ՀՀ ԳՄ ՆԱԽԱԳԱՀԸ ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՏՈՆԻՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԷՐ

0

grqi orԲարի ավանդույթ է դարձել փետրվարի 19- ին Մեծ Լոռեցու՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշել որպես գիրք նվիրելու օր: Գիրք նվիրելու օրը տոնի էր վերածվել Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում, որտեղ արցախցի ընթերցողի հետ հանդիպելու էին եկել ՀՀ ԳՄ նախագահ, գրող Էդվարդ Միլիտոնյանը, ճանաչված գրող, Արցախյան շարժման ակտիվիստ Էդվարդ Սաֆարյանը: Արցախի Գրողների միության նախաձեռնությամբ կայացած հանդիպմանը ներկա էին նաեւ Արցախի ԳՄ նախագահ, համալսարանի ռեկտոր Վարդան Հակոբյանը, գրողներ, մտավորականներ, ուսանողներ, ընթերցասեր հասարակայնության ներկայացուցիչներ:
Բացելով միջոցառումը՝ Վարդան Հակոբյանը շնորհավորեց ներկաներին Ամենայն Հայոց բանաստեղծի ծննդյան եւ գիրք նվիրելու տոնի առթիվ՝ իր «Զատիկը ջրավազանի հատակին» վեպը նվիրելով Էդ. Միլիտոնյանին:
Իր խոսքում ՀՀ ԳՄ նախագահը նշեց, որ Գիրք նվիրելու օրը հայոց աշխարհում արդեն վերածվել է տոնի: Նա տեղեկացրեց նաեւ, որ առաջիկայում նախատեսվում է մեծ թվով նոր գրքեր նվիրել Արցախի գրադարաններին, որոնք դրա կարիքն ունեն:
Էդվարդ Միլիտոնյանը գրքեր նվիրեց համալսարանի գրադարանին եւ ներկաներին: Հաճելի անակնկալ մատուցվեց նաեւ Արցախի մի խումբ գրողների: էդվարդ Միլիտոնյանը ՀՀ Գրողների միության անդամության տոմս հանձնեց Աշոտ Բեգլարյանին, Հովիկ Մուսայելյանին, Վարդգես Բաղրյանին, Ալիսա Բաղդասարյանին եւ Տաթեւիկ Սողոմոնյանին՝ մաղթելով ստեղծագործական բեղուն գործունեություն:
Անցյալ տարի բանաստեղծ Ռոբերտ Եսայանն իր «Ոգու թռչունների հայրենիքում» գրքի համար պոեզիայի բնագավառում արժանացել է ՀՀ ԳՄ հատուկ գրական մրցանակին: Շնորհավորելով եւ մրցանակը հանձնելով Ռ. Եսայանին՝ ՀՀ ԳՄ նախագահը մաղթեց նրան նոր գրքեր, նոր մրցանակներ՝ իր խոսքում շեշտելով, որ մեկ գրական դաշտում են թե Հայաստանի, թե Սփյուռքի, թե Արցախի, թե Ջավախքի գրողները:
«Հետաքրքիր մտածողություն կա այստեղ՝ համաշխարհային գրականության եւ Արցախի կենսափորձի միավորումով,-նշեց ՀՀ ԳՄ նախագահը եւ հավելեց,- Հատկապես Արցախի կենսափորձը՝ դժվար տարիների, մեծ հեղաբեկումների, անցումների, կացութաձեւերի փոփոխությամբ, եւ բնականաբար, այդ ամենն անդրադառնում է գրողի ստեղծագործության մեջ, եթե իհարկե գրողը կարողանում է իր կենսափորձը դարձնել գրականություն»:
Շնորհավորանքի խոսք ասաց նաեւ գրող Էդվարդ Սաֆարյանը, ով, անկեղծանալով, խոստովանեց, որ ամեն անգամ գալով հայրենիք՝ Արցախ ներքին խանդաղատանք է ապրում: Նրա խոսքով՝ գրողի ամենակարեւոր առաքելությունն է լինել ազնիվ ինքն իր հետ: Եթե գրողը ինքն իր հետ ազնիվ չեղավ ու խաբեց իրեն, ուրմն բոլորին էլ կխաբի: Գրականության ամենակարեւոր սկզբունքը ներաշխարհի ազնվությունն է:
Արցախյան շարժման տարեգիր, գրող, լրագրող Վարդգես Բաղրյանն իր խոսքում նշեց, որ պատվաբեր է լինել ՀՀ Գրողների միության անդամ եւ անդամության տոմս ստանալ հենց Թումանյանի ծննդյան օրն ու գիրք նվիրելու տոնին: Փետրվարը առհասարակ հայության համար 88-ից հետո դարձել է հատուկ անուն: Վարդգես Բաղրյանը ներկաներին շնորհավորեց նաեւ Արցախյան շարժման 26-ամյակի կապակցությամբ:
-Ղարաբաղյան շարժումը եկավ փրկելու ոչ միայն Ղարաբաղը, այլ նաեւ՝ Մայր Հայաստանը,- համոզմունք հայտնեց նա:
Սրտի խոսք ասաց նաեւ բանաստեղծ Ռոբերտ Եսայանը. «Արցախյան շարժումը բերեց նաեւ գրական շարժում: Մենք մեր ստեղծած գրականությամբ պիտի այդ երակը միշտ բաբախուն պահենք, եւ գրականությունը՝ որպես ժողովրդի տեսողության դաշտ, որպես հոգու թրթիռ, պիտի միշտ հարազատ մնա նրա անցած ճանապարհին»:
Գրողները պատասխանեցին ուսանողների հարցերին: Ընթերցողներն էլ գիրք նվիրելու տոնին գրքեր նվեր ստացան անմիջապես հեղինակների ձեռքից:

Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ

Տարածել

Պատասխանել