Սեյրան Քամալյան

Սեյրան Աշոտի Քամալյանը ծնվել է Մարտունու շրջանի Ճարտար գյուղում, 1949թ. հուլիսի 24-ին: Ունի բարձրագույն կրթություն: 1972-73թթ. ծառայել է խորհրդային բանակի շարքերում: 1974թ. աշխատանքի է անցել Մարտունու շրջանային «Աշխատանք» թերթում: Նույն տարում, ավտոպատահարից հետո հայտնվել է ԲԱՄ-ում, Ուստիլիմսկի շինհարթակում: Հենց այստեղ էլ գրում է իր առաջին վիպակը` «Ուր հողը տաքանում է մատներից»:
1977թ. վերադառնալով «կոմերիտական շինարարություններից» մեծ դժվարությամբ նորից ընդունվում է աշխատանքի, որպես լրագրող «Աշխատանք» թերթում:
Ս. Քամալյանը ղարաբաղյան շարժման Մարտունու ընդհատակյա կազմակերպության («Կոմիտե») հիմնադիրներից է ու նրա ակտիվ գործիչներից: 1992թ. լինելով հորձանուտում, լեգենդար Մոնթե Մելքոնյանի կողմից նշանակվել է Մարտունու շրջանի պարետ: Դեռևս Ավոյի կենդանության ժամանակ տպագրվել է «Խոսք եմ խնդրում զոհվածների համար» ու խրամատում գրվել է «Ավոն մեր աչքերով» գրքի մի մասը:
1994թ. Երևանում տպագրվել է «Ավոն մեր աչքերով» գիրքը, որի շնորհանդեսը կայացել է հերոսի մահվան օրը` հունիսի 12-ին:
Ս.Քամալյանը ստեղագործում է նաև ռուսերեն լեզվով: Առավել հայտնի է նրա «Карабах на пути к бессмертию» (1994թ.) գիրքը, որը Ռուսաստանի Դաշնության հայ համայնքների համաժողովներից մեկի որոշմամբ տարածվել է ԱՊՀ և մի շարք այլ պետությունների հայ համայնքներում:
Ս. Քամալյանը ԼՂՀ, ՀՀ և ՍՍՀՄ գրողների միության անդամ է, Եղիշեի ամենամյա մրցանակի դափնեկիր է, յոթ գրքի հեղինակ: 2011թ. տպագրության է ներկայացրել` «Ժողովուրդը` Պետություն, Պետությունը` Ժողովուրդ» ծավալուն պատմավավերագրական վեպի առաջին մասը: Տպագրության են պատրաստ ազատամարտին նվիրված մի շարք գործեր: