Հայտարարություն

0
Մենք լրջորեն մտահոգված ենք ՀՀ կրթության համակարգում նախատեսվող փոփոխություններով և լրացումներով, որոնք ինչպես ակնկալվում են քննարկումների գործընթացից, ոչ թե նպաստելու են օրենսդրական դաշտի բարելավմանը, այլ` ընդհակառակը, վտանգելու են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքային մի շարք կարևոր դրույթներ (խոսքը մասնավորապես վերաբերում է Գլխավոր օրենքի 12-րդ հոդվածին):
Թե Հայաստանում, թե Արցախում պետական լեզուն հայերենն է, ինչը ենթադրում է, որ պետական բոլոր կառույցներում լեզվաքաղաքական գործառույթները պետք է իրականացվեն բացառապես մայրենի լեզվով: Ցավոք, լեզվի և հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերից ակնհայտ է դառնում, որ Ազգային Ժողովի հաստատմանն ուղարկված այդ նախագծերը, փաստորեն, հակասում է ՀՀ «Լեզվի մասին» օրենքին և անարգել ճանապարհ բացում օտարալեզու դպրոցների ցանցի ընդլայնման համար` վտանգելով աշակերտների հայեցի կրթությունն ու դաստիարակությունը:
Մեր համոզմամբ, դպրոցը պետք է լինի ազգային, որի հիմքի վրա կարող են և կազմավորվել օտար լեզուների դասավարդման որոշակի չափաբաժիններ, այլապես վերջիններիս գործունեությունը կդառնա անկառավարելի: Ասել է թե` կրթությունը դպրոցներում պետք է համահունչ լինի օրենքի տարրին և իրականացվի միմիայն մայրենի լեզվով, քանի որ հենց դա է հանդիսանում երեխայի հայեցի դաստիարակության, աշխարհայացքի ձևավորման, անհատի և նրա մտածողության կազմավորման առաջին և անվիճելի նախապայմանը:
Արցախի գրողները կտրականապես դեմ են ՀՀ խորհրդարանում շրջանառվող նախագծերին: Մենք համոզված ենք, որ ՀՀ ԱԺ պատգամավորները թույլ չեն տա, որպեսզի վտանգվի մեր գոյության և լինելության հիմքերի հիմքը` մայրենին:
4 հունիսի, 2010 թ.
«Գրական թերթ»
Տարածել

Մեկնաբանություններն անջատված է: