Առաքելյան-Բալայան Զինաիդա

Բանաստեղծուհի, գրող, բանասեր, մանկավարժ, գրականագետ, գրաքննադատ:
Ծնվել է Վարանդական աշխարհի Ավետարանոց մելիքանիստում (ԼՂՀ, Ասկերանի շրջան, գյուղ Չանաղչի), 1954թ. մարտի 19-ին` Ձկների համաստեղության տակ, ձիու տարում:
Առաջին բանաստեղծությունը գրել է 12 տարեկանում` Պուպունց Խութի ստորոտում: Հաջորդիվ` ակրոստիքոսներով (շարեր):
1970–71 թթ. ավարտել է Ավետարանոցի միջնակարգ դպրոցը:
1978–79 թթ. ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը:
Սկսած 1987 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից եւ շարունակաբար` Արցախյան ազգային-ազատագրական շարժման ընթացքում հետապնդվել է ՊԱԿ-ի գործակալների կողմից:
Շարժման ակտիվ նախանձախնդիրներից, նախաձեռնողներից եւ մասնակիցներից է (արգելված ցուցահանդեսների կազմակերպում, փաստաթղթերի ստորագրում, համաժողովրդական հանրահավաքների ու ցույցերի մասնակցում, հաճախ` ղեկավարում, հանրահավաքներում` հրապարակային ելույթներ):
1991 թ. ԱրՊՀ դասախոս է:
Անչափահասությամբ հանդերձ, երեք զավակներից (Հովիկը (16 տարեկան), Մարիա, Մխիթարը (14 տարեկան) ուստրերն կամավոր կերպով, ակտիվորեն մասնակցել են Արցախի ազգային-ազատագրական պայքարի թեժ մարտերին…, հանուն հող հայրենյաց` վիրավորվել, թափել իրենց արյունից եւս կաթիլներ սրբացված Արցախական աշխարհին, նորից վերադարձել` մարտադաշտ: Մարտական ընկերների համար հանդիսացել են իբրեւ օրինակ:
2009 թ. ԼՂՀ նախագահ Բ.Ս.Սահակյանի թիվ 43 հրամանագրով անդրանիկ որդին` Հովիկ Ալբերտի Բալայանը, պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով (թիվ 4760):
ԼՂՀ նախագահ Ա.Ա. Ղուկասյանի թիվ 4 հրամանագրով, կրտսեր որդին` Մխիթար Ալբերտի Բալայանը, պարգեւատրվել է «Արիության համար» (թիվ 33 49) մեդալով:
1994 թ. ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական թեզ «Մուրացանի «Գեւորգ Մարզպետունի» պատմավեպը և նրա պատմական աղբյուրները» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (Վկայագիր Ա N 00056):
1995 թ. «Նաիրի» հրատարակչությունը (Երևան) լույս է ընծայել «Շառավիղեալն» քերթվածների ու պոեմների անդրանիկ ժողովածուն:
ԼՂՀ ԳՄ անդամ է 1999-ից (տոմս N49¤: Հանդես է գալիս նաև գրական Զինաիդա, ՈՒ ՅՈՆ ԻԿ անուններով:
1999 թ. Ստեփանակերտի «Սոնա» հրատարակչությունը լույս է ընծայել «Արցախ-դաժան սեր» տարեգիրքը, որում կան ՈՒ ՅՈՆ ԻԿ-ի քերթվածներից ևս:
Արվեստական շնորհները, գեղագիտական կատարումները` անզուգական ազգային պարը, ասմունքը, թատրոնը, զուգահեռվեցին քերթվածի, արձակի արտահայտություններին, ստեղծումներին, ապա` երիտասարդական ու հասունության տարիներին, այդ ամենին համաքայլ` գրականագիտական հետազոտություններին, մեկնումներին, գնահատումներին` հայ, ռուս, համաշխարհային գրական, մշակութային արժեքների քննությանը:
«Դպրատուն» գրական, մշակութային, ուսանողական խմբակը` Գեղարվեստի թատրոնը, որն արձանագրել է գեղագիտորեն հարուստ և իմաստալից, նպատակաուղղված երկար տարիների գործունեություն, հիմնադրել և ղեկավարում է 1980 թվականից` ցայսօր: Լույս է ընծայում «ԲԱՆՔ ՄԵԾԱՑ», «ԲԱՆՔ ԻՄԱՍՏԱՍԻՐԱՑ», «ԲԱՆՔ ՔԵՐԹՈՂԱՑ ԵՎ ԲԱՆԱՀՅՈՒՍԱՑ», «ԲԱՆՔ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ», «ԲԱՆՔ ՔՆՆԱԴԱՏՈՂԱՑ» և այլն:
ԱրՊՀ Գիտխորհրդի 2001թվականի հոկտեմբերի 12-ի որոշմամբ (արձանագրության` թիվ 21) գիտնականին շնորհվել է ԱրՊՀ վկայագիր (Դ թիվ 035)` դոցենտի գիտական կոչում:
