ՂԱՐԱԲԱՂՑԻ ԳՐՈՂԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԵՌԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐ

0

Աշոտ ԲեգլարյանՂարաբաղցի գրող և լրագրող Աշոտ Բեգլարյանը երրորդ անգամ դարձել է «Մեծ Պանդուխտը՝ Երիտասարդներին» միջազգային հիմնադրամի (Ռուսաստան) կազմակերպած գրական մրցույթի դափնեկիր։ Հերթական թեմատիկ մրցանակաբաշխությանը մասնակցել են 60 գրողներ Ռուսաստանից և այլ երկրներից։ Աշոտ Բեգլարյանի «Քույրիկը» պատմվածքը վիրավոր զինվորի և բուժքրոջ սիրո մասին արժանացել է երկրորդ մրցանակին, թեև հավաքել է Աննա Էքքելի «Զազերկալիե» («Անդրհայելի») պատմվածքի հետ հավասար միավորներ, որն ստացել է առաջին մրցանակը։

Աշոտ Բեգլարյանի պատմվածքներն ու ակնարկները, ով տպագրվում է 19 տարեկանից, հրապարակվել են գրական, հասարակական-քաղաքական հրատարակություններում և ինտերնետ-կայքէջերում Ստեփանակերտում, Երևանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Դոնի Ռոստովում, Նովոչերկասկում, Նիժնի Նովգորոդում, Տոմսկում և ռուսաստանյան այլ քաղաքներում, Աբխազիայում, Վրաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Բելոռուսիայում, ԱՄՆ-ում, Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (Լոնդոն), ՌՕՈՒ համաշխարհային ծառայության և այլոց կայքէջերում։ 2006 թվականին «Մեծ Պանդուխտը՝ Երիտասարդներին» հիմնադրամի գրական մրցույթում երկրորդ տեղը գրավելու համար նրան շնորհվել է Հիմնադրամի մագիստրոսի կոչում։ 2008 թվականի մարտին պարգևատրվել է ԶԼՄ-ների միջև «Կամրադ, Ամիգո, Շուրավի» համաուկրաինական բաց մրցույթի հատուկ դիպլոմով։ 2009 թվականին Ա.Բեգլարյանի «Կրակող տունը» պատմվածքի մոտիվներով խաղային ֆիլմ է նկարահանվել ԼՂՀ-ում։ Նրա պատմվածքների՝ կյանքից վերցված սյուժեները դրվել են վավերագրական կինոնկարների հիմքում։ Վիպակների ու պատմվածքների 3 ժողովածուների հեղինակ է, որոնք լույս են տեսել Երևանում։ Հուլիսին նախատեսվում է Ա.Բեգլարյանի պատերազմական թեմաներով վիպակների ու պատմվածքների «Աստղային տղան» ժողովածուի շնորհանդեսը Մոսկվայում, որը հրատարակվել է 2010 թվականին։
Ա.Բեգլարյանը մասնագիտորեն զբաղվում է լրագրությամբ։ Տարբեր տարիների աշխատել է որպես «Գոլոս Արմենիի», «Նովոյե վրեմյա» երևանյան թերթերի, ՍՆԱՐՔ և ԱրմԻնֆո հայկական լրատվական գործակալությունների, Պատերազմի և խաղաղության լուսաբանման բրիտանական ինստիտուտի (IWPR), ՌԴ Պետդումայի պատգամավորների համար հրատարակվող «Կավկազսկի էքսպերտ» հանդեսի, Ռուսաստանում լույս տեսնող հայկական հրատարակությունների թղթակից։ ԼՂՀ Ժուռնալիստների միության, Ստեփանակերտի մամլո ակումբի, «Հարավային Կովկաս» միջազգային ասոցիացիայի, Ռազմաճակատային լրագրողների լիգայի, Լեռնային Ղաաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության գրողների միությունների անդամ է։
Մասնակցել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանը, ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի ընթացքում ծանր վիրավորվել է. պատահական չէ, որ պատերազմական թեման առանձնապես սրտամոտ է նրան։ Պարգևատրված է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կառավարական մարտական մեդալներով, ինչպես նաև ԼՂՀ, ՀՀ և ՌԴ գերատեսչական ու հասարակական պարգևներով։

Տարածել

Պատասխանել