Վարդան Հակոբյան / Բացառիկ առաքելություն կամ խիզախման փիլիսոփայությունը

0

Ժամանակակիցները Գրիգոր Ներսիսյանին հիշում են որպես բազմակողմանիորեն զարգացած ու խիստ ինքնատիպ անհատականության: Եվ դա պատահական չէր: Երբ դեռ ուսանում էր Գրիգորը, նրա ծննդավայր Շուշիի դպրոցներում դասավանդում էին արվեստի ու գիտության նշանավոր դեմքեր: Շուշիի թեմականի կամ ռեալականի ցանկացած շրջանավարտ կարող էր իր գիտելիքներով ու բարձր իմացություններով (նաև լեզուների տիրապետման առումով) քննություն բռնել, ինչպես ասում են, եվրոպական ցանկացած առաջակարգ բուհում:

Մեծ քաղաք է փոքրիկ Շուշին… Շուշին` որպես թե առևտրային, թե հայ մշակութային կենտրոն, իր վրա էր բևեռել աշխարհի ուշադրությունը: Գրականությունը, թատրոնը, երաժշտությունը, կերպարվեստը, կրթությունը, հրատարակչական գործը, արհեստները զարգանում էին թափով: Քաղաքում լույս էին ընծայվում քսանից ավելի պարբերականներ: Թեմական դպրոցը, երբ այստեղ սովորում էր Գր. Ներսիսյանը, մոտ 400 աշակերտ ուներ: Եռուն կյանքով էր ապրում քաղաքը: Ականավոր հայ մտավորականների ներկայությունը, բնականաբար, փոխում էր քաղաքի դեմքը: Ղ. Աղայան, Մուրացան, Լեո, Պ. Պռոշյան, Հ. Աճառյան, Հ. Գյուլքևխյան, Հ. Աբելյան, Ս. Մանդինյան, Լ. Մանվելյան, Ա. Հովհաննիսյան, Գ. Չմշկյան, Խ. Ստեփանե… այսպես կարելի է երկար թվարկել պետական, գրական-թատերական, կրթամշակութային ու քաղաքական-հասարակական այն գործիչների անունները, ովքեր իրենց նվիրական մասնակցությամբ նպաստել են հոգևոր կյանքի ընդհանուր առաջընթացին: Նման մթնոլորտը չէր կարող իր բարերար դերակատարությունը չունենալ պատանի Գրիգորի աշխարհայացքի մշակման, նախասիրությունների ձևավորման գործում:[1] Սկսվել էր ինքնաորոնման մի շրջան, որը յուրովի էր անդրադառնում միանգամից կյանքի դժվարին հորձանուտներում հայտնված պատանու ներքնաշխարհի վրա, մանավանդ, երբ ինքնաորոնմանն ու ինքնաճանաչմանը զուգահեռ ընթացող պրոցեսները նրան տանում էին դեպի անսովորի պոետական հայտնությունը: Այստեղ զգալի դեր խաղաց նրա մեծ ժամանակակցի` Չարենցի բարերար ազդեցությունը:
Մեր ազգային արվեստի, գրականության, գիտության, մանկավարժության և մյուս ոլորտներին նվիրական շատ դեմքեր է տվել Շուշին, մի չքնաղ բնօրրան` «ադամանդյա մարգարիտը» Արցախի: Ծխական, այնուհետև, թեմական դպրոցում ուսանած Գրիգորը, ով վաղ տարիքից աչքի էր ընկնում հայոց մուսաների քաղաք Շուշիի «զավակացն հատուկ» բոլոր բարեմասնություններով, մի քանի տարի դասավանդում է Արցախի դպրոցներում ու ռեալականում, այնուհետև մեկնում, կրթությունը շարունակում է Ռուսաստանում: Նա Մոսկվայի, ապա` Սանկտ-Պետերբուրգի տարբեր բուհերում առևտրի և փիլիսոփայության հիմունքներ է ուսումնասիրում, ճանաչում արվեստի, գրականության ու գիտության ժամանակի երևելիներին, նրանց հետ հաղորդակցական կապերի մեջ մտնում: Սակայն ժամանակները ծանր ու անբարենպաստ էին, մանավանդ` մեր ժողովրդի համար, և Գրիգոր Ներսիսյանը վերադառնում Հայաստան, մանկավարժական աշխատանքի է անցնում Ալեքսանդրապոլի գավառի դպրոցներում: Դրան հաջորդում է նրա ութամյա ուսուցչական գործունեությունը Ղրիմի հայկական կրթօջախներում: Թեև ինքը հայրենիքից դուրս էր, բայց հայրենիքն իրենից դուրս չէր: Իսկ հետո… «Հետո»-ն նրան բերում է Արցախ, որտեղ և նա դառնում է ժողովրդի հոգևոր ու կրթամշակութային կյանքի առանցքը` շուրջը համախմբելով շնորհալի ու կարող ուժերին:
Տարիներ առաջ գրող ու մանկավարժ Իսահակ Ալավերդյանին, որը նույնպես հին շուշեցի էր, հաճախ էի «նեղում» իմ հետաքրքրասիրությամբ` ինչպիսի՞ բանաստեղծ էր Գրիգոր Ներսիսյանը: Նա մեծ տաղանդ էր` պատասխանում էր: Այդ դեպքում,-չէի նահանջում ես,- ինչո՞ւ է գրել «Վերադարձ» պոեմը, չէ՞ որ… Եվ Ի. Ալավերդյանն ասաց. «Իր այդ գործը Գրիգոր Ներսիսյանը տվել էր Վարպետին` կարդալու… Ու Իսահակյանն ինչ լինի պատասխանած` որ լավ լինի… Ասել է` Աբու Լալային ես այնպես եմ «ուղարկել», որ այլևս ոչ ոք նրան չի կարող վերադարձնել…»: Փոքր-ինչ լռելուց հետո զրուցակիցս, որի սրտում մինչև կյանքի վերջն էլ Շուշիի մրմուռն էր, հառաչեց. «Չէ, իսկապես, հզոր բանաստեղծ է Գրիգոր Ներսիսյանը… Պարզապես ժամանակը կերավ նրան, ինչպես և նրա նման շատ-շատերին: Եթե նրան թողնեին ապրեր, գիտե՞ս, ինչ գործեր կստեղծեր»…
