Կոմիտաս Արսենի Դանիելյանը ծնվել է 1947թ. սեպտեմբերի 7-ին, Արցախի Մարտունու շրջանի Նորշեն գյուղում:
Ավելի քան երեք տասնամյակ զբաղվել է լրագրական-խմբագրական աշխատանքով: Մասնավորաբար` եղել է Ասկերանի շրջանային «Կարմիր դրոշ» (ապա` «Խաչեն») (1979-1991թթ.), Արցախի գրողների միության «Եղիցի լույս» (1995թ.), ԼՂՀ կրթության նախարարության «Լուսարար» (2001-2002թթ.), Արցախի ազատամարտիկների միության «Հայրենյաց պաշտպան» (2000-2006թթ.) թերթերի հիմնադիր խմբագիրը: Արցախյան պատերազմի թերևս ամենաթեժ ժամանակաշրջանում` 1993-1994թթ., խմբագրել է հանրապետական «Արցախ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթը:
2006թ. սեպտեմբերից Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենն է:
Հեղինակ է պատմվածքների «Անկնիք նամակներ» (1981թ.), «Երաշտ տարի» (1989թ.), «Դեմ հանդիման» (1996թ.), «Ճիչ» (2005թ.), «Ամարասի զանգերը» (2006թ.) և այլ ժողովածուների, Արցախյան ազատամարտին նվիրված «Արցախը` չսանձած նժույգ» փաստա-վավերագրական վեպի (2001թ.):
Գրողի ծննդյան 60-ամյակի առթիվ 2007թ. լույս տեսած «Պորտալար» ժողովածուն ընդգրկում է Արցախյան գոյամարտի թեմաներով գրած նրա պատմվածքներն ու «Արցախը` չսանձած նժույգ» վեպի լրամշակված տարբերակը:
«Դեմ հանդիման» գրքի համար արժանացել է ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան մրցանակի:
Նա հեղինակ է նաև Արցախի ազգային-ազատագրական պայքարի թեմայով գրված «Պըլը Պուղին Մոսկովում» ու «Մենք մեր սարերն ենք» և Հայոց մեծ եղեռնին նվիրված «Տո լաճ տնավեր» պիեսների: Վերջին երկուսը հաջողությամբ բեմադրվել են Ստեփանակերտի թատրոնում:
Կազմել ու խմբագրել է արցախցի արձակագիրների Արցախյան շարժման թեմաներով գրված պատմվածքների «Վերջին գնդակը» ժողովածուն (2005թ.): Ակտիվ մասնակցություն է ունեցել 2005թ. Սանկտ Պետերբուրգում հրատարակված (ռուսերեն) «Արցախ-Ղարաբաղի հանրագիտարան»-ի ստեղծմանը:
Գրական ու հասարակական ակտիվ գործունեության համար պարգևատրվել է ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» և «Մայրական երախտագիտություն` Արցախի քաջորդիներին» մեդալներով:
Կ. Դանիելյանը 5 զավակների հայր է:

 

Ստեղծագործություններ

Բեռնել PDF տարբերակը