Գանձասար / Արաբական պոեզիայի օր

0
0% Awesome
  • User Ratings (0 Votes) 0 %

Պոեզիայի արցախյան երկրորդ միջազգային փառատոնի մասնակիցները հոկտեմբերի 22-ին այցելեցին Գանձասար: Մոմավառությունից հետո «Ծովեն քարում» տեղի ունեցավ արաբական պոեզիայի ժամ:

«Իմ հայացքը Արցախի նկատմամբ հիացմունքի եւ ամբողջական վերացումի հայացք է, եւ ես գեղարվեստականորեն խոր ցնցում ապրեցի: Այս փառատոնն ավելացնելու է այն, ինչ որ Արցախն ավելացրեց իբրեւ գեղեցկություն, որովհետեւ ես Արցախի բնության մեջ զանազան նոր գույներ հայտնաբերեցի եւ այս փառատոնի ընթացքում հայտնագործեցի նոր մարդիկ, որոնք միշտ մնալու են իմ հիշողության մեջ: Եվ ես երբ վերադառնամ Լիբանան, քանի որ նաեւ նկարիչ եմ, իմ երանգապնակը կհարստանա արցախյան նոր գույներով »,-տպավորված Գանձասարով եւ, առհասարակ, Արցախով՝ մեզ հետ զրույցում անկեղծացավ արաբ բանաստեղծ Աթհամ Աթ Դիմաշկին (Լիբանան):
Կարեւորելով պոեզիայի միջազգային փառատոնի անցկացումը Արցախում՝ լիբանանահայ բանաստեղծ, թարգմանիչ Սարգիս Կիրակոսյանը մի քանի կարեւոր շեշտադրումներ է առանձնացնում.
-Այս փառատոնը՝ իբրեւ շարունակությունը առաջին փառատոնի, կարող ենք ասել,հայ բանաստեղծության միջազգայնացման նախաձեռնության ոսկե շղթայի երկրորդ օղակն է: Այս փառատոնը ես դիտում եմ իր երկու երեսներով՝ ե՛ւ գեղարվեստական, ե՛ւ քաղաքական:
Որովհետեւ ես հավատում եմ, որ յուրաքանչյուր գրող, որ եկել է այլ երկրից, երբ վերադառնա իր հայրենիքը, անպայման իր հետ տանելու է ոչ միայն արցախյան հուշեր, այլեւ իրենց ժողովուրդներին ներկայացնելու է մեր մարտնչող, ազատատենչ, նորանկախ Արցախի Հանրապետության գոյանալու, կայանալու համամարդկային իրավունքը՝ հայկական իրավունք լինելուց առաջ,-ասաց Սարգիս Կիրակոսյանը:
Վանք գյուղի «Ծովեն քարում» արաբական պոեզիան արաբական երաժշտության հնչյունների ներքո ներկայացրին լիբանանցի բանաստեղծներ Աբդո Լաբաքին, Աթհամ Դիմաշկին եւ լիբանանահայ բանաստեղծ ու թարգմանիչ Սարգիս Կիրակոսյանը:
«Պատահական չէ, որ այսօրվա միջոցառումը նվիրվում է արաբական պոեզիային: Այսօր աշխարհում արաբական պոեզիան լավագույններից մեկն է,-նշեց Արցախի ԳՄ նախագահ Վ. Հակոբյանը,-Հայաստանը եւ Լիբանանը սերտ կապերի մեջ են: Մեր ժողովրդի ամենածանր պահին՝ 1915 թ. եղեռնի ժամանակ, արաբական անապատներում արաբները կանգնել են մեր ժողովրդի կողքին եւ եղբայրություն արել»:
Արաբական պոեզիա վայելելուց հետո իրենց ստեղծագործություններից կարդացին նաեւ մյուս հեղինակները՝ Վիլհելմ Բարչ (Գերմանիա), Աննա Սանտոլիքուիդո (Իտալիա), Լյուբիցա Միլետիչ (Սերբիա), Մարիոս Կելառու (Ռումինիա), Դարիուս Թոմաս Լեբիոդա (Լեհաստան), Կալինա Իզաբելա Զիոլա (Լեհաստան), Վանյա Անգելովա (Բուլղարիա), Գագիկ Դավթյան (Հայաստան), Էդուարդ Սաֆարյան (Հայաստան) եւ ուրիշներ:

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ
Օրվա երկրորդ կեսին Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանում տեղի ունեցավ սիմպոզիում՝ «Բանաստեղծությունը եւ տիեզերական շարժումը» թեմայով: Զեկուցումներով հանդես եկան փառատոնի մասնակիցները՝ գրականագետ Արմեն Ավանեսյանը, Մարիուս Չելառուն, Աբդո Լաբաքին, Աթհամ Աթ Դիմաշկին, Սարգիս Կիրակոսյանը, Աննա Սանտոլիքուիդոն, Արշակ Տեր-Մարգարյանը, Վիլհելմ Բարչը, Դարիուս Թոմաս Լեբիոդան, Կալինա Իզաբելա Զիոլան, Սոկրատ Խանյանը:
Լեհ գրող Դարիուս Թոմաս Լեբիոդան Լեհաստան այցելության եւ եվրոպական մշակույթի զարգացման գործում ունեցած ներդրման համար մրցանակներ ու հուշամեդալներ հանձնեց բանաստեղծներ Վարդան Հակոբյանին եւ Հրանտ Ալեքսանյանին:
Իտալացի բանաստեղծուհի Աննա Սանտոլիքուիդոն խորհրդանշական նվեր հանձնեց Արցախի ԳՄ նախագահին՝ գրականության զարգացման գործում ունեցած ավանդի համար:
Լեհ բանաստեղծուհի Կալինա Իզաբելա Զիոլան կանանց միջազգային ասոցիացիայի կողմից դիպլոմ եւ մրցանակ հանձնեց երիտասարդ բանաստեղծուհի Սոնա Համբարձումյանին: Բանաստեղծ Էդուարդ Սաֆարյանը պարգեւատրվեց ԼՂՀ վարչապետի հուշամեդալով, որը նրան հանձնեց Վ. Հակոբյանը:
Ամփոփելով պոեզիայի արցախյան երկրորդ միջազգային փառատոնի աշխատանքները՝ Արցախի ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը փառատոնի մասնակիցներին հանձնեց փառատոնի դափնեկրի դիպլոմներ եւ դրամական պարգեւ՝ համոզմունք հայտնելով, որ փառատոնի մասնակիցները, վերադառնալով իրենց երկրները, միշտ կհիշեն Արցախը եւ կմտածեն Արցախի մասին:

Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ

Տարածել

Պատասխանել