Հիրավի, ճիշտ է ասված: Բայց Գրիգոր Ներսիսյանի ստեղծած-թողածն էլ ազգային արժեք է:
Գրիգոր Ներսիսյանի բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն` «Թախծոտ էջեր», լույս է տեսել 1911թ., երկրորդ գիրքը` «Խորտակված հույսեր», մեկ տարի հետո, երկուսն էլ` Շուշիում, առաջինը` Բ. Տեր-Սահակյանի, երկրորդը` Մ. Բաբաջանյանի տպարանում: Ավելի ուշ (1931թ.) արդեն «Հայպետհրատը» (Երևան) լույս է ընծայում բանաստեղծի «Գրբաց Բղդոն», մենիպեայի հին ու ավանդական ժանրի մի գործ, որը, սակայն, հեղինակը ներկայացնում է որպես արևելյան հեքիաթ: Գրական, գիտական ու մանկավարժական գործունեությունը Գրիգոր Ներսիսյանը համատեղում էր ներդաշնակ ձևով: Եվ քանի որ աշակերտությունն ուսումնական ձեռնարկների խիստ կարիք ուներ, նա զբաղվում էր նաև այդ աշխատանքով` կազմելով թելադրության և այլ կարգի ուսումնական ձեռնարկներ (դրանցից առանձին օրինակներ պահվում են Ռուսաստանի Ազգային գրադարանում):
Չարենցն անդրադառնալով ժամանակի գաղափարաբանության ու գեղագիտության խնդիրներին, կարևորել է գաղափարների գեղարվեստական մարմնավորման խնդիրը, շեշտելով, որ արվեստը պիտի լինի պարզ ու ինքնատիպ, ոչ երբեք «թեթև թմբուկային, պլակատային»: Հղացքի մեջ մոտեցումն իսկապես խորքային է, բնականորեն հանճարեղ է, բայց խոսքը (պատկերը) չվառվելու-չոչնչանալու պարտադիր «ապահովիչներ» է կրում իր մեջ, քանի որ իսկական գեղարվեստը բազմաթիվ ընկալումներ ու վերարտադրություններ ունի` բացահայտ ու ենթատեքստային, և միտքն անընդհատ հեռացնում է ճակատայնությունից. այլախոհության «ստվերներ» էին դիտվում և այնտեղ, ուր դրանք չկային (անկախ այն հանգամանքից, որ այլախոհությունը հենց այն ելակետն է, որից սկիզբ է առնում պատկերի խորությունն ու կենսունակությանը բնորոշ հակասությունը, ներքին կոնֆլիկտը): Այսինքն, իշխող ու միաբանյա գաղափարաբանությունն ստեղծել էր մի հարթություն, ուր «հակա»-ի մանգաղի տակ չընկնելու համար ամենաօժտյալ գրիչներն անգամ «գնում էին» դեպի հռետորականություն, դեպի ուղղակի խոսքը, ակամայից «ինքնապաշտպանության զրահներ» էին հագնում, մտքի դիմակահան֊դեսայնությունը (Մ. Բախտինը կասեր` կառնավալայնություն), որ դարերի փորձ ունի, անտեսվում էր (ինչ իմանար Հավատաքննիչը, թե ով կամ ինչ կա դիմակի տակ): Այդ ամենն արցախյան ժողովրդական մտածողության մեջ բավականին յուրօրինակ արտահայտություն է գտել. «Աքլորը բարձրացնում, տակը ձու էին փնտրում»: Եվ որքան էլ Չարենցը «Ժամանակի շունչը դառնալու» դավանանքային իր հավատամքն առաջ մղեր, այնուամենայնիվ, նրան դավաճանում էր ժամանակը և չէր դառնում իր «շունչը դարձած» պոետի շունչը… Սակայն դա մեծերին չէր խանգարում մեծ լինել, որքան «գիշերն ահարկու և սև», նրանք դառնում էին այնքան ավելի համառ ու տոկուն` լույսի ու ճշմարտության ի վերուստ շնորհված առաքելության մեջ:
Գրական ժանրը` անակրիզա, ասես որոշակի վերափոխման ենթարկվելով, գեղարվեստական գրավոր խոսքից տեղափոխվել ու հիմնավորվել էր բանավոր զրույցների մեջ, մեկը-մեկից մարդիկ միտք ու գաղափար էին դուրս քաշում` մինչև հատակը «ստուգելով» իրար… Ստեղծվել էր մի դրություն, որ երբ դու դիմացինիդ մեջ թշնամի չես տեսնում, ուրեմն, ինքդ ես «ներկայացվելու» որպես այդպիսին: Սա ողբերգորեն դաժան տարիների ամենաբնութագրական գծերից էր դարձել: Այնտեղ, ուր խորհրդավոր պատկեր կա, այնտեղ, ուր խորք կա ու ճոռոմ չէ խոսքը, հավատաքննիչները տեսնում էին… հակագաղափար: Նրանք իրենց իրավունք էին վերապահում ցանկացած ձևով «վերարտադրել» այն: Այսպես եղավ և Գրիգոր Ներսիսյանի «Ավերակները» բանաստեղծության հետ: Վերադառնալով Շուշի` 1926թ., մեծ ցավ ու կսկիծ է ապրում հայրենասեր բանաստեղծը` տեսնելով երբեմնի ծաղկուն ծննդավայրն ավերակների մեջ կորած: Եվ ծնվում է «Ավերակները» ողբը, տաղանդավոր մի գործ, որը կարելի է դնել մեր քնարերգության այդ ժանրի լավագույն քերթվածների շարքում.
Խելացնոր թմբիր է իջել հիմա իմ հիվանդ հոգուն,
ասես, անկյանք շիրիմների խենթ երգիչն եմ, որ էլի
լքած աշխույժ աղմուկները կենսաթրթիռ ժխորի`
հետ եմ դարձել գերեզմանված այս քաղաքը հայրենի:

