Սոկրատ Խանյան

Սոկրատ Աղալարի Խանյանը ծնվել է 1930թ. հունվարի 22-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի Աղբուլաղ, (այժմ Ակնաղբյուր) գյուղում, կոլտնտեսականի ընտանիքում: Ավարտելով հայրենի գյուղի յոթնամյա դպրոցը, 1947-ին հաճախել է Էդիլլո (այժմ Ուխտաձոր) գյուղի միջնակարգը` գերազանց գնահատականներով: Դպրոցն ավարտելուց հետո 1947-1949թթ. աշխատել է գյուղում որպես մշակույթի տան վարիչ և գեղարվեստական համույթի ղեկավար: 1949թ. ընդունվել է Բաքվի Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը և ավարտել 1953-ին:

Բուհն ավարտելուց հետո աշխատել է Բաքվում հրատարակվող «Կոմունիստ» (հայերեն) հանրապետական թերթում, որպես գրական աշխատող: 1962-1965թթ. ուսումը շարունակել է իր ավարտած բուհի ասպիրանտուրայում: 1965-ին ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել է թեզ` «Նաիրի Զարյանի դրամատուրգիան» թեմայով, ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, աշխատանքը շարունակել նույն բուհում, 1967-ին արժանացել դոցենտի կոչման: 1969-ին տեղափոխվել է Ստեփանակերտ, շարունակել իր պաշտոնը Արցախի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնում:
2002թ. ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում «Հայրենիքի ճակատագիրը հայ պոեզիայում (1950-1990-ական թթ.)» թեմայով պաշտպանել է ատենախոսություն, ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1984-2007թթ. ղեկավարել է ԱրՊՀ նախ Հայոց լեզվի և գրականության, ապա Գրականության և լրագրության ամբիոնը: 2007-ից աշխատում է նույն ամբիոնում` պրոֆեսորի պաշտոնում:
1958 թվականից ԽՍՀՄ Գրողների միության, 1954 ից` ԼՂՀ Գրողների միության, իսկ 2002 թվականից` Հայաստանի Գրողների միության անդամ է:
Բանաստեղծությունների առաջին ժողովածուն հրատարակել է 1959թ. «Կարկաչ» խորագրով: Այնուհետև լույս են տեսել «Բարեկամություն» (1963), «Սիրտս ձեզ հետ է» (1966), «Արևսար» (1968), «Լեռների երգը» (1972), «Իմ նվերը» (1973), «Քո անունից» (1980), «Կանաչ ծփանք» (1981), «Կարոտի կրակներ» (1991), «Արցախյան ղողանջներ» (1991), «Արցախի արծիվը» (1995), «Մհեր» (1995), «Իմ ծիածանը» (2000), «Նահատակ լուսո» (2005), «Սիրո ճամփա» (2007), «Տարիներս» (2010) գրքերը:
Որպես գրականագետ-մանկավարժ, հրատարակել է հետևյալ աշխատությունները. «Պոեզիայի ուժն ու հմայքը» (Ե.Չարենցի մասին)-(1987), «Թաթուլ Հուրյանի սխրանքը» (1991), «Ցավի և սիրո պոեզիա» (Վ.հակոբյանի ստեղծագործությունը)-(1991), «Բոգդան Ջանյանի ստեղծագործությունը»-(1997), «Գ.Գաբրիելյանի աշխարհը» -(1997), «Արցախյան պատերազմը և հայ պոեզիան»-(1998), «Տաղանդի լույսը-Ժան Անդրյան» (1998), «Նվարդ Ավագյանի պոեզիան» (2000), «Հայրենիքի ճակատագիրը հայ պոեզիայում» (1950-1990-ական թթ.) (2001), «Ազգային ճակատագիրը և հայ պոեզիան» (2003), «Հրաչյա Բեգլարյանի քնարերգությունը» (2004), «Պոեզիայի զարգացման միտումներն Արցախում (1950-1990-ական թթ.)»- (2005), «Հրանտ Մաթևոսյանի գրական հայացքները» (2006), «Հանճարեղ բանաստեղծն ու ազնիվ քաղաքացին-Եղիշե Չարենց» (2007), «Հայրենի եզերքի և սիրո ծարավը» (Ա.Հովհաննիսյանի քնարերգությունը) (2007), «Մաքսիմ Հովհաննիսյան. Լեռնաղբյուրի վիպաշխարհը» (2007), «Կյանք բեմի վրա-ժողովրդական դերասաններ Մամիկոն Միքայելյանի և Նվարդ Ասատրյանի մասին» (2008), «Հայ հին և միջնադարյան գրականության պատմություն»-ուսումնամեթոդական ցուցումներ (2009):
«Արցախի արծիվը» պոեմի համար 1992թ. արժանացել է ԼՂՀ նախարարների խորհրդի Եղիշեի անվան մրցանակի, իսկ «Արցախյան պատերազմը և հայ պոեզիան» ուսումնասիրությունը 1998թ. շահել է ԼՂՀ Գրողների միության Մուրացանի անվան մրցանակը:
Ստեղծագործական և գիտամանկավարժական բեղուն աշխատանքի շնորհիվ պարգևատրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «Աշխատանքային գերազանցության համար» (1978), ԽՍՀՄ բարձրագույն դպրոցի «Աշխատանքային գերազանց հաջողությունների համար» (1990) մեդալներով: Արցախյան ազգային-ազատագրական պայքարին ակտիվորեն մասնակցելու համար 2001-ին արժանացել է ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ», 2003-ին «Մայրական երախտագիտության հայ քաջորդիներին» մեդալներով:
ԼՂՀ Գրողների միության և Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի երաշխավորությամբ 2010-2011թթ. հրատարակվել է Ս.Խանյանի «Ընտիր երկերի» տասհատորյակը` նվիրված բանաստեղծ-գրականագետւ ծննդյան 80, գրական-գիտամանկավարժական գործունեության 60-ամյակին:
80-ամյա հոբելյանի առթիվ պարգևատրվել է ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, ՀԳՄ և ԱրՊՀ ոսկե մեդալներով:

 

Ստեղծագործություններ

Բեռնել PDF տարբերակը