Խորեն Սիմոնի Բաղդասարյանը ծնվել է 1930թ. հուլիսի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հադրութի (նախկին Դիզակ) շրջանի Տումի գյուղում, կոլտնտեսականի ընտանիքում:
Տումու միջնակարգ դպրոցն ավարտելուց մեկ տարի հետո` 1949-ին ընդունվել է Ադրբեջանի Վ.Ի.Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի ու գրականության ֆակուլտետը, ավարտել 1953-ին:
1971-1974թթ. և 1992-1998թթ. եղել է դպրոցի փոխտնօրեն, այնուհետև չորս տարի որպես դաստիարակության գծով փոխտնօրեն-կազմակերպիչ:
Խ.Բադասարյանի վաստակը նշվել է մի շարք պարգևներով. Ադրբեջանի լուսավորության նախարարության պատվոգիր (1960թ.), ԼՂԻՄ աշխատավորների դեպուտատների խորհրդի պատվոգիր (1964թ.), Լենինյան հուշամեդալ` աշխատանքային արիության համար (1970թ.), Ադր ԽՍՀ ժողովրդական կրթության գերազանցիկ (1970թ.), «Տարվա լավագույն ուսուցիչ» (1996-2001թթ.), Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1981թ.), Լենինի շքանշան (1986.):
Որպես ազգային երգի փառատոնների ակտիվ մասնակից` Խ. Բաղդասարյանը արժանացել է շրջանային ու մարզային պատվոգրերի:
ԼՂՀ կրթության ու գիտության նախարարության կողմից ճանաչվել է 20-րդ դարի Արցախի լավագույն մանկավարժ:
Արցախի գրողների միության անդամ` 1999թ-ից:
Խ. Բաղդասարյանը, մանկավարժական աշխատանքին զուգընթաց, զբաղվում էր և այժմ էլ զբաղվում է լրագրային ու ստեղծագործական աշխատանքով, ազգագրությամբ: Նա հեղինակ է ավելի քան 80 մասնագիտական, մանկավարժական ու մեթոդական, հրապարակախոսական հոդվածների, տարաթեմա չափածո և արձակ բանաստեղծությունների, մանրաքանդակների, երգիծապատումների: Գրել է «Հանելուկներ բառաշարքից» գիրք` շուրջ 700 լեզվաբանական բառահանելուկի ընդգրկումով (անտիպ): Հրատարակված են` «Բարոյական դաստիարակությունը գրականության դասերին» (1998թ.), «Դասի կառուցվածքը» մեթոդական ձեռնարկը (2002թ.), «Օրհնվի՞ էն սհաթը» (Ողբ արցախորդու) հրապարակախոսականը (2003թ.), «Սիրտս հայոց գրերի մեջ» (2005թ.), «Խրատանի» (Ծառա եմ Տիրոջը)-2004թ., «Արցախ-սի՛րտ իմ, սե՛ր իմ» (2005թ.), «Երգիծապատում» (2005թ.), «Կարոտականչ» (2008թ.), «Հանուն ճշմարտության» (2010թ.):
Պատրաստ է հրատարակության «Հուշապատում» գրքույկը, ուր ներկայացված է հեղինակի (Խ.Բ.) ապրած ու «չապրած» կյանքի համառոտ ուղին…

 

Ստեղծագործություններ

Բեռնել PDF տարբերակը