Ողբերգակ բանաստեղծը մի ավերակի պատից կախված է տեսնում սպանված «ընկերոջ դաշնամուրի փղոսկրյա լեզվակների շարքը»… Նրան թվում է, թե, «այդտեղ հին գեհենի զավակներն են, որ էլի լեշ են լափում, մարդկային միս, մանկան միս»…
Պարզ է, Գրիգոր Ներսիսյանը «հին» բառի մեջ ակնարկում է հայոց եղեռնի, Արցախի պատմական Հարար և դրան հարակից մյուս գյուղերի կոտորածները, ուր գործում էր նույն կեռ յաթաղանը:
«Մարքսիզմի չստեր հագած կարմիր ֆիլիստերները», ինչպես Չարենցն է ճշգրիտ բնութագրել մատնիչներին, իսկույն հարձակվում են Գրիգոր Ներսիսյանի վրա` մեր ինտերնացիոնալիստական շքեղ կյանքը թողած, սոցիալիստական շինարարության թափը թողած, Շուշիի «ավերակներն է ողբում»…
Գրիգոր Ներսիսյանը, հայրենի անտառներում բուսած այն հաստաբուն կաղնին էր, որ չթեքվեց անգամ աշխարհակործան փոթորիկների առաջ, այո, կոտրվեց, բայց չծռվեց` որպես անվեհեր ծուռն իր ազգի, միշտ մնաց իր դավանանքին ու սկզբունքին: «Ես» բանաստեղծության մեջ նա այսպես է բնութագրել իրեն` խոսքը դարձնելով ավելի երաժշտական ու գրեթե ասերգային (ռեչիտատիվ).
Ես փոթորիկն եմ հպարտ սարերի
և իմ համբույրը կայծակն է այրող…

