ԺԱՆՆԱ ԲԵԳԼԱՐՅԱՆ | «Խաշխաշ» կամ արարումի միֆականացում

0

Ժաննա Բեգլարյան«Խաշխաշն» իր գաղափարական բովանդակությամբ առանձնանում է Հայկ Խաչատրյանի պատմավիպաշարում: Վեպը, որ նախատեսված է միջին տարիքի դպրոցականների համար, ընթերցողների սեղանին է դրվել 1987թ.: Ակադեմիկոս, գրականագետ Ս.Արզումանյանը, խոսելով «Խաշխաշի» մասին, հատկանշում է. «Բարոյական, դաստիարակչական նպատակով է գրված «Խաշխաշը», պատմության փորձի ուսուցման, հայ պատանիների հոգում խոհեմություն, իմաստնություն, բարություն ու հայրենասիրություն պատվաստելու մղումով»: Վեպը ծավալուն չէ, ընդամենը երեք հարյուր հինգ էջ: Բարդ չէ կառուցվածքով: Սյուժետային ծավալումներն ընթանում են առանձին վերնագրեր ունեցող գլուխներով: Սյուժեն միագիծ է, դեպքերը ժամանակագրորեն հաջորդում են իրար: Վիպական գործողությունների պատմական ֆոնը միջնադարն է: Կոնկրետ պատմական թվագրություն չի նշվում. նկարագրվող իրադարձություններն ու պատմական դեմքերը կոնկրետ պատմական ժամանակաշրջան են հուշում: Դա տասնմեկերորդ դարն է, երբ կործանվում է Բագրատունյաց հարստությունը, Հայաստանը դառնում է Բյուզանդական կայսրության մաս, արևելքից պատմական Հայաստանի տարածք են ներխուժում թուրք սելջուկները (վեպում` նետողներ), ավերում հայոց բերդերը, թալանում, սպանում, գերեվարում մարդկանց: Միասնական, բռունցքված ճակատ չկա: Հայոց իշխաններից շատերը, իրենց պապենական հողերը հանձնելով Բյուզանդիային` տեղափոխվում են կայսրության խորքերը: Ելնելով իր ժամանակի գաղափարախոսության պահանջներից և պատմական ժամանակաշրջանի իրական ճշմարտությունից` գրողը առաջ է քաշում նոր գաղափարաբանություն` կորուսված անկախության ու ուժի բացակայության պայմաններում պետք է որոնել ազգապահպանության նոր գործոններ: Այս գաղափարաբանության կրողները վեպում Գազն է, գրիչներ Համազասպն ու Առավոտը, շինական Սոսը, քարագործ Կաթուկը և ուրիշներ: Վեպի կենտրոնական դեմքը` Սյունաց Օրբելյան Մանուկ իշխանի զավակը` Գազը ժխտում է ամեն մի բռնություն, պատերազմ, սպանություն: Աստված մարդուն առանց զենք է ստեղծել, և մարդն արևի տակ իրեն հաստատելու համար պետք է ընտրի խաղաղ գոյության և արարման ճանապարհը և ոչ թե բռնությունն իր նմանի հանդեպ:
Վեպի ֆաբուլան հետևյալ կերպ է զարգանում. նետողները մխրճվում են Հայոց տարածքներ, գրավում Սյունաց Օրբելյան Մանուկ իշխանի Կատար ամրոցը, սպանում իշխանին, գերեվարում գեղեցկուհի կնոջը` բամբիշ Շուշանին: Արհավիրքի ընդհանուր իրարանցման մեջ Շուշանին հաջողվում է ամրոցի ներքնահարկում թաքցնել միակ զավակին` Գազին: Պատանին, հաջորդ օրը դուրս գալով թաքստոցից` ականատես է լինում նետողների վայրագություններին: Տեսնելով հոր արնաշաղախ դիակը` ուշագնաց է լինում: Ենթարկվելով հոգեբանական վերափոխության` ձեռք է բերում գերլսելու հատկանիշ: Գազը գերնպատակ ունի` մորն ազատել արնախում Բեբալի