Բանաստեղծ, լրագրող, ազատամարտիկ:
Արցախի գրողների միության, Հայաստանի գրողների միության, Արցախի ժուռնալիստների միության, Արցախի ազատամարտիկների միության անդամ է:
Ծնվել է 1966թ-ի հունիսի 5-ին Ստեփանակերտ քաղաքում: Ավարտել է Ստեփանակերտի թիվ 5 միջնակարգ դպրոցը, ապա Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը: 1984-1986թ.թ. ծառայել է խորհրդային բանակում: Հեռակա կարգով ավարտել է Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացու անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1989-1990թ.թ. աշխատել է Լեռնային Ղարաբաղի Մեծածախ առևտրի ձեռնարկությունում, որպես ինժեներ: 1991թ-ին անցել է գրական աշխատանքի գրողների միությունում և աշխատել «Արցախ» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական հանդեսի խմբագրությունում, որպես տեխնիկական խմբագիր:
Արցախյան շարժման տարիներին ակտիվորեն մասնակցել է բոլոր ցույցերին ու արշավներին, ծառայել ֆիդայական ջոկատներում, իսկ հետո կամավոր մտել է Կենտրոնական պաշտպանական շրջանի (ԿՊՇ) թիվ 3 մոտոհրաձգային գումարտակ և մինչև զինադադարը մասնակցել բոլոր մարտերին: Մարտադաշտում վիրավորվել է 2 անգամ: Զինադադարից հետո Գագիկ Բեգլարյանը համալրել է ոստիկանության շարքերը և մինչև այսօր ծառայում է ճանապարհային ոստիկանությունում: ՈՒնի ոստիկանության փոխգնդապետի կոչում:
Պարգևատրվել է.
1. «Մայրական երախտագիտության Արցախի քաջորդիներին» մեդալով,
2. Ռուսաստանի դաշնության ‘’իՈ ՉպՐվՏրՑՖ ՊՏսչց Ռ ՏՑպփպրՑՉց’’ մեդալով,
3. «Շուշիի ազատագրման համար» մեդալով,
4. Ոստիկանությունում երկարամյա ծառայության III, II և I աստիճանների շքանշաններով:
Գագիկ Բեգլարյանի «Սերը խրամատում» (1993թ.) բանաստեղծությունների գիրքը արժանացել է Սերո Խանզադյանի գնահատականին, իսկ «Պսակ» գիրքը, որը լուսաբանում է ԼՂՀ ինքնապաշտպանության բանակի ԿՊՇ-ի թիվ 3 մոտոհրաձգային գումարտակի վարած պաշտպանական և ազատագրական մարտերը, ինչպես նաև մանրամասն նկարագրում է նույն գումարտակի զոհված հայորդիների սխրանքներն ու քաջագործությունները, արժանացել է ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան մրցանակի (1998թ.):
Գագիկ Բեգլարյանը հեղինակ է նաև «Փառքի հուշարձան», «Ես Ձեր Մասիսն եմ», «Դու իմ լավ ընկեր» գրքերի:
Կազմել և հեղինակել է «Ակնթարթներ և … յոթանասուն տարի» գիրքը, որը ներկայացնում է հոր` անվանի բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանի, գրական գործունեության ու կյանքի էջերը:

 

Ստեղծագործություններ

Բեռնել PDF տարբերակը