Կարճ էր տաղանդաշատ գրողի կյանքը, բայց հարուստ ու գեղեցիկ, այն, հիրավի, նման էր հայրենի լեռների վրա ամպրոպի պահին փայլատակող կայծակի, որը, ինչպես ասում են, արագորեն լուսավորում է մթնում մնացած ճամփորդների ուղին ու անցնում: Էկզիստենցիալիզմը նրա երկերին ու փիլիսոփայական աշխարհընկալումներին հոգեհարազատ է.
Փոթորիկների աղմուկն իմ հոգում`
Ես անփույթ կանգնած մահվան դեմ դժխեմ,
իմ շիրմի եզրին նոր կյանք եմ կրում,
նոր կյանք ավետում տառապող երկրին:
Շուշի, 1917թ.
Բանաստեղծը երազում էր այն երգը («Դու»), որի ծննդով «պիտի կորչեն անհետ` և քաղց, և կարիք, և զրկանք, և վիշտ»:
Ժամանակի «ինտերնացիոնալիստները» ոչնչացրել են Գրիգոր Ներսիսյանի ստեղծագործությունը, վառել ձեռագրերը, այնպես, որ, իբրև թե նման մարդ ու պոետ չի եղել երկրի վրա: Արդյունքում` այսօր հայրենի իրականության մեջ գրեթե անծանոթ է մեր գրականության այդ արժանավոր դեմքի, երախտավորի, գրական, հասարակական ու մշակութային մեծ գործչի անունը: Ականավոր գրականագետ, ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը նրա անձն ու գործը բարձր է գնահատում` արժևորելով այսպես. «Գրիգոր Ներսիսյանը Ղարաբաղի մտավոր-գրական շարժման առաջամարտիկներից է, և բացառիկ է նրա դերը արցախյան ազգային գիտակցության ձևավորման գործում»:
Բավականին հետաքրքիր ու ուշագրավ գործեր են Գրիգոր Ներսիսյանի «Դժոխք», «Լողորդի մահը» պոեմները, «Լիդա» դրամատիկական երկը, ինչպես նաև նրա ստեղծագործության պսակը կազմող «Գրբաց Բղդոն»:
Իր «Վերադարձը» պոեմում մարդկանցից հեռացած Աբու Լալա Մահարուն Գրիգոր Ներսիսյանը վերադարձնում է «մեր աշխարհ», «անապատների բանաստեղծ արքան» ձեռքերի վրա դիտելով վագրերի սուր ժանիքների հետքերը, հիշելով թույնը «սիրած իժերի», «շեմս արևի» տակ հուշերն է «որոճում անցյալի» և… միանգամից մտքափոխ լինում. «Քնից սթափված հովազի նման տեղից բարձրացավ բանաստեղծ Լալան, ցուպը ձեռն առավ ու քարավանի շարանը դարձրեց դեպի մեր աշխարհ, երկրային կյանքի մի հուր կարոտով նա նոր տենչերով ճանապարհ ընկավ ու ասես նորից նոր ոգի առած դեպի կյանք դիմեց անդորր ու անչար…
Նա ճաշակել էր թույնը մենության, ընկեր էր տենչում իր կյանքի ճամփին…
Ընկեր, որ չկար անապատներում օձ-կարիճների որջերում թունոտ:
Նա դեգերել էր մենության գրկում, այժմ երկրային աղմուկն է տենչում. աղմուկն անցյալի իր իսկ մոռացած ու իր իսկ լքած աղմուկը կրքոտ»…
Եվ ի՞նչ իմանար Գրիգոր Ներսիսյանը` մեծ հավատի ու սիրո բանաստեղծը, որ անապատներում վագրերի ու իժերի հետ «անցկացրած» օրերին պիտի մի օր ինքը երանի տա, քանի որ անապատից ավելի դաժան եղավ իր իսկ աքսորը: Տեսնես հուսախաբված պոետը հասցրե՞ց գոնե «մեր աշխարհում» հյուրընկալած արաբ բանաստեղծին կրկին ուղարկել դեպի անապատ, մարդկանցից հեռու` ներում հայցելով նրանից ու Վարպետից… Թե պարզապես ինքը «փոխարինեց» Աբու Լալա Մահարուն` վերցնելով նրա ցուպը…
Ինչպես գիտենք, 1934թ., խորհրդային երկրի գրողների առաջին համագումարից հետո, գրական կազմակերպություններ են հիմնադրվել, գրեթե միաժամանակ` միութենական բոլոր հանրապետություններում ու ինքնավար մարզերում: Գրիգոր Ներսիսյանն իր շուրջը համախմբելով Արցախի երիտասարդ, շնորհալի և, իհարկե, նաև որոշակի գրական ուղի անցած ստեղծագործողներին, Ստեփանակերտում ևս ստեղծում է գրողների մարզային կազմակերպություն: Ցավոք, այն չէր կարող ընդգրկված չլինել Ադրբեջանի գրողների միության կազմում:
Գրիգոր Ներսիսյանին ազգայնամոլության և տրոցկիստական, հակալենինյան գործունեության մեջ մեղադրելով, 1936թ. ազատում են ԳՄ բաժանմունքի ղեկավարի պաշտոնից: Այնուհետև, իրար ետևից, մեկը մյուսին փոխարինում են բաժանմունքի այլ ղեկավարներ` Աշոտ Գրաշի, Թաթուլ Հուրյան, Վերդի Վերխաչյան, Միքայել Հարությունյան, Բոգդան Ջանյան, Բագրատ Ուլուբաբյան, Գևորգ Աղաջանյան, Արմեն Հովհաննիսյան…
Ա. կ. (բ). Կ Լեռնային Ղարաբաղի IV կուսկոնֆերանսի պատգամավոր Գր. Ներսիսյանի ծոցատետրից երկու թերթիկ է պահպանվել, ուր կուսակցական ճառերից ձանձրացած պոետը թողել է անավարտ գրառումներ (անտիպ), որոնք ոչ միայն չեն խոսում «կոնֆերանսի տրամադրության» ու ընդհանուր աուրայի հետ, այլ բացում են նրա գաղափարների ամբողջ սնանկությունը: Ահա նրանցից մեկը` «Մարդը մարդուն գայլ», որն ավարտվում է էպոդային կարճ տողով.

