Արիս ԱՐՍԵՆԻ | ԳՐԱՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ՝ ՀԱՄԸՆԴԳՐԿՈՒՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐՈՎ

0

Արիս ԱրսենիԶինաիդա Առաքելյան-Բալայանը բանաստեղծությամբ մտավ գրական-գիտական աշխարհ։ Տպագրված առաջին գիրքն էլ բանաստեղծությունների ժողովածու էր՝ «Շառավիղեալն» (1995 թ.) խորագրով, երկրորդը՝ «Վիրակապ չհանդուրժող թևը» (2003 թ.)՝ պատմվածքների։ Երրորդ գրքից բացազատվեց գրականագիտական, քննավերլուծական վաղուց արդեն ի հայտ եկած առանձնահատկությունն ու լիովին ամրապնդեց դիրքերը։
Կարծում եմ, ընթերցողը ծանոթ է Զ. Առաքելյան-Բալայանի ոչ միայն գիտական, այլև գեղարվեստական ստեղծագործողի կերպարին, ուստի, չծանրանալով գեղարվեստական ստեղծագործությունների վերլուծության վրա, ուզում եմ միանգամից անցնել հեղինակի գրականագիտական, քննավերլուծական գործերին։

2004 թվականին էր, երբ ընթերցողի սեղանին դրեց «Արցախը 19-րդ դարի գրականության մեջ և մշակույթում» ուսումնասիրության առաջին գիրքը, որը հանդիսանում է Պլատոն Զուբովի «Ղարաբաղի աստղագետը» պատմավեպի պատմաբանասիրական քննական տեսությունը։
Ռուս հայտնի հեղինակի 1830-ին Մոսկվայում հրատարակված այդ պատմավեպը, որը հայ ընթերցողի սեփականությունն է դարձել դեռևս 1882-ին, Րաֆֆու թարգմանությամբ, ծանոթագրություններով ու ծավալուն առաջաբանով, Զինաիդա Առաքելյան-Բալայանը պատմաբանասիրական քննական վերլուծության է ենթարկում՝ «քննական զուգորդումներով բացահայտելով պատմական երկին հատուկ ժանրային ինքնատիպ միտումները, կերպարային, սյուժետային, պատմական իրողությունների ներդաշնակությունն ու գեղարվեստականացման հնարքները»։
Հայտնի է, որ ռուս հեղինակի նշված գործը ներկայացնում է Արցախի պատմության կարևորագույն շրջաններից մեկը, թերևս՝ ամենակարևորը, քանի որ այն առնչվում է այնպիսի հանգամանքների հետ, ինչպիսիք են պետականության էանիշ հանդիսացող մելիքությունների գործունեությունը, հայկական վաղնջական Շուշի բերդաքաղաքի՝ օտար տարրի կողմից տնօրինումն ու, ինչու՝ չէ, նաև, իբր, նրանց կողմից հիմնադրված լինելու հանգամանքը։
Պլատոն Զուբովը կարողացել է հավաստիորեն ներկայացնել տվյալ ժամանակաշրջանի արցախահայ կյանքը։ Պատմավիպասան Րաֆֆու բնորոշմամբ՝ «արևելյան կենաքը նկարված է իր պարզ, նահապետական գույներով» և «բաւական ճիշտ կերպարով պատկերացնում է մեզ այն աղէտալի հանգամանքները, որոնք Ղարաբաղի հայկական իշխանութիւնների քայքայման և անկման պատճառը դարձան»։
Նպատակ ունենալով՝ վանել մոռացության շղարշը պրոֆեսոր Պ. Զուբովի հայտնի գործից, որին Րաֆֆուց հետո ոչ-ոք այլևս չանդրադարձավ, Զինաիդա Առաքելյան-Բալայանը համակողմանի վերլուծության է ենթարկում այն, առաջնային ասպեկտ համարելով հայախոսական-արցախախոսական քաղաքական կշռույթի հակվածությունը, արցախագիտության վերաբերյալ մշակվող գաղափարակարգը, պատմավեպի հեղինակի ընդգծված ներքին համակրանքը արցախահայության նկատմամբ, և, ինչու չէ՝ նաև քննվող ժամանակաշրջանը, որը որքան բարդ էր ու հակասական, նույնքան էլ հերոսական էր ու հայրենասիրության ոգով տոգորված։
Զինաիդա Առաքելյան-Բալայանի ուսումնասիրությունը կատարված է լայն պատմաաշխարհագրական, հասարակական-քաղաքական, էթնիկ-ազգագրական, գրական-գիտական հարաբերություններ-առնչությունների լույսի ներքո, և միանգամայն հասկանալի է ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը, երբ ասում է. «Ինձ պարզապես զարմացրեց հսկայական այն աշխատանքը, որ կատարել է Զինաիդա Բալայանը «Ղարաբաղի աստղագետը» պատմավեպի հետ առնչվող բոլոր հարցերի, փակագծերի ու պատմական հղումների բացահայտման ուղղությամբ»։
««Զուբովի վեպը Զինաիդա Բալայանը քննաբանում է բնագրագիտական լայն առնչությունների մեջ, ստեղծելով պատմաբանասիրական մի ուսումնասիրություն, որը թեմայի ընդհանուր կառուցվածքի մաս լինելով հանդերձ, ունի ամբողջական ու վերջավորված գիտադրույթ։ Հեղինակը բացահայտում է բազմաթիվ նորահայտ էջեր գրողի կենսագրության, վեպի ստեղծագործական պատմության, ինչպես նաև՝ մելիքությունների փոխհարաբերությունների ու երկրամասի ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ»,- գրախոսելով գիրքը՝ գրել է Ս. Սարինյանը, միաժամանակ՝ ավելացնելով, որ աշխատանքն, իրոք, կատարված է աղբյուրագիտական հմտությամբ և գիտական լուրջ արժեք է ներկայացնում։
Լինելով Պ. Զուբովի պատմավեպի առաջին ընդգրկուն ու համապարփակ քննախոսը (Րաֆֆու հայտնի առաջաբանից հետո), ուսումնասիրության հեղինակը կարողացել է իրականցնել իր առջև դրված խնդիրը՝ ներկայացնել քննախոսվող ժամանակաշրջանի Արցախի իրական պատկերը, համակարգել պատմավեպի սյուժեն, կերպարները։ Ուսումնասիրության մեջ համակողմանի քննավերլուծության են ենթարկվել պատմավեպի հիմնական գործող հերոսների (մելիք Շահնազար 2-րդ, աստղագետ Հասան, մելիք Ջումշուդ, Սալիհա, մելիք Հյուսեին, Փանահ խան) կերպարները, տրվել են նրանց իրական կերպավորումները։ Եվ, ինչպես գրքի խմբագիր և գրախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահրամ Բալայանն է նկատում, Զ. Առաքելյան-Բալայանը «…քննության առարկա դարձնելով նմանօրինակ հակասական մի ժամանակահատված, տարիների երկարատև պրպտումների և որոնումների շնորհիվ ընթերցողի սեղանին է դրել արժեքավոր մի գործ՝ պատմաբանասիրական ուսումնասիրություն։ Աշխատության մեջ նախանձելի բծախնդրությամբ հեղինակը հետամուտ է եղել ժամանակագրությանը։ Ամեն մի նշանավոր անձի՝ մելիքի գահակալությունն աշխատել է որոշել ժամանակագրությամբ»։ Հետաքրքիր է նաև Վ. Բալայանի հետևությունը, համոզմունքն առ այն, որ պատմությունը ուսումնասիրության հեղինակի համար ոչ թե սոսկ անցքերի դասավորություն է, «այլ մի գիրք, որտեղ իրադարձությունները պետք է լուսաբանված լինեն, անձերը՝ գնահատված, մի գիրք, որն ընթերցողին պետք է ուղեցույց լինի կյանքի մեջ, առաջնորդելով նրան դեպի առաքինություն և հայրենասիրություն»։
Համապարփակ է ասված և լիովին ներկայացնում է հեղինակի գործը։
Ավելացնենք միայն, որ գիրքը լրացված է հավելվածներով (վավերագրեր, նամակներ, վկայություններ, լուսանկարներ, այլ փաստաթղթերի լուսապատճեններ) և ծանոթագրություններով։ Հեղինակն օգտագործել է թեմայի հետ առնչվող բոլոր սկզբնաղբյուրներն ու քննական-տեսական գրականությունը, պարբերական մամուլ, արխիվներ։
Ուսումնասիրության հասցեագրման շրջանակը ևս բավականին լայն է (արցախագիտությամբ զբաղվող բանասերներ ու պատմաբաններ, ազգագրագետներ ու մշակութաբաններ, ուսանողներ ու… պարզապես՝ ընթերցողներ)։

