղել նրա ժողովրդին ու այսօր էլ շարունակում են նեցուկ կանգնել և բարոյական աջակցություն ցուցաբերել անկախության կերտման պայքարում` հավատալով նրա վերջնական հաղթանակին:
Վլադիմիր Պոնոմայրովը, որպես ԽՍՀՄ բանակի սպա, 1988-1992թ. ծառայել է Ստեփանակերտում տեղաբաշխված 366-րդ մոտոհրաձգային գնդում և, բնականաբար, ականատեսն է եղել Ադրբեջանական իշխանությունների կողմից արցախահայության դեմ իրականացվող այն բռնությունների ու ռազմագործողությունների, որոնք հարյուրավոր անմեղ մարդկանց կյանքեր խլեցին: Ու այսօր էլ նա հիշում է 1992-ի ապրիլյան այն հրեշավոր օրը, երբ Շուշից ազերիները գնդակոծելով Ստեփանակերտում տեղաբաշխված իրենց զորամասը` ստիպելով նրան տեղահանվել ու լքել քաղաքը, լայնածավալ, դաժան պատերազմ սանձազերծեցին Արցախի նկատմամբ: «Հրետակոծության հետևանքով երկու զինծառայողներ տեղում անմիջապես զոհվեցին, 9 հոգի ծանր վիրավորվեցին: Ու երբ հրամանատարությունը նրանց կյանքը փրկելու համար կենտրոնից ուղղաթիռ էր խնդրել ուղարկել, Կիրովաբադում ազերիները օդաչուներին դիտավորյալ պատնեշել ու ամեն կերպ արգելափակում էին զինվորական ուղղաթիռի թռիչքը` Արցախ, ռուսներիս մեղադրելով դավաճանության մեջ,-պատմում է Վ. Պոնոմարտովը և ցուցադրում գաղտնի կատարված այն տեսագրությունը, որտեղ ինքը հարցազրույց է տալիս Մոսկվայից ժամանած կին լրագրողին` մանրամասնելով ազերիների վայրագությունների ու գնդին պատճառած հսկայական ավերածությունների մասին: -Միայն երրորդ օրն ուղղաթիռը վայրէջք կատարեց Ստեփանակերտում, իսկ վիրավորների վիճակն օրհասական էր… Մենք հրաման էինք ստացել կենտրոնից գունդը տեղահանելու մասին: Եվ որքան էլ որ անցանկանալի լիներ վճիռը, զինվորններս պարտավորված էինք կատարել հրամանը: Շուտով մեր շարասյունը ճամփա ընկավ: Ու պատկերացնել է պետք հոգեկան այն ծանր վիճակը, որ մենք` ռուսներս ունեցանք: Շատերն իրենց ընտանիքներով այստեղ ապրել են տարիներով, և դյուրին չէր հրաժեշտ տալ հարազատ դարձած մարդկանց, ընկերներին ու հարևաններին, որոնց հետ բարեկամություն ենք արել` ծանր պահերին կիսելով մի կտոր հացը: Առավել սարսափելի էր, երբ քաղաքից հեռանալով, մենք պատկերացնում էինք, թե ինչպիսի ծանր փորձությունների մեջ են հայտնվելու այդ մարդիկ»,-հիշում է ռուս սպան` ափսոսանքով ու ցավով մտաբերում անդրադառնալի կորուստների մասին…
Թողնելով Ստեփանակերտը, Վլադիմիրը երբեք չի մոռացել Արցախում գտնվող իր հայ բարեկամներին, մշտապես հետաքրքրվել է նրանց ճակատագրով, իր նամակներով ու հեռախոսազանգերով ոգեշնչել և հուսադրել` հավատալով արցախցիների արդար հաղթանակին: Ապա նա իր սերն ու տագնապը առ Արցախ սկսել է արտահայտել չափածո տողերով, որոնք վերածվել են բանաստեղծությունների և պոեմներիի` ամփոփվել առանձին ժողովածուի մեջ: Ու, անցյալ տարվա աշնանը, հերթական անգամ այցելելով Ստեփանակերտ, ԼՂՀ Գմ նախագահ Վարդան Հակոբյանը ձեռնարկել է հայերեն և ռուսերեն լեզուներով նրա գրքի հրատարակումը: Այն թարգմանել է բանաստեղծ, գրականագետ Սոկրատ Խանյանը:
Այսօր նա 366-րդ նախկին գնդի մի խումբ սպաների հետ դարձյալ Արցախում է: Եկել են հանդիպելու ստեփանակերտցի իրենց համագնդի տղաների, ընկերների և մտերիմների հետ, կիսվելու հիշողություններով, սեփական աչքերով տեսնելու դաժան պատերազմում հաղթանակած Արցախը, վերակառուցվող, օր-օրի բարգավաճող, հրետակոծությունների հետևանքով ավերված երբեմնի Ստեփանակերտը, իրենց զորամասի տարածքը, ուր այսօր ԼՂՀ պաշպանության բանակի Սպարապետ Վազգեն Սարգսյանի անունը կրող փառավոր գունդն է տեղակայված: Չէին կարող չայցելել և Ստեփանակերտի թիվ 8 դպրոց, ուր սովորել են իրենց երեխաները: Եվ նրանց ուրախությանը չափ ու սահման չկա: Տղերքը շոյված էին իրենց նկատմամբ ցուցաբերված ուշադիր վերաբերմունքից: ԼՂՀ նախագահն է անձամբ իրենց ընդունել, պաշպանության նախարարը, հասարակական կառույցների ղեկավարները: Եվ հանդիպումներն առիթ էին փոխանակվելու ԼՂՀ հռչակման 20-ամյակի և Ստեփանակերտում տեղակայված 366-րդ մոտոհրաձգային գնդի հոբելյանական հուշամեդալներով:
Իսկ գլխավոր անակնկալը հյուրերին «Գրիգոր Նարեկացի» համալսարանի լեփ-լեցուն դահլիճում էր սպասվում, ուր ԼՂՀ գրողների միությունը նախաձեռնել էր գրող Վլադիմիր Պոնոմարյովի «Արցախ. սրբազան հող» բանաստեղծությունների նոր ժողովածուի շնորհանդեսը, որը հեղինակն այն նվիրել է ԼՂՀ անկախության հռչակման 20-ամյակին: Բացման խոսքում ԳՄ նախագահ Վ. Հակոբյանը Վ. Պոնոմարյովին բնութագրեց որպես արդարության և ազատության, մարդու իրավունքների համար պայքարող բանաստեղծի ու գործչի: Նրա համոզմամբ, մի մարդ, որ ապրել է Արցախում ու շարունակում է սիրել, տագնապել նրա ճակատագրով, արցախցի է: Նա կրկնակի արցախցի է, երբ գիրք է գրել Արցախի, նրա ժողովրդի գոյամարտի մասին` «դնելով հայ-ռուսական ռազմագրության հիմքը»:
«Յուրաքանչուր ճշմարիտ պոետ ունենում է իր խրամատը` ճշմարտության համար մղվող հավերժական կռվի մեջ: Վ. Պոնոմարյովի բանաստեղծությունները բոցեր են, որ սերվել են արցախյան գոյամարտի կրակներից: Նա անթաքույց սիրով է պատկերում Արցախի հայության ազգային-ազատագրական պայքարը: Միանալով մեզ, կանգնելով մեր կողքին, հարազատի անմիջականությամբ բեկվում է մեր ցավի մեջ և փորձում զորավիգ լինել»,- գտնում է Վ. Հակոբյանը: Գրքի արժանիքներին ու հեղինակի քաղաքացիությանն ու նրա մարդկային նկարագրին իրենց ելույթներում անրադարձան բանաստեղծներ Սոկրատ Խանյանը, Նվարդ Ավագյանը Սոնա Համբարձումյանը, արձակագիր Աշոտ Բեգլարյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանը, նախկին զինծառայող, Ստեփանակերտի թիվ 8 դպրոցիի զինղեկ Էդվարդ Վանյան, ուրիշներ: Հուզիչ էր հատկապես ԼՂՀ պաշպանության բանակի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի խոսքը, ով բարձր գնահատելով բանաստեղծ-սպայի առաքելությունը, համոզմունք հայտնեց, որ ժողովածուն կնպաստի հայ-ռուսական դարավոր բարեկամության ամրապնդմանը:
Վերջում ելույթ ունեցավ և ջերմ խոսքերի ու անկեղծ գնահատանքի համար, ընթերցողներին, բոլոր արցախցիներին շնորհակալություն հայտնեց Վլադիմիր Պոնոմարյովը, ում ի դեպ, հանդիսավոր պայմաններում ԳՄ նախագահը ԼՂՀ գրողների միության անդամի տոմս հանձնեց: Իսկ զինվորական կարգապահությանը հավատարիմ ռուս սպան ստանալով այն, իր երախտագիտությունն այսպես հայտնեց. «Ծառայում եմ Ռուսաստանին, ծառայում եմ Արցախին»… Նա խոստովանեց, որ տանը, մտերիմների շրջապատում, ռազմական բուհում, ուր ինքը դասավանդում է, հաճախ է Արցախը զրույցի թեմա հանդիսանում: Իսկ, երբ կարոտում է Հայաստանը` հիշողությունները քրքրելով անպայման Ռուբեն Մաթևոսյանի երգերն է ուկնդրում…
ՀԳ. հավելենք, որ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստանալու համար Վ. Պոնոմարյովը վերջերս թեկնածուական թեզ է գրել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նախապայմանների ու գոյապայքարի շարժառիթների վերաբերյալ ու մայիսին կպաշպանի այն:

Տարածել

Պատասխանել