Ծովինար Բաղդասարյան

Կենսագրություն

Բանաստեղծուհի, հասարակական գործիչ: Արցախի, Հայաստանի, Ռուսաստանի և Մոսկվայի գրողների միությունների, Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի (ԱԺՀՄՄԱ) անդամ՝ ակադեմիկոս: «Արցախի կանայք» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ:

Ծնվել է Շուշիի շրջանի Բերդաձոր գյուղում, մտավորականների բազմանդամ ընտանիքում: Հայրը՝ Մինաս Առստամի Հակոբյանը, ուսյալ շինարար էր, երկար տարիներ Ստեփանակերտում աշխատում էր ըստ մասնագիտության: Մայրը՝ Մարիա Սաֆարի Հակոբյանը, մանկավարժ էր:
Ուսումն առել է հայրենի Ստեփանակերտ քաղաքում. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, այնուհետև՝ 1975թ., բժշկական ուսումնարանը, 1984թ.՝ մանկավարժական ինստիտուտը: 1993թ. ավարտել է ՌԴ կառավարությանն առընթեր ժողովրդական տնտեսության ակադեմիայի հատուկ դասընթացները՝ ըստ պետական հիմնարկների ղեկավարների և մասնագետների համար նախատեսված ծրագրի:
Աշխատել է դպրոցում՝ որպես մանկավարժ, Ստեփանակերտի քաղժողկրթբաժնի տեսուչ երեխաների պահպանության և խնամակալության գծով, մանկապարտեզի վարիչ:
Ռուսագիր է: Քնարերգու: Ստեղծագործել սկսել է 1988թ.: Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Հոգու մեղեդիներ», լույս է տեսել 1998թ. Ստեփանակերտում, երկրորդը և երրորդը՝ «Սիրտը ափի մեջ» և «Աշուն», Երևանում: 2004թ. Մոսկվայում հրատարակվել են «Մայրիկ» և «Հոգին հոգու հետ՝ հոգու մասին» ժողովածուները: 2008թ. Ստեփանակերտում լույս է տեսել բանաստեղծությունների ընտրանին՝ «Երջանկության ծնյալ ցավ» վերտառությամբ: Ստեղծագործությունները թարգմանաբար հրապարակվել են նաև հայերեն և տաջիկերեն լեզուներով:
Ծովինար Բաղդասարյանի քնարերգությունը ջերմ արձագանք է վայելում ընթերցողների շրջանում: Նրա պոեզիան արժանվույնս է գնահատվել իր հայ և այլազգի գրչընկերների կողմից: Ահավասիկ, մի փունջ այդ գնահատանքից.
Բոգդան Ջանյան, բանաստեղծ.- «Սա, իրոք, կանացի ձայն է, սիրո ձայն: Կին բանաստեղծի ձայն: Նա պոեզիայի աշխարհն է գալիս հաստատուն, բնական քայլով, իր ճանապարհով և իր ներաշխարհով: Եվ իր ասելիքով»:
Վալենտին Օսկոցկի, գրող-հրապարակախոս, գրաքննադատ, Ռուսաստանի մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեի (ԿՐԻԿ) համանախագահ, Մոսկվայի Գրողների միության քարտուղար.– «Ծովինար Բաղդասարյանի բանաստեղծությունները զարմանալիորեն ձգող են, քանզի նրա հոգին «մաքուր է ու բաց», և խոսում է նա հոգու հետ, հոգու մասին»:
Սեդա Վերմիշևա, բանաստեղծուհի.– «Զրկանքների ու կորուստների դառնությունը Ծովինար Բաղդասարյանի մոտ չսպանեց կյանքի հանդեպ սուր զգացողությունը, նրա լիրիկական «ես»-ի խոստովանանքային անկեղծությունը, ինքնաարտահայտման խիզախումն ու անմիջականությունը»:
Արմեն Հովհաննիսյան, բանաստեղծ.– «Փորձված է նրա՝ Ծովինար Բաղդասարյանի զգացումը, ապրված, հույզը` վարակիչ, նախնականության համ ու հոտով: Նրա բանաստեղծական աշխարհը հոգեհարազատ է, բարենպաստ, ուր, անկասկած, կբնակվի նաև…ընթերցողը»:
Սոկրատ Խանյան, բանաստեղծ, գրականագետ.- «Նրա երգերը իսկ և իսկ արցախյան բնության մեղմ շրշյուններ են` անցած արցախուհու ցաված ու երազող սրտի միջով: Կյանքի, սիրո, կարոտի, կորստի, վշտի, ակնկալության ծփանքներ են Ծովինարի երգերը: Դրանք կնոջ, մոր, քրոջ, սիրածի նուրբ խոստովանություններ են` ուղղված մարդկանց, աշխարհին»:
Ծովինար Բաղդասարյանը պարգևատրված է ԱԺՀՄՄԱ-ի հիմնած «Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնություն» Ուխտի մեդալով, «Ռուսաստանի զինծառայողների ընտանիքների միություն» համառուսաստանյան հասարակական բարեգործական կազմակերպության «Հաղթանակ» կրծքանշանով, ՌԴ կոմկուսի կենտկոմի «Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 60 տարին» հուշամեդալով:
Ունի երեք զավակ, չորս թոռ: Ամուսինը՝ Բորիս Բաղդասարյանը, զոհվել է 1992թ., արցախյան պատերազմի ժամանակ:

 

Ստեղծագործություններ

Բեռնել PDF տարբերակը