ճանկերից: Որոնումների ճանապարհը զիգզագ է, երկար ու խորհրդավոր: Գլխավոր հերոսի տևական որոնումներն են ընկած վեպի սյուժեի զարգացման հիմքում: Այս հանգամանքն օգտագործելով` գրողը ստեղծում է իրավիճակներ, վեր հանում պատմական ժամանակաշրջանին, դեպքերին ու դեմքերին, կենցաղին վերաբերող մանրամասներ: Գլխավոր հերոսը ականատես է գրավյալ տարածքների մեռյալ կյանքին: Խախտված է նաև անառիկ ամրոցների կյանքի բնականոն ընթացքը: Վայրագի ներկայությունը ամենուր իրեն զգացնել է տալիս: Գրողը դիմում է տարբեր միջոցների (հեղինակային նկարագրություններ, երկխոսություններ, վերհուշ) վեր հանելու հայի` տիրոջ, արարող ոգու և նվաճող- օտարի սեփականելու մոլուցքի հակադրությունը: Վեպում գործողությունները արագ են զարգանում: Գազը Արծրունյաց Կանդ ամրոցում հանդիպում է Թրվանդին, սիրում նրան: Գազ-Թրվանդ հանգույցը նոր լիցք է հաղորդում գրողի պատմանը: Իրավիճակները արագորեն են փոխվում: Բամբիշ Շուշանին Բեբալից առևանգում է նվաճողների զորապետ Աբղունը, որը Արճեշում բախվելով հույն զորապետ Պրոտապոսին, սպանվում է: Շուշանը մի նվաճողից ընկնում է մի այլ նվաճողի ձեռք: Պրոտապոսը նրան տեղափոխում է Զմյուռնիայի Մոսոս դաստակերտ: «Քրիստոնյա Պրոտապոսը նույն Աբղունն է` ուրիշ դիմակի տակ: Բոլոր օտարներն էլ արյունռուշտ են` նետող թե քրիստոնյա»: Ընկնում է Արծրունյաց Կանդ ամրոցը: Բեկվում է Թրվանդի փախուստի ճանապարհը: Նա էլ ընկնելով Պրոտապոսի ձեռքը` հայտնվում է Մոսոսում:
Վիպական ծավալումներին զուգահեռ ստեղծվում են նոր հանգույցներ: Վեպում գրեթե բոլոր կերպարները այս կամ այն ձևով հարաբերվում են Գազին և լրացնում, բացահայտում ու ամբողջացնում նրա կերպարային բովանդակությունը: Յուրաքանչյուր կերպարի ներկայություն վեպում նպատակային է: Շուշան, Խարշափ, Դրաստամատ, Թրվանդ, Վարագ, Գևորգ, Համազասպ, Առավոտ, Գրիգոր Մագիստրոս-կերպարային համակարգով գրողը վեր է հանում ժամանակի քաղաքական, հասարական միջավայրը: Վեպի կենտրոնական դեմքը` Գազը, շարժման առանցքում է, անցնում է հայոց տարածքներով` գրավված ու անառիկ, հասնում Զմյուռնիայի Մոսուս դաստակերտ, Բյուզանդիայի Մոնոմախոս ամրոց: Գրողի դրույթների նպատակամետությունը խորն է: Հայը հարյուրավոր թելերով կապված է իր բնաշխարհին: Գրավված տարածքը երբևէ գրավողինը չի դառնում: Հայոց ինքնության անպարտ զինվորներ են նրա նյութական ու հոգևոր արժեքների արտահայտությունները` բերդերը, գրքերը, ժայռափոր դրվագումները, վիմափոր արձանագրությունները, ազգային սովորությունները, պատմական հիշողությունն իր ամբողջության մեջ: Գազի կերպարը ամբողջանում է զարգացման ընթացքի մեջ: Վեպում միջադեպերը իրար են կապվում գլխավոր հերոսի կերպարի միջոցով: Տասնվեց տարեկան պատանին մանկությունից երազում էր զորական դառնալ: Տեսնելով հոր արնաշախաղ դին` ատում է զենք ու սպանություն: Մոր որոնումների ճանապարհին