Արնոտ միրուքով, ատամները բաց,
Մարդկային արյան տենչերով արբած,
Աչքերն արցունքով հավիտյան թրջած
Այդ մարդն է դեռ գայլ:

Գաղափարն, իհարկե, նորույթ չէ մեր գրականության համար, սակայն, փաստ է, որ քառատողի մեջ գրեթե անթերի է ներկայացված ժամանակի ամբողջական կերպարը` հակասական գծերով ու խորը ողբերգականությամբ:
Գրիգոր Ներսիսյանը «Կայծ» ամսագրի խմբագիրն էր միաժամանակ, և հանդեսում նա մշտապես տեղ էր տալիս շնորհալի ստեղծագործողների թոթովանքներին` տոգորված ջերմ հայրենասիրության զգացումներով: Դա ևս տեղիք էր տալիս ժամանակի հավատաքննիչների կասկածանքներին: Սակայն վճռորոշը «Ջախջախված ժանիքներ» պիեսն էր, որը բեմադրվելուց հետո (ռեժիսոր` Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի հիմնադիր Կարո Ալվարյան) ունեցավ միայն մեկ ներկայացում: Արգելվեց այն ցուցադրել: Ավելին, պիեսի համահեղինակները` Գրիգոր Ներսիսյան, Կարմեն և Վարդ Գասպարյան, աքսորվեցին: (Ի. Ալավերդյան, Կ. Ալավերդյան, «Բեմարվեստի մեր վարպետները», «Վաչագան Բարեպաշտ» հրատ. 2009թ., էջ 126-127):[2] Զանգվածային ձերբակալություններն արդեն սկսված էին: Չարենցը բավականին դիպուկ է բնութագրել այդ ժամանակաշրջանը. «Եվ կախված է գլխիս մի արեգնացյալ կացին»:
Երբ կամ որտեղ է գրվել Գրիգոր Ներսիսյանի վերջին բանաստեղծությունը, ի՞նչ խոհեր է գրողն արտահայտել այդ գործում. այս հարցերին դժվար է միանշանակ պատասխան տալ, և հենց այդ պարագան որոշակիորեն ներկայացնում է մի տխուր ու անփառունակ վիճակ, որը նախ և առաջ ամփոփումն է ամենեցուն վերջին խոսքի (այս դեպքում` վերջին անաստեղծության) իրավունքից զրկող ժամանակների: Թեև մեր դառը պատմության այդ հատվածը սովորաբար բնորոշում է «սև 37»-ով, այնուամենայնիվ, պակաս ռեպրեսիոն չէին դրան նախորդող ու, մանավանդ, հաջորդող տարեթվերը` իրենց բոլոր արտահայտություններով:

Թե կռիվները, թե խաղաղությունը կոնկրետ հասկացություններ են, և յուրաքանչյուրն ունի իմաստից թելադրվող իր տրամաբանությունը, սակայն ահավորն այդ տրամաբանության խախտումն է, առավել ևս, երբ դրանք «տեղաբաշխվում» են հարաբերականության ընդգրկումների մեջ: Հայկական եղեռնից հետո ազերական հասարակայնության ամենալայն շրջաններում վխտում էին թուրք էմիսարները և հայերին իրենց պատմական բնօրաններից տեղահանելու, նոր ջարդեր կազմակերպելու, սկսած «սուրբ» գործը կիսատ չթողնելու, «Մեծ Թուրանի» ճանապարհը հարթելու գաղափարներ տարածում քոչվոր ցեղերի մեջ:

