Անահիտ Քոչարյան

Կենսագրություն

Անահիտ Մաքսիմի Քոչարյանը ծնվել է 1968 թվականի սեպտեմբերի 16-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Աշան գյուղում: 1994 թվականին ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի հայոց լեզու և գրականություն բաժինը: 1989-1999թթ. աշխատել է ԼՂ Գրողների միությունում, որպես ԳՄ քարտուղար, 2000-2006թ.` «Ստեփանակերտ» շաբաթաթերթում, որպես գլխավոր խմբագիր: 2006թ. հունիսից առայսօր աշխատում է ԼՂՀ Ազգային ժողովում, որպես քարտուղարության պետ:
Ստեղծագործում է մանկուց: Տպագրվել սկսել է 8-րդ դասարանից: Առաջին անգամ տպագրվել է շրջանային «Աշխատանք» թերթում, այնուհետև, պարբերաբար` «Աշխատանք», «Սովետական Ղարաբաղ», «Պիոներ կանչ», «Հայրենիքի ձայն» թերթերում և այլն:
1987-ին տպագրվել է Երեւանում հրատարակված «Գրական Ղարաբաղ» ալմանախում:
1991թ. Երևանի «Նաիրի» հրատարակչությունում տպագրվել է «Եթե ես աստվածուհի լինեի» ժողովածուն:
1994-ին Ստեփանակերտի «Սրցախ» հրատարակչությունում տպագրվել է «Աստվածամոր աչքերը» բանաստեղծությունների ժողովածուն:
2006թ. առանձին գրքով տպագրվել է «Խնձորն արնափոսում» պոեմը:
2007թ. տպագրվել է «Հոգու էսքիզներ» բանաստեղծությունների գիրքը:
1991թ. «Երգ աչքերի» բանաստեղծությունների շարքի համար արժանացել է ԼՂՀ ԳՄ Հովհաննես Շիրազի անվան մրցանակի:
1994 թվականից ԼՂՀ գրողների միության անդամ է, 2000 թվականից` Արցախի ժուռնալիստների միության անդամ:

Ստեղծագործություններ

Բեռնել PDF տարբերակը