Նորայր Ավետիսյան

ԲԱՐԵ՛Վ ԸՆԹԵՐՑՈ՛Ղ, ԵՍ ՆՈՐԱՅՐ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ ԵՄ

Ծնողներիս տասնմեկերորդ զավակն եմ: Ինձանից հետո աշխարհ են եկել Ալյոշան եւ Էմման:
Ծնվել եմ 1933-ին` ապրիլի 5-ին, Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում: 1953-ին ավարտել եմ Ստեփանակերտի ուսուցչական ինստիտուտը եւ աշխատանքի անցել շրջանային “Դեպի կոմունիզմ”թերթի խմբագրությունում: 1954-56 թվականները խորհրդային բանակի շարքերում ծառայության ժամանակներն էին, որ անցան Մերձբալթյան հանրապետություններում (Լիտվա, Լատվիա): Զորացրվելուց` մի կարճ ժամանակ Հադրութի “Կոլխոզնիկ” թերթի պատասխանատու քարտուղարն էի:
Աշխատանքին զուգընթաց սովորել ու ավարտել եմ Հայկական պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը:
1958-2007թթ. աշխատել եմ հայրենի գյուղի կրթօջախում` որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ:
Մարդիկ ասում են, որ լավ մասնագետ եմ, եւ ես ցանկանում եմ հավատալ այդ հաճելի “ստին”:
Մանկավարժական աշխատանքին զուգընթաց եւ ստեղծագործել եմ. ունեմ տպագրված եւ անտիպ գրքեր, հարյուրավոր հրապարակումներ մամուլի էջերում:
Նրանք իմ հոգեւոր զավակներն են, իմ մտքերի, հույզերի ու դատողությունների արտահայտությունները: Ամենքին էլ սիրում եմ: Անցած տարիներս, զավակներս երեք, տաս թոռներս, հինգ ծոռներս (առայժմ) իմ հարստություն են, իմ գանձերը: Հիշում եմ իմ լավ ուսուցիչներին` Գրիգոր Ուլուբաբյանին, Արամ Մարտիրոսյանին (կնքահորս), Կարո Դավթյանին: Չեմ մոռանում նշել սրտամոտ ընկերներիս անունները` Վլադիմիր Անտոնյան, Կառլեն Աբալյան, Արկադյա Հայրապետյան, Ռուբեն Գրիգորյան, Էմիլ Բալայան, Լեւոն Մուսայելյան, Էդիկ Դոլուխանյան: Նման ընկերներ ունենալու համար արժե աշխարհ գալ ու ապրել:
Սիրել եմ գյուղը, գյուղի մարդկանց: Նրանք միշտ, ուր էլ եղել են, ուղեկցել են ինձ:
Նրանք եղել են իմ ներշնչանքի աղբյուրը:

 

Ստեղծագործություններ

Բեռնել PDF տարբերակը