Լևոն Մութաֆյան | Կոմիտաս Դանիելյանի թատերգությունը

0

levon mutafyanԿոմիտաս Դանիելյանի թատերգությունը մեկ ամբողջություն է կազմում նրա գեղարվեստական արձակի հետ: Դանիելյանի արձակը յուրովի ընդհանրություն է կազմում Ռուբեն Հովսեփյանի, Հովհաննես Մելքոնյանի արձակի հետ, շարունակում այն ավանդույթները, որոնք ձևավորվեցին անցած դարի վաթսունական թվականներին: Կոմիտաս Դանիելյանի ստեղծագործությունների մի զգալի մասը նվիրված է արցախյան գոյամարտին, այն հերոսական իրադարձություններին, որոնք ձևավորեցին պատմական մի նոր ժամանակաշրջան` ծնելով նաև նոր հերոսների, նոր սոցիալական և հոգեբանական տիպերի: Այս երկերում յուրովի մեկտեղվեցին պատմությունն ու արդիականությունը, մարդիկ հայտնվեցին հոգեկան փլուզումների և լլկումների մեջ` այսպես մղվելով դեպի ինքնահաստատումն ու ինքնադրսևորումը: Գրողը մի առիթով ասել է. «Ինձ բախտ է վիճակվել լինել այն քչերից մեկը, ովքեր նախախնամությամբ գնվել են արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում` անմիջական մասնակցություն ունենալով նրա ձևավորմանը»: Հետևաբար, ազգային-ազատագրական պայքարը, մեծ գոյամարտը չէին կարող դուրս մնալ նրա գրողական տեսադաշտից, չէին կարող չվերածվել գեղարվեստական պատմությունների: Գրողի ստեղծագործություններն ամփոփվել են տարբեր տարիների լույս տեսած «Անկնիք նամակներ», «Երաշտ տարի», «Դեմ հանդիման», «Ճիչ», «Ամարասի զանգերը», «Արցախը` չսանձած նժույգ», «Պորտալար» գրքերում:
Իբրև թատերագիր` Կոմիտաս Դանիելյանն իր երախայրիքը ներկայացրեց «Մենք մեր սարերն ենք» թատերերկով` գրված 2007 թվականին: Հրանտ Մաթևոսյանի վիպակի վերնագրային նմանությունն այս դեպքում բովանդակային այլ ընթացք է ձևավորել` ամեն ինչ կենտրոնացնելով ազգային համախմբումի շուրջ: Անկոտրում` սարերի ու լեռների պես, գրեթե շիրազյան բնութագրմամբ` «մենք խաղաղ էինք մեր լեռների պես»: Եթե Հրանտ Մաթևոսյանը սարերը դիտարկում է որպես արենակցական-հարազատական սահման, շրջագիծ, ուր ապրող մարդիկ կապված են իրար արենակցականությամբ, ապա Կոմիտաս Դանիելյանի ստեղծագործության վերնագրում սարերը վերածվում են ուժի և ամրության խորհրդանիշի: Իր պիեսի գործողությունները թատերագիր Կոմիտաս Դանիելյանը կառուցում է «կամերային» միջավայրում` ավերված տան բակում` այսպես իրավիճակի դրամատիզմը համադրելով տեղավայրի դրամատիզմին, այն «սահմանային վիճակին», որում կառուցելով «ինտելեկտուալ դրամայի» առանձնաձևերով և դրամատիկական իրավիճակի մեջ բերելով գոյության համար կռիվ տվող մարդկանց` թատերագիրը նրանց հակադրում է «հակամիջանցիկ գործողության» կրողներին` թուրք թղթակցին և սպային: Ավանդական կամ թատերգության մեջ «ստանդարտ» համարվող վիճակն աստիճանաբար բեռնավորվում է, ձեռք բերում դիպաշարային ուշագրավ զարգացումներ` այսպիսով հասնելով պատերազմի և ժողովուրդների միջև թշնամական հարաբերությունների այպանմանն ու դատապարտմանը: Պիեսի գործողությունները ծավալվում են արցախյան պատերազմի ժամանակ, պատերազմն այն յուրատեսակ պաստառն է, որի վրա ուրվագծվում են մարդկային հարաբերությունները, աշխարհայացքներն ու բարոյական ըմբռնումները: Հենց բարոյական խնդիրներն են հետաքրքրել թատերագիր Կոմիտաս Դանիելյանին` տանելով դեպի մարդկային տարբեր ճակատագրերի և կենսաընկալումների յուրօրինակ բախումները: Պիեսի դիպաշարի հենց սկզբում` հեղինակը պատկերում է նկուղում պատսպարված մայր ու որդու, ովքեր իրավիճակի գերության մեջ են հայտնվել պատերազմի պատճառով: Մայրը հղի է, սակայն տեսնելով բակ մտած թուրք սպային ու թղթակցին` պատրաստ է զոհվել` հանուն որդու փրկության: Նախադրության մեջ ներկայացնելով հայ հղի կնոջն ու նրա որդուն, ապա նրանց ինքնովի հակադրելով թուրք սպային և թղթակցին` թատերագիրը դիպաշարը կառուցում է մարդկային այս ճակատագրերի յուրատիպ դրսևորումների վրա` պատկերելով հակամետ, իրար դեմ ելնող բարոյական և հոգեբանական նկարագրերը: Հայ տղան անձնազոհաբար պատրաստ է գնալ թշնամու գնդակին ընդառաջ` փրկելու համար իր մորը, մայրն էլ պատրաստ է զոհվել` այսպես կյանք պարգևելով իր որդուն: Մինչդեռ թուրք թղթակիցը տեղեկանալով այն մասին, որ սպայի մայրը հայուհի է` պարտադրում է նրան հրաժարվել իր մորից, վռնդել նրան իր տանից… Իրականության մեջ հանդիպող բազմաթիվ փաստերի գեղարվեստական-ստեղծագործության մեջ` թատերագիրը հասել է տպավորիչ-ցնցող հետևության. Նույն իրավիճակը տարբեր մարդկանց մոտ տարբեր վերաբերմունք է ծնում, եթե այդ վերաբերմունքի համար կան նախադրյալներ: Կենսաբանական վախը, արենակցությունը ժխտելու սովորույթը և կույր թշնամանքը սպային հանում են մոր դեմ, նա վերադառնում է տուն և վռնդում մորը` թույլ տալով, որ իր ազգակիցները ծաղրեն նրան, դեպի հայկական դիրքերն ուղարկեն ականապատ ճանապարհով… Հայ տղան, արհամարհելով մահը, սայլակի վրա հղի մորը հասցնում է յուրայինների մոտ` անլուր տանջանքների գնով… Թուրք սպան մորն ուղարկում է մեռնելու, հայ տղան` դեպի փրկություն: Թուրք սպան ենթարկվում է ցեղային բնազդներին, իսկ հայ տղայի համար կարևորը մոր փրկությունն է…
Երկու զուգահեռվող դիպաշարերը միավորելով` թատերագիրն իր ստեղծագործությունը ավարտում է նորածին մանկան ճիչը հնչեցնելով` այսպես բարեբանելով կյանքն ու հերոսությունը, այսպես հասնելով պաթետիկ վերջաբանի: Կառուցելով դրամատիկական դիպաշարն այս ճակատագրերի շեշտավորումների վրա` թատերագիրը չի դիմել բազմաճյուղ-բազմաշերտ գործողությունների, վիճակների և իրադրությունների, այլ ընտրելով որոշակի էպիկականությունը և համադրողականությունը` առավելապես ընդգծում է գաղափարական կենտրոնացումը, ամեն ինչ ծառայեցնում գաղափարական թեզի ամբողջացումին: Դրամատիկական կառույցը ներհյուսվել է վիպական կառույցի առանձնահատկություններին, կերպարաստեղծման հարցում ևս թատերագիրը միավորել է վիպականն ու դրամատիկականը` ստեղծելով կերպար-ճեպագծեր, որոնցից ամեն մեկն ունի իր համոզմունքն ու բնավորությունը: Կոմիտաս Դանիելյանը կառուցել է կտրւկ ու հակիրճ երկխոսություններ` հրաժարվելով մենախոսություններից, որոնք շատ հաճախ դառնում են կերպարների ներաշխարհների բացահայտման միջոց: Մենախոսությունները հնչում են միայն այն ժամանակ, երբ թատերագիրը խոսակցություն է ծավալում երկրի ու պատերազմի մասին: Այս հատվածներում ի հայտ է գալիս հրապարակախոսությունը, որը թատերագրի նախասիրած ոճերից մեկն է: Կտրուկ երկխոսությունները գործողություններին հաղորդում են ինքնատիպ շարժում, արագորեն առաջ մղում դիպաշարը` հոգեբանական բացատրություններն ու խորացումները տանելով դեպի ենթաշերտեր: Սա թատերագրի անհատական ոճն է, որն ի հայտ է գալիս նաև մեկ այլ` «Պըլը Պուղին Մոսկովում» քաղաքական պամֆլետում, որն աստիճանաբար վերաճում է հերոսական դրամայի` գործողությունների առանցքը բերելով ղարաբաղյան հայտնի սրախոս Պուղիին և Անդրանիկ Օզանյանին:
Ազգային պատմության հանդեպ թատերագրի ջերմ սերն ու նվիրումը հիշատակված ստեղծագործություններում դիտարկված են արցախյան շրջագծի մեջ` Արցախն ու նրա թեման դարձնելով գրողական հետաքրքրության նյութը: Նյութի մատուցման համար Կոմիտաս Դանիելյանն ընտրել է ինքնատիպ դիպաշարեր, մի դեպքում բուն պատերազմական իրադրությունից բխեցրել դրամատիկական պատմությունը, մյուս դեպքում կիրառել չափազանց հետաքրքիր մտահղացում` դիպաշարի շրջանակ բերելով պատմական կերպարների` ԽՍՀՄ առաջնորդների, որոնցից յուրաքանչյուրն ինքնովի է վնասել ղարաբաղյան խնդրի լուծմանը: «Մենք մեր սարերն ենք» դրամատիկական երկի հերոսները մտացածին են` անպայմանորեն ունենալով իրենց նախատիպերը, մինչդեռ «Պըլը Պուղին Մոսկովում» պիեսում բոլորն իրական հերոսներ են, ովքեր հայտնվում են անհավանական իրադրության մեջ` շփվելով Պուղիի հետ, ով տոգորված ժողովրդական իմաստությամբ` խղճի դատի է կոչում ամեն մեկին` յուրովի ներկայացնելով պատմական իրադարձությունները, որոնք ի վերջո հանգեցրին Արցախի ազատագրական պայքարին: Գրողի երևակայությունը երկնել է այնպիսի դրվագ-հանդիպումներ, որոնք զարմացնում են իրենց կրկնաբևեռությամբ. պատմական ստույգ փաստ և երգիծականություն: Ահա այն գեղարվեստական պարադոքսը, որն էլ այս ստեղծագործության համար ինքնատիպ հենք է հանդիսացել:
Պատմական-իրական անհատի կերպարներն են դարձել «Տո լաճ տնավեր» դրամայի առանցքը, որի գործողությունները կատարվում են 1915-ին, Ցեղասպանության դժնակ օրերին, երբ միլիոնավոր մարդիկ ոչնչացվեցին, բռնաբարվեցին, ուղարկվեցին սիրիական անապատներ, մեռան բանտերում և աքսորի ճանապարհին: Թատերագիրը անդրադարձ է կատարել հայ մտավորականությանը` առանձնացնելով Ռուբեն Սևակին` բժշկին, ով փրկեց թուրք փաշայի դստեր կյանքը, սակայն հրաժարվեց իրեն տրված ազատությունից: Նա չէր կարող հայտնվել ազատության մեջ և ապրել հագիստ խղճով, երբ սպանվում էին իր ընկերները: Խղճի ազատություն. ահա ինչի էր ձգտում Ռուբեն Սևակը և հանուն որի էլ նա գնում է դեպի գիտակցված մահ: Թատերագիրը դիմել է ինքնատիպ հնարքի` բեմականացնելով Հրանտ Հրահանի «Խոսում են անմահները» վեպի որոշ հատվածներ` դրանց գումարելով սեփական հղացումներն ու սեփական դիպաշարը: Հրանտ Հրահանի վեպն առաջիններից մեկն էր նորագույն շրջանի մեր գրականության մեջ, որը ներկայացրեց Ցեղասպանությունը, պատկերեց հայ մտավորականներին, որոնք սպանվեցին ու անարգվեցին` երբեք չդավաճանելով իրենց արյան կանչին և արմատներին: Ընտրելով Ռուբեն Սևակին իբրև հերոս և դրամատիկական պատումի առանցք` Կոմիտաս Դանիելյանը միավորել է պատմական քրոնիկոնը գեղարվեստական ստեղծագործությանը` ներկայացնելով նաև թուրք փաշայի դստեր` Լաթիֆայի սիրո պատմությունը: Քաղաքականությունն ու սիրո նրբահյուս պատմությունն այստեղ մեկտեղվել են, չափազանց դիտարժան դարձրել դրամատիկական երկը, որը Ցեղասպանության մասին գրված լավագույն դրամատիկական ստեղծագործություններից է, ուր կերպարների խորքայնությունը, դիպաշարային գծի շարժուն ընթացքը ներկայացնում են ավարտուն և ամբողջական դրամա: Եթե «Մենք մեր սարերն ենք» դրամայում ակնառու է դառնում հանդարտ պատմողականությունը, ապա այստեղ քրոնիկոնը բեռնավորվում է ողբերգությանը բնորոշ տարրերով, խոր հոգեբանականությամբ:
Կոմիտաս Դանիելյանի երեք պիեսն էլ, որոնք ներկայացվում են ընթերցողին, ունեն իրենց յուրահատուկ կոմպոզիցիոն լուծումներն ու առանձնահատկությունները, դրանք աչքի են ընկնում թատերայնությամբ, հրաշալի բեմազգացությամբ: Ուստի, վստահորեն կարելի է ասել, որ ստեղծվել է ինքնահատուկ բեմական գրականություն, որը հարստացնում է մեր պատկերացումներն արդի հայ դրամայի մասին և արցախյան թատերգության մեջ ձևավորում մի նոր հանգրվան:

Տարածել

Պատասխանել