անզեն է: Իր առաջ ծառացած դժվարությունները հաղթահարում է բանիմացությամբ, հնարամտությամբ, ճարպկությամբ: Նրան բարդ իրավիճակներից հանում է իր գերլսելու ունակությունը, որը ձեռք է բերել նախախնամության կամոք: Գերլսելու գրողական հնարանքը մեր գրականության մեջ օգտագործել է Դ. Դեմիրճյանը «Գիրք ծաղկանց» ասքում: Հերոսը` Զվարթը, հանդես է բերվում որպես բնության ձայների թարգման, ոգեշնչվում դրանով, ձայները դարձնում մոգական բանաստեղծություններ, դրանցով վեր բարձրանում միջավայրից, իր բացառիկության մեջ դառնում խոցելի: Իր միջավայրից վեր է կանգնած նաև Հայկ Խաչատրյանի հերոսը, բայց նա խոցելի չէ: Հոգևոր արժանիքը նրան ուժ է ներարկում: Ճակատագրի դիպվածը չի չարացնում նրան: Նա բարեգութ է, մեծահոգի օգնության կարիք ունեցողների հանդեպ, բայց անկոտրում ու անբեկ է, երբ դիմացը նենգն ու ուրացողն է կանգնած: Որպես իշխանական զարմից սերված` հիմնավոր կրթություն է ստացել, կարող է լավ գրիչ լինել, իմաստասեր, ճարտասան, տիրապետում է հունարենին, պարսկերենին: Նպատակամետ է, ոչինչ չի կարող ետ պահել նրան իր որոշումից: Գերությունից փրկում է մորը և սիրելիին: Նրա թափառումների ճանապարհը ինքնափորձարկման բովարան է: Մարդն, այնուամենայնիվ կարող է անզեն գոյատևել: Զենքի ժխտումը նրա համոզմունքն է ոչ միայն արթմնի, նաև երազում` «…-Ես հավաքեցի աշխարհի բոլոր նետերը և տարա ու այրեցի արևի հնոցում: Դրա փոխարեն ուզում եմ տանել ու մարդկանց բաժանել արևի շողերը…»:
Կերպարը ռոմանտիկ բնույթ է ստանում, տեղ-տեղ ձեռք բերում արկածայնություն: Գործողությունների դինամիկ զարգացումները ներազդում են կերպարի հոգեբանական կայացմանը: Գլխավոր հերոսն իր ասպետական պահվածքով հաղթահարում է նպատակի ճանապարհի խոչընդոտները` ստանալով գերմարդու հատկանիշներ: Նա վեր է կանգնած դրությունից, ընդհանուր քաղաքական ու հասարակական միջավայրից: Գազ-Վարագ հանգույցում միանշանակ ժխտում է բոլոր տեսակի զենքերը, այն ամենը, ինչ մահաբեր է, անգամ` երբ հայրենիքը օրհասական պահի մեջ է: Կերպարների հոգեբանական հակադրմամբ վեր է հանվում մի այլ ճշմարտություն: «Հայքը հզոր պետություն դարձնելու առաջին պայմանն այն է, որ այս հողից վռնդվեն բոլոր այլազգիները, իսկ դա կարելի է անել միայն հզոր զենքով»: Գրողի անկողմնակալ, գրեթե չեզոք պահվածքը կերպարներին ներքին բարոյահոգեբանական ազատություն է ընձեռում: Յուրաքանչյուր գործող անձ վեպում ունի իր ճշմարտությունը և հետամուտ է այդ ճշմարտությանը: Ուժի, հզորության գաղափակիր էր ճգնավոր Գևորգը: Նրա խոսքը զգաստության կոչ է. «Դու մոռանում ես, որ քո երակներում զենքի ասպետներ Մամիկոնյանների արյուն կա: Իշխանական տիտղոսից հրաժարվելն կամ չհրաժարվելը քո գործն է, բայց չես կարող քո արյունից զատել Վասակ, Մուշեղ Մամիկոնյանների ավիշը: Նրանք զենքով են պահել հայ Արշակունիների գահը»:
Հայոց իմաստասիրական ոգին օրհասի պահին դառնում է հողին կպած երկրի մշակինը, արհեստավորինը, գրչինը` «Բոլոր ժամանակների բախտի աստվածները անբարեհաճ են եղել հայերի հանդեպ: Այդ մասին շատ անգամ են մոռացել հայոց արքաններն ու զորապետները, քրմապետներն ու հայրապետները, որոնք հազվադեպ են փայլել հեռատեսությամբ և հնարագիտությամբ… Եվ հայոց մեծ հայրենիքը սկսել է բզկտվել դարից դար: Նախորդն իր հետնորդին է թողնում հայրենական հողերի միավորելու հոգսը»:
Վեպում պատահական, հանգույցներ չկան: Գրիչ, գեղջկավագ, քարագործ, զինագործ, վիմափոր, ճգնավոր, այգեպան, կուսակալ` երկրի արհավիրքի պահին ամենքն ունի իր կոչման փիլիսոփայությունը` նպաստել ազգի դարավոր հավերժմանը: Սևանի մաբանության առաջնորդ, վարդապետ Սարգիսը շտապում է Բյուզանդիայի Մոնոմախոս ամրոց` իմաստնության դասեր առնելու «Ճանճարապերճ այրից»` Գրիգոր Մագիստրոսից: Իրականում նրա ուղեղի մեջ երկրի վիճակն է. «Ոչ մի նետող ինքնակամ չի հեռանա Հայքից»: Գրիչ ու վիմափոր Առավոտը ի վերջո համամիտ է Գազի հետ. «Սրով աշխարհ չես պահի, պետք է այլ բան մտածել, այլ բան դեմ տալ հարևանի չար ու նախանձ աչքին»: Զավթիչը երկյուղում է հայոց մշակութային ձեռքբերումներից, իր ճանապարհին ավերում է այն ամենը, ինչ հնարավոր չէ տեղահան անել ու սեփականել: Բեբալի զորականները կուլ էին տալիս հայագիր մագաղաթների կտորները: Հայ գիրքը արդեն որերորդ անգամ ենթարկվում է եղեռնի: «Թող աշխարհի տերությունների սահմանները գծվեն այբուբեններով»,- խորհում է գրիչը, իսկ տառը կարող է հավերժել քարի վրա: Նա սալաքարեր է որոնում, դարձնում սահմանաքարեր և հայոց պատմության «գովական տողերը» փորագրում քարերի վրա: Ազգապահպանության գաղափարի կրողն է քարագործ Կաթուկը: Նա ժայռերին հայաշունչ պատկերներ է քանդակում, հայի հոգին պահ տալիս դարերին` լրացնելով բնությանը և ձուլվելով նրան: Յուրահատուկ է նրա փիլիսոփայությունը` հայրենի հողի հավերժական մտահոգությունը պետք է բոլորինը լինի, որովհետև` «հայոց աշխարհը բոլոր հայերի և յուրաքանչյուր հայի սեփականությունն է»:
Պատումի նախավերջին գլխում հեղինակը վիպական առանցք է բերում 11-րդ դարի անվանի քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչ Գրիգոր Մագիստրոս Պահլավունուն: «Բնահան եղած աքարը» գլուխը, որտեղ գեղարվեստական մարմնավորում է ստացել Գրիգոր Մագիստրոսը, այլաբանական խորք ունի: Մագիստրոսն իրեն համեմատում է աքար թռչնի հետ, որը չհարմարվելով բնակլիմայական նոր պայմաններին, սատկում է: Նրա ուղեղում` որպես ինքնախարազանում, շարունակ նույն հարցադրումն է. «Այս ինչպե՞ս եղավ: Զորեղ Պահլավունին ինչպե՞ս թողեց աստվածային Բջնին ու ընկավ Մոնոմախոս»: Արձակագիրը մի քանի էջի վրա ներկայացնում է վերջին ժամանակների դեպքերի զարգացումները, Մագիստրոսի անձնական նախասիրությունները, Թոնդրակյան շարժման մասնակիցների հանդեպ նրա դաժանությունների բուն պատճառը, հայրենիքի ճակատագրի ողբերգականության ուշ գիտակցումը, հորեղբոր` Վահրամ Պահլավունու մարգարեական զգուշացումները. «Անիի անկումը միայն հայոց անկումը չէր: Դրանով ավազակների արահետը մայրուղի դարձավ: Հիմա նետողները կբզկտեն աշխարհը… Անիի կործանումով բյուզանդացիները ետ գցեցին քաղաքակրթության առաջընթացը»: Մոտ մեկ տասնամյակ հետո Հ.