Պիտի ասել, որ իր եկեղեցին ու ազգային պետականությունը կորցրած հայկական մեր երկրամասում` Լեռնային Ղարաբաղում, գրողների կազմակերպությունն ամեն կերպ ձգտում էր «իր վրա վերցնել» հայկականը` գիրը, լեզուն, մշակույթը, հոգևորը, ոգին պահելու բարձր առաքելությունը: Գրական կազմակերպության առաջ երկու ուղի կար, մեկը` պահել ազգային ոգին, մյուսը` դառնալ ազերական գաղափարների քարոզչական մեքենայի մասը: Բնականաբար, հայ գրիչները, ճնշող մեծամասնությամբ, ընտրել են առաջին ուղին, որը և Գրիգոր Ներսիսյանի դավանանքն է, ահա թե ինչու նրանք ենթարկվել են հալածանքների, բանտարկվել, աքսորվել արտաքսվել` Ներսիսյանից մինչև Ուլուբաբյան ու Ջանյան: Դժբախտաբար, եղել են նաև «ազերական շկոլայի» ներկայացուցիչներ: Բայց սա արդեն այլ թեմա է:
«Հայ գրականության քաջ տղայի»` Չարենցի երկերի ընտրանին տարիներ առաջ կազմեց ու հրատարակեց Հրանտ Մաթևոսյանը: Գրքի առաջաբանում նա այսպիսի մի հանճարեղ դիտարկում ունի. «Այսօր ապրողներիս առջև կյանքի-մահի մարտահովտում էպոխան հառնել է հրեշաբար անհեթեթ իր նույն զանգվածով, վաթսուն տարին և հարյուր տարին ոչինչ ասես չեն հեռացրել, չեն սուզել ժամանակի օվկիան, պապանձյալ վերապրողներիս առջև էպոխան նույն հրեշի իր ծանր գալարներն է անում, ամբողջ ժողովուրդներ ու հայրենիքներ են խելագարվում»:
Նման ժամանակների համապատկերում է, որ երևելիների մեջ խոսում է խիզախման փիլիսոփայությունը` նրանց տալով բացառիկ առաքելություն: Մեծագույն հատկանիշ, որ հատուկ էր Չարենցին, Բակունցին, Թոթովենցին, Եսայանին, Մահարուն և, անշուշտ, Գրիգոր Ներսիսյանին: Ցավոք, վերջինիս մասին շատ քիչ ու կիսատ-պռատ տեղեկություններ են
պահպանվել, մանավանդ որ նա ապրել և ստեղծագործել է Լեռնային Ղարաբաղում, իսկ Լեռնային Ղարաբաղը բռնի կցված լինելով Ադրբեջանին, դարձել էր ազերական հանրապետությունից պահանջվող «հակակուսակցական տարրերի» մատակարարը, պաշտոնական Բաքուն դրանով իսկ, ստալինյան Մոսկովի աչքում դառնում էր և «նացիոնալիստ-տրոցկիստների» հայտնաբերման պլանները գերկատարող ու օրինակելի հանրապետություն, և, հայերիս հաշվին, ձեռնպահ էր մնում ազերիներին «ձեռք տալուց»: Տարիներ շարունակ այս կոնցեպցիան եղել է ազերական քաղաքականության և գործելակերպի հիմքում:
Ասում են` վախը մարդկանց միավորում է, վախկոտությունը (որ հատուկ է թույլերին) մղում դավաճանության, հանում մեկ-մեկու դեմ: Փորձությունը բոլոր ժամանակներում էլ եղել է այն սահմանագիծը, որը ձգվել է քաջերի ու թուլամորթների միջև: Ավելին, դժնի ու ծանր իրավիճակներում են ի հայտ գալիս այս կամ այն մարդուն բնորոշ հատկանիշները, որոնք գուցե և այլ հանգամանքներում այնքան վառ չէին արտահայտվում:
Ինչպես հանրահայտ առակում է ասվում, ծառը կտրող կացնի կոթը… անտառից է: Եվ ժամանակը Գրիգոր Ներսիսյանի սերն ու հավատը ևս փոխադարձեց մատնությամբ ու դավաճանությամբ: «Խորհրդային Ղարաբաղ» թերթի (1937թ) «Արմատախիլ անել նացիոնալիզմը ԶՈՈ-վետ տեխնիկումում» հոդվածի մեջ ընթերցում ենք այսպիսի սահմռկեցուցիչ տողեր. «Հակահեղափոխական-տրոցկիստական-ազգայնական տարրերը լայն չափերով տեղ էին բռնել նաև հայ գրականության մեջ: Դավաճան Խանջյանի հովանավորությամբ հակահեղափոխական Ակսել Բակունցը, Ալազանը, Վանանդեցին և ուրիշները տարիներ շարունակ իրենց նացիոնալիստական հակահեղափոխական գործերով իշխել են հայ գրականության անդաստանում, ձևով ազգային, բովանդակությամբ սոցիալիստական կուլտուրային հակադրվելով և գրական շուկան ողողելով իրենց նացիոնալիստական-դաշնակցական գործերը:
…Ահա Ստեփանակերտի Զոովետտեխնիկումը, ուր հայոց լեզու ու գրականություն էր դասավանդում Գրիգոր Ներսիսյանը: Մի մարդ, որի անցյալի մասին Տեխնիկումի ղեկավարներն ու կուսակցական կազմակերպությունը չէին կարող չիմանալ: Ոչ ընկ. Բերիայի «Հողմացրիվ անել սոցիալիզմի թշնամիներին» հոդվածից, ոչ Հայաստանի Կոմկուսի (բ) Կենտկոմի քարտուղար ընկ. Ամատունու զեկուցումից Տեխնիկումի կուսկազմակերպությունն ու դիրեկցիան ոչ մի եզրակացություն չեն անում իրենց համար: Այնքան են կորցնում իրենց զգոնությունը, որ չեն կարողանում նշմարել, թե ինչ է կատարվում իրենց մոտ` Տեխնիկումում:
Ներսիսյանը դեռ անցյալ տարիներին իր բանաստեղծությունների մեջ նացիոնալիզմ էր երգում, Շուշվա ավերակները ողբում, ցույց չտալով Շուշվա ավերման պատճառները, որ հանդիսացան հակահեղափոխական դաշնակցական կուսակցության բանդաները»:
Սիրտդ ցավից ու զայրույթից ուզում է պայթել, երբ տեսնում ես, թե հայ մարդիկ ինչպես են իրար գզում, մատնում, նետում ազերական մսաղաց մեքենայի երախը` չխնայելով ոչինչ… Նույն թերթի (24 հուլիսի, 1937թ.) մի այլ հոդվածում կարդում ենք. «Տեխնիկումի դիրեկցիայի քաղաքական կարճատեսության, անհոգության հետևանքով 1936-37 ուսումնական տարում անարգել կերպով գործել են տրոցկիստական թափթփուկ Գրիգոր Հասրաթյանը, տրոցկիստ-նացիոնալիստ Գրիգոր Ներսիսյանը. անգամ դրանց մերկացնելուց հետո դիրեկցիան, կուսակցական, կոմերիտական կազմակերպությունները գտել են, որ իրենց մոտ այլևս թշնամի չկա ու անելիք չունեն»: Եվ այս զրպարտական տողերի հեղինակները` Հ. Հովսեփյան, Ա. Ղազարյան, Ա. Պետրոսյան, դարձել էին ազերական գաղափարախոսության տրուբադուրները: Ցավալին նաև այն է, որ 30-40-ական թվականների այս ախտը շարունակեց «նոր տարածքներ» նվաճել տարիների հետ: Արդեն 50-60-ական թվականներին վերոնշյալ մատնիչների «ավանդները» զարգացման նոր «որակ» են ձեռք բերում` «Թևան-Դհոլ», «Խանքենդի» և ազգադավ այլ թխվածքների հեղինակ Վազգեն Օվյանի գրչի տակ: Երբ Արցախի գրական կազմակերպության ղեկավար Բ. Ուլուբաբյանը` հայրենասեր մտավորականների հետ միասին, նամակ է հղում Մոսկվա` Արցախի Հայաստանին միացնելու հարցով, Վ. Օվյանի գրիչն ակտիվանում է հակառակ դիրքում` ի ցույց դնելով «ազգերի բարեկամությանն» իր լենինյան հավատարմությունը: Իրար ետևից Արցախի գրողներին զրպարտող նամակներ էր նա հղում Բաքու: Եվ, դժբախտաբար, նման արարքներն են, որ հասցրին մինչև գրական նոր աղանդի արմատավորում, մինչև եհօվյանականություն ու դավաճանություն` ազգային գաղափարներին:[3]
Ականատեսները վկայում են (այս մասին հիշատակություն կա և «Բեմարվեստի մեր վարպետները» գրքում), որ երբ Ստեփանակերտում «վերցնում» էին Լեռնային Ղարաբաղի գրողների բաժանմունքի հիմնադիր, տեխնիկումի հայոց լեզվի և գրականության դասախոս Գրիգոր Ներսիսյանին, ամբողջ ուսանողությունը, հակառակ նախօրոք ձեռնարկված միջոցների, դուրս էր եկել փողոց` ցավ ու կսկիծով հրաժեշտ տալու սիրելի բանաստեղծին ու մանկավարժին, իսկ վերջինս` մեքենայի թափքում կանգնած, ընդամենը երկու խոսք էր կրկնում` ձեռքերը թափահարելով. «Ժողովուրդ, ես անմեղ եմ, ես անպայման գալու եմ, ես անմեղ եմ, իմ սիրելի ժողովուրդ»…
Ինչ իմանար պոետը, թե իր «մեղքը» հենց իր ժողովրդին սիրելու մեջ է…
Եվ, ընդհանրապես, հետագայում էլ, եթե որևէ մեկը համարձակվում էր տալ Գրիգոր Ներսիսյանի անունը, ապա նրա հարցը քննարկման էր դրվում… Մի անգամ այդպես եղավ և ազնվազարմ մի մարդու` Իսրայել Պետրոսյանի (Իսպետ) հետ, ով հայ առակագրության հետաքրքիր դեմքերից է: Իսպետն աշակերտել է բանաստեղծ ու դասախոս Գրիգոր Ներսիսյանին: Կուսակցական ժողովում, ուր Իսպետին մեղադրանք էր ներկայացվել ժամանակին հակախորհրդային ճանաչված գրող Մ. Զուշչենկոյին իր բանաստեղծության մեջ «արձագանքելու» համար, նա համարձակություն ունեցավ տալ Գրիգոր Ներսիսյանի անունը: Միանգամից բոլորը հարձակվեցին երիտասարդ գրողի վրա` ինչո՞ւ տվիր այդ անունը: Այս մասին իր հուշերում Իսպետը գրում է. «Երբ նիստն ավարտվեց և իջնում էինք սանդուղքներով, գրեթե նույն բանն ասաց կուսշրջկոմի երկրորդ քարտուղարը, որը ծանոթ մարդ էր.
-Այ տղա, ի՞նչ գործ ունես Ներսիսյանի հետ: Ինչ կարիք կար նրա անունը նշելու, քեզ էլ ցավի մեջ գցես, մեզ էլ»:[4] Կրկին հիշենք Չարենցի խոսքը` ասված նույն երեսունական թվականներին. «Մեր
ղեկավարությունը մշակույթի հարցում ձախլիկ է»:
Անվերծանելի, անբանաձևելի են ժամանակն ու տարածությունը. ամենամեծ հեռավորությունն ընկած է երեկվա և այսօրվա միջև, բայց և ավելի մոտիկ-մերձություն, քան երեկվա և այսօրվա արանքում է, չկա այլ մի տեղ: Վայրկյանից վայրկյան ընկած տարածաժամանակը ո՞վ է չափել… Գուցե այս ամենը բանաստեղծության և արվեստի լուծմա՞ն խնդիր է: Գուցե: Բայց ես, ահա, տարիների հեռվում պարզ ու հստակ տեսնում եմ Գրիգոր Ներսիսյանին` հպարտ, հզոր, անհաղթելի… Անցել-գնացել են և՛ «տրոցկիզմը» և՛ «լենինիզմը» և բազում ուրիշ «իզմեր», փոշի են դարձել ժամանակների հոլովույթում, սակայն Գրիգոր Ներսիսյանի երգն ու անունը ապրում են, կան…