«Մեսրոպ Մաշտոց երևույթը և հայոց ազգային գաղափարաբանության բարդույթը» աշխատությունը գիտամեթոդական ձեռնարկ-ուսումնասիրություն է հանրակրթական դպրոցների աշակերտների և բուհերի ուսանողների համար, տպագրվել է Ստեփանակերտի «Սոնա» գրահրատարակչության կողմից, 2006-ին։
Զինաիդա Առաքելյան-Բալայանն այս գործով փորձել է ներկայացնել նախ այն դրդապատճառները, որոնք ստիպել են Մեսրոպ Մաշտոցին՝ ծավալել «բուռն ու բազմաշերտ գործունեություն», որի հիմնական առանցքն ազգային գաղափարաբանությունն է, ինչպես նաև՝ քրիստոնյա ազգերի՝ մեկ միասնական գաղափարի շուրջ համախմբումը։
Թերևս ազգային պետություն չունեցող ժողովրդի համար կորստարար երևույթ էր հունական, բյուզանդական, պարսկական ազդեցությունների ոլորտում մնալը։ Ուստի, ժամանակի անհրաժեշտությունը մնում էր ազգային գաղափարաբանական էանիշների երևան հանումը։ Ինչպե՞ս կարող էր ժողովուրդը որպես ազգ գոյատևել առանց ազգային դիմագծի, իսկ ինչպե՞ս պահպանել ազգային դիմագիծն՝ առանց ազգային էանիշների։ Եվ, ահա, մտահղացումը ազգային գրերի գյուտի, որ գտնվեց ժամանակին, անհրաժեշտ էր իրագործել անհապաղ, այլապես՝ հապաղումը կարող էր կործանարար լինել։
Մեսրոպ Մաշտոց երևույթի և հայոց ազգային գաղափարաբանության բարդույթի համադրմանն ու գիտական վերլուծմանը զուգահեռ՝ Զ. Առաքելյան-Բալայանը ներկայացնում է Մեսրոպ Մաշտոցի կերպարի քննման, ուսուցման, ինչպես նաև՝ գնահատման ժամանակակից մեկնաբանությունը։
«Կան երեւույթներ,- գրում է հեղինակը,- որոնց ցոլացումը պատմության մեջ դառնում է ժամանակագիր, ժամանակացուց, որոնք նշանավորում են հասարակության առաջընթացը, գյուտելու մեջ գծելով հասարակականի, քաղաքականի, մշակույթի՝ ազգագրության, կրթության, դպրության (գրական այլևայլ ժանրատեսակներ), գոյատևումի օղակները, ամբողջության մեջ ամփոփելով հեղաշրջումի, հեղափոխականության բարդույթը…»։
Մեսրոպ Մաշտոցն, իրոք, այդպիսի մի երևույթ էր, որ այնպես պարզ և համակողմանիորեն ուսումնասիրվել է ուսումնասիրողի կողմից։

2006 թվականին լույս ընծայված «Սերգեյ Սարինյանի քննահամակարգը» գրքի հանձնարարականը հուշում է, որ «ուսումնասիրության մեջ առաջին անգամ մեկնության և գնահատման են ներկայացված հայ գրաքննադատական ակադեմիական դպրոցի կարկառուն և նորարար ներկայացուցչի, գրականության պատմաբանի, տեսաբան-քննադատի, մեթոդաբան-մանկավարժի՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ս. Ն. Սարինյանի քննահամակարգի սահմանները»։
Արդիական մեթոդական հրատապ հնչողություն ունեցող ուսումնասիրությունը հասցեագրված է ինչպես գիտությամբ զբաղվողներին և ուսանողությանը, այնպես էլ՝ ընթերցողական լայն շրջանակներին։
Դեռևս ժամանակին Պարույր Սևակն է «հասկացել», որ «Ս. Սարինյանի հետ մրցել ցանկացողը առնվազն պետք է շատ զգույշ լինի» և խոստովանել, որ չի կարողանում որսալ նրա բնույթը, «ինքն է ու իր սիստեմը»։ Պարույրսևակյան հիանալի բնորոշմամբ՝ «Ս. Սարինյանի լեզուն գիտական է և կուռ, բնորոշումները՝ դիպուկ»։
Զ. Առաքելյան-Բալայանն էլ՝ իր հերթին փորձելով պարզաբանել-ներկայացնել ակադեմիկոսի քննահամակարգը, բացահայտում է նրա նորարարական խիզախումները, գրականության որոշակի ընդհանրությունների՝ գիտականության բերելը, փորձում պատասխանել այն հարցին, թե «ո՞վ է Ս. Սարինյանը՝ ժամանակաչափակիր ու չափախախտ, չափադիր անհատականությունը» և կետ առ կետ վերլուծում նրա՝ որպես գիտնականի, «մտախառնվածքային գծակիր» ֆենոմենի, կրթական-մանկավարժական-մշակութային, հասարակական-քաղաքական գործչի կերպարը։ Հետազոտողին հաջողվել է համակողմանի ուսումնասիրության արդյունքում ստանալ իր հարցի պատասխանը և հասցնել ընթերցողին։
Հետազոտության մեջ ընթերցողի առաջ պարզորոշ դիմագծվում է բազմաշերտ մտածողությամբ ու բազմաբնույթ «հերքում-եղծումի անողոք, անկասելի ուժով առլեցուն ու թրծված» տեսաբանի ոգեղենն ու տեսլականը։
Գրքում տեղ են գտել նաև Ս. Սարինյանի՝ գրականության հարցերին ու ազգային գաղափարաբանությանը վերաբերող մի շարք ասույթներ, ինչպես նաև՝ գրականության գործիչների՝ Ս. Սարինյանի մասին արված բազմաթիվ հեղինակավոր կարծիքներ, լուսանկարներ։
Մնում է հուսալ, որ «Արցախը 19-րդ դարի գրականության մեջ և մշակույթում» ուսումնասիրության հաջորդ երեք գրքերի («Արցախը Րաֆֆու պատմաբանասիրափիլիսոփայական քննահամակարգում», «Խամսայի մելիքությունները», «Ռուզան») տպագրության գործը ևս շատ չի ուշանա, ժամանակին ընթերցողին կհասնեն նաև նրա մյուս պրպտումները գրականագիտության ոլորտում։

Տարածել

Պատասխանել