Խաչատրյանը Գրիգոր Մագիստրոսի կերպարին անդրադարձավ ավելի ծավալուն երկով «Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը» կենսագրական պատմավեպով:
Ծավալին ու նպատակայնությանը համեմատ «Խաշխաշի» կերպարային համակարգը խիտ է: Հայի խաղաղասեր ու ստեղծարար նկարագրի կողքին գրողը վեր է հանում զավթողի բնութագիրը: Բեբալ, Աբղուն, Մալմալ, Պրոտապոս` նրանք տարբերվում են անուններով: Նպատակներով և բովանդակությամբ, հայոց հողի նկատմամբ վերաբերմունքով նույնն են: Ի մի բերելով վերջիններիս` գրողը ստեղծում է վայրագի հավաքական բնութագիրը: Հասարակական ու բարոյագիտական առումով նրա ասելիքը ձեռք է բերում հրատապություն ու այժմեականություն` բոլոր ժամանակների մեջ: Չարագործությունը ենթակա է պատժի: Բարին գտնում է հավերժման ելքերը: «Պետք է նվաճել ամբողջ աշխարհը ու այն դարձնել մի մեծ ավազուտ: Անհրաժեշտ է աշխարհը նմանեցնել նետողների կերպարանքին»: Ուժեղն է հաղթում: Գոյատևության ուրիշ օրենք ու հավատամք չկա»,- այս հոգեբանությամբ Մալմալ զորապետը ծաղկաստանները ավազուտ է դարձնում: Արմատներից բխող բնազդները չեն մեղմվում, սրվում են ավելին: Գրողը վեր է հանում հայոց հողի վրա արարման ուժի միֆը: Այն նույնիսկ կարող է փափկեցնել զավթողի քարացած հոգեբանությունը`. «Այդ բարիքները վերջացնելուց հետո ի՞նչ պետք է անեն նետողները»: «Շաղախը» գլխում արձակագիրը ի ցույց է հանում արարումի բազմախորշ գաղտնարան լինելու հանգամանքը: Նետողը չի կարող արմատակալել նվաճած հողի վրա, թեկուզ հազարամյակներ մնա այնտեղ: Չի կարող կառուցել, իր արմատները նա թողել է ավազուտներում, հայոց հողի վրա կեցության շաղախի գաղտնիքը նա չի բացել, անհնար է, որ բացի: Դրա համար նրա բարձրացրած պարսպի պատերը շարունակաբար ճաք են տալու: «Մալմալն առաջին նետողն էր, որ տեսավ նետողաց ազգի մայրամուտը»,- եզրակացնում է գրողը: Նրա համոզմունքն ու եզրակացությունը միանշանակ է: Հայոց ոգեղենը երբևէ չի կարող զատվել հայրենի եզերքներից, ինչ նվաճող էլ այն սեփականացնի:
Պատմական միջավայրում Բյուզանդիայի աշխուժացումը Հայոց հողի վրա «Խաշխաշում» գեղարվեստական յուրատիպ մարմնավորում է ստանում: «Բյուզանդական նշանակում է հռոմեականի, հունականի ու այլնի խառնուրդ: Եվ այլնի մեջ նաև հայկական կա, բայց Բյուզանդիայում ընդունված չէ հայկականին հայկական ասել, ինչքան էլ նրա միջուկն ու կեղևը հայկական լինեին»: Բյուզանդացի նվաճողների բարոյահոգեբանական նկարագրի կրողը վեպում Պրոտապոսն է` հույն զորավարը: Աշխարհի վայելման ագահության մեջ բյուզանդացին ոչնչով չի տաբերվում նետողից: Քրիստոնյա Պրոտապոսը նույնքան բռնակալ է, որքան արյունարբու Բեբալը կամ Աբղունը: Գրողը օգտագործելով հեգնանքը` Պրոտապոսին վեր է հանում որպես մի վերջին հերատուկի, որն իր կալվածքը վեր է ածել մի ինքնատիպ կանանոցի: Նրա վախճանը, բնականաբար, նույնքան անփառունակ է, որքան նետող Աբղունինը:
Վեպը նախատեսած ունենալով միջին տարիքի դպրոցականների համար` գրողն այն չի ծանրացնում պատմական փաստերի և իրադարձությունների կուտակումներով: Վեպն առանձնահատուկ պոետիկա ունի: «Գեղարվեստական արձակը ավելի օրինակելի է, քան ճշմարտությունը» ` այս առումով Հ.Խաչատրյանը օգտագործում է իր գեղագիտության նրբությունները, դրական և բացասական վերաբերմունք ձևավորում ընթերցողի մոտ: Վեպն ամբողջության մեջ հայապաշտության դաս է: Հայի հոգեկերտվածքի գեղարվեստական մարմնավորման դրվագները բազմաթիվ են: Գաղափարական գլխավոր շեշտադրման` նյութական և հոգևոր արժեքներով հային հայ պահելու գործոնների արտահայտությունները վեպում բանաստեղծական շնչավորում են ստանում` անձնավորվում, մասնակցում վիպական ծավալումներին: Գրողի գեղագիտությամբ հայ գուսանի երկրի սահմանները հատած երգը («Մի Սյունյաց աշխարհի, մի բամբիշ Շուշան»), պատմության փառավոր էջերն իրենց մեջ ամփոփող մագաղաթյա մատյանները: Արցախի Քթիշ ամրոցի տեր Եսայի իշխանի նամակը արաբ զորապետ Բուղային, հայ ճգնավորի մարգարեական խորհուրդները դարերին, վիպասքով անմահացած Վասակ սպարապետի համարձակ պատասխանը պարսից Շապուհին, ժայռերին արած վիմափոր քանդակները, հայոց նախարարական տների պերճանշանները, անառիկ ամրոցները, իր խորշերում բազմաթիվ գաղտնիքներ պահող Մհերի դուռը, հայոց նաշիհ ալյուրն ու սպիտակ խաշխաշը զավթողի ուժը չեզոքացնելու ամենազորեց զենքերն են: Մհերի դռան քարայրների նկարագրության մեջ իրականն ու առասպելականը խառնվում են իրար: Հայոց եղած առասպելներին գումարվում է գրողի երևակայության առասպելը: «… Այստեղ պահվում են բոլոր մեռած հայերի ձայները:… Հայոց աշխարհում մի քամի է սկսվում, որը Հայքի մի ծայրից մյուսն է թռչում, իր թևին առնում Հայքի բոլոր կողմերում արտասանված հայերեն խոսքերը և բերում ու ամբարում այս խորշում: Սա հայերեն բոլոր բառերի հավաքատեղին է, հայերենի կենդանի բառարան-գանձատունը» կամ Մհերի դռան մի այլ գաղտնախորշում «թաքնվում են օտարների ձեռքից փախած բոլոր հայուհինները: Նրանց համար յոթ օրը մեկ սնունդ է բերում Հայոց սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկը»:
«Խաշխաշը» գրողի բազմաշերտ հայրենապատման պարտադիր օղակներից մեկն է, որտեղ «Հ.Խաչատրյանի պատման հայեցության նպատակային ուղղվածությունը միտում է յուրաքանչյուր պատմաշրջանի և նրա գործող անձի մեջ հայտնաբերել ու ցույց տալ այն առանձնահատուկը, ինչը բնութագրական է մեր ցեղին» :

Տարածել

Պատասխանել