Հազար երանի այն ծաղիկներին,
որ մեր պայքարը հազար դար հետո
պիտի օրհներգեն դարերի բերնով…

Գրիգոր Ներսիսյան երևույթին տարբեր առիթներով անդրադարձներ եղել են, ես ևս փորձել եմ տալ նրա (թեկուզ էպիզոդիկ) կերպարն իմ «Զատիկը ջրավազանի հատակին» վեպում (2010թ.), ուր «ունկնդրել» եմ գրողին Սիբիրի ճամբարներից մեկում, մի հոգեբուժարանում (խորհրդային տարիներին սովորական երևույթ էր դարձել առողջ գաղափարների տեր մարդկանց հոգեկան հիվանդի «ախտորոշում» տալը): Նա պատահաբար այդտեղ հայտնված արցախցի բժշկուհուն «ճանաչում է»… օդից, ինչպես ասում են, բայց, որպեսզի չմատնի և նրան, և իրեն (վերահսկվում է հոգեբուժարանի ամեն մի շշուկ), մոտենում է նրան` Սառային, արցախյան բարբառով ու անզուսպ կարոտի ենթատեքստով հարցնում. «Մատաղ ինիմ քեզ, ա րախա, սկի մըննաս ընգալա, թա հըրցընիմ, էլա թոխպը քշեր-ցիրեկ Մըռակած սարեն յըրաա ինը՞մ, թա Մռակածը տեղը փոխալա…»:
Ես խորապես համոզված եմ, որ անվանի գործչի, երախտավորի գեղարվեստական նկարագիրը, վաղ թե ուշ, իր արժանի մարմնավորումը կգտնի մեր առավել օժտված գրիչների գործերում: Սակայն այսօր պարզ է մի բան` Գրիգոր Ներսիսյանը պիտի վերադարձվի հայ գրականությանը` պատշաճ ձևով, իր գործերի ամբողջական հրատարակությամբ, ազգանվեր արվեստով:

______________________

[1]ըստ նույն այս աղբյուրի նշվում է նաև, որ ժամանակին Գր. Ներսիսյանն աշխատել է նաև Աբխազիայում` որպես կուսակցության մարզկոմի քարտուղար:
[2] Ի. Պետրոսյան, «Արցախապատում», առաջին հատոր, 2012թ. «Սոնա» հրատարակչություն, էջ` 36, Ստեփանակերտ:
[3] (Ե Հ հապավումը Եսավի և Հուդայի անունների սկզբնատառերն են, իսկ օվյանականությունը կապված է ազերական
գաղափարախոսության մունետիկ դարձած համանուն գրչակի անվան հետ):
[4] ՀԱՀ հանրագիտարան, հ. 8, էջ` 600-601, Երևան, 1982թ.:

Տարածել

Պատասխանել