Մաքսիմ Հովհաննիսյան

Գրող, հրապարակախոս, ծնվել է 1934թ. Ասկերանի շրջանի Հարավ գյուղում: 1952թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 2 դպրոցը, 1958թ. Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի լրագրության բաժինը: 1958-1986-ին աշխատել է ԼՂՀ ռադիոհաղորդումների մարզային կոմիտեում` որպես թղթակից, ապա` գլխավոր խմբագիր, 1986-87 թվականներին` Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն:
Գրողը միշտ կապված էր թատրոնին, եղել է թատրոնի գեղարվեստական անդամ, ակտիվ մասնակցել խաղացանկի ձևավորմանը, հայերեն թարգմանել ռուս դրամատուրգների պիեսները (Ա.Օստրովսկու «Գեղեցիկ տղամարդը»): Նրա ղեկավարությամբ կոլեկտիվը մասնակցել է 1987թ. Երևանում կազմակերպված համամիութենական ստուգատեսին, արժանացել մամուլի բարձր գնահատականին:
1988-93թթ. Մ.Հովհաննիսյանը աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (հետագայում «Արցախ») օրաթերթի գլխավոր խմբագիր: Արցախյան շարժման սկզբնական շրջանում Ադրբեջանի հետ առճակատումը տեղի էր ունենում գաղափարաքաղաքական բնագավառում:Այդ պայքարի կենտրոնում էր «Խորհրդային Ղարաբաղ»-ը, որի սուր հրապարակումները մերկացնում էին Ադրբեջանի իշխանությունների հայահալած քաղաքականությունը, կոչ հնչեցնում հանուն Արցախի հայ ժողովրդի ազատության ու անկախության, հանուն «Միացում» գաղափարի իրականացման: 1993-96-ին Մ.Հովհաննիսյանը նշանակվում է ԼՂՀ Նախարարների խորհրդի լրատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավար, 1995-98-ին «ԼՂ Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր:
Նա հեղինակ է մարդու բարոյահոգեբանական աշխարհն արտացոլող պատմվածքների ու ակնարկների («Իմ հին լորենի»-1970, «Գյուղացի մարդիկ»-1977, «Եվ սիրտն ասաց»-1980, «Նարնջագույն գիշերներ»-1983, «Շոգ»-1986, այլ ժողովածուներ): Արցախահայության կյանքը, նրանց ազատագրական հերոսամարտը, ըմբոստ ու մարտնչող ոգին և դեպի բարու հաղթանակն ունեցած աննկուն հավատն է արտացոլված Մ.Հովհաննիսյանի «Մենք» (1989), «Գնում ենք արևին դիմավորելու» (1991), «Արցախ իմ, ցավ իմ» (1988) ժողովածուներում:
1990թ. «Մենք» գրքի համար արժանացել է ՀԳՄ Դ.Դեմիրճյանի անվան մրցանակի, 2004թ. «Արցախ իմ, ցավ իմ» ժողովածուի համար` ԼՂՀ Եղիշեի անվան պետական մրցանակի:
2005-2009թթ. հրատարակվել է հեղինակի ստեղծագործությունների չորհատորյակը, 2006թ. լույս է տեսել նրա «Հարար-հարար» ժողովածուն, իսկ 2008-09թթ. «Չաստվածների խնջույքը» գիրքը:
Արժանացել է ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, «Վաստակավոր լրագրող»-ի կոչմանը և ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի:

Ստեղծագործություններ

Բեռնել PDF տարբերակը