ՀՐԱՉՅԱ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 80 ՏԱՐԵԿԱՆ

0

beglaryanԿան գրողներ, որոնց ստեղծագործությունները մի ամբողջ ժամանակաշրջան են բնութագրում, մի ամբողջ երկիր: Եթե ուզում ես ճանաչել Արցախն ու արցախցուն, կարդա Հրաչյա Բեգլարյանի ստեղծագործությունները: Նա գրականություն բերեց արցախցու կերպարը՝ իր աղուհացի գինն իմացող, արդարադատ, բարի, պարզ ու շիտակ, շանթ ու որոտ ղարաբաղցուն: Ասում են՝ գրողը երջանիկ է այն ժամանակ, երբ նրա ստեղծագործությունները մտնում են ժողովրդի սիրտն ու հոգին՝ դառնալով հարազատ ժողովրդի սեփականությունը: Հրաչյա Բեգլարյանն, այս իմաստով, իր երջանկությունն զգաց դեռ կենդանության օրոք:
Մայիսի մեկին սիրված բանաստեղծի ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ նրա գրչընկերները, հարազատներն ու պոեզիայի երկրպագուները հավաքվել էին գրողի շիրմաքարի մոտ՝ իրենց խոնարհումը բերելու պոետի հիշատակին: Ծաղիկներ խոնարհվեցին նրա հուշաքարին, սրտի խոսքեր ասացին Արցախի ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը, ՀՀ ԳՄ անդամ, բանստեղծ,արձակագիր Էդուարդ Սաֆարյանը, Սոկրատ Խանյանը, որոնք տաք հուշեր ունեին գրչընկերոջ հետ կապված:
Պոետի 80-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվեցին ծննդավայր Կոլխոզաշենում, որի ամեն մի ծառն ու թուփը, ամեն մի լեռն ու ձորը, բնությունն առհասարակ ու մարդիկ դարձել էին պոետի ներշնչանքի աղբյուրն ու նրա գեղագիտական հայացքների ձեւավորման ակունքը:
Գրողի անունը կրող միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ, որին ներկա էին գրողներ, մտավորականներ Արցախից ու ՀՀ-ից:
Աշակերտներն ասմունքեցին ու երգեցին բանաստեղծի ստեղծագործություններից: Գրողի վաստակն արժեւորող ելույթներով հանդես եկան գրողներ, ուսուցիչներ, բանաստեղծի հարազատները, ովքեր հուշեր պատմեցին Հր. Բեգլարյանի կյանքի ու գործունեության մասին:
882095_492073834252896_8769449666795601237_o«Հրաչյա Բեգլարյանի բառը եւ գործը մեկ միասնություն էր: Նա ապրում էր իր գյուղի ու ժողովդրի հոգսերով եւ յուրաքանչյուր հարց՝ կապված հարազատ գյուղի հետ, գտնվում էր նրա անմիջական ուշադրության կենտրոնում: Յուրաքանչյուր ծառի մասին Հր. Բեգլարյանն ուներ իր պատմությունը, հիշողությունը: Նա իր նկարագրով իսկական տոհմիկ հայ էր, տոհմիկ ղարաբաղցի եւ իր մեջ կրում էր ամեն լավը, ինչ առանձնահատուկ է իր ժողովրդին», – նշեց Վարդան Հակոբյանը:
Բանաստեղծ Սոկրատ Խանյանն ընթերցեց իր գրած բանաստեղծությունը՝ նվիրված Հրաչյա Բեգլարյանի հիշատակին:
Էդուարդ Սաֆարյանը, իր եւ ՀՀ ԳՄ կողմից շնորհավորելով Հր. Բեգլարյանի հարազատներին, համագյուղացիներին՝ բանաստեղծի հոբելյանի կապակցությամբ, նշեց, որ Հր. Բեգլարյանն ինքը ստեղծել է այն արժեքներն ու թանկ հիշողությունները, որոնք միշտ կմնան ժողովրդի հոգում ու սրտում: «Հրաչյա Բեգլարյանը եւ հոտաղ է եղել, եւ իշան, եւ մշակը, եւ տերը, նա հանճար է՝ իր ժողովրդի ծոցից ելած: Հրաչյա Բեգլարյանն իր բանաստեղծական փիլիսոփայությունը բերեց մի այնպիսի պարզության, որ դարձավ բոլորիս սեփականությունը եւ այս հողի վրա ստեղծված արժեքներից կարեւորագույնն ու պահանջվածը: Նրա թումանյանական պարզությունը ոգեշնչում է բոլորիս՝ սկսած գյուղացի բանվորից մինչեւ գրականագետ»,- իր մտորումները կիսեց բանաստեղծ, արձակագիր Էդուարդ Սաֆարյանը:

Բանաստեղծի բանաստեղծ Գագիկ Բեգլարյան որդին հաճելի անակնկալ մատուցեց: Նա կազմել եւ հրատարակել էր Հրաչյա Բեգլարյանի «Արցախ-Նամե»-ի 10-րդ հատորը, որի գինեձոնը կատարվեց բանաստեղծի ծննդավայրում՝ դպրոցի բակի թթենիների ներքո: Իսկ ծոռնուհին՝ փոքրիկ Մարիամը, արտասանեց բանաստեղծ պապիկի ստեղծագործություններից:
Այնուհետեւ գրողները եղան Հր. Բեգլարյանի ձեռքով շենացրած հայրենի տան բակում եւ ինչպես տարիներ առաջ էր՝ նրա թորած թթի օղիով բաժակ բարձրացրին պոետի հոբելյանի առթիվ եւ կրկին հիշեցին լավ ու բարի օրերը, կիսեցին իրենց ջերմ հուշերը, որոնք անսպառ էին…
Գյուղի եկեղեցին, որ խորհրդային տարիներին վեր էր ածվել պահեստի, այսօր Հրաչյա Բեգլարյանի դուստր Ռուզաննայի շնորհիվ կրկին դարձել է սրբավայր, որը գյուղացիների ամենասիրելի վայրերից մեկն է դարձել: Գրական ընտանիքի անդամներն ու գրողի հարազատները եղան նաեւ գյուղի եկեղեցում եւ աղոթք հղեցին առ Աստված:
Մայիսի 2- ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում Արցախի ԳՄ նախաձեռնությամբ կայացավ հուշ-երեկո, որին ներկա էին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ ԱԺ Նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար անձինք, մտավորականներ, արվեստասեր հասարակայնությունը:

Հուշ-երեկոն սկսվեց ճանաչված լրագրող Արփեն Մովսեսյանի «Հայից հայ» տեսաֆիլմով, որտեղ ամբողջական կեպարով ներկայացված է Հրաչյա Բեգլարյան մարդը, բանաստեղծը, մտածողը, հայը:
ԼՂՀ Գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, ով պոետի հետ էր եւ ցավի, եւ բերկրանքի պահերին, իր խոսքում նշեց.«Հրաչյա Բեգլարյանը ներկան եւ անցյալը, եւ ընդհանրապես ամեն ինչ տեսնում էր ապագայի աչքերով: Յուրաքանչյուր բանաստեղծ պետք է բերի իր բառը: Ասում են՝ մեծ բանստեղծներն իրենց բառերով վնասում են իրենց: Այս խոսքը շատ է պատշաճում Հրաչյա Բեգլարյանին: Որովհետեւ նա իր ամեն մի բառով, տողով, երգով իրեն վնասելով օգնեց իր ժողովրդին: Նրա ցանկացած ստեղծագործության մեջ Ղարաբաղն է: Հրաչյան ինքը Ղարաբաղն է»,-ասաց Վ. Հակոբյանը:
Հրաչյա Բեգլարյանի գրեթե բոլոր ստեղծագործություններին գրախոսություններով անդրադարձել է բանաստեղծ, գրականագետ Սոկրատ Խանյանը.«Հրաչյա Բեգլարյանը առեղծված էր, խիզախ ու անվախ» ,-հիշում է նա:
Հուշեր պատմեց նաեւ բանաստեղծ, լրագրող Դավիթ Միքայելյանը, ով ոչ միայն բանաստեղծի հետ շփվել է գործի բերումով, այլ նաեւ նրա օջախի հետ կապված է ազգակցական կապերով: Պոետի հոբելյանին ներկա էր նաեւ «Հայից հայ» տեսաֆիլմի հեղինակ Արփեն Մովսեսյանը, ով իր խոսքում նշեց, որ եթե բանաստեղծը գրած լիներ միայն իր «Ղարաբաղցին» ստեղծագործությունը, ապա նա դարձյալ սիրված կլիներ բոլորի կողմից: «Ուստի պետք է գլուխ խոնարհել նրա արվեստի առաջ եւ այն փոխանցել սերնդեսերունդ»,-նշեց նա:
Միջոցառմանը սրտի խոսք ասացին Հրաչյա Բեգլարյանի Ռուզաննա դուստրը, թոռնուհի Արեւիկն ու ծոռնուհի Մարիամը՝ արտասանելով պոետի ստեղծագործություններից:
Երեկոն համեմվեց նաեւ Ստեփանակերտի պարարվեստի ուսումնարանի սաների պարերով:

Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ

Share.

Պատասխանել