2003թ. «Սոնա» հրատարակչությունը լույս է ընծայել «Վիրակապ չհանդուրժող թևը» պատմվածքների անդրանիկ ժողովածուն:
2004թ. Երևանի «Հայաստան» հրատարակչությունը «Դիզակ պլյուս» տպարանում լույս է ընծայել «Արցախը XIX դարի գրականության մեջ և մշակույթում» (պատմաբանասիրական-քննական տեսություն) ընդհանուր խորագիր կրող ուսումնասիրության առաջին մասը` «Պլատոն Զուբովի «Ղարաբաղի աստղագետը» պատմավեպը» ենթավերնագրով:
2005թ. Ստեփանակերտի «Արցախի պետական համալսարան» հրատարակչությունը լույս է ընծայել «Մեսրոպ Մաշտոցի կերպարի ուսուցման արդիական ձևաբարդույթը բուհական և դպրոցական կրթահամակարգերում» մեթոդական ձեռնարկը` նվիրված մեծն Մ. Մաշտոցի հիշատակն հավերժացնող հայ գրերի գյուտի և Արցախում առաջին` Ամարասի դպրոցի ստեղծման 1600-ամյա հաղթահանդեսներին:
2006թ. «Սոնա» հրատարակչությունը լույս է ընծայել «Սերգեյ Սարինյանի քննահամակարգը» գրաքննական ուսումնասիրությունը:
2006թ. «Սոնա» հրատարակչությունը վերահրատարակել է «Վիրակապ չհանդուրժող թևը» պատմվածքների ժողովածուն:
2006թ. «Սոնա»-ն լույս է ընծայել «Մեսրոպ Մաշտոց երևույթը և հայոց ազգային գաղափարաբանության բարդույթը» քննական, գիտամեթոդական ուսումնասիրությունը:
ՀՀ ԳՄ անդամ է 2007 թվականից (անդամատոմս` թիվ 618):
2008թ. «Պոլիգրաֆ» ՓԲԸ վերահրատարակել է վերալրացված «Մեսրոպ Մաշտոց երևույթը և հայոց ազգային
գաղափարաբանության բարդույթը» քննական, գիտամեթոդական ուսումնասիրությունը:
Գիտնական-բանաստեղծուհի գրողը հեղինակել է տասնյակ գիտահետազոտական հոդվածներ, ուսումնասիրություններ, մեթոդական ձեռնարկներ, արձակ և չափածո երկեր: Հանդես է եկել ՀՀ և ԼՂՀ ռադիոյով, հեռուստատեսությամբ և պարբերական մամուլում:
Պատրաստվում է դոկտորական թեզի պաշտպանության:
Գրականագետն իր ակտիվ մասնակցությունն է բերում Արցախի գրական, հասարակական, մշակութային միջազգային գիտական, մանկավարժական, ուսանողական կյանքին` գիտական կոնֆերանսներում, մշակութային համագումարներում, ԼՂՀ, ՀՀ ԳՄ և Մշակույթի նախարարությունների միջոցառումներում` հանդես գալով ելույթներով, գիտա-մեկնաբանական, բանասիրա-քննական հոդվածներով, քերթվածներով, պատմվածքներով, Գեղարվեստի թատրոնի բարձրարվեստ միջոցառումներով, ցուցահանդեսներով, «Նարեկ»-ի հերթական համարների լույս ընծայմամբ:
Աշխատել է նաև «Գրիգոր Նարեկացի», «Մեսրոպ Մաշտոց», «Գրիգոր Լուսավորիչ» մասնավոր համալսարաններում:
Տպագրության է պատրաստել «Արցախը XIX դարի գրականության մեջ և մշակույթում» (պատմաբանասիրական-քննական տեսություն) ընդհանուր խորագիր կրող ուսումնասիրության երկրորդ` «Ապրես Բեկնազարյանի «Գաղտնիք Ղարաբաղի»-ին ժամանակի հոլովույթում» պատմության քննությունը` մեկդարյա հեռավորությունից, երրորդ` «Արցախը Րաֆֆու պատմաբանասիրափիլիսոփայական համակարգում. «Խամսայի մելիքությունները» (1600-1827)», ապա չորրորդ` «Մուրացանի պատմագեղարվեստական ստեղծագործությունը և նրա պատմական աղբյուրները. «Ռուզան կամ Հայրենասեր օրիորդ» դրաման» ու, վերջապես, հինգերորդ` «Լեոյի «Մելիքի աղջիկը» պատմավեպը» մասերը, գիտական նոր` հերմենևտիկ (մեկնաբանական) և աքսիոլոգիական (արժեքաբանական) համակարգով:
Ներկայումս ԱրՊՀ գրականության և լրագրության ամբիոնի դոցենտ է:

 

Ստեղծագործություններ

Բեռնել PDF տարբերակը